• am
  • ru
  • en
«21-й ВЕК», №3, 2017 18.10.2017

«21-й ВЕК», №3, 2017

Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2017թ. երրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված Երրորդ հանրապետության քաղաքական խորհրդանիշներին (Ս.Զոլյան), «անվտանգային» մտածողության ձևավորմանը և «փափուկ ուժի» գործիքանուն (Է.Աթանեսյան, Ն.Մինասյան), արտաքին քաղաքականության տեսական և կիրառական հարցերին (Ա.Նավասարդյան, Դ.Ստեփանյան, Գ.Կոլարով, Ս.Վարդումյան), տնտեսական խնդիրներին (Ի.Սոխակյան, Վ.Դավթյան, Վ.Օդաբաշյան,Ա.Հարությունյան, Լ.Սամվելյան) և այլ հարցերի։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71



ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԿԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ

Սուրեն Զոլյան

Ամփոփագիր



Հայաստանի անկախացումը տեղի է ունեցել քաղաքական և գաղափարական բարդ իրավիճակում։ 90-ականներին ձևավորվում են դիսկուրսներ և դրանց համապատասխանող պետական խորհրդանիշներ (զինանշան, դրոշ, օրհներգ), (վերա-) ստեղծվում են հերոսների և նահատակների պաշտամունքներ: Այս գործընթացն ուղեկցվում էր քաղաքական և գաղափարական երեք հիմնական խոշոր դիսկուրսների միջև թեժ մրցակցությամբ; անկախ պետականության ձեռքբերումն իմաստավորվում էր երեք տարբեր եղանակով («նոր» ազգի արարում, 1918-1920թթ. Հանրապետության վերականգնում, հայոց պետականության բնականոն զարգացում): Ցավոք, այդ գաղափարների համատեղման փոխարեն վերջերս գերիշխող է դարձել ազգային ինքնության առասպելաբանական մեկնությունը. այն դիտարկվում է որպես հավիտենական և անփոփոխ երևույթ։

«ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ» ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Էդուարդ Աթանեսյան

Ամփոփագիր

Ազգային անվտանգության ապահովման խնդիրը հատուկ տեղ է զբաղեցնում ցանկացած պետության հասարակական-քաղաքական օրակարգում։ Բայց ամենուրեք չէ, որ այն ընկալվում է որպես զարգացման ռազմավարության սահմանման ընդհանուր բանալի երկարաժամկետ հեռանկարում։ Ապագայի հիմքը նախևառաջ պետության գոյատևելու կարողությունն է ագրեսիվ միջավայրում և հետո միայն՝ նրա կողմնակցությունը հնչեցված ակնկալիքներին և դրանից բխող ծրագրերին։

«ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Նարեկ Մինասյան

Ամփոփագիր

Հոդվածի նպատակն է դիտարկել «փափուկ ուժի» հայեցակարգը միջազգային հարաբերությունների տեսությունների համատեքստում։ Ներկայացված են հայեցակարգի ձևավորման գործընթացը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք որպես դրա ծագման նախադրյալներ են ծառայել։ Հոդվածում դիտարկվում են միջազգային հարաբերությունների լիբերալ տեսությունների սկզբունքները՝ հիմնված «փափուկ ուժի» հայեցակարգի վրա, ինչպես նաև նեոռեալիզմի տեսության հետ ունեցած կապերը։
Հոդվածի համաձայն՝ թեև «փափուկ ուժ» հասկացությունը միջազգային հարաբերությունների լիբերալ տեսության մաս է հանդիսանում, այնուամե- նայնիվ, չի հակասում նեոռեալիզմի տեսությանը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Հոդվածում, որը հանդիսանում է թեմայի շարունակությունը, քննարկվում են բանակցային գործընթացի վերջին երեք փուլերը (6-8)։ Քանի որ բանակցային ճանապարհով կոնֆլիկտների հանգուցալուծման մեր մոտեցումը ոչ միայն քաղաքագիտական, այլ նաև սոցիալ-հոգեբանական երևույթ է, մենք գտնում ենք, որ բանակցության նպատակը քննարկվող խնդրի նկատմամբ գործընկերների որոշակի դիրքորոշման կազմավորումն է և կամ այն դիրքորոշման փոփոխությունը, որը նրանց մոտ գոյություն ունի, սակայն չի համապատասխանում մեր հետաքրքրություններին։ Այդ իսկ պատճառով հոդվածի երկրորդ մասը նվիրված է սոցիալական դիրքորոշման տեսությանը և այն միջոցներին, որոնք թույլ են տալիս փոփոխել և կամ ուժեղացնել այդ դիրքորոշումները` կախված կողմերի նպատակներից։

ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Դավիթ Ստեփանյան

Ամփոփագիր

Հոդվածում փորձ է արվում իմաստավորել ընթացիկ գլոբալ գործընթացները համաշխարհային առաջատար տերությունների մասնակցությամբ։ Ներամերիկյան քաղաքական կյանքում վերջին իրադարձությունների, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների, Իրանի հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Սաուդյան Արաբիայի և Ծոցի այլ երկրների գործողությունների հիման վրա փորձ է արվում հանգուցել դրանք մեկ շղթայում։ Վերլուծվել են նաև Թրամփի վարչակազմի սկզբնական արտաքին քաղաքական գերակայությունների որոշակի կոնյունկտուրային ճշգրտումների պատճառները, առաջին հերթին՝ մերձավորարևելյան ուղղությամբ։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Վահե Օդաբաշյան

Ամփոփագիր

Ռազմավարական համագործակցության հարցը տեխնոլոգիական նորարարության ոլորտի հիմնախնդիրներից է։ Հոդվածում դիտարկվում են նորարարական տեխնոլոգիաների ստեղծման գործընթացում համագործակցության և գործընկերային ցանցերի զարգացման տարբեր կողմերը, հնարավորությունները և ռիսկերը։ Գրականության վերլուծության, ինովացիոն ձեռնարկությունների գործելակերպի և հեղինակի սեփական փորձի հիման վրա բացահայտվում են վերոնշյալ գործընթացի կառավարման տեսանկյունից տվյալ հիմնախնդրի համար առավել կարևորվող համապատասխան բաղադրիչ ենթախնդիրները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իշխան Սոխակյան

Ամփոփագիր

Հայաստանի էներգետիկ սեկտորը ներդրումների կիրառման ամենագրավիչ և ռեսուրսներով ապահովված ոլորտներից է, այդ թվում և բազիսային։ Դա կապված է նրա հատուկ դերի հետ՝ որպես հիմնական կամուրջ, որով երկիրը կապված է համաշխարհային տնտեսության և նրանում զարգացող գլոբալացման գործընթացների հետ։
Լուծելով էներգետիկ սեկտորի զարգացման խնդիրները՝ Հայաստանն ավելի նպաստավոր դիրքեր կզբաղեցնի։ Հայաստանում Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի կառուցումը կհանգեցնի նոր աշխարհատնտեսական և քաղաքական իրավիճակի ստեղծման Հարավային Կովկասում, քանի որ Հայաստանի հակառակորդները կհայտնվեն նոր պայմաններում, երբ Հայաստանն իսկապես կդառնա դիվերսիֆիկացված տնտեսությամբ արդյունաբերական երկիր։

ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Վահե Դավթյան, Արմեն Հարությունյան, Լիանա Սամվելյան

Ամփոփագիր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին առևտրի հետ կապված խնդիրների վերլուծության ընթացքում հաշվի են առնվել ԼՂՀ՝ որպես պետություն ճանաչված չլինելու փաստը և տրանսպորտային շրջափակման պայմանները։ Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ պատմական հղումներ են արվել, ինչպես նաև վեր են հանվել ԼՂՀ՝ խորհրդային ժամանակաշրջանի տնտեսական զարգացմանը խոչընդոտող խնդիրները։ Ընդգծվել է ԼՂՀ արտաքին առևտրային ակտիվությանը նպաստող Լաչինի միջանցքի քաղաքական-տնտեսական նշանակությունը։ ԼՂՀ այժմյան տնտեսական խնդիրները կապված են որպես պետություն ճանաչված չլինելու կարգավիճակի հետ, ինչի պատճառով առևտուրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջոցով։ Գրանցվել են ԼՂՀ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ, ինչպես նաև վերլուծվել են ԼՂՀ տնտեսական զարգացման հնարավորությունները՝ կապված ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ:

ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ (ՀՀ - ԼՂՀ)

Սուրեն Վարդումյան

Ամփոփագիր

Երրորդ հազարամյակի գլխավոր հայեցակարգային մարտահրավերը մարդու կողմից իրականության ընկալման փոփոխության հանդեպ ունակության ձևավորման և զարգացման` արմատապես տարբեր պարադիգմի մշակումն է: Հետևապես, առանց ժամանակակից աշխարհի իրողությունների մասին պատկերացումների փոփոխության՝ անհնար է հետագա էական, որակական և վերընթաց զարգացումն այն ամենի, ինչ ստեղծվել է մարդու կողմից: Ժամանակակից աշխարհի իրողությունների մասին պատկերացումների փոփոխությունն, իր հերթին, միտված է ապագա աշխարհակարգի հնարավոր փոփոխությունների շուրջ խորհրդածությունների սահմանների ապահովմանն ու հետևողական ընդարձակմանը: Համակարգա-մտածելա-գործունեական սխեմաների մոդելավորման նոր մեթոդների կիրառմամբ ներկայացվում են ապագա աշխարհակարգի վերաբերյալ ընդհանրական պատկերացումները` դրանց հիմնական բնութագրիչների ուրվագծերով: Այնուհետև, Հայաստանի (Արցախի հետ միասին) առջև ծառացած գլխավոր մարտահրավերները պարզելու համար՝ տեղայնացնելով ներկայացվում են «մեզ հարակից աշխարհի» զարգացման երեք սցենար առաջիկա 10, 20 և 30 տարվա համար և դրանց հնարավոր ազդեցություն արձագանքները մեր տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում:

ԻՆՉՈՒ ՎԵՐՋԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ ՀԵՆՑ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Գեորգի Կոլարով

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում է բարդ սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական իրավիճակը Իսպանիայի Թագավորությունում՝ Բարսելոնայում և Կատալոնիայի այլ բնակավայրերում ահաբեկչությունների շարքից առաջ և հետո։ Նկատվում է որոշ ձախ կուսակցությունների և քաղաքական գործիչների պատասխանատվությունը երկրում վերջին ժամանակներս սրընթացորեն հօգուտ սուննի մուսուլմանների (հիմնականում Մաղրիբից) խախտվող ժողովրդագրական հավասարակշռության համար։ Փորձ է արվել վերլուծել ծագումով մարոկկոցիների քրեածին սոցիալական դիրքորոշումները՝ Իսպանիայում կենցաղային հանցագործության անթույլատրելիորեն բարձր մակարդակի և պետական ուժային մարմինների կողմից ահաբեկչության սպառնալիքի հարցը լուծելու անկարողության ֆոնին։

ՀՈՎՀ. Կ. ԱՅՎԱԶՈՎՍԿԻ. ԱՇԽԱՐՀՆ՝ ԱՍԵՍ ՔԱՄԻ ԾՈՎԻՑ

Ռուբեն Անգալադյան


   

EnglishРуский