
«21-й ВЕК», №2, 2017
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2017թ. երկրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ կրիտիկական ենթակառուցվածքների, գաղափարախոսության, զանգվածային գիտակցության մանիպուլյացիայի (Գ.Հարությունյան. Գ.Պոչեպցով), «երեք Հռոմի» պատմափիլիսոփայական հայեցակարգի (Ա.Սարգսյան), ՌԴ և ՀՀ արտաքին քաղաքական ռազմավարությունների հայեցակարգային և էմպիրիկ ասպեկտների, ինչպես նաև քաղաքական ու դիվանագիտական բանակցությունների առանձնահատկությունների (Վ.Ագլյան, Ա.Նավասարդյան), տնտեսական և էներգետիկ ոլորտների հարցերի (Ա.Թավադյան, Ժ.Ադիլբայև, Վ.Դավթյան, Ա.Հարությունյան. Լ.Սամվելյան) մասին։
Համարի նյութերում անդրադարձ է կատարվում նաև IT-ոլորտի խնդիրներին և պոտենցիալին, Հայաստանում բազմամշակութային կրթությանը (Դ.Ստեփանյան, Մ.Գևորգյան), ինչպես նաև Էկվադորի ներքաղաքական կյանքի նորագույն միտումներին (Գ.Կոլարով)։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Գագիկ ՀարությունյանԱմփոփագիր
Հոդվածում հիմնավորվում է այն դրույթը, որ հանրության անվտանգությունն էապես պայմանավորված է տիրող գաղափարախոսական համակարգով, որն այդպիսով պետք է ընդունել որպես կրիտիկական ոլորտ, իսկ այդ համակարգի բաղկացուցիչ մասերը՝ որպես կրիտիկական ենթակառուցվածքներ։ Տարբեր երկրների քաղաքական փորձի համեմատական համառոտ վերլուծությունից հետևում է, որ ռազմաքաղաքական և տնտեսական առումով մրցունակ են այն հանրությունները, որոնք կարողացել են ազատական, սոցիալիստական և ազգային-պահպանողական գաղափարախոսությունների մտածված համադրման միջոցով ձևավորել «գաղափարախոսական տրիադա»։
ՀԱՂԹԱՆԱԿ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ (Ինչպես է աշխատում օբյեկտիվ գործիքանին սուբյեկտիվ հիմքի վրա)
Գեորգի ՊոչեպցովԱմփոփագիր
Սուբյեկտիվ գիտելիքները կարող են բերել օբյեկտիվ արդյունքներ, երբ դրանք դառնում են ներգործության բազա։ Զանգվածային սուբյեկտներին դիմելը սուբյեկտիվ գործիքանու օգնությամբ կարող է հանգեցնել օբյեկտիվ արդյունքների։ Զանգվածային գիտակցությունն ասես «նոսր» տարածք է, որտեղ յուրաքանչյուր տարրի հատկանիշները տարբեր են, ուստի դժվար է հասկանալ ամբողջի վարքագիծը։ Այդ դեպքում մասնագետները «խտացման» այդ գործընթացը կատարում են իրենք՝ ստեղծելով օբյեկտի հարկավոր տեսակը։ Ինչպես տեսնում ենք, մեր ժամանակներում սուբյեկտիվ գործոնները դադարել են արգելապատնեշ լինել զանգվածային գիտակցության վրա ներգործելու համար։ Ընդհակառակը, նա, ով սուբյեկտիվության է տիրապետում, կարող է հասնել լավագույն օբյեկտիվ արդյունքների։
ԵՐԵՔ ՀՌՈՄ
Արտյոմ ՍարգսյանԱմփոփագիր
Երեք Հռոմի գաղափարը՝ որպես կրոնաքաղաքական հայեցակարգ, լավ հայտնի է։ Գիտական և մերձգիտական շրջանակներում ամրագրված է Հռոմի՝ որպես անտիկ ժամանակաշրջանում գոյություն ունեցած և արդի եվրոպական քաղաքակրթության հիմքը դարձած տերության մասին պատկերացումը։ Սակայն հստակ անջրպետ գոյություն ունի Հռոմի՝ որպես իրականության և Հռոմի՝ որպես ժառանգության միջև։ Հաշվի առնելով այն, որ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ամերիկայի քրիստոնյա ժողովուրդներն այս կամ այն չափով Հռոմի ժառանգորդներն են հանդիսանում՝ իր ավելի քան երկուհազարամյա պատմությամբ, ապա հասկանալի է դառնում, որ մարդկության զգալի մասի ապագայի խնդիրը ենթադրում է նաև պայքար Հռոմի պատմական կերպարի համար։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արման ՆավասարդյանԱմփոփագիր
Բանակցությունների նպատակը, որպես կանոն, կողմերի միջև առկա հակասությունների և կոնֆլիկտների լուծումն է կամ էլ դրանց մեղմացումը և վնասի փոքրացումը։ Բանակցությունների գործընթացը դիտարկվում է որպես ինֆորմացիայի փոխանակում, փաստարկների և հակափաստարկների առաջքաշում` համոզելու համար գործընկերոջը սեփական դիրքորոշման արդարացի լինելու մեջ։
Սեղմ, սակայն բավական համակողմանի բնորոշվում են բանակցային գործընթացների առաջին հինգ փուլերը, որոնք առանձնացվում են ամերիկյան որոշ մասնագետների կողմից։ Քննարկվում է նաև բանակցությունների վարման ռազմավարությունը, որն օգտագործում են բանակցողները, ինչպես նաև նրանց անձնային առանձնահատկությունները և այլ հարցեր։ Հեղինակը հուսով է, որ հոդվածը կարող է օգտակար լինել մասնագետներին` բանակցային գործընթացների նախապատրաստման փուլում, ինչպես նաև արտաքին քաղաքականության և դիվանագիտության ոլորտներում։
ՌԴ ԵՎ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ԵՎ ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱՅԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԷՄՊԻՐԻԿ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
Վահագն ԱգլյանԱմփոփագիր
Ինչպես տեսական, այնպես էլ կիրառական տեսակետներից արտաքին քաղաքական ռազմավարությունների կոորդինացիան ոչ միայն միջազգային համագործակցության, այլ նաև պետությունների ազգային շահերի երկարաժամկետ ապահովման կարևոր բաղադրիչն է միջազգային հարաբերությունների խորացող փոխկապվածության և փոխկախյալության համատեքստում։ Հետխորհրդային տարածքում Ռուսաստանը շարունակում է առանցքային կոորդինացնող դեր խաղալ միջազգային տարբեր կառույցներում և ինստիտուտներում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դիրքորոշումը որոշիչ գործոն է հանդիսանում, որի հանդեպ հետխորհրդային տարածքում ձևավորվում են ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական կրեդոները։ Սույն համատեքստում հետխորհրդային մի շարք երկրների արտաքին քաղաքական շահերի և քաղաքականությունների զուգակցումը կարող է հանգեցնել պետությունների արտաքին քաղաքական ռազմավարությունների ինստիտուցիոնալ մեծ կոնվերգենցիայի, որը կարող է ընդգրկել ոչ միայն արտաքին քաղաքական, այլև պաշտպանական ու անվտանգության քաղաքականությունները։
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վահե Դավթյան, Արմեն Հարությունյան, Լիանա ՍամվելյանԱմփոփագիր
Հոդվածում վերլուծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային էներգետիկական քաղաքականության մոդելը։ Տրվել է ԼՂՀ էներգետիկ անվտանգության ձևավորման նախադրյալների համառոտ վերլուծությունը, հիմնավորվել է էլեկտրաէներգիայի լիակատար ինքնապահովման անցնելու անհրաժեշտությունը հանրապետության համար։ Ներկայացվել են ԼՂՀ էներգահամակարգի հիմնական առավելությունները, ինչպես նաև ճյուղի զարգացման առավել հեռանկարային ուղղությունները։ Նշվում է, որ էներգետիկական համալիրն առանցքային դեր է խաղում ԼՂՀ ինքնիշխանության ամրապնդման գործում, ինչպես նաև հանրապետության ինստիտուցիոնալ կայացման և միջազգային հարթակում ներկայանալու առումներով։ Որոշվել է ԼՂՀ արտահանական պոտենցիալը, նշվել են դրա իրագործման հիմնական ուղիները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Աշոտ Թավադյան, Ժալգաս ԱդիլբայևԱմփոփագիր
Հոդվածում ներկայացված են Հայաստանի և Ղազախստանի առևտրային շրջանառության վրա ազդող գործոնները: Վերլուծված են ԵԱՏՄ շրջանակներում տվյալ երկրների միջև արտահանման և ներմուծման դինամիկան ու կառուցվածքը: Հայաստանը և Ղազախստանը կարող են էապես ամրացնել տնտեսական կապերը միությունում: Նպատակահարմար է դրամավարկային, արդյունաբերական քաղաքականության կոորդինացումը, «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու վերաբերյալ տեսակետների համաձայնեցումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ IT-ՈԼՈՐՏԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՊՈՏԵՆՑԻԱԼԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ
Դավիթ ՍտեփանյանԱմփոփագիր
Հոդվածում նկարագրվում և վերլուծվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի՝ որպես հայկական տնտեսության կատալիզատորի խնդիրները, ձեռքբերումները, հաջողությունները, զարգացման հեռանկարները։ Որպես հետագա հաջողությունների հիմք նշվում են խորհրդային տարիների պոտենցիալը, առկա մտավոր, մարդկային ռեսուրսը, պետական մակարդակով ցուցաբերվող աջակցությունը։ Նկարագրվում են ոլորտի հիմնական ձեռքբերումները 2016թ., սոցիալական ներդրողների, գործարարների, պետության մտահղացումները և նախաձեռնությունները ոլորտի ընդլայնման նոր մեխանիզմների և գործիքների ստեղծման ու Հայաստան-Սփյուռք համագործակցության ուղղությամբ։ Ճշտվում են ոլորտի խնդիրները, փորձ է արվում գտնել իրավիճակի վերլուծության միջոցով դրանք լուծելու ուղիներ։
ԲԱԶՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Մայրանուշ ԳևորգյանԱմփոփագիր
Հոդվածում դիտարկված է բազմամշակութային կրթության հիմնախնդիրը` որպես Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման ռազմավարական խնդիր: Տեսական վերլուծության և էմպիրիկ հետազոտության արդյունքում հիմնավորված են բազմամշակութային կրթության էությունը և արդիականությունը` հաշվի առնելով կրթական միջավայրի էթնիկ կազմը: Դիտարկված են բազմամշակութային կրթության կազմակերպման հիմնական բաղադրատարրերը և մանկավարժական պայմանները, ներկայացված են բազմամշակութային երկխոսությանը նպաստող դրական դրդապատճառները և պահանջմունքներն ու բազմամշակութային կրթական տիրույթում ազատ, առանց կոնֆլիկտների երկխոսությանը խաթարող խոչընդոտները և համոզմունքները:
ԼԵՆԻՆ-ԿՐՏՍԵՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՏԱՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՎ ԷԿՎԱԴՈՐՈՒՄ
Գեորգի ԿոլարովԱմփոփագիր
Ձախ արմատական, էկոնոմիկայի նախկին նախարար Ռաֆայել Կոռեայի իշխանության գալը սկզբունքորեն նոր փուլ դարձավ Էկվադորի պատմության մեջ. երկրի նախագահի պաշտոնն առաջին անգամ զբաղեցրեց մի մարդ, ով կապված չէ կուսակցական համակարգի հետ, չունի սեփական կուսակցություն, ոչ էլ ներկայացված է խորհրդարանում, բայց վայելում է բազմաթիվ սոցիալական շարժումների և հակալիբերալ ուղղվածության ասոցիացիաների աջակցությունը։ Երկրի բարելավման նրա ծրագիրը նշանավորում է հեղաշրջման սկիզբ նեոլիբերալ մոդելից դեպի սոցիալական կողմնորոշում ունեցող քաղաքականություն և պետական կարգի վերակառուցում։ Հոդվածում վերլուծվում են Ռաֆայել Կոռեայի քաղաքական ծրագրի առանձնահատկությունները և դրա իրագործման հեռանկարները։