• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 5, 2017 28.07.2017

«21-րդ ԴԱՐ» N 5, 2017

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2017թ. հերթական՝ 5-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ ՀՀ-ում ծնունդների ժողովրդագրական կանխատեսումների (Ս.Մանուկյան), զանգվածային գիտակցության մանիպուլյացիաների (Գ.Պոչեպցով), պատերազմի տնտեսագիտության (Թ.Մանասերյան), ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման (Գ.Հարությունյան), պետության «փափուկ ուժի» չափելիության (Ն.Մինասյան), տնտեսության զարգացման գործում հետազոտական համալսարանների դերի (Ռ.Խաչատրյան), Հայաստանի և ռուս-թուրքական հարաբերությունների (Տ.Սաքոյան), ցեղասպանության պատճառով որբացած հայ մանուկների (Մ.Անտոնյան) մասին։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2017-2020ԹԹ. ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների և ժողովրդագրական կանխատեսման մեթոդների կիրառմամբ իրականացված՝ Հայաստանում 2017-2020թթ. կենդանի ծնունդների կանխատեսումը։

ՀԱՂԹԱՆԱԿ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ (Ինչպես է աշխատում օբյեկտիվ գործիքանին սուբյեկտիվ հիմքի վրա)

Գեորգի Պոչեպցով

Ամփոփագիր

Սուբյեկտիվ գիտելիքները կարող են բերել օբյեկտիվ արդյունքներ, երբ դրանք դառնում են ներգործության բազա։ Զանգվածային սուբյեկտներին դիմելը սուբյեկտիվ գործիքանու օգնությամբ կարող է հանգեցնել օբյեկտիվ արդյունքների։ Զանգվածային գիտակցությունն ասես «նոսր» տարածք է, որտեղ յուրաքանչյուր տարրի հատկանիշները տարբեր են, ուստի դժվար է հասկանալ ամբողջի վարքագիծը։ Այդ դեպքում մասնագետները «խտացման» այդ գործընթացը կատարում են իրենք՝ ստեղծելով օբյեկտի հարկավոր տեսակը։ Ինչպես տեսնում ենք, մեր ժամանակներում սուբյեկտիվ գործոնները դադարել են արգելապատնեշ լինել զանգվածային գիտակցության վրա ներգործելու համար։ Ընդհակառակը, նա, ով սուբյեկտիվության է տիրապետում, կարող է հասնել լավագույն օբյեկտիվ արդյունքների։

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ

Թաթուլ Մանասերյան

Ամփոփագիր

Վերջին ավելի քան քառորդ դարի ընթացքում արտաքին աշխարհին տպավորելու գայթակղությունը պետական կառավարիչների շրջանում յուրահատուկ «տաբու» է առաջացրել տնտեսության զարգացման ազգային մոդելի ձևավորման հարցում: Ներքին անփորձությանն ու արտաքին խաղացողների նախապայմաններին հավելվել են նաև տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերներ։ Դրանք ավելացրել են երկրի խոցելիության մակարդակը ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյուններից: Գաղափարախոսական և ֆինանսատնտեսական ճգնաժամերը հնարավորություն ընձեռեցին սկսել ազգային տնտեսության ձևավորման փնտրտուքն առանց արտաքին խիստ սահմանափակումների: Կարևոր է հաշվի առնել նաև պատերազմի վերսկսման սպառնալիքի պայմաններում աշխարհաքաղաքական և տրանսֆորմացվող տարածաշրջանային միտումների հնարավոր ազդեցությունները երկրի կառավարման նոր մոդելի ձևավորման գործընթացի վրա:

ՀՀ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

Գայանե Հարությունյան

Ամփոփագիր

Հոդվածն ամփոփում է «Ռազմարդյունաբերության, նորարարությունների և տնտեսական աճի միջև փոխկապվածությունները փոքր, բաց տնտեսությունում (ՀՀ օրինակ)» թեմայի շրջանակներում իրականացված մի շարք հետազոտությունների արդյունքներ։ Մասնավորապես. 1) ներկայացվել է ռազմարդյունաբերության ոլորտի ներուժային համակարգաստեղծ նշանակությունն ամբողջ տնտեսության համար՝ պայմանավորված այլ ճյուղերի հետ համագործակցության լայն հնարավորություններով, 2) վերլուծվել է տնտեսական աճի վրա ռազմական ծախսերի ազդեցությունը, 3) ուսումնասիրվել է ռազմական ոլորտում ԳՀՓԿԱ հնարավոր ազդեցությունը տնտեսական զարգացման վրա։ Հիմնվելով կատարված հետազոտության, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմքով տնտեսական աճի էական ցուցանիշներ արձանագրած փոքր բաց տնտեսությամբ երկրների փորձի վրա՝ տեղական ռազմարդյունաբերության զարգացումը դիտարկվել է որպես արդի աշխարհաքաղաքական պայմաններում երկրի անվտանգության գերխնդրի լուծման միակ և տնտեսական զարգացման խնդրի լուծման առավել արդյունավետ եղանակ, և այդ համատեքստում առաջարկվել է տարբեր ոլորտներում իրականացնել որոշակի միջոցառումները:

ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ՉԱՓԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ

Նարեկ Մինասյան

Ամփոփագիր

Հոդվածում վերլուծվում է «փափուկ ուժի» չափելիության խնդիրը՝ ներկայացնելով նրա բարդությունը, հիմնական չափորոշիչները և գործիքները: Հոդվածում առաջարկվել է փափուկ ուժի չափման հիմնական մոտեցումների և հետազոտությունների պայմանական դասակարգում, ինչպես նաև ներկայացված են դրանց մեթոդաբանությունը և հիմնական տարբերությունները: Առանձին անդրադարձ է կատարվել պետության փափուկ ուժի չափման տարբեր միջազգային ինդեքսների:

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ռոբերտ Խաչատրյան

Ամփոփագիր

ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի արդյունավետության բարձրացումը և շարունակական կատարելագործումը պայմանավորվում են ՀՀ-ում գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ և դրա միջոցով համաշխարհային տնտեսական համակարգում կրթության ազգային համակարգի մրցունակության խթանման անհրաժեշտությամբ: Գիտելիքահենք տնտեսություն ձևավորելու նպատակով պետք է խթանվեն մարդկային կապիտալի և գիտական ներուժի պահպանումն ու շարունակական զարգացումը երկրում: Այս առումով ՀՀ-ում վերջին տարիներին գիտահետազոտական կամ այսպես կոչված «ուղեղային կենտրոնների» թիվը կտրուկ աճ է արձանագրել: Ընդլայնվել է հետազոտությամբ զբաղվող կառույցների թիվը, ինչպես նաև իրականացվող հետազոտությունների ծավալը:

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Տարոն Սաքոյան

Ամփոփագիր

Հոդվածը վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին: Ոչ վաղ անցյալի պատմական իրադարձությունների վերլուծությամբ հեղինակի կողմից զուգահեռներ են տարվել ռուս-թուրքական արդի դիվանագիտական իրողությունների հետ:

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽԵՂՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՈՒԾԱՑՈՒՄ. ՀԱՅ ՈՐԲԵՐԻ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Միրա Անտոնյան

Ամփոփագիր

Ցեղասպանության պատճառով որբացած բազմահազար հայ մանուկներ Օսմանյան Թուրքիայում ենթարկվել են բազմաբնույթ հալածանքների, օգտագործվել որպես ենիչերներ, ուծացվել, կրոնափոխ արվել, որպես ձրի աշխատուժ «նվիրվել» իսլամ դավանող թուրք և քուրդ ընտանիքներին, ենթարկվել անվանափոխության, սեռական ու ֆիզիկական բռնությունների: Չնայած նշված իրողությունների վերաբերյալ բազմաթիվ վկայություններին ու պատմական փաստագրումներին՝ Թուրքիան այսօր էլ փորձում է տեղի ունեցածը ներկայացնել որպես կառավարության և թուրք ժողովրդի կողմից հայ որբերի նկատմամբ իրականացված գթասիրական որբախնամ գործունեություն՝ իբր ի նշան համամարդկային արժեքների հանդեպ հարգանքի:
Սեփական ժողովրդից հատուկ նպատակադրված ձևով թաքցնելով բազմահազար որբերի բռնի ուծացման փաստը՝ ներկայիս կառավարությունը միաժամանակ առիթը բաց չի թողնում ակնարկել «նախկին հայերին» սպառնացող վտանգների մասին՝ ցեղասպանության ճանաչման պահանջի պարագայում:
Հոդվածն անդրադառնում է ցեղասպանության պատճառով որբացած երեխաների հանդեպ հոգածությանը, նրանց «անվտանգության երաշխավորման» հարցում թուրքական կառավարության կողմից կազմակերպված իրական քայլերին ու որբերի ներկա սերնդի «ոչ հայեր» երևույթին՝ որպես բռնի ուծացման և ինքության խեղաթյուրման հետևանք:


   

EnglishРуский