• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 4, 2017 19.07.2017

«21-րդ ԴԱՐ» N 4, 2017

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2017թ. հերթական՝ 4-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված Հայաստանի քաղաքակրթական ժառանգության արժևորմանը (Է.Դանիելյան), Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին (Ալ.Մանասյան), կրիտիկական ենթակառուցվածքներին (Գ.Հարությունյան), հաճախակիության բառարաններին (Ա.Մարջանյան), տնտեսական աճի վրա գնաճի, ազգային արժույթի փոխարժեքի ազդեցությանը (Ա.Թավադյան)։ Վ.Հովյանը, Ս.Անտոնյանը, Ս.Ասատրյանն անդրադարձել են Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների հիմնախնդիրներին, համակարգչային համախտանիշի դրսևորմանը, տեխնոլոգիական կախվածությանը։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


Դ.Մ. ԼԱՆԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Էդուարդ Լ.Դանիելյան

Ամփոփագիր

Հայաստանի քաղաքակրթական ժառանգության արժևորման գործում հայագետների, արևելագետների և կովկասագետների շարքում իր նշանակալից տեղն ունի բրիտանացի պրոֆեսոր, պատմաբան Դ.Մ. Լանգը (1924-1991թթ.), որը հեղինակել է Հայաստանի և հայ ազգի պատմությանը նվիրված մի շարք աշխատություններ. Հայերը (1976թ.), Հայաստանը քաղաքակրթության բնօրրան (1970, 1978թթ.), Բարձունքների ժողովուրդներ: Հին Արարատը և Կովկասը (1988թ.):
Քաղաքակրթական պատմությանը բնորոշ առանձնահատկությունը մշակութային շարունակականության կատեգորիա է, ինչպես բխում է Լանգի հայեցակարգից։ Բարձր գնահատելով Հայաստանի քաղաքակրթական նշանակությունը՝ Դ.Լանգն իր «Հայաստանը քաղաքակրթության բնօրրան» գրքում նշել է. «Հնագույն երկիր Հայաստանը տեղադրված է բարձր լեռներում... Թեև Միջագետքն իր հնագույն՝ Շումերի և Բաբելոնի քաղաքակրթություններով, Եգիպտոսի հետ մեկտեղ, սովորաբար համարվում է քաղաքակրթական կյանքի հիմնական աղբյուրը ժամանակակից իմաստով, Հայաստանը նույնպես իրավունք ունի որակվելու որպես մարդկային մշակույթի օրրաններից մեկը։ Նախ, ինչպես Ծննդոց Գրքում է ասվում, Նոյյան տապանը կանգ է առել Արարատ լեռան գագաթին` Հայաստանի հենց կենտրոնում... Հայաստանը մեր ուշադրությունն է պահանջում` որպես մետաղագործության հնագույն հիմնական օջախներից մեկը, սկզբնավորվելով, առնվազն, հինգ հազար տարի առաջ։ Ավելի ուշ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ընդարձակ թագավորությունը՝ լինելով եկեղեցական ճարտարապետության այն ոճի սկզբնավորողը, որը կանխագործում է մեր սեփական արևմտյան գոթիկան»։

ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Ալեքսանդր Մանասյան

Ամփոփագիր

ԵԱՀԿ-ն, որը ստացել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատը, միջնորդական իր առաքելության մեջ կառուցողական չի համարում կողմերի պատմական փաստարկների ներգրավումը բանակցային գործընթաց: Դրանով պիտի բացատրել այն իրողությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց առաջարկություններում ուղղակի հղումներ չեն անում հակամարտության պատմությանը: Բայց պատմությունը, ինչպես ցույց են տալիս փաստերը, բացահայտ ու ոչ բացահայտ ձևերով թափանցում է բանակցային դիսկուրս և երևակվում կոնֆլիկտի կարգավորման միջնորդների նախագծերում և հակամարտ կողմերի ընդունած փաստաթղթերում: Վերլուծությունը հաստատում է, որ սկզբունքորեն հնարավոր չէ շրջանցել կոնֆլիկտի սեփական պատմության փաստերը, եթե ընտրված է հակամարտության կարգավորման ռազմավարություն, որը բացառում է ուժի կամ նրա սպառնալիքի կիրառումը: Իրականում պատմությանը դիմելու արգելքը միջնորդները նախատեսում են միայն հակամարտ կողմերի համար: Նրանք իրենց են թողնում պատմությունը բանակցային գործընթաց ներբերելու արտոնությունը: Եվ դա նրանք անում են ընտրողաբար, քաղաքական նպատակահարմարության իրենց չափանիշներով: Ընդ որում, դա սովորաբար արվում է քողարկված ձևերով, առանց պատմությանն ուղղակի հղումներ անելու: Եթե 1990-ական թթ. Մինսկի խմբի համանախագահները պատմությունը բանակցային գործընթաց են բերել ընդհանուր պետության մասին իրենց առաջարկության մեջ, ապա մեր օրերում դա արվում է փոխզիջումների կամ ստատուս-քվոյի վերանայման քողի տակ: Պարզվում է նաև, որ ոչ միայն միջնորդները, այլև հակամարտող կողմերը ևս չեն կարող իրենց ընդունած փաստաթղթերում և հռետորաբանության մեջ դռները փակել պատմության առջև:

ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Հարությունյան

Ամփոփագիր

Հոդվածում հիմնավորվում է այն դրույթը, որ հանրության անվտանգությունն էապես պայմանավորված է տիրող գաղափարախոսական համակարգով, որն այդպիսով պետք է ընդունել որպես կրիտիկական ոլորտ, իսկ այդ համակարգի բաղկացուցիչ մասերը՝ որպես կրիտիկական ենթակառուցվածքներ։ Տարբեր երկրների քաղաքական փորձի համեմատական համառոտ վերլուծությունից հետևում է, որ ռազմաքաղաքական և տնտեսական առումով մրցունակ են այն հանրությունները, որոնք կարողացել են ազատական, սոցիալիստական և ազգային-պահպանողական գաղափարախոսությունների մտածված համադրման միջոցով ձևավորել «գաղափարախոսական տրիադա»։

ԲԱՌԵՐԻ ՏԻԵԶԵՐՔ. ՀԱՃԱԽԱԿԻՈՒԹՅԱՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ GOOGLE N-GRAMS ԳՈՐԾԻՔԸ

Արա Հ. Մարջանյան

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվել է հաճախակիության բառարանների, ազգային լեզվական կորպուսների և մեծ տվյալների շտեմարանների ստեղծման պատմությունը։ Նկարագրված են Google N-grams գործիքի տրամադրած հեղափոխական հնարավորությունները։ Բերվել են որոշ բառերի և բառակապակցությունների հաճախական օգտագործման վերլուծության օրինակներ երկարատև ժամանակի համար։ Ձևակերպվել են Հայաստանի վերլուծաբանական հանրության առջև կանգնած մարտահրավերները և խնդիրները հայերենի բառօգտագործման կորպուսների և դրանց վերլուծության գործիքների ստեղծման ուղղությամբ։ Ընդգծվել է հայերենի ազգային հաճախական կորպուսի ստեղծման խնդրի և հայալեզու WEB-ի դերի կարևորությունը դրանում։

ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ

Աշոտ Թավադյան

Ամփոփագիր

Կայուն տնտեսական աճ, հավասարակշռված արտաքին առևտուր, զբաղվածության բարձր մակարդակ, գների կայունություն սկզբունքային նպատակները միասնական համակարգ են ներկայացնում: Գների կայունությունը չափազանց կարևոր նպատակ է: Սակայն դա պետք է ապահովել՝ հաշվի առնելով տնտեսական համակարգի փոխկախվածությունները, գնաճը օպտիմալ ձևով համաձայնեցնելով առանցքային տնտեսական ցուցանիշների հետ:
Դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրն այն չէ, որ բոլոր միջոցներով ապահովվի հնարավորինս նվազագույն գնաճ, այլ այն, որ ունենանք իրականությանը համապատասխանող վերաֆինանսավորման տոկոսադրույք, գնաճ, որն առավելագույնս նպաստավոր է տնտեսության, արտահանման աճին:
ԵԱՏՄ երկրներում դրամավարկային քաղաքականության համաձայնեցման համար անհրաժեշտ է, հաշվի առնելով գնաճի փոխկապվածություններն այլ առանցքային ցուցանիշների հետ, հասնել նրան, որ ԵԱՏՄ երկրներում գնաճը չգերազանցի 5.5%-ը: Դրա հետ մեկտեղ, պետք է ունենալ համաձայնեցված վերաֆինանսավորման տոկոսադրույք: Տնտեսական աճի տեսանկյունից չափազանց կարևոր է նաև ԵԱՏՄ պայմանագրի դրույթների հստակ կատարումը, հատկապես գնաճի և արժութային քաղաքականության մասով:

ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Վահրամ Հովյան

Ամփոփագիր

Հայրենադարձությունը, ըստ կազմակերպվածության աստիճանի, լինում է ծրագրված և տարերային։ Ներկա սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս ՀՀ-ին իրականացնել ծրագրված հայրենադարձություն։ Մինչդեռ Մերձավոր և Միջին Արևելքում ընթացող գործընթացները լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցնում տարածաշրջանի հայ համայնքները՝ մեծացնելով այնտեղից տարերային հայրենադարձության ալիքների հավանականությունը։
Տարերային հայրենադարձության հնարավոր նոր ալիքներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործնական քայլերը՝ հայրենադարձության հիմնադրամի ստեղծում, բարեգործական կազմակերպությունների կողմից հայրենադարձության ծրագրերի իրականացում, ՀՀ և ԼՂՀ անմշակ հողատարածքների հաշվառում՝ դրանք հայրենադարձներին հատկացնելու նպատակով, հայրենադարձների նկատմամբ հատուկ հարկային քաղաքականության որդեգրում, տեղեկատվական աջակցության կենտրոնի ստեղծում, մատչելի բնակարանաշինության քաղաքականության որդեգրում, հայրենադարձության մասին օրենսդրական հենքի բարելավում։

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՀՈԳԵԽՈՍՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՊԱՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Սիրանուշ Անտոնյան

Ամփոփագիր

Երեխայի հոգեկան զարգացումը յուրատիպ ընթացք է ստանում, երբ խոսքի զարգացման զգայուն շրջանում ընկալման, ճանաչողության և շփման դաշտում առանձնահատուկ դեր է սկսում զբաղեցնել համակարգչային գործունեությունը: Համակարգչային գործունեության չարաշահումն ու կախվածությունը նպաստում են խոսքի հապաղմանը, ինչին համընթաց հաճախ հապաղում է նաև երեխայի հոգեկան զարգացումը: Հետազոտությունների ընթացքում հոգեխոսքային զարգացման հապաղմամբ երեխաների մեջ բացահայտվեցին համակարգչային գործունեության չարաշահման և կախվածության հետևանքով դրսևորվող որոշ ախտանշաններ, որոնք միասին ձևավորում են համակարգչային համախտանիշը:
Թեև իրականացված հետազոտությունները պահանջում են շարունակականություն, խորազնին և բազմամասնագիտական մոտեցում, սակայն հարկ է նշել, որ 21-րդ դարում վերոնշյալ համակարգչային համախտանիշի տարածումը երեխաների մեջ հնարավոր է աստիճանաբար ձևավորի մարդու պատմամշակութային զարգացման մի նոր տեսակ, ում թերևս և դեռևս վերապահումով կարելի է անվանել «մարդ համակարգիչ»:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Սամվել Ասատրյան

Ամփոփագիր

Հոդվածում քննարկված է տեխնոլոգիական կախվածությունը որպես դարի հիմնախնդիր: Վերլուծված են տեխնոլոգիական կախվածության վերաբերյալ տարբեր հեղինակների գիտական մոտեցումները:
Հոդվածում ներկայացված է նաև հեղինակի իրականացրած սոցիոլոգիական հարցումը հիմնախնդրի վերաբերյալ:


   

EnglishРуский