• am
  • ru
  • en
«21-й ВЕК», №1, 2017 14.06.2017

«21-й ВЕК», №1, 2017

Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2017թ. առաջին համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված արդի աշխարհի գիտատեխնոլոգիական բնապատկերին և նրա սփյուռքյան բաղադրիչին (Գ.Հարությունյան, Ա.Մարջանյան, Ա.Սիմավորյան), տարածաշրջանային և գլոբալ արտաքին քաղաքական օրակարգին (Ռ.Կարապետյան, Ա.Պետրոսյան, Գ.Կոլարով), ՀՀ-ում միգրացիոն տրամադրությունների դինամիկային և Մոդեռնի քաղաքական նախագծին մեր երկրի ադապտիվությանը (Ս.Մանուկյան, Ն.Դունամալյան), ինչպես նաև ընդվզողների քաղաքական ագրեսիվության պատճառներին և առանձնահատկություններին (Ա.Մարտիրոսյան)։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ԲԱԶՄԱԿԵՆՏՐՈՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՆԱՊԱՏԿԵՐԸ

Գագիկ Հարությունյան, Արա Մարջանյան

Ամփոփագիր

Հոդվածում վերլուծվում են մի շարք երկրների և երկրների խմբերի գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական մշակումներին (ԳՀՓԿՄ) հատկացվող ծախսերը, դրանց հարաբերակցությունը համախառն ներքին արտադրանքին 2012-2016թթ. ժամանակահատվածի համար։ Առաջարկվում է ընդհանուր «գիտելիքների բնապատկերում», գիտատեխնոլոգիական և տեղեկատվական գործունեության կոորդինատներով երկրների տարբեր խմբերի խմբային ներկայացման մեթոդը։ Նկարագրված են ԳՀՓԿՄ ծախսերի հիմնական համաշխարհային դինամիկայի որոշ միտումներ՝ արդի աշխարհաքաղաքական և բազմակենտրոն համակարգի մարտահրավերների համատեքստում։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ 2012-2015ԹԹ.

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածում նկարագրված է Հայաստանից արտագաղթի դիրքորոշումների դինամիկան 2012-2015թթ. ընթացքում։ Զանգվածային հետազոտությունների 600-ից ավելի փոփոխականների բազմաչափ մաթեմատիկական վերլուծությամբ դուրս են բերվել Հայաստանում արտագաղթի դիրքորոշումները կազմավորող գործոնները, գնահատվել է դրանց ազդեցության ուժը։ Կազմավորվել են արտագաղթի դիրքորոշումները նվազեցնող ռազմավարության շրջանակը և կոնկրետ գործողությունների ցանկը։

ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Արեստակես Սիմավորյան

Ամփոփագիր

Սփյուռք ունեցող երկրները ներկայում ավելի մեծ ուշադրություն են դարձնում արտերկրում բնակվող իրենց հայրենակիցների խնդիրներին՝ պետություն-սփյուռք հարաբերությունների ձևավորմանը, հայրենիքում ֆինանսական ներդրումների հնարավորություններին, կազմակերպչական հարցերին և այլն։ Մեր օրերում արդիական է նաև գիտական սփյուռքի հետ պետության փոխգործակցության հարցը, որի ուսումնասիրությանն էլ նվիրված է հոդվածը։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄՈԴԵՌՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Նորայր Դունամալյան

Ամփոփագիր

Արդիականության մասնակի յուրացումը հայ հասարակությանը խոցելի է դարձնում գլոբալ նախագծերի շրջանակում ինտեգրացիայի համատեքստում, սակայն միևնույն ժամանակ համաշխարհային քաղաքականության «տուրբուլենտ» վիճակը հնարավորություն է տալիս միջազգային հարաբերությունների նոր տեսլական ձևավորել: Հայաստանի Հանրապետությունը (նաև Արցախի Հանրապետությունը) կարող է մասնակցել ժամանակակից մոդեռնի նախագծի ճգնաժամի հաղթահարմանը՝ նպաստելով նոր աշխարհակարգի ձևավորմանը, որը հիմնված կլինի գլոբալ բազմամակարդակ համակարգի վրա։

ԸՆԴՎԶՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ (քաղաքական բռնության ոչգծային զարգացման մասին)

Արման Մարտիրոսյան

Ամփոփագիր

Արդի հետազոտությունները մատնանշում են նոր մեթոդաբանական հարացույցների ստեղծման անհրաժեշտությունը, որոնցում արժանի տեղ պետք է զբաղեցնեն քաղաքական նոր մոտեցումներն աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։ Ակտուալացվում է նոր հասարակական մարտահրավերների, օրինակ՝ «քաղաքական ընդվզումների» հետազոտությունը սոցիալական և քաղաքական հոգեբանության ոլորտում՝ էթնիկ և կրոնական հոգեբանության, արդի էթնոքաղաքական տեսական մշակումների և կիրառական հաղորդակցային տեխնոլոգիաների լայն ներգրավմամբ։

ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ռոման Կարապետյան

Ամփոփագիր

Խորհրդային Միության փլուզումից հետո Անդրկովկասում ակտիվացան տարածքային հակամարտությունները, որոնք ոչ միայն խաթարեցին անվտանգության մթնոլորտը տարածաշրջանում, այլև կանխորոշեցին տարածաշրջանի երկրների միջև փոխհարաբերությունների հետագա ընթացքը: Անդրկովկասի երկրներն ունեին նաև միմյանցից տարբերվող դիրքորոշումներ արտաքին քաղաքական գործընկերների ընտրության հարցում:
Տարածաշրջանում ամրապնդվելու առաջին հաստատուն փորձերն արեց Թուրքիան, որը գրեթե յոթանասուն տարի սպասել էր այս հնարավորությանը: Առաջին քայլերն ուղղված էին տնտեսական բնույթի կապերի ձևավորմանը, որոնք հետագայում ամուր հիմքեր կտային քաղաքական ու ռազմական համագործակցության համար: 1990-ական թվականներին մշակվեցին, իսկ 21-րդ դարի մեկնարկին իրագործվեցին էներգետիկ, տրանսպորտային բնույթի մի շարք ծրագրեր: Ներկայում էլ այդ ծրագրերը գործնական ընթացքի մեջ են և ունեն շարունակականության միտումներ:
Ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականից՝ հարց է առաջանում. որքանո՞վ են այդ ծրագրերը սպառնում Հայաստանի զարգացմանը, արդյո՞ք դրանք ուղղված չեն Հայաստանի դեմ, և ի՞նչ գործնական քայլեր են ձեռնարկվում դրանց բացասական հետևանքները չեզոքացնելու կամ հակընդդեմ ծրագրեր մշակելու ուղղությամբ:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Արեգ Պետրոսյան

Ամփոփագիր

Հոդվածում արվում է այն եզրահանգումը, որ առաջիկայում, Սպիտակ տան վարչակազմի փոփոխության հետ կապված, զարգացման հունը կփոխի ամերիկյան ռազմավարական մշակույթը, ինչն արդեն այժմ դրսևորվում է ներկա վարչակազմի կտրուկ գործողությունների տեսքով. Սիրիան հրթիռային գնդակոծման ենթարկելն ընթացիկ տարեսկզբին, լարվածությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, գերհզոր ռումբի նետումն Աֆղանստանում, ավելի կոշտ դիրքորոշումն Իրանի գծով։ Այս համատեքստում էլ հենց ամերիկյան ռազմավարական մշակույթն է լինելու մեր «ուղեկցորդը»՝ բարձր կոնֆլիկտայնության տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հասկանալու համար։

ՀԱՎԱՆԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ

Գեորգի Կոլարով

Ամփոփագիր

Բարաք Օբամայի այցը Կուբա նշանավորեց Արևմուտքի հետ Ազատության կղզու փոխհարաբերությունների նոր փուլի սկիզբը։ Ֆիդել Կաստրոյի մահն, իր հերթին, դարձավ քաղաքական գործընթացների և արտաքին քաղաքական ոլորտի գերակայությունների վերադասավորման կատալիզատոր։ Մինչդեռ, ԱՄՆ նոր վարչակազմը կարող է չեղարկել նկատված շարժը, և Կուբայի իշխանությունների վերլուծական կարողություններից ու արձագանքման արագությունից է կախված լինելու կուբայական ռեժիմի ապագան։


   

EnglishРуский