• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 3, 2017 23.05.2017

«21-րդ ԴԱՐ» N 3, 2017

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-դ ԴԱՐ» ամսագրի 2017թ. 3-րդ համարը, որում տեղ են գտել «Բազմակենտրոն աշխարհակարգի գիտատեխնոլոգիական բնապատկերը» (Գ.Հարությունյան, Ա.Մարջանյան), «Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը և կրիտիկական ենթակառուցվածքները» (Ս.Մարտիրոսյան), «Մարդկային և մտավոր կապիտալ հասկացությունների շուրջ» (Կ.Վերանյան), «Արժեքային համակարգը որպես բնակչության բնական աճը խթանող գործոն» (Ս.Մանուկյան), «Բարձրագույն կրթության գործառույթները կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանության գործընթացում» (Ռ.Խաչատրյան, Ֆ.Հակոբյան), «Հայկական սփյուռքի անվտանգության մարտահրավերները» (Վ.Հովյան) և «ՌԴ ռազմական կարողությունների գնահատումը. սկանդինավյան հետազոտական կենտրոնների որոշ մոտեցումներ» (Վ.Ագլյան) հոդվածները։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ԲԱԶՄԱԿԵՆՏՐՈՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՆԱՊԱՏԿԵՐԸ

Գագիկ Հարությունյան, Արա Մարջանյան

Ամփոփագիր

Հոդվածում վերլուծվում են մի շարք երկրների և երկրների խմբերի գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական մշակումներին (ԳՀՓԿՄ) հատկացվող ծախսերը 2012-2016թթ. ժամանակահատվածի համար։ Հիմնվելով մաթեմատիկական խմբերի տեսության որոշ հասկացությունների վրա՝ հոդվածում առաջարկվում է աշխարհի ընդհանուր «գիտատեխնոլոգիական բնապատկերում» երկրների առանձին խմբերի ներկայացման մեթոդը։ Նկարագրվում են ԳՀՓԿՄ ծախսերի արդի դինամիկային բնորոշ որոշ միտումներ՝ առաջատար երկրների, երկրների խմբերի և Հարավկովկասյան երեք հանրապետությունների համար, ներկայիս աշխարհի բազմակենտրոն համակարգի ու ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

Սամվել Մարտիրոսյան

Ամփոփագիր

Տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրներն այսօր լրջագույն մարտահրավեր են Հայաստանի համար։ Մի շարք կրիտիկական ենթակառուցվածքներ կարող են կիբեռհարձակումների թիրախ դառնալ, ինչն էլ կարող է ունենալ ազգային անվտանգության մակարդակի բացասական հետևանքներ։ Նշված իրավիճակում Հայաստանը պետք է ունենա ավելի հստակ մոտեցումներ տեղեկատվական ավտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության հարցերում։

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Կարեն Վերանյան

Ամփոփագիր

Հետազոտությունում ներկայացվում են պետության մարդկային կապիտալի և մտավոր ռեսուրսների պահպանման և զարգացման ոլորտի հիմնախնդիրները և մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվում ազգային մարդկային և մտավոր կապիտալ հասկացություններին՝ որպես հասարակության բարեկեցության ապահովման կարևորագույն երաշխիքի։ Լուսաբանվում են նաև Հայաստանում «ուղեղների արտահոսքի», ազգային մտավոր կապիտալի պահպանման և վերարտադրողականության ապահովման հարցերը։

ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԱՃԸ ԽԹԱՆՈՂ ԳՈՐԾՈՆ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների և դրանց կիրառմամբ կառուցված մաթեմատիկական մոդելի հիման վրա ցույց է տրվում, որ երկարատև ժամանակահատվածում Հայաստանում բնական աճը նվազեցնող հիմնարար գործոնն է ավանդական մշակութային-արժեքային համակարգի տեղակալումն ազատական մշակութային-արժեքային համակարգով, որի բաղադրիչներից է երեխաների պահանջմունքի կրճատումը: Հայաստանի հասարակությունում ազատական մշակութային-արժեքային համակարգի զարգացման կոնտեքստում սոցիալ-տնտեսական զարգացումը ոչ թե կբարձրացնի, այլ կնվազեցնի բնակչության բնական աճը:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Ռոբերտ Խաչատրյան, Ֆրիդա Հակոբյան

Ամփոփագիր

Հոդվածում հիմնական ուշադրությունը հատկացվում է կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանը, որոնք դիտարկվում են որպես ֆիզիկական օբյեկտներ և նյութական ռեսուրսներ, տեղեկատվական համակարգեր, ցանցեր, տեխնոլոգիաներ և ծառայություններ, որոնք կենսականորեն կարևոր նշանակություն ունեն պետության հիմնական գործառույթների համար կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ ազգային և տնտեսական անվտանգություն, առողջապահություն, տնտեսական բարգավաճում և կայուն զարգացում, պետական կառավարման համակարգի արդյունավետ գործառության համար։ Կրիտիկական ենթակառուցվածքներն այն համակարգերն ու միջոցներն են, որոնց խափանումը սպառնալիք է ստեղծում ազգային անվտանգության, ինչպես նաև անվտանգության հիմնական տեսակների (տնտեսական, կրթական, ժողովրդագրական) համար։
Հոդվածում ներկայացվում են նաև «կրիտիկական ենթակառուցվածք» եզրի սահմանումները, կրիտիկական ենթակառուցվածքների հիմնական բաղադրիչները, ենթակառուցվածքների անվտանգության պաշտպանությանն ուղղված համակարգային մոդելները, նկարագրված են նաև բարձրագույն կրթության համակարգերի գործառույթները կրիտիկական ենթակառուցվածքների ազգային ապահովման պաշտպանության ոլորտում։

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Վահրամ Հովյան

Ամփոփագիր

Սփյուռքի հայ համայնքները հիմնականում բախվում են հինգ մարտահրավերների՝ ինքնության բաղադրիչների կորուստ, խառնամուսնություններ, գոյապահպանության սպառնալիքներ, արտագաղթ համայնքներից և մտավոր ներուժի կազմակերպման խնդիրներ։ Տարբեր տարածաշրջաններում այս մարտահրավերներն ունեն սրության տարբեր մակարդակ։ Ընդհանուր առմամբ՝ վտանգվածության բարձր աստիճան ունեն Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքները։ Հետխորհրդային երկրների, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների և Եվրոպայի հայ համայնքներն ունեն վտանգվածության միջին աստիճան։ Ցածր աստիճանի վտանգվածություն ունեցող համայնքներ Սփյուռքում, ցավոք, չկան։

ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Վահագն Ագլյան

Ամփոփագիր

ՌԴ ռազմական կարողությունների գնահատման խնդիրն ավանդաբար գտնվում է արևմտյան գերատեսչական, ինչպես նաև ոչ պետական հետազոտական հաստատությունների ուշադրության կենտրոնում: Հոդվածում անդրադարձել ենք սկանդինավյան երեք պետությունների (Շվեդիա, Դանիա, Նորվեգիա) գերատեսչական զեկույցների վերլուծությանը, որոնք ամբողջությամբ կամ որոշ հատվածներով վերաբերում են Ռուսաստանի անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը, պաշտպանական և հարձակողական հնարավորությունների գնահատմանը, ինչպես նաև հիշյալ ոլորտներում ռուսաստանյան կարողությունների զարգացման միտումներին ու կանխատեսումներին: Քննարկման դիտակետում են ՌԴ կարողություններն օպերացիոնալ մակարդակում և հեռանկարային պլանավորման հարթությունը. սպառազինման բնագավառի օրախնդիր և նախագծային լուծումների հորիզոնը, ինդուստրիալ ապահովվածության խնդիրները, հեռահար եղանակով ռազմավարական խնդիրներ լուծելու եղանակներն ու հնարավորությունները, ինչպես նաև անվտանգության և պաշտպանական քաղաքականության տարաբնույթ ասպեկտների համադրման հարցեր:


   

EnglishРуский