• am
  • ru
  • en
«21-й ВЕК», №4, 2016 07.12.2016

«21-й ВЕК», №4, 2016


Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2016թ. չորրորդ համարը, որում ներկայացված հոդվածներում դիտարկվում են տեղեկատվական և դեինդուստրիալիզացված հասարակությունների առանձնահատկությունները (Գ.Հարությունյան), տնտեսության (Ա.Թևիկյան), պատմության և գաղափարախոսության (Ա.Սարգսյան, Է.Աթանեսյան, Գ.Ասրյան) հարցերը, ինչպես նաև ռուս-հայկական հարաբերությունների տարբեր ասպեկտները (Ս.Մանուկյան, Դ.Ստեփանյան) և այլն։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71



ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԴԵԻՆԴՈՒՍՏՐԻԱԼԻԶԱՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գագիկ Հարությունյան

Ամփոփագիր

Հոդվածում Յու.Հայաշիի և Դ.Բելի դասական հայեցակարգերի համատեքստում դիտարկվել են «տեղեկատվական հասարակությունների» էվոլյուցիայի որոշ հիմնախնդիրներ։ Ցույց է տրվել, որ աշխարհաքաղաքական կատակլիզմների արդյունքում, ինչպիսին էր ԽՍՀՄ փլուզումը, «տեղեկատվական հասարակությունները» կարող են կազմալուծվել և այդպիսով դասվել «դեինդուստրիալիզացված» հասարակությունների շարքին։

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՃԱՑՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Աշոտ Թևիկյան

Ամփոփագիր

ՀՀ-ում տնտեսության առջև ծառացած բազմաթիվ հարցեր և խնդիրներ կան, և տնտեսական հաջողությունը, աճը վերջին մեկուկես տարում չեն ուղեկցվել հասարակության բարեկեցության բարձրացմամբ։ Հայաստանը պատկանում է չկայացած շուկայական տնտեսությամբ երկրների շարքին։ Բարեփոխումների 25 տարիների ընթացքում Հայաստանն իջել է միջինացված մակարդակից ավելի ցածր՝ փոքր ու թույլ տնտեսություն ունեցող երկրին բնորոշ բնութագրերով։ Հոդվածում ուսումնասիրվում են նման իրադրության պատճառները, առաջարկվում են իրավիճակը շտկելու որոշ ուղիներ։

ՀՌՈՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ԿԱՏԵԽՈՆԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԻ ՄՈՏ

Արտյոմ Սարգսյան

Ամփոփագիր

Հոդվածում Կատեխոն հասկացության պրիզմայի միջոցով դիտարկվել է Տիգրան Մեծի դարաշրջանի Հայաստանի և Հռոմեական կայսրության պատմական դերի հաջորդականության հարցը։ Մ.թ.ա. 1-ին դարի Հայաստանի արտաքին քաղաքական իրողությունները ներկայացվել են միջազգային քաղաքականության համատեքստում, որտեղ որպես գլխավոր շարժիչ հանդես են եկել մերձավորարևելյան օլիգարխիայի (Բաբելոնի և այլ կենտրոնների քրմերի և դրամատերերի շրջանակներ) տնտեսական շահերը։

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Էդուարդ Աթանեսյան

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում են հայության ազգային գաղափարի ձևավորման հարցերը՝ որպես ինտեգրատիվ գործիք, որը նպաստում է հայկական աշխարհի (հանձինս հայկական պետությունների, հասարակական կառույցների և Սփյուռքի) համախմբմանը՝ արդի մարտահրավերներին ընդառաջ։ Որպես գաղափարի ձևավորման մեթոդ դիտարկվում է հայկական աշխարհի տարբեր հատվածների աքսիոլոգիական հիմքերի և հայեցակետերի առանձնացումը։ Այս համատեքստում ազգային գաղափարը՝ որպես ազգի հասարակական-քաղաքական կյանքի երևույթ, դիտարկվում է քաղաքական գաղափարախոսության հետ (որպես նրա գործնական ներդրման մեխանիզմ) պատճառահետևանքային փոխկապվածության մեջ։

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ 1920-1933ԹԹ.

Գարիկ սարկավագ Ասրյան

Ամփոփագիր

Արցախի խորհրդայնացումից և Ադրբեջանին բռնակցվելուց հետո սկսվեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի պատմության ծանրագույն փուլերից մեկը: Երկրամասը հայաթափելու և վերջնականապես բռնայուրացնելու համար Ադրբեջանի տեսակետից պակաս կարևոր չէին նաև իր զավթողական ծրագրերին պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց ու հաստատությունների չեզոքացումն ու ոչնչացումը: Այսպիսով ԽՍՀՄ իշխանությունների որդեգրած հակակրոնական ու հակաեկեղեցական լայնածավալ պայքարին գումարվեց Ադրբեջանի ազգայնամոլական քաղաքականությունը` կրկնակի ծանրացնելով Արցախի թեմի վիճակը, որը հայտնվել էր բռնությունների կիզակետում: Եկեղեցիների ու եկեղեցական գույքի բռնագրավմանը, հավատացյալների ահաբեկմանը, հոգևորականների նկատմամբ բռնաճնշումներին հետևեց թեմի փակումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը մեկ տասնամյակից ավելի հնարավոր բոլոր միջոցներով պահպանում էր Արցախի թեմի գոյությունը, այլևս անկարող եղավ դիմագրավել ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների ամենաթողության և լիակատար աջակցության պայմաններում սանձազերծված ադրբեջանական իշխանությունների կամայականությանը: Արցախի թեմի փակման ժամկետ պայմանականորեն կարելի է համարել 1933թ. ապրիլի 7-ը:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԼՈՒՐԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Ստեփանյան

Ամփոփագիր

Առանց ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի հաշվառման Արցախի տարածքների հանձնման միջոցով ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված պլանների իրագործման ցանկացած փորձ, ինչպես և նախկինում, դատապարտված է անհաջողության։ Գլխավոր փաստարկը, որը թույլ է տալիս հաստատել ասվածը, նման պլանների պահպանվող հակասականությունն է Ռուսաստանի ազգային և ռազմավարական շահերին, որոնք որոշակիորեն համընկնում են նրա ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերի հետ։

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՊՐԻԶՄԱՅԻ ՄԻՋՈՎ (2005-2016ԹԹ.)

Դավիդ Սարկիսյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացվում են գերմանական խոշորագույն կուսակցությունների դիրքորոշումները ՌԴ-ի նկատմամբ և 2005, 2009 և 2013թթ. կոալիցիոն պայմանագրերում արձանագրված ԳԴՀ քաղաքականության փոփոխությունները Ռուսաստանի նկատմամբ: Քննարկվում է Անգելա Մերկելի պաշտոնավարման շրջանում ռուս-գերմանական պաշտոնական փաստաթղթերում «ռազմավարական գործընկերություն» հասկացության օգտագործման հաճախության դինամիկան: Ներկայացվում են ուկրաինական ճգնաժամից հետո կանցլերի՝ Ռուսաստանին վերաբերող ելույթների քաղաքական դիսկուրսի հիմնական թեմաները: Ավելի քան 700 փաստաթղթերի և ելույթների կոնտենտ վերլուծության, ինչպես նաև կորելյացիոն և խաչաձև աղյուսակների (կրոստաբուլյացիա) մեթոդների կիրառմամբ դուրս են բերվել համագործակցության և հակամարտության նարատիվների օգտագործման որոշակի օրինաչափություններ:

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԴԻՆԱՄԻԿԱՆ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Չնայած հայկական հանրությունում առկա ռուսամետ տրամադրվածության վերաբերյալ վիճակագրության դրական դինամիկային՝ կան տվյալներ, որոնք մատնանշում են անբարենպաստ միտումները՝ ռուսամետ կողմնորոշման բովանդակային հիմքերի խարխլումը հատկապես երիտասարդության շրջանում։ Հոդվածում ներկայացվում են խնդրի վերաբերյալ սոցիոլոգիական տվյալներ, խոսվում է այն մասին, որ անհրաժեշտ է մշակել և դինամիկ կերպով ժամանակի պահանջներին հարմարեցնել ադեկվատ տեղեկատվական և հաղորդակցային ռազմավարությունների բովանդակային շրջանակները՝ եվրասիական ինտեգրման վերաբերյալ հանրային կողմնորոշումների պահպանման, ամրապնդման և զարգացման համար։


   

EnglishРуский