• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 5, 2016 09.11.2016

«21-րդ ԴԱՐ» N 5, 2016

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. 5-րդ համարը, որում հրապարակվել են ուշագրավ հոդվածներ արդի ժամանակաշրջանի տեղեկատվական պատերազմների (Գ.Հարությունյան, Ս.Գրինյաև, Հ.Արզումանյան), տեղեկատվական գործողություններ իրականացնող բանակային ստորաբաժանումների (Ա.Ղալեչյան), Հայաստանում արտագաղթի դիրքորոշումների դինամիկայի (Ս.Մանուկյան), ՀՀ տնտեսության զարգացման դրամավարկային քաղաքականության ռեզերվների (Ա.Թավադյան), նորարարության և ինովացիոն տեխնոլոգիաների (Վ.Օդաբաշյան), ՕՊԵԿ հիմնախնդիրների (Ա.Մանվելյան), գիտական սփյուռք-պետություն համագործակցության (Ա.Սիմավորյան), Խորհրդային Ադրբեջանում Արցախի թեմի բռնաճնշումների (Գ. սարկավագ Ասրյան), մանկավարժության և կրթության փիլիսոփայության (Վ.Բրուտյան) մասին։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ԱՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ

Գագիկ Հարությունյան, Սերգեյ Գրինյաև, Հրաչյա Արզումանյան

Ամփոփագիր

Հոդվածում համառոտ ներկայացված են երկրորդ և երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների հիմնադրույթները։ Ներկայացվել և մեկնաբանվել են «հաղթանակ» և «պարտություն» հասկացությունները «նոոքաղաքականության» համատեքստում վարվող շարունակական և տոտալ բնույթ կրող պատերազմներում։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Արմեն Ղալեչյան

Ամփոփագիր

Հոդվածի առանցքում աշխարհի տարբեր երկրների բանակների տեղեկատվական գործողությունների իրականացման տեսլականն է և այդ խնդիրների լուծման նպատակով ստեղծված ստորաբաժանումները: Ելնելով զինված ուժերի տեղեկատվական գործողությունների նպատակներից՝ ստեղծվում և գործադրվում են համապատասխան ստորաբաժանումներ, որոնք պետության ընդհանուր տեղեկատվական քաղաքականության ծիրում մշակում և կյանքի են կոչում զինված ուժերի բնույթից բխող տեղեկատվական գործողություններ: Հոդվածում ներկայացված են մի շարք պետությունների, այդ թվում և ՀՀ ԶՈւ տեղեկատվական գործողությունների համար պատասխանատու ստորաբաժանումների կառուցվածքը և խնդիրները:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ 2012-2015ԹԹ.

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածում նկարագրված է Հայաստանից արտագաղթի դիրքորոշումների դինամիկան 2012-2015թթ. ընթացքում։ Զանգվածային հետազոտությունների 600-ից ավելի փոփոխականների բազմաչափ մաթեմատիկական վերլուծությամբ դուրս են բերվել Հայաստանում արտագաղթի դիրքորոշումները կազմավորող գործոնները, գնահատվել է դրանց ազդեցության ուժը։ Կազմավորվել են արտագաղթի դիրքորոշումները նվազեցնող ռազմավարության շրջանակը և կոնկրետ գործողությունների ցանկը։

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԸ (ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համատեքստում)

Աշոտ Թավադյան

Ամփոփագիր

Դրամավարկային քաղաքականության ռեզերվներն այժմ փաստացի ունեն առաջնային ազդեցություն ինչպես մակրոտնտեսական կայունության ապահովման, այնպես էլ ՀՆԱ-ի, արտահանման աճի և ՀՀ պետական բյուջեի կատարման վրա:
Բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի ժամանակ հաճախ աշխատում է հետևյալ շղթան` բարձր իրական վերաֆինանսավորման տոկոսադրույք – ավելի բարձր բանկային տոկոսադրույքներ – սուղ սեփական միջոցների պարագայում ինքնարժեքի աճ – ծախքերի գնաճ: Հետևաբար, այդ գործիքը կարելի է կիրառել միայն ճգնաժամային իրավիճակում, կարճաժամկետ հատվածում: Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերության էական կրճատում, տարբերությունը՝ ոչ ավելի, քան 2-3 տոկոսային կետ:
Դրամավարկային քաղաքականության ուղեցույցը հետևյալն է. անհրաժեշտ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և պահուստավորման նորմը նվազեցնել այնպես, որ դրամավարկային քաղաքականությունը, նպաստելով տնտեսության զարգացմանը, դրա հետ մեկտեղ թույլ չտա, որ գնաճը գերազանցի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով հաստատված 5.5%-ը: Սա է դրամավարկային քաղաքականության իրականացման առանցքային արվեստը:
Կենտրոնական բանկի օրենքի փոփոխությունները, նրա համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրությանը և դրամավարկային քաղաքականության ճշգրտումը պետք է միտված լինեն իր հիմնական նպատակների համակարգված (ոչ իրավիճակային) իրականացմանը և հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության կոորդինացմանը:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Վահե Օդաբաշյան

Ամփոփագիր

Նորարարական գործունեությունը և ինովացիոն տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում ոչ միայն հնարավորություն են ընձեռում ապահովելու բնակչության կենսամակարդակի բարձրացումը, լուծելու սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրները, այլև հանդիսանում են երկրների աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական հզորության ու անկախության կարևորագույն հիմնաքարեր։ Հոդվածում վերլուծվել են նորարարության զարգացման և ինովացիոն տեխնոլոգիաների ստեղծման հետ կապված Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակն ու խնդիրները։ Միջազգային փորձի վրա հիմնվելով՝ ուղենշվել են այդ խնդիրների հնարավոր լուծումները, առաջարկվել են մի շարք անհրաժեշտ քայլեր այդ ուղղությամբ։

ՕՊԵԿ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ (պատմաքաղաքական վերլուծություն)

Արմեն Մանվելյան

Ամփոփագիր

Նավթի արդյունահանումը և մատակարարումը, տնտեսական գործոն լինելուց բացի, միշտ էլ ընդգծված քաղաքական բաղադրիչ են եղել՝ պայմանավորված այդ ռեսուրսի նկատմամբ պահանջարկի անընդհատ աճով և, որպես հետևանք՝ նավթով հարուստ տարածաշրջանները վերահսկելու մեծ տերությունների ցանկությամբ: Հոդվածն անդրադառնում է նավթի համաշխարհային շուկայում ՕՊԵԿ ազդեցության դինամիկային։ Նշվում է, որ ՕՊԵԿ-ը, շարունակելով մնալ նավթի արդյունահանման խոշոր կազմակերպություններից մեկը, այնուամենայնիվ, կորցրել է նախկին ազդեցությունը նավթի համաշխարհային շուկայում:

ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Արեստակես Սիմավորյան

Ամփոփագիր

Սփյուռք ունեցող երկրները ներկայում ավելի մեծ ուշադրություն են դարձնում արտերկրում բնակվող իրենց հայրենակիցների խնդիրներին՝ պետություն-սփյուռք հարաբերությունների ձևավորմանը, հայրենիքում ֆինանսական ներդրումների հնարավորություններին, կազմակերպչական հարցերին և այլն։ Մեր օրերում արդիական է նաև գիտական սփյուռքի հետ պետության փոխգործակցության հարցը, որի ուսումնասիրությանն էլ նվիրված է հոդվածը։

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ 1920-1933ԹԹ.

Գարիկ սարկավագ Ասրյան

Ամփոփագիր

Արցախի խորհրդայնացումից և Ադրբեջանին բռնակցվելուց հետո սկսվեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի պատմության ծանրագույն փուլերից մեկը: Երկրամասը հայաթափելու և վերջնականապես բռնայուրացնելու համար Ադրբեջանի տեսակետից պակաս կարևոր չէին նաև իր զավթողական ծրագրերին պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց ու հաստատությունների չեզոքացումն ու ոչնչացումը: Այսպիսով ԽՍՀՄ իշխանությունների որդեգրած հակակրոնական ու հակաեկեղեցական լայնածավալ պայքարին գումարվեց Ադրբեջանի ազգայնամոլական քաղաքականությունը` կրկնակի ծանրացնելով Արցախի թեմի վիճակը, որը հայտնվել էր բռնությունների կիզակետում: Եկեղեցիների ու եկեղեցական գույքի բռնագրավմանը, հավատացյալների ահաբեկմանը, հոգևորականների նկատմամբ բռնաճնշումներին հետևեց թեմի փակումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը մեկ տասնամյակից ավելի հնարավոր բոլոր միջոցներով պահպանում էր Արցախի թեմի գոյությունը, այլևս անկարող եղավ դիմագրավել ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների ամենաթողության և լիակատար աջակցության պայմաններում սանձազերծված ադրբեջանական իշխանությունների կամայականությանը: Արցախի թեմի փակման ժամկետ պայմանականորեն կարելի է համարել 1933թ. ապրիլի 7-ը:

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Վաչիկ Բրուտյան

Ամփոփագիր

Հոդվածում հիմնավորվում է կրթության փիլիսոփայության գիտակարգի ձևավորման անհրաժեշտությունը, նորովի քննարկվում են մանկավարժական հիմնարար գաղափարները, դիտարկվում են մանկավարժական համակարգերի պատմությունը, փիլիսոփայության ազդեցությունը կրթության վրա:


   

EnglishРуский