• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 4, 2016 25.07.2016

«21-րդ ԴԱՐ» N 4, 2016

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. չորրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ մեր օրերին բնորոշ դարձած «գունավոր հեղափոխությունների», տեղեկատվական և դեինդուստրիալիզացված հասարակությունների, ազգային անվտանգության համատեքստում պետություն-փորձագիտական հանրություն փոխգործակցության, Ղարաբաղյան հակամարտության անցած և մերօրյա պատմության, Իրան-Վրաստան հարաբերությունների և հետաքրքիր այլ թեմաների մասին։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71



«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Գագիկ Հարությունյան

Ամփոփագիր

Քննարկվել են «թիրախ» հասարակություններում «գունավոր հեղափոխություններ» կատարելու ներքին նախապայմանները, նման հեղափոխություններ կազմակերպող կողմերի աշխարհաքաղաքական դրդապատճառները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։ Ներկայացվել և վերլուծվել են «գունավոր հեղափոխություններ» իրագործելու տեխնոլոգիաները։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԴԵԻՆԴՈՒՍՏՐԻԱԼԻԶԱՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գագիկ Տերտերով

Ամփոփագիր

Հոդվածում Յու.Հայաշիի և Դ.Բելի դասական հայեցակարգերի համատեքստում դիտարկվել են «տեղեկատվական հասարակությունների» էվոլյուցիայի որոշ հիմնախնդիրներ։ Ցույց է տրվել, որ աշխարհաքաղաքական կատակլիզմների արդյունքում, ինչպիսին էր ԽՍՀՄ փլուզումը, «տեղեկատվական հասարակությունները» կարող են կազմալուծվել և այդպիսով դասվել «դեինդուստրիալիզացված» հասարակությունների շարքին։

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Վարդան Աթոյան

Ամփոփագիր

Հոդվածում քննարկվում են պետություն-փորձագիտական հանրություն փոխգործակցության հարցերն ազգային անվտանգության ապահովման համատեքստում: Ներկայացվում են տարբեր երկրներում, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Թուրքիայում, Չինաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Սինգապուրում, Ֆրանսիայում պետության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը, փորձագիտական հանրության անհատական և ինստիտուցիոնալ մակարդակով պետական կառավարման գործընթացում ներգրավման մեխանիզմները: Իրականացված ուսումնասիրության հիման վրա ներկայացվում են կոնկրետ առաջարկություններ, որոնք կարող են նպաստել Հայաստանում պետության և փորձագիտական հանրության միջև համագործակցության ակտիվացմանը, ինչպես նաև պետական կառավարման, այդ թվում ազգային անվտանգության ապահովման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 1994Թ. ՀՐԱԴԱԴԱՐԻ ԵՎ 2016Թ. ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հրայր Փաշայան, Լիանա Բալայան

Ամփոփագիր

Հոդվածում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող նոր զարգացումների համատեքստում վերլուծված են 1994թ. ստորագրված Բիշքեկյան արձանագրությունն ու մայիսի 12-ի հրադադարի համաձայնագիրը: ԱՀ, ՀՀ և ԼՂՀ ներկայացուցիչների միջև կնքված եռակողմ և անժամկետ փաստաթղթերում առկա փաստարկները և Բաքվի ու Ստեփանակերտի միջև ուղղակի բանակցությունները վկայում են, որ Ադրբեջանը ճանաչել էր ԼՂՀ դե-ֆակտո անկախությունը: Արցախի դեմ ապրիլի 2-ին ձեռնարկված նախահարձակ ռազմական գործողությունները, հրադադարի նոր պայմանագրի կնքման և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի նկրտումները վկայում են, որ 22 տարի անց չի փոխվել հրադադարի հաստատման և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նախապայմանը:

ԻՐԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ

Վահագն Աֆյան

Ամփոփագիր

Վրաստանի և Իրանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներում տեղի են ունեցել մի քանի իրադարձություններ, որոնք ներկայացված են հոդվածում։ Այս երկու պետությունների միջև հարաբերությունների նոր զարգացումները մատուցվում են ժամանակագրական կարգով։ Հայաստանը պահպանում է իր կարևորությունը Վրաստանի և Իրանի համար. այս առումով Երևանը պետք է առաջ քաշի Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային ծրագրերի առաջարկներ: Հայաստանը և Վրաստանը կարող են որոշակիորեն պահպանել հավասարակշռությունը ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև վերածվել իրանական էներգակիրներն ու ապրանքները եվրոպական տարբեր երկրներ առաքող պետությունների:

ՌՈՒՍ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Դավիդ Սարկիսյան

Ամփոփագիր

Հոդվածում վերլուծվում է ռուս-գերմանական հարաբերությունների զարգացման հետագծի վրա ազդող մի շարք էկզոգեն և էնդոգեն գործոնների ազդեցությունը: Էկզոգեն գործոնների շարքում քննարկվում է միջազգային հարաբերությունների գլոբալ համակարգի կառուցվածքային ասպեկտների՝ որպես ՌԴ-ԳԴՀ հարաբերությունների ծավալման միջավայրի, ազդեցությունը: Լուսաբանվում են Սառը պատերազմի ավարտից հետո աշխարհակարգի փոխակերպման միտումները կլաստերային կոնֆիգուրացիայի և հզորության հարաբերական բաշխման տեսանկյունից: Տնտեսական հարաբերությունների և էներգակիրների ներկրման/արտահանման դինամիկան, քաղաքական հարաբերությունների ինստիտուցիոնալացման մակարդակը դիտարկվել են այլ էնդոգեն գործոնների հետ մեկտեղ:

ԵԱՏՄ-ԻՆ ՀՀ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Կարեն Գրիգորյան

Ամփոփագիր

Հոդվածում քննարկվել են երրորդ երկրների հետ ԵԱՏՄ արտաքին առևտրի քաղաքականության հարցերը: Արծարծվել են ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի մշակման, արտահանողների ԱԱՀ վճարումների առանձնահատկությունները և ապրանքների մրցունակության խնդիրները: Դիտարկվել են նաև ԵԱՏՄ սահմանած գնաճի մակարդակի գերազանցման երևույթները: ԵԱՏՄ կայացման գործում կարևորվել է տեղեկատվական քաղաքականության դերը: ԵԱՏՄ ինտեգրման գործընթացում ընդգծվել է Աբխազիայով անցնող երկաթուղու վերագործարկման, նոր արդյունաբերականացման նախագծի մշակման, ԵԱՏՄ երկրների առանձին տարածաշրջանների միջև ինտեգրման և կոոպերացման նշանակությունը:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայկ Թորոսյան

Ամփոփագիր

Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը հանգեցրեց մի շարք ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության սառեցմանը, սակայն հետագայում և՛ ԵՄ-ը, և՛ ՀՀ-ն ցանկություն հայտնեցին գտնել հարաբերությունների զարգացման օպտիմալ տարբերակներ, որոնք չէին հակասի Մաքսային միության, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին: ՀՀ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրելու ԵՄ Արտաքին գործերի խորհրդի 2015թ. հոկտեմբերի 12-ի որոշումը և բանակցությունների մեկնարկը դեկտեմբերի 7-ին, 2015թ. մարտի 4-ին մեկնարկած Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը հայկական կողմին հնարավորություն են տալիս առաջ քաշել ԵՄ-ի հետ նոր համագործակցության հնարավորության գաղափարը:

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Ստեփան Ստեփանյան

Ամփոփագիր

Ուսումնասիրված են որոշման ընդունման առանձնահատկությունները բանակցային գործընթացում: Վերլուծված են բանակցային գործընթացում որոշման ընդունման տարբեր սկզբունքները: Դիտարկված են նաև այդ գործընթացում որոշման ընդունման հոգեբանական խոչընդոտները և վարքային թակարդները:

«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ

Դավիթ Առաքելյան

Ամփոփագիր

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները ստացել են նոր ձևաչափեր, հատկապես 2014 և 2015թթ. նոր կարևոր պայմանագրերի ստորագրումից հետո։ Տարածաշրջանային համագործակցության զարգացման համատեքստում պատժամիջոցներից տնտեսապես թուլացած Ռուսաստանի համար կարևոր էր ազդեցության պահպանումը Կենտրոնական Ասիայում։ Չինաստանն իր հերթին ձգտում էր ապահովել իր էներգետիկ անվտանգությունը և հոգալ երկրի արևմտյան սահմանների անվտանգության մասին՝ ձևավորվող Չինաստան-Ռուսաստան-Կենտրոնական Ասիա եռանկյունում։ Հոդվածի նպատակն է ցույց տալ, թե ինչպես գլխավոր ուժերը, միջազգային միջավայրից և քաղաքական փոփոխություններից կախված, պետք է կառուցեն արտաքին հարաբերությունները հարևան երկրների հետ։ «Ռազմավարական ընտրության» տեսությունն օգտագործվում է որպես տեսական հիմք ռուս-չինական հարաբերությունների դիտարկման համար։

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Վաչիկ Բրուտյան

Ամփոփագիր

Հոդվածում քննարկվում են արդի մանկավարժական մարդաբանության՝ որպես միջգիտական ուրույն բնագավառի, մի շարք խնդիրներ: Փորձ է արվում՝ որոշել մանկավարժական մարդաբանության տեղը մարդաբանական և մանկավարժական գիտությունների համակարգում:

   

EnglishРуский