• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 3, 2016 16.06.2016

«21-րդ ԴԱՐ» N 3, 2016


Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. երրորդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ ուղեղային կենտրոնների գլոբալ և ազգային վարկանիշավորման (Վ.Աթոյան), դիվանագետի իմացական և հոգեբանական առանձնահատկությունների (Ա.Նավասարդյան), խաղերի տեսության միջոցով Ռուսաստանի դեմ գերմանական պատժամիջոցների քաղաքականության մոդելավորման (Դ.Սարկիսյան), «ապրիլյան պատերազմի» ժամանակ տեղեկատվական գործողությունների առանձնահատկությունների (Ա.Ղալեչյան), էներգետիկ աշխարհաքաղաքականության (Ա.Մանվելյան) և ուշագրավ այլ թեմաների վերաբերյալ։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

Վարդան Աթոյան

Ամփոփագիր

Ժամանակակից ուղեղային կենտրոնների գործունեությունը դարձել է քաղաքագիտական ուսումնասիրությունների կարևոր օբյեկտներից մեկը: Բացի այդ, վերջին տասնամյակներում համացանցի, ինչպես նաև տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության և փոխանցման տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացումը թույլ է տալիս ոչ միայն ազգային, այլև համաշխարհային մակարդակով իրականացնել տնտեսական, քաղաքական, սոցիոլոգիական ոլորտի հետազոտություններ, միաժամանակ՝ օգտագործելով առկա բաց աղբյուրների տվյալների բազաները և հայրենական ու արտերկրի փորձագետների կարողությունները:
Վերոնշյալ գործընթացները հանգեցրել են գլոբալ և ազգային մակարդակով վարկանիշավորում իրականացնող տարբեր կազմակերպությունների ի հայտ գալուն: Մյուս կողմից, գլոբալ վարկանիշավորում իրականացնող կազմակերպությունների զեկույցների հիմքում ընկած մեթոդաբանությունը և զեկույցի պատրաստման գործում ներգրավված փորձագետների թերացումները և մի շարք այլ սուբյեկտիվ պատճառներ երբեմն հանգեցնում են ոչ օբյեկտիվ պատկերի ձևավորմանը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, այդ թվում Հայաստանում վերընթաց զարգացում ապրող ուղեղային կենտրոնների ոլորտի ուսումնասիրության, մշտադիտարկման և մասնագիտական գնահատման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ 21-րդ դարում ՈւԿ-ների ոլորտը համարվում է ազգային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը, հրատապ խնդիր է դառնում Հայաստանում միջազգային փորձի հիման վրա ազգային վարկանիշավորման համակարգի ստեղծումը:
Աշխատանքում քննարկվում են նման համակարգերի ստեղծման միջազգային փորձը, հրապարակվող զեկույցների հիմքում ընկած մեթոդաբանությունները, թերությունները և Հայաստանում վարկանիշավորման ազգային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԻՄԱՑԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Դասական դիվանագիտությունը և այն լրացնող «քաղաքացիական» դիվանագիտությունը մեծ դեր են խաղում արտաքին աշխարհում պետության իմիջի ստեղծման գործում, որը կարևոր միջոց է միջազգային հարաբերություններում ազգային շահերի և հետաքրքրությունների պաշտպանության համար։ Հոդվածում քննարկվում են դիվանագետների պաշտոնական և միջանձնային հարաբերությունների և շփումների առանձնահատկություններն արտասահմանյան գործուղումների ընթացքում, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման հնարավորություններն ու դժվարությունները, հատկապես փոքր պետությունների դիվանագիտական ծառայությունների համար։ Հեղինակն անդրադառնում է դիվանագիտության մեկ այլ գրեթե չուսումնասիրված ոլորտի` իդեալական դիվանագետի հատկանիշներից մի քանիսին` հենվելով դիվանագիտական տեսության անվանի հեղինակների ուսումնասիրությունների վրա։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄԸ ԽԱՂԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Դավիդ Սարկիսյան

Ամփոփագիր

Սույն հոդվածում ուսումնասիրվել են ուկրաինական ճգնաժամի սկզբնավորումից հետո Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցները` որպես ռուս-գերմանական հարաբերությունների առանձին ասպեկտ: Ռազմավարական փոխազդեցության բազմակողմանի վերլուծության համար կիրառվել են շարունակական, վերջավոր և անվերջ կրկնվող խաղերի մոդելները: Հետազոտվել է երկու երկրներում ներքին, տնտեսական և աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը որոշումների կայացման գործընթացի վրա: Մոդելավորված կանխատեսումների հիման վրա կառուցվել են հնարավոր զարգացման սցենարներ:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ «ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Արմեն Ղալեչյան

Ամփոփագիր

Ապրիլյան «քառօրյա պատերազմի» օրերին տեղեկատվական դաշտի վերլուծությունը ցույց տվեց, որ հայկական կողմի տեղեկատվական ոլորտի մասնագետների գրագետ գործողությունների և իրականացված տեղեկատվական գործողության շնորհիվ առաջին օրերին հակառակորդի լրատվական դաշտը շոկային վիճակում էր. լրատվամիջոցները հիմնականում լռում էին, դրանց տրամադրած տեղեկությունները ընդամենը հայկական կողմի արձագանքն էին: Հակառակորդի քարոզչամեքենան կտրված էր սահմանում տիրող իրավիճակից և ապատեղեկատվություն էր տարածում իր բանակի հաջողությունների վերաբերյալ: Հայկական կողմն իրականացրեց տեղեկատվական հակապայքար՝ ապահովելով ակտիվություն, նպատակաուղղվածություն, տարատեսակություն և նախականխում: Խստորեն պահպանվեց գործողությունների գաղտնիությունը:

ԶԼՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Նվարդ Մելքոնյան

Ամփոփագիր

Արդի աշխարհում տեղի ունեցող գլոբալիզացիոն և մասշտաբային փոխակերպումների գործընթացները, հաղորդակցային տեխնոլոգիաների ինտենսիվ զարգացումը, հասարակության կյանքում տեղեկատվության աճող դերը պայմանավորում են զանգվածային լրատվամիջոցների գործառույթների պատմական և սոցիալական տարբերակման, հասարակական գործընթացներում դրանց տեղի և դերի, գործառնության հիմնարար փոփոխությունների հետազոտության անհրաժեշտությունը։
Հոդվածում դիտարկվել են ԶԼՄ յուրաքանչյուր տեսակի ստեղծման նախադրյալները և պատճառները, դրանց վրա սոցիալական և քաղաքական տարբեր գործոնների ազդեցությունը։ Հիմնական շեշտադրումը կատարվում է պատմական գործընթացում ԶԼՄ առանձին տեսակների գործառնական դերի մեծացման և բարդացման վրա՝ որպես երկու հիմնական գործոնի փոխազդեցության արդյունք. սոցիալական (հասարակության տեղեկատվական պահանջմունքների ընդլայնում և բարդացում) և գիտատեխնոլոգիական (տեղեկատվության փոխանցման և տարբեր լսարանների հետ կապի նոր միջոցների զարգացում)։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արմեն Մանվելյան

Ամփոփագիր

Անվտանգությունը, հատկապես մեր օրերում, ամենաարդիական հարցն է միջազգային հարաբերությունների օրակարգում։ Առանց անվտանգության հարցի կարգավորման խոսել լիարժեք հարաբերությունների ու ռազմավարական զարգացման մասին անհնար է։ Իզուր չէ, որ աշխարհի հզորագույն պետությունները նույնպես կարիք ունեն անվտանգության գործուն ու լիարժեք համակարգերի, որոնք կայունություն և խաղաղություն են ապահովում։
Այսօր անվտանգության ցանկացած համակարգ կարող է գործուն համարվել, եթե այնտեղ հաշվառված է նաև էներգետիկ բաղկացուցիչը։ Էներգետիկ գործոնի ազդեցությունը անվտանգության համակարգերի վրա լիովին ուսումնասիրված չէ։ Այս համատեքստում հոդվածագիրն անդրադառնում է էներգետիկ անվտանգություն և էներգետիկ աշխարհաքաղաքականություն եզրույթներին։

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Աշոտ Մարկոսյան, Բորիս Ավագյան

Ամփոփագիր

Գործարար միջավայրի ցուցանիշները ներկայումս հանդիսանում են ինչպես առանձին երկրների, այնպես էլ տարբեր սկզբունքներով խմբավորված երկրների միջև համեմատություններ կատարելու և այդ երկր(ներ)ում շուկայական հարաբերությունների զարգացածության մասին պատկերացում կազմելու միջոց: Ավելին, համաշխարհային շուկաներում ընթացող «կատաղի» մրցակցության պայմաններում բարենպաստ գործարար միջավայրը ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հիմնական «մագնիսն» է:
Հեղինակները, ելնելով ներկայումս լայնորեն օգտագործվող «Doing Business»-ի գործարար միջավայրի ցուցանիշների ուսումնասիրությունից, իրականացրել են տարբեր խմբավորումներով՝ ըստ եկամուտների մակարդակի, ՏՀԶԿ, ԵՄ, նախկին Խորհրդային Միության, նախկին համայնավարական, ԵԱՏՄ, ՀՀ և հարևան երկրների ցուցանիշների համեմատական վերլուծություն, իսկ ստացված արդյունքները բերված են աշխատանքում: Հեղինակների կարևոր եզրահանգումներից մեկն այն է, որ գործարար միջավայրի բարելավման համար այնքան կարևոր չէ, թե երկրների որ խմբավորման մեջ է գտնվում այս կամ այն երկիրը, որքան տվյալ երկրի իշխանությունների (և հիմնականում՝ կառավարության) կամքը և կառավարման որակը:

ՀՀ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎՐԱ

Աղասի Թավադյան

Ամփոփագիր

Ելնելով առևտրային հաշվեկշռի ներկա իրավիճակից` Հայաստանի Հանրապետությունում առկա է վերջինիս լավարկման և մրցունակության բարձրացման հստակ հիմնախնդիր: Իրական տոկոսադրույքի համեմատաբար մեծ լինելու դեպքում դրամավարկային գործիքների ազդեցությունը շուկայի մասնակիցների վրա հիմնականում զսպող է: Այս դեպքում դրամավարկային քաղաքականության ուղղվածությունն ունի ավելի շուտ շուկայական հարաբերությունները զսպող, քան գնաճը կարգավորող բնույթ: Տնտեսության զարգացման և առևտրային հաշվեկշռի լավարկման համար նպատակահարմար է, որ իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը չգերազանցի 2%-ը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի և պահուստավորման նորմի աստիճանական իջեցումը նպաստավոր է ՀՀ տնտեսության աճի և մրցունակության բարձրացման համար:

ԿԱՐՍԻ ՄԱՐԶԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐԴԱՀԱՆԻ ՇՈՒՐՋ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ (1919Թ. ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ)

Շիրակ Թորոսյան

Ամփոփագիր

Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին հայ-վրացական հարաբերություններում առկա տարաձայնություններից մեկը վերաբերում էր Արդահանի պատկանելության խնդրին։ Արդահանը մերձսևծովյան տարածքներով դեպի Սև ծով դուրս գալու միակ դարպասն էր Հայաստանի համար։ Հավակնություն ունենալով Արդահանի հանդեպ՝ Վրաստանի մենշևիկյան կառավարությունը ձգտում էր Հայաստանը տարանցիկ կախվածության մեջ պահել՝ նրան զրկելով դեպի ծով ելքից։ 1919թ. հունվարի 8-ին անգլիական օկուպացիոն իշխանությունները Կարսի մարզը հանձնեցին Հայաստանի Հանրապետությանը։ Այնուամենայնիվ, շատ չանցած նրանք փոխեցին իրենց որոշումը և հունվարի 21-ին այն թողեցին այսպես կոչված Հարավարևմտյան կովկասյան հանրապետության շուրայի ժամանակավոր կառավարության վերահսկողության ներքո։ Դա կապված էր այն բանի հետ, որպեսզի թույլ չտրվի Ռուսաստանին (Դենիկինի Կամավորական բանակին) ամրանալ տարածաշրջանում։ Եվ քանի որ շուրան սանձարձակ և ռուսամետ դիրքորոշում էր որդեգրել, անգլիացիները վերանայեցին իրենց որոշումը և ապրիլի 12-ին լուծարեցին շուրան՝ Կարսը վերադարձնելով Հայաստանին։ Ապրիլի 23-24-ին հայկական ադմինիստրացիան և զորքերը մտան Կարս, իսկ վրացական զորքերը գրավեցին Հյուսիսային Արդահանը՝ բրիտանացիների թույլտվությամբ (հյուսիսային Արդահանը և Փոցխովը)։ Սակայն Վրաստանի մենշևիկյան կառավարությունը հավակնություններ է ներկայացնում նաև Արդահանի հարավային մասի հանդեպ։ Այսպիսով, սկիզբ է առնում նոր հակասություն հայ-վրացական հարաբերություններում, որը շարունակվում է մինչև հանրապետությունների կործանումը։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Լևոն Մարգարյան

Ամփոփագիր

Վերջին տարիներին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հայտնվում են նոր իրողություններ, որոնք դրսևորվում են հանրային կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքային միջավայրում տեղի ունեցող փոփոխություններում: Հետխորհրդային կամ արդի շրջանի Երևանի քաղաքային միջավայրի փոփոխություններն ուղեկցվում են քաղաքական քննարկումներով, քաղաքացիական հասարակության տարբեր դրսևորումներով: Հետխորհրդային նոր տնտեսակարգը, Հայաստանի երրորդ Հանրապետության անցումային քաղաքական իրավիճակն ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում կամ պայմանավորում են քաղաքային միջավայրում տեղի ունեցող փոփոխություններն ու դրանց շուրջ քննարկումները:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աշխեն Բեգլարյան

Ամփոփագիր

XXI դարում ազգային անվտանգության ընկալումը ենթարկվել է փոփոխության, ինչի հետևանքով պետությունն այլևս դադարել է դիտարկվել որպես ազգային անվտանգության ապահովման միակ սուբյեկտ։ Առաջ է եկել ազգային անվտանգության հարացույցի վերանայման, դրա նոր դերակատարների ազդեցության ուսումնասիրման անհրաժեշտություն։ Հոդվածում ներկայացված է քաղաքացիական հասարակության դերն ազգային անվտանգության ապահովման գործում, շոշափվել են նաև Հայաստանում պետություն-քաղաքացիական հասարակություն փոխհարաբերությունների հարցերը, հետևություն է արվել, որ անհրաժեշտ է մշակել պետության և քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների կարգավորման մեխանիզմ կամ ծրագիր։

   

EnglishРуский