• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 2, 2016 04.05.2016

«21-րդ ԴԱՐ» N 2, 2016

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. 2-րդ համարը, որը գրեթե ամբողջովին նվիրված է Վրաստան-Հայաստան տնտեսական, քաղաքական փոխհարաբերությունների (Ա.Նավասարդյան, Ջ.Մելիքյան), երկու երկրների էներգետիկ համագործակցության (Ա.Մանվելյան), տարածքային հակամարատություններում չեզոքության պահպանման (Ռ.Կարապետյան), Վրաստանում ադրբեջանական «փափուկ ուժի» ձևավորման (Ա.Բարսեղյան), միջազգային հարթությունում Վրաստանի գիտական վարկանիշի (Կ.Վերանյան), արտերկրում հայկական և վրացական համայնքների գործունեության համեմատության (Վ.Հովյան) հարցերին։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71



ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Վրաստանի հարևան պետություններից յուրաքանչյուրը նրա հետ հարաբերությունների զարգացումը դիտում է իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տեսանկյունից: Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումների հիմքում ընկած են էներգետիկ համագործակցության և քաղաքական շահերը: Իրանը ցանկանում է այլընտրանք ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր էներգետիկ ծրագրերում: Ռուսաստանը հաշվի է առնում թուրք-ադրբեջանական հարաբերությունների արգելքը, իսկ հետագայում նաև իրանական գործոնի ուժեղացումը Կովկասում: Նա նպատակ ունի նաև ամրագրել իր ներկայությունը վրաց-իրանական էներգետիկ ծրագրերում: Հայաստանի հնարավոր մասնակցությունը վրաց-իրանական գազային ծրագրին հայ-վրացական հարաբերությունները կփոխադրի առավել հեռանկարային հարթություն` էապես թուլացնելով թուրք–ադրբեջանական ազդեցության ոլորտը: Վրաստանի դիվանագիտական ռազմավարության դոմինանտը, բացի տնտեսական ինտեգրացիոն գործընթացներից, կարելի է համարել սեփական սահմանների անքակտելիությունը և ազգային փոքրամասնությունների կողմից նորանոր բարդույթների հետ չառճակատվելը` դրանից բխող բոլոր վտանգավոր հեռանկարներով:

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ

Ջոնի Մելիքյան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է հետխորհրդային շրջանում Վրաստանի արտաքին քաղաքականության կայացման, զարգացման և հետագա փոփոխությունների ուսումնասիրությանը։ Վերլուծվել են Վրաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային փաստաթղթերը և հիմնական գերակայությունները (եվրոպական և եվրատլանտյան ինտեգրում) Միխայիլ Սաակաշվիլու կառավարման տարիներին։ Դիտարկվել են նաև արտաքին քաղաքական այն բոլոր փոփոխությունները, որոնք կատարվել են 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, այդ թվում և ուղղակի երկխոսության հաստատումը Ռուսաստանի հետ։ Դիտարկվել են այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են Վրաստանի նոր ղեկավարության կողմից՝ «Վրացական երազանք» կոալիցիայի գլխավորությամբ։ ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի վերջին սոցհետազոտության տվյալների հիման վրա վերլուծվել են Վրաստանի բնակչության կողմից երկրի արտաքին քաղաքականության և դրա հիմնական գերակայությունների վերաբերյալ ընկալումները։

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Ռոման Կարապետյան

Ամփոփագիր

Հայաստան-Վրաստան երկկողմ փոխհարաբերությունների գլխավոր հարցերից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններում փոխադարձ չեզոքության պահպանման հարցն է: Վերջին երկու տասնամյակներում, մի կողմից, Վրաստանի և Ադրբեջանի միջև, իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափով, համագործակցությունը զարգացման դինամիկ տեմպեր ունի: Այս պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը Հայաստանի դեմ ուղղության նոր երանգներ է ստանում:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԸ» ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Անուշավան Բարսեղյան

Ամփոփագիր

Բազմակողմ և երկկողմ ձևաչափերով հաստատված կապերի միջոցով, Վրաստանի տնտեսությունում ուղղակի ներդրումների, երկկողմանի տնտեսական կապերի ընդլայնման և էներգետիկ, տրանսպորտային միջազգային նախագծերում համատեղ մասնակցության ճանապարհով Ադրբեջանը ձգտում է «փափուկ ուժ» ձևավորել, որը հնարավորություն կտա առաջ մղել սեփական ռազմավարական շահերը: Բաքուն ակտիվորեն օգտագործում է նաև հանրային դիվանագիտությունը (դրանում ներգրավելով Վրաստանում ադրբեջանական համայնքի ներուժը), մշակութային և կրթական կապերը, փորձագիտական շրջանակների համագործակցության հնարավորությունները:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Արմեն Մանվելյան

Ամփոփագիր

Հնարավոր ճգնաժամերի պայմաններում ամենախոցելին երկրների էներգետիկ համակարգերն են։ Դրանց անվտանգության մակարդակի բարձրացումն առաջնային է ցանկացած պետության համար: Էներգակիրների ներմուծումից կախում ունեցող այնպիսի պետությունների համար, ինչպիսին են Վրաստանը և Հայաստանը, այս խնդիրներն առավել կարևոր են, և նրանք պետք է փորձեն այս հարցերը լուծել համատեղ:

ՎՐԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ. ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ-ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Կարեն Վերանյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացվում են Վրաստանի գիտական, գիտահետազոտական ոլորտների վիճակագրական, վարկանշային տեղեկատվական տվյալները, որոնք դիտարկվում են Հարավային Կովկասի և հարակից երկրների հետ համեմատության համատեքստում։ Թեմայի շրջանակում խնդիր չի դրվել ներկայացնել Վրաստանի գիտահետազոտական ցուցանիշների որակական առանձնահատկությունները, այլ հիմնական ուշադրությունը դարձվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համեմատության շրջանակում Վրաստանի գիտական ոլորտի քանակական տեղեկատվության ուսումնասիրման խնդիրներին։ Համեմատական-վիճակագրական, վարկանշային հետազոտությունը հիմնվում է տարածաշրջանի երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տեղեկատվության, միջազգային վարկանշային կազմակերպությունների զեկույցների տվյալների վրա։ Մոնիթորինգի է ենթարկվել նաև ինտերնետային բաց աղբյուրների տեղեկատվությունը հայ-վրացական գիտակրթական, հետազոտական համագործակցության վերաբերյալ։

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Վահրամ Հովյան

Ամփոփագիր

Ի տարբերություն հայկական սփյուռքի, որը ձևավորվել է հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով, վրացական սփյուռքը հիմնականում միգրացիայի արդյունք է։ Եթե հայկական սփյուռքին բնորոշ է համազգային կազմակերպությունների առատությունը՝ ի դեմս կուսակցությունների, եկեղեցիների, բարեգործական, մշակութային, կրթական և այլ կազմակերպությունների, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ամբողջ աշխարհի հայ համայնքներում, ապա վրացական սփյուռքին բնորոշ են հիմնականում տեղական նշանակություն ունեցող՝ համայնքային կառույցները։

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ

Դավիթ Սարգսյան

Ամփոփագիր

Հոդվածը ներկայացնում է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման թեմատիկայով Հայկական սփյուռքի մամուլի հրապարակումների ընդհանուր օրինաչափությունները և տեղական լրատվադաշտում սփյուռքյան ԶԼՄ-ի ներկայացվածությունը: Հայության համահավաք տեղեկատվական հետաքրքրությունների համապատկերում ամփոփվել են Հայկական սփյուռքի լրատվամիջոցներում մեր երկրի ինտեգրացիոն ուղեգծի անդրադարձերի վերաբերյալ հիմնական միտումները:

ՀԱՄԱՑԱՆՑԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Էդգար Ալեքսանյան

Ամփոփագիր

Դասական կուսակցություններն այսօր կանգնած են քաղաքական նոր հաղորդակցության նետած մարտահրավերի առջև: Կազմակերպչական դասական մոտեցումներն այլևս նախկինի պես արդյունավետ չեն: Այդ պատճառով քաղաքական կուսակցությունները սկսում են ակտիվորեն հարմարվել իրավիճակին, ինչը հանգեցնում է դրանց գործունեության ցանցային վերակազմակերպմանը:

   

EnglishРуский