• am
  • ru
  • en
«21-й ВЕК», №1, 2016 06.04.2016

«21-й ВЕК», №1, 2016

Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2016թ. 1-ին համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված արդի աշխարհի բազմակենտրոն համակարգի առանձնահատկություններին (Գ.Հարությունյան), դրանում փոքր պետությունների քաղաքականության կառուցմանը (Ա.Նավասարդյան), Հայաստանում ինտեգրացիոն գործընթացներին (Ա.Շանյավսկի) և հայ երիտասարդության՝ քաղաքականության մասին ունեցած պատկերացումներին (Ս.Մանուկյան)։
Առանձին ուշադրություն է դարձվում ադրբեջանցիների կերպարին ինտերնետ-ֆորումներում (Գ.Հարությունյան), ցեղասպանության ժխտման քրեականացման ոլորտում պետությունների պարտավորություններին (Ա.Արամյան), ՉԺՀ քաղաքականությանը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ոլորտում (Մ.Սահակյան) և կադրային ռազմավարության հոգեբանական ասպեկտին (Կ.Պանչուլազյան)։



Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ԲԱԶՄԱԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գագիկ Հարությունյան

Ամփոփագիր

Միաբևեռ աշխարհակարգի վերջնական տրոհումը և ձևավորվող ռազմաքաղաքական ու գաղափարախոսական բազմակենտրոն համակարգն իրենց կանոններն են թելադրում ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային դերակատարներին։ «Դեգլոբալիզացիայի» գործընթացների համատեքստում ԱՄՆ-ը ձգտում է «ակտիվ պաշտպանության» ռազմավարությամբ պահպանել առաջատարի կարգավիճակը։ ՌԴ ռազմաքաղաքական և Չինաստանի տնտեսական քայլերը խորհրդանշում են դասական աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության վերադարձը գլոբալ հարթություն։ Հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների հարաբերությունները, ընդհանուր լարվածության աճմանը զուգահեռ, պարունակում են դինամիկ հավասարակշռության տարրեր, և այդ հանգամանքն ամրապնդվելու միտում ունի։

ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՌԱՊԱՏԿԵՐՈՒՄ

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Համաշխարհային քաղաքականությունում ի հայտ է եկել իսլամական քվազիպետություն` ԴԱԵՇ-ը, որը Վեստֆալյան համաձայնագրից հետո առաջին անգամ միջազգային հարաբերություններում վիճարկում է պետությունների լեգիտիմությունը պատերազմ և խաղաղություն հայտարարելու գործում: Ներկայում Մեծ Մերձավոր Արևելքում մխում է պատերազմական վեց օջախ` իսրայելա-պաղեստինյան, ռազմական գործողություններ Իրաքում, Սիրիայում, Եմենում «Իսլամական պետության» հետ, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև: Վերջինը, որը ծագեց տարեսկզբին, սպառնում է խորացնել պայթյունավտանգ իրավիճակը տարածաշրջանում և տարածվել դրա սահմաններից անդին` հրահրելով կրոնական պատերազմ սուննիականության և շիականության միջև: ՀՀ-ն պետք է չեզոքություն պահի ստեղծված քաոսային իրավիճակում և չհարի «Իսլամական պետության» դեմ գործող երեք կոալիցիաներից որևէ մեկին: Չունենալով դիվանագիտական հարաբերություններ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ՝ Հայաստանը պետք է փորձի դիվանագիտական ճեղքում իրագործել Իսլամաբադի ուղղությամբ` օգտվելով այդ երկու պետությունների միջև նկատվող հակասություններից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ (ԸՍՏ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածում սոցիոլոգիական հետազոտության տվյալների հիման վրա դիտարկվում է Երևանի համալսարաններում հասարակական գիտությունների դասավանդման որակի հարցը, գնահատվում է հասարակագիտական գիտելիքների փոխանցման արդյունավետությունն ուսման ընթացքում։ Քննարկվում է աշխարհամակարգի մասին ուսանողների հայեցակարգային և համակարգային գիտելիքի առկայության հարցը։ Գնահատվում են ուսանողների հասարակական ակտիվությունը, դրա բնույթը, ինչպես նաև ուսանողական շարժումների գաղափարախոսական մանիպուլյացիայի հնարավորությունները։ Դիտարկվում են Հայաստանի կուսակցական համակարգում ուսանողական միջավայրից անդամներ ներգրավելու արդյունավետությունը և որակը, հնարավոր հետևանքները Հայաստանի ապագա ընտրանիների աշխարհընկալման որակի վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՇՐՋԱԴԱՐՁԸ ԵՄ-ԻՑ ԴԵՊԻ ԵԱՏՄ

Ալեքսեյ Շանյավսկի

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է այն պատճառների ուսումնասիրությանը, որոնք դրդեցին Հայաստանի ղեկավարությանը 2013թ. կատարել ինտեգրացիոն շրջադարձ ԵՄ-ից դեպի ԵԱՏՄ։ Վերլուծվում են թեմային նվիրված՝ այսօր արդեն առկա գիտական հրապարակումները։ Այնուհետև, այլ հետազոտողների կողմից չօգտագործված աղբյուրների և գրականության ներգրավմամբ հեղինակը տալիս է Հայաստանի 2008-2013թթ. ինտեգրացիոն քաղաքականության բնութագիրը և ուսումնասիրված նյութի հիման վրա կատարում հիմնական եզրահանգումները։

XXIԴ. ՉԻՆԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Մհեր Սահակյան

Ամփոփագիր

Չինաստանը ստեղծել է ամուր իրավական դաշտ, որի միջոցով պայքարում է միջուկային զենքի և տեխնոլոգիաների տարածման դեմ: Պեկինը, միանալով մի շարք միջազգային պայմանագրերի, փորձում է նպաստել աշխարհի միջուկային անվտանգության ապահովմանը:
Չինաստանը դեմ է Կորեական թերակղզում զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը։ Պեկինը դեմ է նաև Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը: Չինաստանը հետաքրքրված է իրանական էներգակիրներով, բայց ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ունեցած հարաբերությունները չի վտանգի հանուն Իրանի: Այս փաստը պետք է շահագրգռի Իրանին իրագործել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ում չկորցնի Չինաստանի օժանդակությունը, և Չինաստանը շարունակի գնել իրանական էներգակիրները: Թեև Չինաստանը դեմ է ԿԺԴՀ միջուկային զենքին և ՄԱԿ ԱԽ-ում կողմ է քվեարկել ԿԺԴՀ-ի դեմ ուղղված պատժամիջոցներին, բայց ԿԺԴՀ-ն դեռևս Չինաստանի ռազմական դաշնակիցն է: Թվում է՝ հնարավոր պատերազմի դեպքում Չինաստանը կպաշտպանի ԿԺԴՀ-ին, բայց ոչ Իրանին:

ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՖՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ

Գայանե Հարությունյան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է հայ ինքնության կառուցակցման ուսումնասիրությանը հայկական ֆորումների մասնակիցների շրջանում: Ուսումնասիրության նպատակն էր հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում հայ ինքնության կառուցակցումը ադրբեջանցիների վերաբերյալ կարծրատիպերի միջոցով: Իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքները ցույց են տվել, որ հնարավոր չէ առանձնացնել ադրբեջանցու մեկ ընդհանուր կարծրատիպային կերպար, փոխարենը առանձնացվել են երեք տարբեր կարծրատիպային կերպարներ, որոնց հետ համեմատության և հակադրության միջոցով ֆորումների մասնակիցները կառուցակցել են նաև հայի ինքնության մի մոդել:

ԿԱԴՐԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ

Կարեն Պանչուլազյան

Ամփոփագիր

Մշակված է ավիաընկերության սպեցիֆիկային հարմարեցված համալիր հոգեբանական հարցման բազմակողմանի համակարգ անձնակազմի պրոֆպիտանելիության անհատական հոգեբանական առանձնահատկությունների հետազոտման համար: Պարզվել է, որ համալիր հոգեբանական հարցումը ձեռնարկչության գործունեության կադրային ռազմավարությունում հանդիսանում է անհատի հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ռեակտիվության ինտեգրալային գործարկիչը (տրիգերը) բանավոր գրգռիչի վրա: Հաստատվել է, որ տեղեկատվության հավաստիության անկոնտակտ գնահատումը բիզնեսի անվտանգության հոգեբանական ապահովման համակարգում թույլ է տալիս վերիֆիկացնել անկեղծությունն անձնակազմի բանավոր, հոգեհուզական, դիմաշարժողական և հոգեշարժողական ռեակցիաներում:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՈԶԻՏԻՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԽՏՄԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Արամ Արամյան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է ցեղասպանության հանցագործության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների քրեականացման ոլորտում պետությունների ունեցած պոզիտիվ պարտավորությունների խնդրի ուսումնասիրմանը: Մասնավորապես, ուսումնասիրվում են Եվրոպայի խորհրդի և ԵՄ-ի ընդունած որոշումները, որոնցից վերջինը ԵՄ-ի՝ Ռասիզմի և այլատյացության դեմ ուղղված Շրջանակային որոշումն է:

   

EnglishРуский