
«21-րդ ԴԱՐ» N 1, 2016
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2016թ. 1-ին համարը։ Ամսագրում տեղ գտած բազմաբովանդակ նյութերի հեղինակներն անդրադարձել են բազմակենտրոն համակարգի առանձնահատկություններին, հակաահաբեկչական կոալիցիաներում փոքր պետությունների մասնակցությանը, Վրաստանում Թուրքիայի գործունեության հետևանքներին, Հայաստանի քաղաքական գործընթացների վերաբերյալ հայ երիտասարդության ունեցած պատկերացումներին, ԱՄՆ-ում էթնիկ լոբբինգին, Կիպրոսից հայերի արտագաղթին և այլն։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
ԲԱԶՄԱԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գագիկ Հարությունյան
Ամփոփագիր
Միաբևեռ աշխարհակարգի վերջնական տրոհումը և ձևավորվող ռազմաքաղաքական ու գաղափարախոսական բազմակենտրոն համակարգն իրենց կանոներն են թելադրում ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային դերակատարներին։ «Դեգլոբալիզացիայի» գործընթացների համատեքստում ԱՄՆ-ը ձգտում է «ակտիվ պաշտպանության» ռազմավարությամբ պահպանել առաջատարի կարգավիճակը։ ՌԴ ռազմաքաղաքական և Չինաստանի տնտեսական քայլերը խորհրդանշում են դասական աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության վերադարձը գլոբալ հարթություն։ Հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների հարաբերությունները, ընդհանուր լարվածության աճմանը զուգահեռ, պարունակում են դինամիկ հավասարակշռության տարրեր, և այդ հանգամանքն ամրապնդվելու միտում ունի։
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՌԱՊԱՏԿԵՐՈՒՄ
Արման ՆավասարդյանԱմփոփագիր
Համաշխարհային քաղաքականությունում ի հայտ է եկել իսլամական քվազիպետություն` ԴԱԵՇ-ը, որը Վեստֆալյան համաձայնագրից հետո առաջին անգամ միջազգային հարաբերություններում վիճարկում է պետությունների լեգիտիմությունը պատերազմ և խաղաղություն հայտարարելու գործում: Ներկայում Մեծ Մերձավոր Արևելքում մխում է պատերազմական վեց օջախ` իսրայելա-պաղեստինյան, ռազմական գործողություններ Իրաքում, Սիրիայում, Եմենում «Իսլամական պետության» հետ, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև: Վերջինը, որը ծագեց տարեսկզբին, սպառնում է խորացնել պայթյունավտանգ իրավիճակը տարածաշրջանում և տարածվել դրա սահմաններից անդին` հրահրելով կրոնական պատերազմ սուննիականության և շիականության միջև: ՀՀ-ն պետք է չեզոքություն պահի ստեղծված քաոսային իրավիճակում և չհարի «Իսլամական պետության» դեմ գործող երեք կոալիցիաներից որևէ մեկին: Չունենալով դիվանագիտական հարաբերություններ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ՝ Հայաստանը պետք է փորձի դիվանագիտական ճեղքում իրագործել Իսլամաբադի ուղղությամբ` օգտվելով այդ երկու պետությունների միջև նկատվող հակասություններից:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վահրամ Տեր-ՄաթևոսյանԱմփոփագիր
Թուրքիայի համար Վրաստանի կարևորությունն առավել քան ակնհայտ է, և դրա վկայությունը տարեցտարի աճող տնտեսական ազդեցությունն է։ Քաղաքական և տնտեսական հարաբերությունների դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ թե՛ Վրաստանը, թե՛ Թուրքիան երկկողմ հարաբերությունների կառուցման գործում հետապնդում են տարբեր նպատակներ։ Եթե Թուրքիան Վրաստանում հետապնդում է աշխարհաքաղաքական, տնտեսական, կրոնական և սոցիալ-մշակութային շահեր, ապա Վրաստանի քաղաքականությունը Թուրքիայի ուղղությամբ կառուցվում է գերազանցապես առևտրատնտեսական և սոցիալական գործոնների վրա։ Վրացական հասարակական-քաղաքական գործիչների մեծ մասը, վերլուծական հանրույթի ճնշող մեծամասնությունն ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում Վրաստանի տնտեսության և ռազմավարական ոլորտներում Թուրքիայի ներկայությանը։ Հասարակության որոշ շրջանակներում, սակայն, առկա է որոշակի զգուշավորություն Թուրքիայի հետապնդած նպատակների վերաբերյալ, հատկապես մատնանշվում է Աջարիայում, Աբխազիայում և Վրաստանի իսլամադավան բնակչություն ունեցող համայնքներում Թուրքիայի վարած քաղաքականությունը։ Մի շարք քաղաքական ուժեր, կազմակերպություններ, ինչպես նաև Վրաց Ուղղափառ եկեղեցին հանրային բացասական կարծիքի վրա ձևավորում են քաղաքական օրակարգ, որն ընկալվում է որպես հակաթուրքական կամ հակաիսլամական։ Այնուամենայնիվ, 2004թ․ ի վեր Թուրքիայի աճող ազդեցությունը Վրաստանի տնտեսությունում, Վրաստանի ներգրավումը Ադրբեջանից արևմուտք ուղղվող էներգետիկ ծրագրերում, վրաց-ռուսական հարաբերություններում շարունակվող անորոշությունը Վրաստանում Թուրքիայի քաղաքական ազդեցության համար ստեղծել են համակարգային գործունեության հիմքեր, իսկ Վրաստանը հայտնվել է որոշակի իմաստով նպաստավոր, սակայն երկարաժամկետ առումով՝ ոչ միանշանակ աշխարհաքաղաքական իրողության պայմաններում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ (ԸՍՏ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)
Սամվել ՄանուկյանԱմփոփագիր
Հոդվածում սոցիոլոգիական հետազոտության տվյալների հիման վրա դիտարկվում է Երևանի համալսարաններում հասարակական գիտությունների դասավանդման որակի հարցը, գնահատվում է հասարակագիտական գիտելիքների փոխանցման արդյունավետությունն ուսման ընթացքում։ Քննարկվում է աշխարհամակարգի մասին ուսանողների հայեցակարգային և համակարգային գիտելիքի առկայության հարցը։ Գնահատվում են ուսանողների հասարակական ակտիվությունը, դրա բնույթը, ինչպես նաև ուսանողական շարժումների գաղափարախոսական մանիպուլյացիայի հնարավորությունները։ Դիտարկվում են Հայաստանի կուսակցական համակարգում ուսանողական միջավայրից անդամներ ներգրավելու արդյունավետությունը և որակը, հնարավոր հետևանքները Հայաստանի ապագա ընտրանիների աշխարհընկալման որակի վրա։
ԷԹՆԻԿ ԼՈԲԲԻՆԳՆ ԱՄՆ-ՈՒՄ. ԷԹՆԻԿ ԽՄԲԵՐԻ ՇԱՀԵՐԸ ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Ռոբերտ ՂևոնդյանԱմփոփագիր
ԱՄՆ քաղաքական համակարգի կառուցվածքը հնարավորություն է տալիս տարբեր խմբերի սեփական շահերը ներկայացնել ֆորմալ ձևաչափով: Ընձեռված հնարավորությունից օգտվում են նաև հասարակության մաս կազմող էթնիկ խմբերը, որոնք ինքնակազմակերպման և/կամ հայրենի պետության կողմից աջակցության միջոցով հիմնում կամ վարձում են կազմակերպություններ: Այս կազմակերպություններն էլ իրենց հերթին լոբբինգային գործունեությամբ առաջ են քաշում ու պաշտպանում են համապատասխան խմբի և պետության շահերը: Ավանդաբար արդյունավետ են գործում հայկական, հրեական և հունական լոբբիստական կազմակերպությունները: Վերջին տարիներին ակտիվ է նաև թուրք-ադրբեջանական լոբբին:
ՀԱՅԵՐԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԻՊՐՈՍԻՑ (1955-1970-ական թթ.)
Տիգրան ՂանալանյանԱմփոփագիր
Մեծ Բրիտանիայի գաղութատիրության դեմ պայքարի, Կիպրոսի անկախությանը հաջորդած քաղաքական զարգացումների, հույների և թուրքերի միջև բախումների և 1974թ. թուրքական ներխուժման պայմաններում հազարավոր կիպրահայեր նախընտրեցին արտագաղթել երկրից: Երկիրը լքած շուրջ 2,5 հազար հայերից 500-ը հայրենադարձվեց, իսկ մյուսների հիմնական մասն ուղղվեց Մեծ Բրիտանիա, որտեղ կարևոր դեր կատարեց Լոնդոնի հայ համայնքի ձևավորման և զարգացման գործում: Միաժամանակ, Մերձավոր և Միջին Արևելքի տարբեր երկրներից տեղի ունեցավ հայերի ներհոսք դեպի Կիպրոս, ինչը որոշ չափով հակակշռեց արտագաղթի բացասական հետևանքները տեղի համայնքի համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ
Արմեն ՂալեչյանԱմփոփագիր
Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները կարևոր նշանակություն ունեն 21–րդ դարասկզբի մարտական գործողությունների վարման համար: Ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում հավանական կամ գործող հակառակորդի նկատմամբ տեղեկատվական գերակայության հասնելու ձգտումը դարձել է զարգացած պետությունների հիմնական խնդիրներից մեկը: Հակառակորդի նկատմամբ տեղեկատվական գերակայություն ապահովելու հիմնական գործիքը տեղեկատվական գործողությունն է՝ ուղղված հավանական կամ գործող հակառակորդի որոշումների ընդունման պրոցեսի խափանմանը, աղավաղմանը կամ վերահսկմանը, ինչպես նաև նմանատիպ գործողություններից սեփական զորքերի պաշտպանմանը: Նկատի ունենալով տեղեկատվական գործողությունների կարևորությունն արդի պայմաններում՝ առաջնահերթ են դառնում ոլորտի նյութատեխնիկական բազայի համալրման և մասնագետների պատրաստման խնդիրները։
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԸ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԻ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ
Աիդա ԱնաստասյանԱմփոփագիր
Հոդվածը քննում է հեռուստագովազդի ազդեցությունը դեռահասի արժեհամակարգի վրա: Ժամանակակից սպառողական հասարակության պայմաններում գովազդը մշակութային լանդշաֆտի անհրաժեշտ բաղադրիչն է և արդյունաբերական հասարակության ոչ պաշտոնական արվեստը: Հոդվածում առանցքային գծերով ներկայացված է գովազդի դրական և բացասական ազդեցությունը դեռահասի արժեհամակարգի ձևավորման վրա, ինչպես նաև անդրադարձ է կատարված գովազդի բովանդակային և թեմատիկ առանձնահատկություններին՝ իբրև մեդիա-տեքստ:
ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՆԴԵՔՍԸ
Տաթևիկ ՂազարյանԱմփոփագիր
Հոդվածում ուսումնասիրվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող ցանցային պատրաստվածության ինդեքսը, որը բնութագրում է տեղեկատվության և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման մակարդակն աշխարհում, ինչպես նաև դրա ազդեցությունը պետական մրցունակության վրա: Քանակական մեթոդի միջոցով իրականացվել է ցանցային պատրաստվածության ինդեքսի վերլուծություն՝ նպատակ ունենալով բացահայտել և հիմնավորել ՀՀ հեռահաղորդակցության զարգացման միտումները, դիրքն ու տեղը տարածաշրջանի երկրների շարքում: Վերլուծության ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանը տարեցտարի բարելավում է իր ՑՊԻ դիրքն ու միավորները` դառնալով մրցունակ երկիր տարածաշրջանի երկրների նկատմամբ: Այդ մասին է վկայում այն, որ ԱՊՀ երկրների խմբում ՑՊԻ ցուցանիշով Հայաստանը 2015թ. զբաղեցրել է 4-րդ տեղը 9 երկրների շարքում: ՑՊԻ-ն հնարավորություն կընձեռի մեր երկրի կարևոր քաղաքական որոշումներ կայացնողներին՝ ազգային մրցունակության բարձրացման նպատակով, իրականացնել երկրի ռազմավարական ուղղվածության նախագծում: