
«21-й ВЕК», №4, 2015
Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2015թ. չորրորդ համարը (712 KB)։
Դրանում տեղ են գտել նյութեր և հետազոտություններ՝ նվիրված Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապերին նոր մարտահրավերների համատեքստում (Գ.Հարությունյան), տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին (Ջ.Մելիքյան, Պ.Զայաց), հասարակության զարգացման հայեցակարգերի վերլուծությանը (Ա.Թևիկյան, Ի.Բաղիրյան), ինչպես նաև Ցեղասպանության ժխտման իրավական կողմերին (Ա.Արամյան) և պոլիգրաֆի կիրառմանը հոգեֆիզիոլոգիական անձնակազմի հետազոտման համար (Կ.Պանչուլազյան)։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈԻՌՔ. ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Գագիկ ՀարությունյանԱմփոփագիր
Ներկայացված համառոտ դիտարկումից հետևում է, որ արդի Սառը պատերազմի և աշխարհակարգի վերափոխման գործընթացների արդյունքում ձևավորված իրողությունները բացասական ազդեցություն են գործում Հայաստանի և Սփյուռքի վրա։ Չի բացառվում նաև, որ գլոբալ հարթությունում ընթացող զարգացումները որոշակի փուլում անմիջական վտանգ հանդիսանան մեր ազգային անվտանգությանը։ Սակայն հայկական հանրությունը և նրա ընտրանին, ինչպես և մեկ դար առաջ, բավարար ուշադրություն չեն հատկացնում ազգային ռազմավարական մշակումներին և կանխատեսումներին։ Մասնավորապես, այդ ոլորտում կուտակված հիմնախնդիրների լուծման նպատակով, Հայաստանի և Սփյուռքի առաջատար մասնագետների մասնակցությամբ, անհրաժեշտ է հիմնել համապատասխան ուղղվածություն ունեցող «ուղեղային կենտրոններ»։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԶԱՐԳԱՑՈՒՄ (Սերգեյ Գլազևի զեկուցման վերաբերյալ)
Աշոտ ԹևիկյանԱմփոփագիր
Հոդվածում վերլուծվում է Սերգեյ Գլազևի «Ճառ Ռուսաստանի գոյության սպառնալիքներին հակադարձելու անհետաձգելի միջոցառումների մասին» զեկուցումը և զուգահեռ է անցկացվում այն իրավիճակի հետ, որն ստեղծվել է Հայաստանում իրականացվող տնտեսական և դրամավարկային քաղաքականության հետ։ Միաժամանակ հիմնավորվում է իրականացվող լիբերալ տնտեսական գծից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը պահանջում է տնտեսական գծի փոփոխություն։ Հատուկ շեշտադրվում է արդիական ազգային վարկաֆինանսական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որը համարժեք կլինի ներդրումային ակտիվության բարձրացման խնդիրներին։
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ (ԴՐԱՆՑ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
Ջոնի ՄելիքյանԱմփոփագիր
Հոդվածն ավելի լայն՝ «Վրաստանի հետազոտական կենտրոնների կայացումը և գործունեության հիմնական ուղղությունները» հետազոտության մի մասն է։ Հեղինակը դիտարկում է Վրաստանի անկախ ոչկառավարական տեղեկատվա-վերլուծաբանական և ակադեմիական գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների ձևավորման և զարգացման գործընթացը, որոնց մեծ մասն իրեն ամերիկյան ոճով անվանում է «ուղեղային կենտրոններ» (think tanks)։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ «ուղեղային կենտրոն» ասելով հեղինակը նկատի ունի այն «կենտրոններն ու ինստիտուտները, որոնք զբաղվում են քաղաքական գործընթացների և խնդիրների ուսումնասիրությամբ, ինչպես նաև հետաքրքրված ակտորների (պետական իշխանության մարմինների, քաղաքական կուսակցությունների և բիզնես կառույցների) համար հանձնարարականների մշակմամբ ներքին և արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ, նրանց կողմից հիմնավորված քաղաքական որոշումներ ընդունելու նպատակով»։ Հոդվածում հեղինակը ներկայացնում է Վրաստանում հետազոտական կենտրոնների ստեղծման և կայացման փուլերը, ինչպես նաև տալիս է դրանց դասակարգումն ու ներկայացնում դրանց գործունեության հիմնական ուղղությունները, ֆինանսավորման աղբյուրները։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Իգոր ԲաղիրյանԱմփոփագիր
Գլոբալիզացիոն ճգնաժամը միշտ սկսվում է տիրապետող կայսրության՝ իր վերահսկելի տարածքների վրա գործող գաղափարախոսության ներգործության կրիտիկական թուլացմամբ։ Այս գործընթացին հակազդելու համար կայսրությունն սկսում է էլ ավելի շատ միջոցներ ծախսել, որոնք, սակայն, ավելի են ուժեղացնում գործընթացը։ Տնտեսական գործոնի թուլացման որոշակի փուլում դեգրադացիայի գործընթացը դուրս է գալիս քաղաքական և տնտեսական մակարդակներ։ Կայսրությունը կորցնում է վերահսկողությունն իր շահերի տարածքում։ Միևնույն ժամանակ, նախկին դաշնակիցները հաճախ դառնում են թշնամիներ։ Հոդվածում դիտարկվում է պետության ինկլյուզիվ և էքստրակտիվ զարգացման հայեցակարգը, որն առաջարկել են Դ.Աջեմօղլուն և Ջ.Ռոբինսոնը։ Ընդ որում՝ հեղինակը ներկայացնում է արծարծվող հարցերի սեփական մեկնությունը։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆԺԻՆԻՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Պավել ԶայացԱմփոփագիր
Հոդվածում դիտարկվում են ինժինիրինգային կառուցակցման թույլատրելիության հարցերը «տարածաշրջանային հայրենասիրություն» կատեգորիայի իմաստավորման ոլորտում, ներկայացվում են քաղաքական ակտորների հայրենասիրական գաղափարների և գործնական քայլերի վերակառուցակցման տեխնիկաները, մեթոդները և տեխնոլոգիաները։ Պատմականության սկզբունքի հիման վրա կառուցվում է ունիվերսալ ինժինիրինգային մեթոդաբանական կոնստրուկտը։
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐ
Արամ ԱրամյանԱմփոփագիր
Հոդվածում քննարկվում են ցեղասպանության ժխտման և խոսքի ազատության իրավունքի սահմանափակման հետ կապված որոշ խնդիրներ: Մասնավորապես՝ վերլուծվում են տվյալ հարցի ժամանակակից զարգացման միտումները, հատկապես Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների խնդրի հետ կապված: Հոդվածում կատարվում է խոսքի ազատության իրավունքի սահմանափակման, ցեղասպանության ժխտման վերաբերյալ ընդհանրացնող անդրադարձ, վերլուծվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին որոշումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով:
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՊՈԼԻԳՐԱՖԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ
Կարեն ՊանչուլազյանԱմփոփագիր
Մշակված է հիմնարկության սպեցիֆիկային ադապտացված համալիր հոգեբանական հարցման բազմակողմանի համակարգ անձնակազմի պրոֆպիտանիության անհատական հոգեբանական առանձնահատկությունների հետազոտության համար: Մոդիֆիկացվել է պոլիգրաֆի հարցաշարերը կազմելու իմաստաբանական մեթոդիկան բիզնեսի անվտանգության հոգեբանական ապահովման համակարգում: Բացահայտվել է, որ պոլիգրաֆի կիրառմամբ հարցումը հանդիսանում է տեղեկատվության հավաստիության կադրային ռազմավարության և մարդկային գործոնի խնդրի լուծման ինտեգրալային մեթոդ: Հաստատվել է, որ տեղեկատվության հավաստիության անկոնտակտ գնահատումը թույլ է տալիս վերիֆիկացնել անձնակազմի վերբալ պատասխանների իսկությունն ըստ վեգետատիվ, միմիկական և հոգեշարժողական ռեակցիաների: