• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 6, 2015 12.11.2015

«21-րդ ԴԱՐ» N 6, 2015

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի հերթական՝ 6-րդ համարը։ Ամսագրում տեղ են գտել Ադրբեջանի փորձագիտական հանրույթին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում տարածքային ընկալումների փոխակերպումներին, Արցախի քաղաքական գիտակցության և վարքագծի մշակույթի առանձնահատկություններին, դրամավարկային քաղաքականությանը, Հայաստան-Սփյուռք գործակցությանը նվիրված հոդվածներ։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Անուշավան Բարսեղյան

Ամփոփագիր

2007 թվականից Ադրբեջանում ձևավորվում է փորձագիտական շրջանակների նկատմամբ նոր քաղաքականություն, որն Ադրբեջանի իշխանությունների արձագանքն էր արտերկրյա դրամաշնորհներով ուղղորդվող ոչ պետական վերլուծական կենտրոնների գործունեության ակտիվացմանը։ Նոր քաղաքականության միջոցով փորձ է արվում տոտալ վերահսկողություն սահմանել տեղական ուղեղային կենտրոնների նկատմամբ և դրանց, ինչպես նաև արտերկրյա նմանատիպ կենտրոնների հնարավորություններն օգտագործել քարոզչական նպատակներով։ Ստեղծվող պետական ուղեղային կենտրոնները, ստանալով պետական զգալի ֆինանսավորում, հիմնարար հետազոտություններ են իրականացնում սոցիալ-տնտեսական, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում, ակտիվորեն մասնակցում են Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը։

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Աննա Կարապետյան

Ամփոփագիր

Արցախի ժողովրդի ինքնորոշման ձգտմանն ի պատասխան Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ստեղծեց նոր իրավիճակ։ Ադրբեջանի և Արցախի միջև առաջացան տարածքային խնդիրներ, որոնց կարգավորման տարբերակներ պարբերաբար առաջարկվում են միջնորդների կողմից։
Հոդվածում դիտարկվում է տարածքային խնդիրների լուծման առաջարկվող տարբերակների փոխակերպումը բանակցային գործընթացում և խնդրի ընկալումների փոփոխությունը երեք կողմերում և, առանձնացնելով ընդհանուր միտումները, առաջարկվում են գործողություններ կամ թեզեր, որոնք կնպաստեն բանակցային գործընթացում հայկական կողմերի դիրքերի ամրապնդմանը։
Դիտարկվում են 1994թ. մայիսին կնքված հրադադարից հետո քննարկված կարգավորման փաթեթները, կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, դուրս են բերվում հիմնական միտումները, առաջարկվում են գործողություններ՝ ուղղված առկա մարտահրավերների նվազեցմանն ու հնարավորությունների ամրապնդմանը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ստեփան Հասան-Ջալալյան

Ամփոփագիր

Հոդվածում վերլուծվում են Արցախի Հանրապետության հասարակության քաղաքական գիտակցությանը և վարքագծին վերաբերող հարցեր։ Հենվելով Արցախի բնակիչների քաղաքական տեղեկացվածության մասին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների վրա՝ նշվում է, որ արցախցիները վառ արտահայտված քաղաքական կողմնորոշում ունեն։
Եվ այնուամենայնիվ, չնայած Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ քաղաքականության մասին տեղեկացվածության համեմատաբար բարձր մակարդակին, բնակչության ընդամենը մի փոքր մասն է ներգրավված ամենօրյա քաղաքական գործընթացներում։ Հանրային քաղաքական գիտակցությունը սերտորեն կապված է քաղաքական վարքագծի հետ և արտացոլվում է դրանում։
Սոցիալական վարքագիծը քաղաքական միջավայրի հետ գործնական փոխգործակցության առարկա է հանդիսանում։ Նկատի է առնվում քաղաքական կյանքին մասնակցությունը։
Հաշվի առնելով, որ վարքագծի քաղաքական մշակույթի ամենակարևոր կողմերից մեկը ընտրազանգվածի վարքագիծն է, ինչպես նաև հենվելով 1991-2015թթ. Արցախի Հանրապետությունում անցկացված համապետական նշանակության ընտրությունների ու հանրաքվեների վերաբերյալ պաշտոնական տվյալների վրա՝ աղյուսակով ներկայացվել է դրանց Արցախի Հանրապետության քաղաքացիների մասնակցության պատկերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՄԻՋԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Զարուհի Բաբուխանյան

Ամփոփագիր

Ժամանակակից տեղեկատվական հասարակության զարգացման պայմաններում աննախադեպ աճել է հանրային կարծիքի դերը քաղաքական և հասարակական գործընթացներում, ինչով և պայմանավորված է հանրային դիվանագիտության ոլորտի զարգացումը: Հոդվածում ուսումնասիրված է հայկական հանրային դիվանագիտության և պետության իմիջի փոխկապվածությունը: Հետազոտության արդյունքում ուրվագծվել է հայկական հանրային դիվանագիտության ոլորտը համակարգելու, զարգացման ռազմավարություն մշակելու խնդիրը:

ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Աղասի Թավադյան

Ամփոփագիր

Գնաճի կառավարումը պետք է լինի համակարգային, որը հաշվի է առնում սեզոնայնությունը, գնային միտումները և կանխատեսումները միջազգային շուկաներում, նաև գնաճի և այլ առանցքային տնտեսական ցուցանիշների` վերաֆինանսավորման տոկոսադրույքի օգտակար ռեզերվի, փողայնացման մակարդակի, փոխարժեքի, միջազգային պահուստների և առևտրային հաշվեկշռի հետ կապը:
ԵՏՄ տարածաշրջանում ներքին արժույթներով փոխհաշվարկներին անցումը ոչ միայն կնպաստի գնաճի կարգավորման մոտեցումների համաձայնեցմանը, այլև կբարելավի տնտեսական ակտիվությունը՝ խթանելով արտահանումը և բարելավելով ապրանքային հաշվեկշիռը, կապահովագրի ՀՀ տնտեսությունն էներգակիրների գների թանկացումից:
Տնտեսական անվտանգության ապահովման և դրամավարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ են հաջորդական, համակարգված քայլեր` հաշվի առնելով գնաճի փոխկապվածությունն այլ տնտեսական ցուցանիշների հետ:

ԵՏՄ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ

Գայանե Հարությունյան

Ամփոփագիր

Հոդվածը դիտարկում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դրամավարկային ոլորտի հնարավոր փոփոխությունները՝ այդ կառույցին անդամակցելուց հետո: ԵՏՄ շրջանակներում նախատեսվող բոլոր միջոցառումների հետևանքները կախված են այդ տիրույթում առկա ելակետային պայմաններից՝ դրամավարկային քաղաքականության ռեժիմից, փոխարժեքի ռեժմից, վերաֆինանսավորման տոկոսադրույքից, տնտեսության կապիտալացման և դրամայնացման ցուցանիշներից: Հենց այս գործոնների վերլուծությամբ էլ տրվել են հնարավոր փոփոխությունների գնահատականները:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ (1991-2015ԹԹ.)

Ստալ Սարդարյան

Ամփոփագիր

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական ուղղություններից է։ Այն, պատմական արդարության վերականգնումից բացի, հայության համար ունի նաև ազգային անվտանգության ապահովման նշանակություն։
Հայաստանի անկախացումից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ՝ կապված այդ հարցում Հայրենիք-Սփյուռք համագործակցության հետ։ Ներկայումս այն ճանաչվել է ավելի քան երկու տասնյակ պետությունների կողմից։ Իսկ չորս երկրում (Շվեյցարիա, Սլովակիա, Հունաստան և Կիպրոս) Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեական հանցագործություն։
Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ դրա միջազգային ճանաչման և դատապարտման համար Հայաստան-Սփյուռք գործակցությունը բարձրացվեց ինստիտուցիոնալ մակարդակի։ Այդ նպատակով ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով՝ Հայաստանի պատկան մարմինների և Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի գործունեությունը բարձրացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար համազգային պայքարի արդյունավետությունը։

   

EnglishРуский