
«21-րդ ԴԱՐ» N 2, 2015
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2015թ. 2-րդ համարը, որն այս անգամ հիմնականում նվիրված էր Հայաստան-Սփյուռք կապերին և արդի մարտահրավերներին, հայապահպանության հարցերին, Հայոց ցեղասպանության վերիմաստավորման քաղաքականության անհրաժեշտությանը, արդի հայ հասարակության ինտեգրացիոն դիրքորոշումներին, ահաբեկչությանը և կարևոր այլ հարցերի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈԻՌՔ. ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Գագիկ ՀարությունյանԱմփոփագիր
Ներկայացված համառոտ դիտարկումից հետևում է, որ արդի Սառը պատերազմի և աշխարհակարգի վերափոխման գործընթացների արդյունքում ձևավորված իրողությունները բացասական ազդեցություն են գործում Հայաստանի և Սփյուռքի վրա։ Չի բացառվում նաև, որ գլոբալ հարթությունում ընթացող զարգացումները որոշակի փուլում անմիջական վտանգ հանդիսանան մեր ազգային անվտանգությանը։ Սակայն հայկական հանրությունը և նրա ընտրանին, ինչպես և մեկ դար առաջ, բավարար ուշադրություն չեն հատկացնում ազգային ռազմավարական մշակումներին և կանխատեսումներին։ Մասնավորապես, այդ ոլորտում կուտակված հիմնախնդիրների լուծման նպատակով, Հայաստանի և Սփյուռքի առաջատար մասնագետների մասնակցությամբ, անհրաժեշտ է հիմնել համապատասխան ուղղվածություն ունեցող «ուղեղային կենտրոններ»։
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՑ ՄԵԿ ԴԱՐ ԱՆՑ
Ալեքսանդր ՄանասյանԱմփոփագիր
Եղեռնը՝ հայ ժողովրդի ցեղասպանությունն իր հայրենիքում, տասնամյակներ տևած լռությունից հետո համեմատաբար վերջերս է դարձել բաց քաղաքական քննարկման առարկա։ Վերիմաստավորման կարիք ունեն բազմաթիվ փաստեր, ոճրին առնչվող հասկացություններ և ձևակերպումներ, այդ թվում և լայնորեն տարածված և հանրային ընկալումը կաղապարող «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1915-1923թթ.» բանաձևը, որը չի համապատասխանում մարդկության դեմ գործված այդ հանցագործության փաստական ու քաղաքական բովանդակությանը: Առայսօր հանցակազմից դուրս է մնում Արևելյան Անդրկովկասի հայության ցեղասպանությունը։ Համարժեք գնահատական չեն ստացել ինչպես Եղեռնի միջազգային-քաղաքական հետևանքները, այնպես էլ այս հարցում համաշխարհային տերությունների անպատասխանատվությունը՝ որպես միջազգային անվտանգության գլխավոր երաշխավորների, ինչը հանգեցնում է նոր ցեղասպանածին պետությունների ստեղծմանը և այդ հանցավոր վարքագծի լեգալացմանը։
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ «ԼԵՌՆԵՅԱՆ ՀԻԴՐԱՆ»
Յանոս ԽարալամբիդիսԱմփոփագիր
Թուրքիան կանգնած է բարդագույն երկընտրանքների առջև, թե ինչպես պետք է վարվել քրդական հարցում և ինչ լուծում պետք է տրվի դրան։ ԻՍԻՊ-ը և ահաբեկչությունը միջազգային համակարգի գործունեությանն ընդհանուր առմամբ հատուկ երևույթներ են, որ մասնավորապես երևան են հանում դրա քաոսային էությունը և հակադիր ու համընկնող ազգային շահերի միջև վայրիվերումները։ Ահաբեկչությունը և ԻՍԻՊ-ը առասպել չեն, այլ իրականություն, որում մարմնավորվել է առասպելական հրեշ «Լեռնեյան հիդրան»։ Հետևապես, հարկավոր է պարզել, թե ով է միջազգային համակարգի «Հերակլեսը»։
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԵՎ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
Արման ՆավասարդյանԱմփոփագիր
Դիվանագիտության ոլորտում տեղ գտած դիլետանտիզմը հակացուցված է պետության արտաքին քաղաքականությանը և վնասաբեր նրա պետական շահերին: Հեղափոխությունների և երկրների քաղաքական իրադրությունների կտրուկ փոփոխությունների պայմաններում, որպես կանոն, տեղի է ունենում ոչ պրոֆեսիոնալ մասնագետների ներհոսք դիվանագիտական համակարգ: Բացի այդ, նման գործընթացները հաճախ զուգակցվում են դիվանագիտական ծառայության կուսակցականացմամբ և քաղաքականացմամբ, ինչը տեղի ունեցավ 1917թ. ռուսական քաղաքական հեղաշրջումից հետո և շարունակվեց մինչև ԽՍՀՄ փլուզումը: Դիլետանտիզմի առկայությունը դիվանագիտության մեջ միջազգային երևույթ է: Այն հատուկ է անցյալ դարի երկրորդ կեսերի ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությանը ևս: Սակայն դիլետանտիզմն առանձնապես վտանգավոր է փոքր պետությունների համար: Ներկա գլոբալիզացիայի և նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներում նկատելի է առաջատար երկրների դիվանագիտական ծառայություններից ոչ պրոֆեսիոնալ դիվանագետների արտամղման միտումը:
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Արեստակես Սիմավորյան, Վահրամ ՀովյանԱմփոփագիր
Հոդվածում քննության են առնվել արտերկրի հայագիտական կենտրոնների առջև ծառացած մարտահրավերներն ու հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են դրանց արդյունավետ գործունեությանը։ Առաջարկվում են այդ խոչընդոտների հաղթահարման մի շարք լուծումներ։
ՀՀ ԴԵՐԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Ստալ ՍարդարյանԱմփոփագիր
Սփյուռքում հայ ինքնության բաղադրիչների պահպանմանը Հայաստանը նպաստում է այնտեղ մշակութային կյանքի աշխուժացմամբ՝ համերգների, ցուցահանդեսների, փառատոների և այլ միջոցառումների հովանավորմամբ և համատեղ կազմակերպմամբ, հայագիտական հետազոտություններին աջակցությամբ, արտերկրում հայագիտական կենտրոնների հիմնմամբ և աջակցությամբ, համահայկական միջոցառումների կազմակերպմամբ, արտասահմանում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանն աջակցությամբ, դեպի Հայաստան սփյուռքահայ երիտասարդների այցելությունների կազմակերպմամբ, վիրտուալ կրթօջախների հիմնադրմանն աջակցությամբ։ Արևմտահայերենի պահպանման հարցում կարևոր նշանակություն ունեն դրա կանոնակարգումը, Սփյուռքի դպրոցների համար մանկավարժական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը։ Կարելի է մտածել նաև ՀՀ-ում արևմտահայերենին պետական լեզվի կարգավիճակ շնորհելու մասին։
ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ. «ԱՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ» ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թամարա Վարդանյան-ԱյվազյանԱմփոփագիր
Ուսումնասիրվող խնդրի շուրջ համեմատական տվյալների և արխիվային նյութերի նախնական քննությունը վեր է հանում 1920-1930-ական թթ. Անդրկովկասում տարվող ազգային քաղաքականության մի շարք առանձնահատկություններ։ Ադրբեջանի թյուրքերը, գտնվելով ԽՍՀՄ «մշակութապես հետամնաց» ազգությունների ցանկում, լայնորեն օգտվում էին արմատավորման քաղաքականության բարիքներից։ Այդ քաղաքականությունը մեծ թափ հաղորդեց Ադրբեջանում ազգակերտման գործընթացներին թյուրքական ինքնության հիմքի վրա։ Վրացիները, կենտրոնական դիրքեր զբաղեցնելով Անդրֆեդերացիայում, որի վերահսկողական-օպերատիվ իրավասություններն ավելի ընդլայնվեցին 1929թ., վրացամետ ուղղվածություն հաղորդեցին այդ մարմնին և նույնպես կարողացան մեծապես օգտվել արմատավորման քաղաքականության ընձեռած արտոնություններից։ Իսկ Հայաստանն ու հայ ժողովրդին այդ «դրական գործողությունների քաղաքականությունը» գրեթե շրջանցեց, որոշ ոլորտներում նույնիսկ հակառակ արդյունք արձանագրվեց, երբ կադրերի ազգայնացման փոխարեն տեղի էր ունենում այլազգիների ներթափանցում ՀԽՍՀ կուսակցական և կառավարման համակարգ։ Այսպիսով, Խորհրդային Հայաստանն, ընդգրկվելով Անդրֆեդերացիայի կազմում, հայտնվեց քողարկված ներքին գերակայությունների վերջնամասում։
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սամվել ՄանուկյանԱմփոփագիր
Հայաստանի հասարակությունն ինտեգրացիան Ռուսաստանի կողմից ձևավորվող աշխարհաքաղաքական և տնտեսական տարածքում գերադասում է Եվրոպական միության հետ ինտեգրացիայից: Այնուամենայնիվ, վերջին քառորդ դարի ընթացքում Հայաստանի ընդգրկումը գլոբալ տեղեկատվական-մշակութային տարածքում Հայաստանի երիտասարդության շրջանում առաջացրել է այդ դիրքորոշումների փոխակերպում: Հոդվածում, սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների հիման վրա կառուցված մաթեմատիկական մոդելների միջոցով, կազմավորվել են Հայաստանի հասարակությունում և դրա առանձին սոցիալական շերտերում ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարման ռազմավարական հարացույցները: Որպես ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարման փոփոխականներ են դիտարկվել հասարակությունում առկա աշխարհայացքային դիրքորոշումները, ինչպես նաև այլընտրանքային ինտեգրացիոն նախագծերի բնութագրերը Հայաստանի ազգային հիմնախնդիրների լուծման ոլորտում:
ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Դավիթ ՍարգսյանԱմփոփագիր
Հոդվածը ներկայացնում է հայաստանյան ԶԼՄ տեղն ու դերը Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման դիսկուրսում, մասնավորապես՝ հայրենական մամուլի կողմից Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղեգծի մեկնաբանումները, Եվրոպական միության՝ որպես գործընկերոջ, կերպարի ձևավորման օրինաչափությունները, տեղական ԶԼՄ-ում Հայաստանի և եվրոպական ինտեգրացիոն նախագծերի առնչությունների անդրադարձների առանձնահատկությունները: Ուրվագծվում են Հայաստանի անկախության առաջին երկու տասնամյակներում ինտեգրացիոն գործընթացների նախապատմության և արտաքին քաղաքականության եվրոպական ուղեգծի լրագրային արձագանքների հիմնական օրինաչափությունները և հայաստանյան մեդիա-դաշտի կողմից ինտեգրացիոն գործընթացների ընկալումների հիմնական առանձնահատկությունները: