• am
  • ru
  • en
«21-й ВЕК», №2, 2015 17.04.2015

«21-й ВЕК», №2, 2015

Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2015թ. #2(35) համարը։ Դրանում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված հայկական սփյուռքին (Վ.Հովյան, Է.Հակոբյան, Ա.Կորնիլով) և հայրենադարձության գործընթացի կազմակերպմանը (Կ.Վերանյան), ինչպես նաև արտաքին քաղաքական մի շարք հարցերի (Յա.Խարալամբիդիս, Յու.Բոնդար, Դ.Բաբայան, Գ.Կոլարով, Դ.Սաֆարյան)։ Համարում վերլուծվել են նաև ռազմաքաղաքական որոշումների ընդունման ամերիկյան համակարգի ոչ ֆորմալ մեխանիզմները (Հ.Արզումանյան)։



Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԼԵՌՆԵՅԱՆ ՀԻԴՐԱՆ

Յանոս Խարալամբիդիս

Ամփոփագիր

Թուրքիան կանգնած է բարդագույն երկընտրանքների առջև, թե ինչպես պետք է վարվել քրդական հարցում և ինչ լուծում պետք է տրվի դրան։ ԻՍԻՊ-ը և ահաբեկչությունը միջազգային համակարգի գործունեությանն ընդհանուր առմամբ հատուկ երևույթներ են, որ մասնավորապես երևան են հանում դրա քաոսային էությունը և հակադիր ու համընկնող ազգային շահերի միջև վայրիվերումները։ Ահաբեկչությունը և ԻՍԻՊ-ը առասպել չեն, այլ իրականություն, որում մարմնավորվել է առասպելական հրեշ Լեռնեյան հիդրան։ Հետևապես, հարկավոր է պարզել, թե ով է միջազգային համակարգի «Հերակլեսը»։

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Յուրի Բոնդար

Ամփոփագիր

Հոդվածում վեր է հանվում քաղաքականության, ժողովրդավարության, անձի իրավունքների և ազատությունների փոխադարձ կապը։ Բնութագրվում են եվրասիական ինտեգրման առանձնահատկությունները և նրա դեմոկրատական հեռանկարները։

ՈՉ ՖՈՐՄԱԼ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ԱՄՆ ՓՈՐՁԸ

Հրաչյա Արզումանյան

Ամփոփագիր

Ազգային անվտանգության ոլորտում ռազմավարական որոշումների նախապատրաստման և ընդունման քաղաքական գործընթացին ներգրավվում է պետական և ոչ պետական կազմակերպությունների և շահագրգռված խմբերի բավական լայն շրջանակ։ Այս պայմաններում շահագրգիռ կողմերի մրցակցության և համագործակցության պայմանների ապահովումը բարդ խնդիր է դառնում։
Որոշումների մշակման և ընդունման գործընթացներում ընդգրկվում են ինչպես պաշտոնական անձինք, այնպես էլ ոչ ֆորմալ շրջանակներ, որոնց ազդեցությունը որոշակի պայմաններում կարող է վճռական լինել։ Որպես օրինակ հոդվածում դիտարկվում է ոչ ֆորմալ խմբի բազմամյա ազդեցությունը զինվորական շրջանակներում, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացը «Արագ սաստկացում» գործողության վերաբերյալ Իրաքում 2006թ.։

ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԸ. ՊԱՏՄԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐ

Դավիթ Բաբայան

Ամփոփագիր

Մոնղոլական վեկտորը չինական աշխարհաքաղաքականության բավական առանձնահատուկ ուղղություններից է, որը շոշափում է ռազմավարական առումով կարևոր մի շարք հարցեր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական հարթություններում։ Չինական աշխարհաքաղաքականության գլխավոր հրամայականն այս ուղղությամբ անկախ Մոնղոլիայի հետ փոխհարաբերությունների զարգացումն է, ինչպես նաև այն, որպեսզի թույլ չտրվի, որ Ներքին Մոնղոլիան վերածվի անկայուն տարածաշրջանի, ինչը լի է Մոնղոլիայից մինչև Տիբեթ ողջ սահմանի պարագծով անորոշության յուրատեսակ աղեղի ստեղծման վտանգով։ Չինաստանի արտաքին քաղաքականության արդյունավետությունը մի շարք տարածաշրջաններում և մի շարք երկրների (հատկապես կենտրոնաասիական) հետ՝ տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության առումով, կարող է կախված լինել նրանից, թե ինչ քաղաքականություն կվարի Պեկինը Մոնղոլիայի հանդեպ։/div>

ՆԻԿՈԼԱՍ ՄԱԴՈՒՐՈՅԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ ՄՆԱԼՈՒ ՀՈՒՍԱՀԱՏ ՓՈՐՁԵՐԸ

Գեորգի Կոլարով

Ամփոփագիր

Հոդվածում վերլուծվել են նավթի գնի անկման հետևանքով Վենեսուելայում առաջացած տնտեսական ճգնաժամը և նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ այն օտարի օգնությամբ հաղթահարելու անհաջող փորձերը։

ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վահրամ Հովյան

Ամփոփագիր

Արտերկրի հայագիտական կենտրոնները կարող են լինել ինչպես առանձին կառույցներ, այնպես էլ մաս կազմել այլ՝ ավելի մեծ կառույցների։ Դրանց ստեղծման հիմքում ընկած են օտար երկրներում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը, Սփյուռքի և Հայաստանի ջանքերը՝ ուղղված Սփյուռքում հայ ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայագիտության զարգացմանը և հայ մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը, արտերկրում հայկական հարուստ մշակութային ժառանգության առկայությունը։ Հայագիտական կենտրոնների դերը և նշանակությունն արտերկրում կայանում է հայապահպանության, հայկական քաղաքակրթության տարածման, հայագիտության զարգացման, հակահայ քարոզչության դեմ պայքարի, հայ և այլ ժողովուրդների միջև գիտամշակութային կապերի զարգացման, Սփյուռքում մանկավարժական կադրերի և հասարակական գործիչների պատրաստման, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում կիրառական հետազոտությունների իրականացման մեջ։

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐ

Էդուարդ Հակոբյան, Ալեքսանդր Կորնիլով

Ամփոփագիր

Հայկական սփյուռքում Ֆրանսիայի համայնքին հատուկ տեղ է պատկանում, որն իր ազդեցությամբ և թվաքանակով երրորդն է ՌԴ և ԱՄՆ հայ համայնքներից հետո։ Հայերի միասնությունը համազգային նշանակության հարցերում, նրանց ինտեգրումը տեղի հանրությունում, ակտիվ դերը երկրի տնտեսական և մշակութային կյանքում Ֆրանսիայի հայ համայնքի համար լուրջ հեղինակություն են ապահովել։ Պատմական փորձը վկայում է, որ այս կամ այն երկրում համայնքի առկայությունն օժանդակում է պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը։ Պատմական կապերը հայերի և ֆրանսիացիների միջև արմատներով ձգվում են դեպի միջնադար։ Քաղաքական առումով հայկական սփյուռքը դարձել է ոչ միայն Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական կյանքի բաղկացուցիչ մասը ժամանակի պատմական լայն կտրվածքի համար, այլև վերածվել է Հինգերորդ Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կայուն և ընդհանուր առմամբ բարեկամական հարաբերությունների պահպանման ամուր գործոնի։

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Կարեն Վերանյան

Ամփոփագիր

Հոդվածում անդրադարձ է կատարվում Իսրայել պետության կողմից հրեաների հայրենադարձության կազմակերպման և Իսրայելում նրանց սոցիալ-մշակութային, հասարակական ինտեգրման հիմնական մեխանիզմներին ու գործառույթներին։ Ներկայացվում են պետության կողմից իրականացվող ծրագրերը և տրամադրվող արտոնությունները, որոնք նպաստում են երկրի հասարակական կյանքում հայրենադարձների անխոչընդոտ ինտեգրման գործընթացին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ (1991-1998ԹԹ.)

Դավիթ Սաֆարյան

Ամփոփագիր

ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նորանկախ բոլոր պետությունների հետ՝ բացի Հայաստանից: Հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու ճանապարհին Թուրքիան առաջադրեց նախապայմանների մի ամբողջ շարք: Հայաստանն առաջ էր մղում առանց նախապայմանների փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն ծավալելու դիրքորոշումը: Չնայած ծավալված դիվանագիտական անցուդարձին, Թուրքիան այդպես էլ որևէ գործնական քայլ չկատարեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և 1993թ. գարնանը փակված հայ-թուրքական սահմանը վերաբացելու ուղղությամբ: Հայաստանի հարցում թուրքական հասարակության մեջ եղել են և կան բազմաթիվ վախեր և մտահոգություններ, որոնք կապված են «խորքային պետության» մոտեցումների և «Սևրի սինդրոմի» հետ: Թուրքիան անվերապահորեն պաշտպանել է Ադրբեջանին ԼՂ հակամարտության բոլոր փուլերում և հնարավոր բոլոր միջոցներով, բացի ուղղակի ռազմական միջամտությունը: Հակամարտության սկզբից ևեթ ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի դիրքորոշումները միակողմանի ադրբեջանամետ են և որ նման դիրքորոշումներով Թուրքիան չի կարող էական դերակատարություն ունենալ կարգավորման գործընթացում: Ավելի ուշ այս շրջանի թուրք ուսումնասիրողները եկել են եզրակացության, որ բաց է թողնվել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մի հնարավորություն:



   

EnglishРуский