• am
  • ru
  • en
«21-й ВЕК», №1, 2015 17.04.2015

«21-й ВЕК», №1, 2015

Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2015թ. #1(34) համարը, որի թեմատիկ ուղղվածությունը նվիրված է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բազմակողմանի ուսումնասիրությանը (Գ.Հարությունյան, Ս.Մանուկյան) և ժողովրդագրական խնդիրների լուծման այլ երկրների հաջող փորձին (Կ.Վերանյան, Ս.Սարուխանյան)։ Առանձին ուշադրություն է հատկացվել Հայաստանի Հանրապետության արդյունաբերական-նորարարական քաղաքականությանը (Ա.Թևիկյան), ազգային զարգացման գաղափարախոսությանը (Ի.Բաղիրյան) և Երկրորդ Հանրապետության կայացման գործում Ալ.Մյասնիկյանի դերի հետահայաց վերլուծությանը (Ա.Հարությունյան)։



Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Գագիկ Հարությունյան

Ամփոփագիր

Ժողովրդագրական ոլորտում տիրող ծանր իրավիճակը պետք է գնահատել որպես ՀՀ ազգային անվտանգությանն ուղղված առաջնային մարտահրավեր, և այդ ոլորտին պետք է շնորհել «կրիտիկականի» կարգավիճակ։ Արտագաղթի մեղմացումը և ժողովրդագրական վիճակի բարելավումը հնարավոր են միայն զարգացման ռազմավարության համատեքստում՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեխնոլոգիական բնույթի «կրիտիկական ենթակառուցվածքների» կայացմանը։

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԴՐԱ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՆ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված են Հայաստանում ժողովրդագրական վիճակը 2013թ. և դրա դինամիկայի միտումները, որոնց հիման վրա գնահատվել է Հայաստանում բնակչության թվաքանակը 2030թ.: Գնահատվել է երկրի տնտեսական բնութագրերի` գործազրկության մակարդակի, աշխատավարձերի, ընտանիքի ֆինանսական վիճակից բավարարվածության և ՀՆԱ տարեկան աճի ազդեցությունը բնակչության միգրացիոն բալանսի և վերարտադրողական վարքի վրա: Աշխարհամակարգային վերլուծության շրջանակներում ցույց է տրվել երկրի արդյունաբերական քաղաքականության և դրա բնույթի կարևորությունը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի փոփոխության հարցում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱ-ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԻՄՔ

Աշոտ Թևիկյան

Ամփոփագիր

Հոդվածում քննարկվում է տնտեսական քաղաքականության անհրաժեշտությունը՝ հիմնված զարգացումն ապահովող ներքին մեխանիզմների և ինստիտուտների վրա։ Շեշտադրվում է նորարարական և արդյունաբերական զարգացումը Եվրասիական տնտեսական միության առաջատար ընկերությունների հետ լայնածավալ համագործակցության պայմաններում, ինչը կբարձրացնի երկրի մրցունակությունը և կապահովի նրա տնտեսական զարգացումը:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կարեն Վերանյան

Ամփոփագիր

Գիտական, գիտատեխնոլոգիական առաջընթացը հանդիսանում է յուրաքանչյուր պետության տնտեսության զարգացման, տվյալ հասարակության բարեկեցության ապահովման կարևորագույն նախադրյալներից մեկը, եթե ոչ կարևորագույնը։ Հետազոտության նպատակն է քանակական-վիճակագրական տեղեկատվության վերլուծության հիման վրա համեմատականներ անցկացնել հարավկովկասյան տարածաշրջանի երկրների գիտահետազոտական գործունեության միջև, լուսաբանել վերջին տարիների կտրվածքով ոլորտում արձանագրված հիմնական միտումները, վերհանել մեր երկրում գիտահետազոտական, գիտատեխնոլոգիական ոլորտում առկա հիմնախնդիրները՝ Հայաստանում գիտությանն ու դրա զարգացման հեռանկարներին առավել խորքային ուշադրություն հրավիրելու ակնկալիքներով։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ

Ավագ Հարությունյան

Ամփոփագիր

Խորհրդային Հայաստանի և նոր ձևավորվող Սփյուռքի ճակատագրով մտահոգ Ալ.Մյասնիկյանն Անդրկովկասի և ԽՍՀՄ մասշտաբի եզակի հայ բարձրագույն ղեկավար այն գործիչն էր, ով պաշտոնի բերումով իրավասու էր կարգավորել տարածաշրջանի հիմնահարցերը: Նա առանձնակի ուշադրությամբ-հոգատարությամբ էր շրջապատել գրականության և արվեստի գործիչներին, կարևորում էր կրթական համակարգի զարգացումը, մեծ ուշադրություն էր դարձնում հայերենի՝ որպես պետական լեզվի, համընդհանուր գործառնությանը: Լինելով խորհրդահայ պետականության հիմնադիրը՝ նա ուշադրության կենտրոնում էր պահում Հայության քաղաքական ճակատագիրը, Հայկական հարցի լուծման բազմաչարչար գործընթացը, գաղթականության վիճակի բարելավումը և ներգաղթի իրականացումը: Նա նաև ՀԽՍՀ-ում Սփյուռքի ուսումնասիրման սկզբնավորողն է:

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ

Սևակ Սարուխանյան

Ամփոփագիր

Հոդվածում Իրանի և Սաուդյան Արաբիայի օրինակով դիտարկվում են տարածաշրջանային երկրների զարգացման ազգային ռազմավարության արդիականացման ապահովման փորձը, մարդկային կապիտալի, կրթության և գիտության կարևորությունն այդ ռազմավարության իրականացման գործում։ Քննարկվում են Իրանում իսլամական հեղափոխության իրականացման օրինաչափության հարցերը, առաջադեմ և հետադեմ միտումների հարաբերակցությունը շահի կառավարման և «սպիտակ հեղափոխության» շրջանում։ Նույն խնդիրները հետազոտվում են նաև Սաուդյան Արաբիայի օրինակով՝ մասնավորապես շեշտադրելով այդ երկրում հումանիտար գիտությունների զարգացման պակասը, դրա հետ մեկտեղ՝ տեխնոլոգիաների և ճշգրիտ գիտությունների ոլորտում գիտական փնտրտուքների խթանումը՝ որպես «սաուդացման» վեկտորներից մեկը։

ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Իգոր Բաղիրյան

Ամփոփագիր

Հայաստանի առկա ֆինանսատնտեսական իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է այն եզրահանգման, որ ազգային տնտեսական համակարգ ըստ էության չկա, կան միայն վատ շաղկապված առանձին հատվածներ։ Նման իրավիճակն ազգային անվտանգության տեսակետից կարելի է բնորոշել որպես աղետալի։ Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ պետական մակարդակով սկսել Հայաստանի տնտեսական համակարգի ստեղծման գործընթացը։ Ռուսաստանում ընդունվել է օրենք ռազմավարական պլանավորման մասին։ Եթե նման օրենք ընդունվի Հայաստանում, ապա նրա կիրառման առաջնահերթությունը պետք է դառնա իրական սեկտորում սերտ կապերի հաստատումը խոշոր կապիտալի, փոքր գիտատար և ոչ գիտատար բիզնեսի, կրթության և գիտության, վենչուրային ֆոնդերի, բանկային համակարգի և բնակչության միջև։



   

EnglishРуский