• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 1, 2015 04.03.2015

«21-րդ ԴԱՐ» N 1, 2015


Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2015թ. 1-ին համարը՝ նվիրված ՀՀ ժողովրդագրական ոլորտում տիրող բավական բարդ իրավիճակին։
Այն գնահատվել է որպես ՀՀ ազգային անվտանգությանն ուղղված առաջնային մարտահրավեր։
Համարի նյութերում անդրադարձ է կատարվել արտագաղթի մեղմացմանը և ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված հարցերին։


Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://www.pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71



ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Գագիկ Հարությունյան

Ամփոփագիր

Ժողովրդագրական ոլորտում տիրող ծանր իրավիճակը պետք է գնահատել որպես ՀՀ ազգային անվտանգությանն ուղղված առաջնային մարտահրավեր, և այդ ոլորտին պետք է շնորհել «կրիտիկականի» կարգավիճակ։ Արտագաղթի մեղմացումը և ժողովրդագրական վիճակի բարելավումը հնարավոր են միայն զարգացման ռազմավարության համատեքստում՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեխնոլոգիական բնույթիn «կրիտիկական ենթակառուցվածքների» կայացմանը։

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԴՐԱ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՆ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված են Հայաստանում ժողովրդագրական վիճակը 2013թ. և դրա դինամիկայի միտումները, որոնց հիման վրա գնահատվել է Հայաստանում բնակչության թվաքանակը 2030թ.: Գնահատվել է երկրի տնտեսական բնութագրերի` գործազրկության մակարդակի, աշխատավարձերի, ընտանիքի ֆինանսական վիճակից բավարարվածության և ՀՆԱ տարեկան աճի ազդեցությունը բնակչության միգրացիոն բալանսի և վերարտադրողական վարքի վրա: Աշխարհամակարգային վերլուծության շրջանակներում ցույց է տրվել երկրի արդյունաբերական քաղաքականության և դրա բնույթի կարևորությունը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի փոփոխության հարցում:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ

Ավագ Հարությունյան

Ամփոփագիր

Խորհրդային Հայաստանի և նոր ձևավորվող Սփյուռքի ճակատագրով մտահոգ Ալ.Մյասնիկյանն Անդրկովկասի և ԽՍՀՄ մասշտաբի եզակի հայ բարձրագույն ղեկավար այն գործիչն էր, ով պաշտոնի բերումով իրավասու էր կարգավորել տարածաշրջանի հիմնահարցերը: Նա առանձնակի ուշադրությամբ-հոգատարությամբ էր շրջապատել գրականության և արվեստի գործիչներին, կարևորում էր կրթական համակարգի զարգացումը, մեծ ուշադրություն էր դարձնում հայերենի՝ որպես պետական լեզվի, համընդհանուր գործառնությանը: Լինելով խորհրդահայ պետականության հիմնադիրը՝ նա ուշադրության կենտրոնում էր պահում Հայության քաղաքական ճակատագիրը, Հայկական հարցի լուծման բազմաչարչար գործընթացը, գաղթականության վիճակի բարելավումը և ներգաղթի իրականացումը: Նա նաև ՀԽՍՀ-ում Սփյուռքի ուսումնասիրման սկզբնավորողն է:

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ

Սևակ Սարուխանյան

Ամփոփագիր

Հոդվածում Իրանի և Սաուդյան Արաբիայի օրինակով դիտարկվում են տարածաշրջանային երկրների զարգացման ազգային ռազմավարության արդիականացման ապահովման փորձը, մարդկային կապիտալի, կրթության և գիտության կարևորությունն այդ ռազմավարության իրականացման գործում։ Քննարկվում են Իրանում իսլամական հեղափոխության իրականացման օրինաչափության հարցերը, առաջադեմ և հետադեմ միտումների հարաբերակցությունը շահի կառավարման և «սպիտակ հեղափոխության» շրջանում։ Նույն խնդիրները հետազոտվում են նաև Սաուդյան Արաբիայի օրինակով՝ մասնավորապես շեշտադրելով այդ երկրում հումանիտար գիտությունների զարգացման պակասը, դրա հետ մեկտեղ՝ տեխնոլոգիաների և ճշգրիտ գիտությունների ոլորտում գիտական փնտրտուքների խթանումը՝ որպես «սաուդացման» վեկտորներից մեկը։

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Կարեն Վերանյան

Ամփոփագիր

Հոդվածում անդրադարձ է կատարվում Իսրայել պետության կողմից հրեաների հայրենադարձության կազմակերպման և Իսրայելում նրանց սոցիալ-մշակութային, հասարակական ինտեգրման հիմնական մեխանիզմներին ու գործառույթներին։ Ներկայացվում են պետության կողմից իրականացվող ծրագրերը և տրամադրվող արտոնությունները, որոնք նպաստում են երկրի հասարակական կյանքում հայրենադարձների անխոչընդոտ ինտեգրման գործընթացին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱ-ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԻՄՔ

Աշոտ Թևիկյան

Ամփոփագիր

Հոդվածում քննարկվում է տնտեսական քաղաքականության անհրաժեշտությունը՝ հիմնված զարգացումն ապահովող ներքին մեխանիզմների և ինստիտուտների վրա։ Շեշտադրվում է նորարարական և արդյունաբերական զարգացումը Եվրասիական տնտեսական միության առաջատար ընկերությունների հետ լայնածավալ համագործակցության պայմաններում, ինչը կբարձրացնի երկրի մրցունակությունը և կապահովի նրա տնտեսական զարգացումը:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կարեն Վերանյան

Ամփոփագիր

Գիտական, գիտատեխնոլոգիական առաջընթացը հանդիսանում է յուրաքանչյուր պետության տնտեսության զարգացման, տվյալ հասարակության բարեկեցության ապահովման կարևորագույն նախադրյալներից մեկը, եթե ոչ կարևորագույնը։ Հետազոտության նպատակն է քանակական-վիճակագրական տեղեկատվության վերլուծության հիման վրա համեմատականներ անցկացնել հարավկովկասյան տարածաշրջանի երկրների գիտահետազոտական գործունեության միջև, լուսաբանել վերջին տարիների կտրվածքով ոլորտում արձանագրված հիմնական միտումները, վերհանել մեր երկրում գիտահետազոտական, գիտատեխնոլոգիական ոլորտում առկա հիմնախնդիրները՝ Հայաստանում գիտությանն ու դրա զարգացման հեռանկարներին առավել խորքային ուշադրություն հրավիրելու ակնկալիքներով։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ (2001-2007ԹԹ.)

Դավիթ Սաֆարյան

Ամփոփագիր

21-րդ դարի առաջին տասնամյակի մի շարք միջազգային գործընթացներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը տարբեր երկրներում և դրան առնչվող քննարկումները Թուրքիայի քաղաքական վերնախավերի առաջ դրեցին «Հայկական հարցի» հանդեպ նոր մոտեցումներ ձևավորելու խնդիրը: 2002թ. Թուրքիայում իշխանությունը ստանձնեց Արդարություն և զարգացում կուսակցությունը, որի ղեկավարն ու առաջատար գործիչները գործունեություն ծավալեցին առկա իրողություններին արձագանքելու և, միաժամանակ, Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականությունը շարունակելու միտումով: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր հնարավորություն էին դիտարկվում Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացը: 2005թ. ապրիլին Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը և ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը նամակներ փոխանակեցին, որոնք երկու երկրներում հասարակական-քաղաքական լայն քննարկման նյութ դարձան: Այդ տարիներին Թուրքիայում դրսևորվեց սեփական պատմության հետ անկեղծ առերեսվելու, Հայոց ցեղասպանության փաստը հրապարակային հարթակներում քննարկելու, ընդունելու հնարավորության զգույշ քննարկումների նոր իրողությունը:




   

EnglishРуский