• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2013 07.11.2013

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2013

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» հանդեսի 2013թ. 10-րդ համարը (հատուկ թողարկում), որում հրապարակվել է Վահե Սարգսյանի «Հայերը Գորիի գավառում և սահմանակից շրջաններում» ծավալուն հոդվածը ։

Հայտնի է, որ հայերը հնուց ի վեր կազմել են Վրաստանի բնակչության զգալի հատվածը։ Հայերի թիվը մասնավորապես աճել է արաբական տիրապետության շրջանում (VII-IXդդ.), այնուհետև՝ թուրք-սելջուկների արշավանքների հետևանքով և հատկապես վրաց թագավոր Դավիթ Շինարարի (1089-1125թթ.) և Թամար թագուհու (1184-1209թթ.) օրոք։ Վերջիններիս եռանդուն գործունեության շնորհիվ հզորացած Վրաստանում ապաստան գտան մեծ թվով հայեր։ Վրաց թագավոր Դավիթ Շինարարը սիրով էր ընդունում հայ առևտրականներին ու արհեստավորներին։ Արքունիքը նրանց բնակեցնում էր խոշոր քաղաքներում՝ նպաստելու համար հյուսիսային առևտրական մայրուղիների աշխուժացմանն ու քաղաքային արհեստների զարգացմանը։ Վրաց հողատեր-կալվածատերերն էլ իրենց հերթին էին շահագրգռված, որ Թիֆլիսի արվարձաններում բնակեցնեն հայ աշխատասեր գյուղացի-հողագործներին։

Սակայն Վրաստանի հայությանը, ինչպես և Հայրենիքից դուրս ապրող ցանկացած էթնիկ հանրույթի, մշտապես սպառնացել է ազգային ինքնության կորստի վտանգը։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ վիրահայության աստիճանական փոշիացումը հիմնականում իրականացվել է լեզվական ձուլման ճանապարհով։ Տեղի հայությունը, հրաժարվելով մայրենի լեզվից, հետզհետե անցել է վրացախոսության և կորցրել նաև ազգային ինքնագիտակցությունը։ Վրացացման գործընթացները հատկապես բարձր տեմպերի հասան XXդ., և հայերի թվաքանակը զգալի անկում ապրեց։ Եթե 1926թ. հայությունը կազմում էր Վրացական ԽՍՀ բնակչության 11,5%-ը, 1959թ.՝ 10,9%-ը, 1989թ.՝ 8 %-ը, ապա 2002թ. մարդահամարի տվյալներով՝ ընդամենը 5.7%-ը։

Վրաստանի վրացացած հայերին առնչվող խնդիրների վերաբերյալ համապարփակ և բազմակողմանի ուսումնասիրություններ մեզանում դեռևս չեն իրականացվել։ Ուստի, պ.գ.թ. Վահե Սարգսյանի «Հայերը Գորիի գավառում և սահմանակից շրջաններում» աշխատությունը լուրջ ներդրում է նշված խնդրի ուսումնասիրման ուղղությամբ։ Աղբյուրագիտական արժեքավոր նյութերի հիման վրա հեղինակին հաջողվել է վեր հանել գավառի և հարակից բնակավայրերի հայությանն առնչվող բազմաթիվ պատմա-ազգաբանական ու քաղաքագիտական նշանակություն ունեցող հարցեր. ներկայացված են ժողովրդագրական պատկերը, հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը, ինչպես նաև գորիահայության վրացացման պատմական փորձից ելնելով՝ արժեքավոր ամփոփումներ են արված, որոնք կարող են օգտակար լինել ներկայումս ջավախահայությանն սպառնացող ազգային ինքնության փոփոխության վտանգների առումով։ Այնուամենայնիվ, ջավախահայությունն ապրում է իր պատմական Հայրենիքում, և այս հիմնաքարային գործոնը, անշուշտ, դեռևս շարունակում է մնալ էթնոձուլման հզոր գործընթացներին հակադրվելու ներուժի հիմնական աղբյուրը։

Թամարա Վարդանյան, պ.գ.թ.,
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ


Բաժանորդագրությունը` www.pressinfo.am, Հայմամուլ
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

   

EnglishРуский