• am
  • ru
  • en
Версия для печати
17.06.2009

ԳՈԹԱԿԱ՞Ն, ԹԵ ՀԱՅ-ԳՈԹԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՃ

   

Ani.jpg (original)Որքան էլ խոսվի ու գրվի ժամանակակից աշխարհի գլոբալացման մասին, միևնույն է, ժամանակի ընթացքում համաշխարհային քաղաքակրթական արժեքներ դարձող երևույթները ծնվում են ազգային հենք ունեցող, լոկալ քաղաքակրթություններից։ Հայ ժողովուրդը այն ժողովուրդներից է, ում ստեղծած արժեքների որոշ մասը է և հավակնում է դասվել համաշխարհային քաղաքակրթական արժեքների ցանկում։ Դրանց թվում իր հաստատուն տեղն ունի հայկական ճարտարապետությունը, որն իրավամբ տեղ է գրավում դասական ճարտարապետությունների շարքում։ Դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ հայ իրականության մեջ ստեղծված ճարտարապետական որոշ ոճեր ոչ միայն խիստ որոշակի ազդեցությունն են գործել հետագայում ձևավորված և համաշխարհային տարածում ձեռք բերած ոճերի և ուղղությունների վրա, այլև «արտահանվել» են և դարձել են այդպիսիք։

Հայ ճարտարապետության պատմության մասնագետ Տիրան Մարությանի (1911-2007) ներկայացվող հոդվածում առաջ է քաշվում ընդամենը իրերն իրենց անունով կոչելու խնդիրը։

Հայ ճարտարպետությունն իր երկրորդ վերածննդի տարիներն նոր, մեծամեծ նվաճումների հասավ։ 10-րդ դարի ընթացքում ստեղծվեցին մեկը մյուսին գերազանցող ճարտարապետական կոթողներ, այդ թվում Անիի Մայր տաճարը, Առաքելոցը, Գագկաշենը, Աբուհամրենցը, 11-րդ դարի սկզբում՝ Մարմաշենի համալիրը և այլ հրաշալի կառույցներ։

Այդ շինությունների արտաքին և ներքին ձևավորումներում տեղ էին գտնում ժամանակի ճաշակին ու ըմբռնումներին համապատասխան նոր ձևեր, որոնց գործադրմամբ շինությունները ստանում էին ներքին լուսավոր, ընդարձակ տարածություններ, թեթև ու վերասլաց, լույս ու ստվերի խաղերով, քանդակազարդումներով ու որմնանկարներով հարստացած կերպարային արտահայտություններ։

966 թ. կառուցված Սանահին վանքի Ամենափրկիչ եկեղեցու արտաքին պատերը ձևավորված են դեկորատիվ, ձգված համաչափությունների սյունակամարաշարերով։ Կարճ ժամանակ անց, այդ նույնը՝ ավելի մեծ կատարելությամբ, կիրառվում է Անիի Մայր տաճարի և մյուս շինությունների պատերի մշակումներում, այնուհետև տարածվում ողջ Հայաստանում և Վրաստանում։ Այդ յուրընտիր մոտիվը 150-200 տարի ուշացումով հասնում է Արևմտյան Եվրոպայի այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսին Իտալիան էր ու Ֆրանսիան, Գերմանիան ու Անգլիան։

XIX դարի երկրորդ կեսի և XX դարի առաջին կեսի ճարտարապետներից ու հետազոտողներից ոմանք այն կարծիքին էին, որ այդ մոտիվներով բնորոշվող ճարտարապետական ոճը Արևելք, այսինքն՝ Հայաստան է անցել Եվրոպայից, և որ այդ ոճով կառուցված շինությունները պատկանում են ոչ թե X դարին, այլ XIII և հաջորդ դարերին, քանի որ դրանց նախօրինակները Եվրոպայում XII-XIII դարերից վաղ չկային։

Ժամանակի նշանավոր գիտնականներ Շնաազեն, Միլլեն, Տեքսիեն (վերջինս՝ միայն սկզբնական շրջանում), Կոնդակովը չէին վստահում մեր հուշարձանների շինարարական վիմագիր արձանագրություններում պահպանված տեղեկություններին, ասում էին, թե դրանք, այդ արձանագրությունները, ավելի հին ու պարզունակ ճարտարապետությամբ շինություններից տեղափոխված են XIII դարի շքեղորեն կառուցված պատերի վրա կամ պարզապես կրկնօրինակվել են։ Առաջին և հզոր ձայնը, որ բարձացրեց այդ թյուր կարծիքների դեմ, ավստրիացի մեծ գիտնական, արվեստաբան-հետազոտող Յոզեֆ Ստրժիգովսկին էր, որը դեռևս 1918 թ. հրատարակեց «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատությունը, աշխարհով մեկ ազդարարելով, որ այդ արվեստը, այդ ճարտարապետությունը ոչ թե Եվրոպայից է անցել Հայաստան, այլ ճիշտ հակառակը՝ Հայաստանից է անցել Եվրոպա։

***

Արևմտյան Եվրոպայի մեծ տերությունները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան, Իտալիան, «մահմեդականներից քրիստոնեական սրբավայրերը ազատագրելու» առաքելությամբ, 1098 թ. շարժման մեջ դնելով հարյուր-հազարավոր թվակազմ ունեցող զինվորական ուժեր, արշավեցին Արևելք։ «Խաչակրաց» անվանվող այդ արշավանքով մահմեդականներից ետ գրավված տարածքներում նրանք ստեղծեցին իրենց արևելյան պետությունները։

1098-1272 թթ. ընթացքում ծնունդ առան Եդեսիայի կոմսությունն ու Անտիոքի դքսությունը, Երուսաղեմի թագավորությունն ու Տրիպոլիի կոմսությունը։ Գրավելով Կիպրոսը՝ խաչակիրները ստեղծեցին ֆրանսիական Լուսինյանների տոհմական իշխանությունը։

Խաչակիրները լավ հարաբերությունների մեջ էին հայկական Կիլիկիայի հետ։ Նրանք 1097 թ. հայերի օգնությամբ ետ գրավեցին Տարսոնը, Ադանան, Մամեստիան։ Կիլիկիայի Լևոն Բ իշխանը բարեկամություն հաստատեց Ֆրիդրիխ I Շիկամորուսի հետ, ամրապնդելով իր քաղաքական դիրքերը, պատրաստակամություն հայտնեց օգնել խաչակիրներին, իսկ գերմանական կայսրը՝ թագ շնորհել նրան, ճանաչելով Կիլիկիայի թագավոր։

Արևելքի մահմեդական տերությունների ճնշման տակ և ներքին հակասություններով պայմանավորված, մոտ 200 տարի գոյություն ունենալուց հետո այդ պետական կազմավորումները կործանվեցին։

Խաչակիրները Կիլիկիայում գտնվելու երկու դարերի ընթացքում լավ ծանոթացան Արևելքին, յուրացրին տեղի մշակույթն ու արվեստը, և երբ վերադարձան իրենց երբեմնի հայրենիքը, հետները տարան այն ամենը, ինչ յուրացրել էին։ Ավելին, իրենց հետ տարան նաև բնիկ քրիստոնյա ժողովրդի այն մասը, որը մահմեդականների շրջապատում այլևս չէր կարող գոյատևել։

Մշտական տարագրության մեկնողների մեջ կային գլխավորապես արհեստավոր-վարպետներ, ստեղծագործող արվեստագետներ, հմուտ կառուցողներ և ճարտարապետներ։ Ահա այդ ճակատագիրն ունեցող հայերն էլ Հայաստանից Եվրոպա տարան մեր միջնադարի արվեստն ու ճարտարապետությունը, դրանցում մարմնավորած հայրենի ճաշակն ու ավանդույթով ամրացած ստեղծագործական քանքարը։

Ճարտարապետությունը Եվրոպա տարավ մեզանում շռայլորեն աճած շինությունների զանազան տիպեր, նրանց ներքին ու արտաքին, կոնստրուկտիվ, նաև դեկորատիվ նշանակության տարրեր, ձևեր ու միջոցներ։ Այս հիման վրա էր, որ Արևմտյան Եվրոպայում սկսեցին կառուցվել գոթական (և ռոմանական) անվանված ճարտարապետական կոթողներ։ Դրանք, ըստ էության, ոչ այլ ինչ էին, եթե ոչ հայկական ճարտարապետության սկզբունքներով ստեղծվող կառույցներ։ Ահա այդ ոճը մեծ արագությամբ տարածվեց, աճեց, բարգավաճեց, զարգացման շրջաններ ապրեց ու աշխարհին ներկայացավ իբրև ինքնուրույն, բարձր կարգի նորաստեղծ արվեստ։ Որքան էլ այն զարգացավ, բայց բուն հիմքը մնաց Հայաստանից ներմուծվածը։

Ահավասիկ՝ գոթական շինությունը, որ մի միասնական կատարյալ համակարգ է, նրանում գործադրված մասերն ու տարրերը հայկականից չեն տարբերվում, նույնական են կամ որոշակի վերամշակումով։ Գերմանացի նշանավոր գիտնական Շնաազեն Անիի Մայր տաճարի իր նկարագրությամբ հաստատում է վերոհիշյալ փաստը։ Յոզեֆ Ստրժիգովսկու հայտնի «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գրքի ռուսերեն թարգմանության (մեքենագիր) 452 և 453 էջերում կարդում ենք. «Շնաազեն նախ նկարագրում է շինությունը և համարում, որ այն ավելի, քան Քութաիսի տաճարը, հիշեցնում է Արևմուտքի քրիստոնեական եկեղեցիները, ինչպես դրսից, այնպես էլ ներսից, հատկապես արևմտյան պատի առանձնահատկություններով, որտեղ բացակայում են (եռանկյունի - Տ.Մ.) խորշերը, որտեղ ցածր դռները ձևավորված են աստիճանաբար դեպի ներս շարված երեքական զույգ կիսասյուների շարքերով, որոնք վերևից միացած են կամարով»... Այդ տաճարի «ներքնատեսքը (որ կառուցված է գոթական ճարտարապետությամբ - Տ.Մ.) կարելի է ընդունել որպես իտալական եկեղեցի, բացառությամբ իր ժամանակի որոշ տարրերի»։ Այս չպետք է զարմանք հարուցի, քանի որ ի սկզանե առաջացել է Հայաստանում, ապա աճել ու զարգացել Արևմտյան Եվրոպայում։ Հայ ճարտարապետության IX-XI դարերի վերածննդի որոշակի նվաճումները XIII-XIV դարերի Եվրոպայում նոր վերածնունդ ունեցան, արդեն նոր պայմաններում, նոր հնարավորություններով՝ ձեռք բերելով նոր որակ, նոր մակարդակ։

Այս մասին դեռևս 1936 թ. շատ որոշակի գրել է լիտվացի հայտնի արվեստաբան Յուրգիս Բալթրուշայտիսը (1903-1988)։ Նա բառացիորեն գրել է. «Բայց գոթական կառուցվածքի առաջացման ուժերի ամբողջության մեջ Հայաստանի արվեստն ունեցավ իր վճռական դերը»։

Այսպիսով, հունական և հռոմեական դասական ճարտարպետության զանգվածեղ, էնտազիսով սյուների համակարգի տիրապետող շրջապատում, հանկարծ Եվրոպայով մեկ եկեղեցիները սկսեցին կառուցվել նոր ոճով, ճակատները ձևավորվեցին բարակ, վերձիգ սյունակամարաշարով, ըստ որում, ինչպես Հայաստանում, այնտեղ ևս, կենտ, զույգ, երեքական սյուներով և ուղղակի սյունախրձերով, հատկապես սյուների անկյունային մասերում։

Փաստը մնում է փաստ, որ հայ ճարտարապետությունը լոկ նախապատրաստություն չէր գոթականի ու ռոմանականի համար, այլ նրա համակարգի մի զգալի, օրգանական մասը, որ առ այսօր պահպանում է իր ստեղծած ճարտարապետական ձևերի առկայությունը-ներկայությունը ժամանակի բոլոր կառույցներում։

Իր վերոհիշյալ «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն աշխատության մեջ Ստրժիգովսկին պարզորոշ գրում է. «Արևմուտքի տեսակետից, Անիի Մայր տաճարը հանդիսանում է հայ ճարտարապետության ստեղծած ամենաարժեքավորը»։ Ստրժիգովսկին նաև գրում է. «Հետևաբար, մեզ մնում է միայն խոստովանել (ընդունել) այդ արձանագրության (նկատի ունի Մայր տաճարի շինարարական արձանագրությունը - Տ.Մ.) բնագիր (իսկական) լինելը, միաժամանակ որպես փաստ ընդունելը, որ հայերը մոտավորապես 150 տարի վաղ են կառուցել գոթական ձևով, քան այդ տեղի է ունեցել Արևմուտքում» (գիրք I, էջ 159-164)։

Կարևոր նշանակություն տալով մեծ գիտնականի կողմից անժխտելի փաստի արձանագրմանը, լինելով ոչ եվրոպացի, այլ հայ ճարտարապետ և հետազոտող, ինձ իրավասու եմ համարում Ստրժիգովսկու այդ կարևոր սահմանումը վերաշարադրել՝ իրերը կոչելով իրենց իսկական անունով, այսպես՝ «եվրոպացիները մոտավորապես 150-200 տարով ուշ են սկսել կառուցել հայ ճարտարապետությամբ»։ Հակառակ դեպքում պատկերը ստացվում է ոչ ճշգրիտ՝ որ իբր, անկախ բոլորից, գոյություն է ունեցել գոթական ոճը, հայերը նրա ձևով մոտ 150 տարի վաղ են սկսել կառուցել, քան եվրոպացիները, մինչ իրականում այնպես է եղել, ինչպես բերվում է մեր շարադրանքում։

Գառնիի հեթանոսական տաճարի գործին լավ տեղյակ Նիկողայոս Բունիաթյանը համարում է կառուցված հունա-հռոմեական ոճով։ Հայտնի է, որ հունական ճարտարապետությունն առանձին է, ինքնուրույն։ Ինքնուրույն է նաև հռոմեական ճարտարապետությունը։ Ու թեպետ նրանց սյուների համակարգերը միմյանց նման են, բայց ունեն տարբեր համաչափություններ։ Նկատի ունենալով, որ Գառնիի հունական ոճով կառուցված տաճարը դրված է բարձր պատվանդամի վրա, ինչպես հռոմեացիներն էին անում, գիտնականն արդարացիորեն այն անվանում է հունահռոմեական։ Գոթական ճարտարապետական կառույցներում դեկորատիվ սյունակամարաշարերում սյուները հայկական ծագում ունեն, նաև կամարների որոշ մասը, մյուսները բարդ հյուսվածքի են։ Ելնելով վերոհիշյալից՝ մենք հնարավոր ենք համարում անվան միավորումը՝ հայ-գոթական. սա է ճշգրիտ անվանումը։

Այսօրվա եվրոպացիները կհամաձայնվեն, թե չեն համաձայնի անվան այս ձևին, իրենց գործն է, բայց մենք պարզապես իրավունք չունենք այլ կերպ վարվելու։ Անցած դարերում մեր կողմից այդ չի արվել։ Իսկ եվրոպացիները, դեռ մինչև մեր դարը, կարծել են, թե իրենք են ստեղծել, իսկ հայերը վերցրել են։

Այս հարցը շատ է հետաքրքրել մեր մեծերին։ Ճարտարապետ Միքայել Մազմանյանը, որ Եղիշե Չարենցի մտերիմներից էր, մի զրույցի ժամանակ տեղյակ է դարձրել բանաստեղծին, թե X դարի հայ ճարտարապետությունը ինչ մեծ դեր է ունեցել Արևմտյան Եվրոպայի գոթական և ռոմանական ճարտարապետությունների առաջացման գործում։ Ահա այդ հարցն էլ մեծ հետք է թողել բանաստեղծի նուրբ հոգում, և նա չի կարողացել լռությամբ տանել։ Իր ընկերոջը՝ Միքայել Մազմանյանին նվիրված «Ուղերձ մեր հանճարեղ վարպետներին» բանաստեղծության X տողը հյուսել է այսպես. «Մեր երկրից մինչև Արևմուտք՝ սնելով գոթականն անմար...»։

Միքայել Մազմանյանն ու Եղիշե Չարենցը համեստորեն նշել են, որ հայերը սոսկ սնել են «գոթականն անմար...»։ Մինչդեռ ոչ թե «սնել», այլ նախ «ծնել» և հետո եվրոպացիների հետ հավասար մասնակցություն են ունեցել ամբողջականի ստեղծմանը՝ այն էլ լինելով առաջինը, կանխելով նրանց 150-200 տարով։ Սա կատակ չէ, ճիշտ է ասվում՝ «Ի սկզբանե էր բանը». որևէ անուն կնքելիս, նկատի է առնվում նաև ստեղծման ժամանակը և առաջնահերթությունը։

Նրանք, ովքեր կփորձեն զարմանալ, թող նկատի ունենան, որ մենք ենք զարմանում, թե այս ինչքան համեստ ու համբերող են եղել հայերը, որ այսքան ուշ են հանդես գալիս պաշտպանելու իրենց ճշմարտությունը։

ՏԻՐԱՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Ճարտարապետության դոկտոր
«Գարուն» ամսագիր, 1997, թիվ 7, էջ 54-56


դեպի ետ