• am
  • ru
  • en
Версия для печати
22.02.2018

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԴԻԱ-ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2018

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Արտերկրի համայնքներում սեփական մեդիաների ստեղծման, համացանցում տեղեկատվական ռեսուրսների հարստացման գործը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի պետական քաղաքականությունում։ Համայնքների և սփյուռքի հետ համագործակցությանը միտված կառույցների առջև խնդիր է դրված արտերկրում աշխատանքներ իրականացնել թերթերի, ամսագրերի, պարբերականների հրատարակման, ռադիոհեռուստատեսության և տեղեկատվական գործակալությունների հիմնադրման ուղղությամբ։ Պատահական չէ, որ այս ոլորտին վերաբերող հարցերը տեղ են գտել ադրբեջանական սփյուռքին նվիրված համաժողովների օրակարգում, հետևաբար այս ուղղությամբ համակարգված աշխատանքներ կատարելու համար ընդունվել են կոնկրետ որոշումներ՝ խթանելով տեղեկատվական ոլորտում պետություն-սփյուռք փոխգործակցությունը։

Տիպաբանության և թեմատիկ ուղղվածությունների տեսանկյունից ադրբեջանական սփյուռքի տեղեկատվական ռեսուրսներն աչքի են ընկնում բազմազանությամբ: Ըստ էության, տպագիր նյութերի, ռադիոհեռարձակումների և համացանցային ռեսուրսների թեմատիկ բովանդակությունը կախված է դրանց ռազմավարական նպատակներից, ֆինանսական և նյութատեխնիկական միջոցներից, լսարանից, տեղեկատվության հասանելիությունից, մասնագիտական (լրագրողական) ռեսուրսներից և բազմաթիվ այլ գործոններից։ Մեր դիտարկումներից ելնելով՝ փաստենք, որ տպագիր և հեռարձակվող նյութերը ներկայացնում են ադրբեջանական տեսակետները և վերաբերում են.

• Ադրբեջանի Հանրապետության քաղաքականությանն ու սոցիալ-տնտեսական իրադրությանը,

• սփյուռքի կազմակերպչական հիմնախնդիրներին,

• համայնքապատկան կառույցների գործունեությանը, համայնքային միջոցառումներին (մշակութային, մարզական, կրթական),

• միգրանտների կրթական, առողջապահական և իրավական հարցերին,

• մշակութային ժառանգությանն ու պատմությանը,

• արցախյան հակամարտությանը և այլն։

Նման նյութերի տարածմամբ (կախված գտնվելու վայրից՝ ներկայացվում են տարբեր լեզուներով) ադրբեջանական սփյուռքի տեղեկատվական ռեսուրսները միտված են՝ միջազգային հանրության շրջանում զբաղվել Ադրբեջանի PR-ով, իրականացնել ճանաչողական բնույթի աշխատանքներ միգրանտների շրջանում (իրավական և այլ), նպաստել համայնքների անդամների ինտեգրմանը տվյալ երկրի սոցիումում, կազմակերպել համայնքի առօրյան, համաշխարհային հանրությանը հասցնել Ադրբեջանի մասին «ճշմարտությունները», մասնավորապես՝ տվյալ երկրի հանրության շրջանում տարածել արցախյան հակամարտության, Խոջալուի դեպքերի վերաբերյալ սեփական թեզերն ու մեկնաբանությունները։ Ինչ վերաբերում է տիպաբանությանը, ապա դրանք հետևյալն են.

Համացանցային ռեսուրսներ - էլեկտրոնային մամուլ, համայնքային կառույցների կայքէջեր, սոցցանցեր,

տպագիր մամուլ - շաբաթաթերթեր, ամսագրեր, պարբերականներ և այլն,

հեռուստաընկերություններ - «İnterAz TV» (ՌԴ), RusLana TV (ՌԴ), «Butov TV» (Շվեդիա), «DiasporaTV» և «Diaspora Vision» (Ուկրաինա), «Teas TV» (Եվրոպա). վերջին երեքը գործում են առցանց,

ռադիո - «Ադրբեջան ռադիո» (Գերմանիա, հիմն. 2002թ.), «Ադրբեջանական ռադիո» (Դանիա), «Ադրբեջանի ձայն» ռադիո (Ֆրանսիա, հիմն. 2004թ.), «Ադրբեջանի ձայն» ռադիո (Շվեյցարիա, հիմն. 2004թ.), «Ադրբեջանական ձայն» ռադիո (Նորվեգիա, հիմն. 2006թ.)1։

Ոլորտի գործընթացների տրամաբանական շարունակությունն էր տեղեկատվական քաղաքականության մշակման հիմնադրամի (համակարգող կենտրոն) ստեղծման գաղափարի առաջադրումը։ Գաղափարը հնչել է 2016թ. Աշխարհի ադրբեջանցիների IV համագումարի նիստում և արժանացել է հավանության։ Նախատեսված է, որ այն ունենալու է առանձին բյուջե, ուր մեկտեղվելու են առաջին հերթին արցախյան հակամարտությանը վերաբերող էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսները, փաստաթղթերը, գիտական մշակումները, հետազոտությունները, հրատարակությունները, ֆիլմերը և այլն։ Նախատեսվում է ներգրավել ադրբեջանական պետական կառույցներին, տեղեկատվական գործակալություններին և գիտական հաստատություններին, ինչպես նաև սփյուռքի մարդկային և նյութական ռեսուրսները2։

Վերոհիշյալ ուղղությամբ աշխատանքների անհրաժեշտությունը բացատրվում էր նրանով, որ երկրի սահմաններից դուրս տեղեկատվական պատերազմներում Ադրբեջանը տանուլ էր տալիս ՀՀ-ին և հայկական սփյուռքին, և ըստ այդմ՝ կարիք կար «ադրբեջանական ձայնն» ավելի լսելի դարձնել միջազգային հանրության համար։ Սակայն խորքային առումով ադրբեջանական իշխանությունները միջնաժամկետ հեռանկարում խնդիր են դրել ոչ միայն համակարգել, այլև վերահսկել և ուղղորդել սփյուռքյան մեդիաների աշխատանքային գործունեությունը։ Եթե տեղեկատվական ոլորտում պետություն-սփյուռք համագործակցության նպատակով համակարգող մարմնի ստեղծման նախագիծը կյանքի կոչվի (ներկայում նախագիծը քննարկման փուլում է), ապա այն կգործի որպես օպերատիվ արձագանքման կենտրոն։

Ոլորտում առկա խնդիրներից են համայնքային կառույցներին պատկանող պաշտոնական մամուլն ու դրա գործունեությունը լուսաբանող կայքերը (տպագիր և էլեկտրոնային)։ Սփյուռքյան տեղեկատվական-վերլուծական պորտալները թեև աչքի էին ընկնում կայուն և ակտիվ գործունեությամբ և ներկայացված էին կիբեռտարածքում, այդուհանդերձ, ժամանակի ընթացքում դրանց մի մասն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով (տեխնիկական, ֆինանսական և այլն) չի գործում։ Նկատելի է նաև, որ լրատվական, անգամ ոչ երկրորդական նշանակության համայնքային կառույցների կայքէջերը հինգ-վեց, երբեմն տասը տարվա կտրվածքով չեն թարմացվում։

Մեկ այլ հարց է, թե որքանով են դրանք ազդեցիկ համայնքային կյանքում (նաև տվյալ պետության հանրության շրջանում) և ինչ դերակատարում կարող են ունենալ։ Հասանով Անար Մովսում օղլին, վերլուծելով ադրբեջանական սփյուռքի մաս-մեդիայի գործունեության մի շարք ասպեկտներ, նկատում է, որ, օրինակ, ՌԴ ադրբեջանական սփյուռքի լրատվամիջոցները, սփյուռքի ներսում լայն շփում ապահովող հաղորդակցային գործառույթի իրականացման ազդեցության տեսանկյունից, էֆեկտիվ չեն։ Հեղինակի կարծիքով՝ Ռուսաստանի տարածքում հրատարակվող բազմաթիվ ադրբեջանական պարբերականներից ընդամենը մի քանիսն են պահանջված, այն էլ՝ առանձին խմբերի շրջանում։ Խնդիրն այն է, որ ի տարբերություն հնաբնակների, որոնք Ռուսաստանում հաստատվել են խորհրդային շրջանում և կազմում են սփյուռքի միջուկը, 1990-ական թթ. այստեղ հաստատված միգրանտների ռուսերենի իմացությունը ցածր մակարդակի է։ Նրանք չեն ընթերցում ռուսալեզու, այդ թվում համայնքային մամուլը։ Այդ պատճառով նորաբնակները նախընտրում են ադրբեջաներեն հրատարակումները, որտեղ, սակայն, բավարար չափով չեն լուսաբանվում ինտեգրացիոն խնդիրները3։ Ոլորտի խնդիրներն, իհարկե, չեն սահմանափակվում վերը բերված մի քանի օրինակներով։

Ամփոփելով մեր որոշ դիտարկումները՝ նշենք, որ կարևորելով, քարոզչական նպատակով վիրտուալ տիրույթի օգտագործումը, ԱՀ պետական կառույցները սփյուռքի հետ մեկտեղ տեղեկատվական-քարոզչական ոլորտում ձգտում են գործել ընդհանուր տրամաբանության մեջ։ Այն հիմնական ուղղությունները և օրակարգը, որոնք ձևավորվում են Ադրբեջանում, գերազանցապես պայմանավորում և կարգավորում են նաև սփյուռքում գործող այն լրատվամիջոցների գործունեությունը, որոնք ստեղծվել և ֆինանսավորվել են պետական աջակցությամբ, և այն խմբերի կողմից, որոնք սատարում են Ադրբեջանի ներկայիս իշխանություններին։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ընթանում է նաև տեղեկատվական տիրույթում, անհրաժեշտ է առանձին ուսումնասիրությունների միջոցով վեր հանել ադրբեջանական սփյուռքի «մեդիա-զինանոցին» առնչվող բոլոր հիմնահարցերը, գնահատել դրանց քանակական և որակական առանձնահատկությունները։

1 Ադրբեջանական սփյուռքի մեդիա-ռեսուրսների և դրանց դերի վերաբերյալ մանրամասն տե՛ս Xaricdə diasporumuzun media fəaliyyətini qənaətbəxş saymaq olar (03.29.2016), http://www.sherg.az/site/id-15009/Az%C9%99rbaycan_h%C9%99qiq%C9%99tl%C9%99ri_d%C3%BCnya-ya_yay%C4%B1..., Г.Новрузова, Информационные ресурсы Азербайджанской Диаспоры России (12.23.2013), http://www.novoye-vremya.com/w28475/.../#.WdodMFt-rDc և Mamedov R.R, Problem of Nagorny Karabakh and Azerbaijan Diaspora, Перспективы науки, N. 3 (42), 2013, с. 66-69.

2 Азербайджанская диаспора создаст специальный фонд и координационный центр связи с информационной войной (04.06. 2016), http://ru.apa.az/azerbaydjanskaya_diaspora/azerbajdzhanskaya-diaspora-sozdast-specialnyj-fond-i-koor...

3 Гасанов Анар Мовсум оглы, Тенденции развития СМИ азербайджанской и армянской диаспор РФ, https://lomonosov-msu.ru/archive/Lomonosov_2007/09/gasanovanar.doc.pdf, տե՛ս նաև Гасанов Анар Мовсум оглы, Средства массовой информации диаспор в структуре этнической журналис-тики: на примере средств массовой информации азербайджанской диаспоры в России, 2007, Москва.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր