• am
  • ru
  • en
Версия для печати
14.11.2016

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՎԹՈՎ ՀԱՐՈՒՍՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՎՐԱ

   


Արմեն Մանվելյան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ, պ.գ.թ.

Էներգետիկ գործոնի ազդեցությունն անվտանգային դինամիկայի վրա միջազգային հարաբերությունների և անվտանգության ուսումնասիրության նորագույն ուղղություններից է։ Նման հետազոտություններով փորձ է արվում հասկանալ էներգետիկ գործոնի ազդեցությունն անվտանգային միջավայրի վրա՝ տալ դրա ազդեցության չափումը և ստեղծված աշխարհառազմավարական իրավիճակի փոփոխությունը՝ կախված այդ գործոնից:

Էներգետիկ գործոնի անվտանգային բաղադրիչի ուսումնասիրության առաջին փորձերը կատարվել են անցած դարի 70-ական թվականներին, ինչն արտահայտվել է էներգետիկ անվտանգության և էներգետիկ աշխարհաքաղաքականության տեսությունների ի հայտ գալով։ Սակայն խորքային, համակարգային հետազոտություններ, այնուամենայնիվ, գոյություն չունեն, ինչն այդ ուղղությամբ քայլեր կատարելու պահանջարկ է ստեղծում։

Անվտանգության հիմնախնդիրը

Անվտանգության հիմնախնդիրը 21-րդ դարի թիվ մեկ հարցն է, և իզուր չէ, որ շատ պետություններ փորձում են կառուցել անվտանգության իրենց համակարգերը՝ համագործակցելով այլ պետությունների հետ, կամ մաս կազմել արդեն ստեղծված ռազմաքաղաքական դաշինքների: Ժամանակը ցույց է տվել, որ միայնակ անվտանգության համակարգեր կառուցելը, առանց այլ պետությունների հետ ռազմավարական և խորքային համագործակցության ու համաձայնության՝ շատ դժվար է, և բոլորը փնտրում են ռազմաքաղաքական դաշնակիցներ անվտանգության կոլեկտիվ համակարգերի ստեղծման ու ամրապնդման համար: Սակայն շատ դեպքերում անգամ այդ դաշինքները չեն կարող անվտանգության միջազգային համակարգերի կայունության երաշխիք լինել, քանի որ տարածաշրջանային և միջազգային անվտանգության համակարգերի դինամիկան կարող է փոփոխվել՝ պայմանավորված նոր ուժերի և սպառնալիքների ի հայտ գալով: Այս օրերին անվտանգային համակարգերի դինամիկայի փոփոխությունը, օրինակ, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և աշխարհի շատ այլ շրջաններում հենց նմանատիպ փոփոխությունների վկայությունն է:

Պետք է հաշվի առնել, որ անվտանգային իրավիճակն աշխարհում փոփոխական է՝ պայմանավորված աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տեղաշարժերով։ Իսկ դրանց պատճառն անվտանգության դինամիկայի շարժն է, ինչին, իր հերթին, նպաստում են ներքին և արտաքին հիմնական խաղացողների՝ մեծ տերությունների, ինչպես նաև ներքին համակարգում ի հայտ եկող նոր ուժերի շահերի հակասությունները կամ համընկնումները:

Այս իրավիճակը կարելի է համարել բնական՝ հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում անվտանգային իրավիճակի վրա ազդող գործոնների ազդեցության աճով կամ նվազմամբ ու նաև նոր գործոնների ի հայտ գալով: Այսինքն՝ անվտանգային համակարգերի դինամիկան` դրանց շարժը, պայմանավորված է ազդեցության արտաքին և ներքին գործոնների փոփոխություններով: Անվտանգության արտաքին և ներքին համակարգերում գործող ուժերի ազդեցության աճի փոփոխությունն էլ պատճառ է հանդիսանում անվտանգության շարժի ուղղության փոփոխության: Այսինքն՝ գործող ուժերի ազդեցության աճը կամ նվազումը կարող է նպաստել, որ իրավիճակը կամ գնա դեպի կայունացում, կամ հակառակը` անվտանգային միջավայրը տանի դեպի անկայունություն:

Այսինքն՝ անվտանգային իրավիճակի փոփոխությունը` դրա դինամիկան, սրումը կամ կայունության հաստատումը, պայմանավորված է արտաքին և ներքին սպառնալիքների աճով կամ նվազմամբ: Իսկ արտաքին և ներքին սպառնալիքները կարող են տարբեր լինել՝ պայմանավորված տվյալ պետության աշխարհաքաղաքական դիրքով, աշխարհատնտեսական շահերով, հարևան պետությունների հետ հարաբերություններով, մեծ պետությունների շահերով:

Շատ կարևոր է նաև հասկանալ և կարողանալ ճիշտ գնահատել այդ պետությունների ընդունակությունը` դիմակայելու արտաքին և ներքին մարտահարավերներին, քանի որ դիմակայության այդ պաշարից է կախված, թե տեղի ունեցող զարգացումներն ինչ ուղղությամբ կընթանան:

Վերջին տարիների իրադարձությունները` պատերազմները և հեղափոխություններն ու հեղաշրջումները, հատկապես Միջին և Մերձավոր Արևելքում ու Պարսից ծոցում, հուշում են, որ ոչ բոլոր պետություններն են պատրաստ դիմակայել այդ սպառնալիքներին ու պահպանել անվտանգության սեփական համակարգը: Դրա պատճառը նրանց միակողմանի կախվածությունն է տնտեսական կամ քաղաքական որոշակի գործոններից, ինչը նրանց դարձնում է առավել խոցելի նոր մարտահրավերների առջև:

Էներգետիկ գործոնը և անվտանգության ռեսուրսը

Անվտանգային դինամիկայի վրա ազդող կարևոր գործոններից է էներգետիկ գործոնը, հատկապես երբ խոսքը Մերձավոր և Միջին Արևելքի պետությունների մասին է, որտեղ կենտրոնացած են նավթի և գազի ամենամեծ պաշարներն աշխարհում: Էներգետիկ հիմնախնդիրն այս պետությունների համար կենսական նշանակություն ունի՝ պայմանավորված այդ երկրների տնտեսական և քաղաքական համակարգերով ու էներգակիրների արտահանման շուկաներից ու գնագոյացման մեխանիզմներից դրանց կախվածությամբ:

Էներգետիկ այդ գործոնը ստեղծում է միակողմանի կախվածություն ոչ միայն տնտեսական և քաղաքական, այլև անվտանգային առումով: Իսկ անվտանգության չափումը կատարվում է՝ հաշվի առնելով առկա էներգետիկ պաշարների ծավալները: Համապատասխանաբար՝ նավթի և գազի մեծ պաշարներ ունեցող պետությունների անվտագային հնարավորությունները շատ դեպքերում ավելի գերադասելի են, քան նվազ պաշարներ ունեցող պետություններինը:

Էներգետիկ գործոնի ազդեցությունն անվտանգային համակարգերի վրա ընդհանրապես և դրա դինամիկայի վրա՝ մասնավորապես կարևոր է հասկանալ ոչ միայն առանձին վերցրած պետության դեպքում, այլև էներգակիրներով հարուստ տարածաշրջաններում ևս: Այդ պետությունների և տարածաշրջանների անվտանգության համակարգերի ձևավորումը մեծապես կախված է նավթի և գազի արդյունահանման ու արտահանման ծավալներից և համաշխարհային շուկաներում դրանց ազդեցության աստիճանից: Անվտանգային հնարավորությունները գնահատելիս կարևոր է նաև այդ տիպի պետություններում այդ ռեսուրսների գնահատման չափանիշը` ապացուցված նավթի ու գազի պաշարների հաշվարկման մեխանիզմը հասկանալը, հատկապես նավթի գների նվազման կամ աճման պայմաններում, ինչպես նաև կարևոր է էներգակիրների արդյունահանման և արտահանման հզորությունների շարունակականության մեխանիզմի գնահատումը:

Հայտնի է, որ նավթի ապացուցված պաշարները փոփոխական են՝ պայմանավորված նավթի գներով։ Միջազգային շուկայում նավթի գների աճման դեպքում վերագնահատվում են նաև այդ պետությունների ապացուցված նավթի պաշարները՝ դեպի ավելացում, և հակառակը` նվազման դեպքում դեպի նվազում։ Այսինքն՝ նավթի ապացուցված պաշարների աճի հետ միասին աճում է այդ պետությունների անվտանգության մակարդակը։ Հասկանալի է, որ գների անկումն էլ փոփոխում է նաև նավթի ապացուցված պաշարների գնահատման մեխանիզմը՝ դեպի կրճատում, համապատասխանաբար նվազեցնելով նրանց անվտանգության մակարդակը։

Նավթի գների անկումը կարող է ազդել ոչ միայն առանձին վերցրած պետությունների, այլև էներգակիրներով հարուստ տարածաշրջանների անվտանգային դինամիկայի վրա, հանգեցնելով դրանց նվազմանը և ռազմական բախումների աճի հավանականության կտրուկ բարձրացմանը։ Նավթային ռեսուրսի անվտանգային բաղադրիչը, սակայն, կախված է ոչ միայն նավթի գնից ու դրա պաշարներից, այլև այդ տիպի պետությունների կողմից նավթի արդյունահանման ու արտահանման հզորություններից։

Օրինակ, Վենեսուելան, որը տիրապետում է նավթի համաշխարհային պաշարների 17.7%-ին և այդ առումով զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը, չի հանդիսանում խոշոր նավթ արդյունահանող և արտահանող պետություն։ Շատ պետություններ, օրինակ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, տիրապետելով նավթի ավելի համեստ պաշարների, համապատասխանաբար՝ 6%, 3,2%, առանձին-առանձին հնգապատիկ ու վեցապատիկ ավելի նավթ են արդյունահանում, քան Վենեսուելան1։ Այսինքն` այդ պետությունների անվտանգության և կայունության կարևորագույն բաղադրիչներն են՝

- նավթի ապացուցված պաշարները,

- արդյունահանման հզորությունները,

- արտահանման հնարավորությունները։

Այսինքն՝ այս երեք բաղադրիչների առկայությունը և դրանց ծավալներն են այն երաշխիքները, որոնք անվտանգության որոշակի պայմաններ են ապահովում այդ պետություններում։ Շատ կարևոր են հատկապես արդյունահանման հզորությունները, որոնք, ինչպես նշեցինք, օրինակ, Վենեսուելայի դեպքում, չեն համապատասխանում վերջինիս հնարավորություններին, ինչը նվազեցնում է նրա անվտանգության մակարդակը։

Սակայն վերը նշված երեք գործոնների ազդեցությունն անվտանգային միջավայրի վրա ընդհանրապես և դրա դինամիկայի վրա՝ մասնավորապես էականորեն խախտվում է, երբ նավթի համաշխարհային շուկայում տեղի է ունենում գների անկում, ինչն իր հերթին ազդում է այդ պետությունների և տարածաշրջանների զարգացման կայունության վրա։ Այդ պետությունների խորքային կախվածությունը նավթի գործոնից հանգեցնում է նրանց կախվածության նավթի գներից, և դրա շարժը շատ զգայուն է այդ պետությունների տնտեսական ու քաղաքական համակարգերի համար։ Տեղի է ունենում նշված համակարգերի թուլացում, ինչն իր հերթին վտանգում է այդ պետությունների ներքին կայունությունը։ Ներքին կայունության խախտումն էլ հանգեցնում է առկա և նոր ի հայտ եկող արմատական՝ կրոնական, քաղաքական կամ էթնիկ ուժերի ակտիվացմանը, ինչը կարող է նոր առճակատումների և բախումների պատճառ հանդիսանալ։ Նավթի ցածր գները, եթե դրանք երկար են պահպանվում, կարող են հանգեցնել նաև արտաքին անվտանգային միջավայրի վատթարացման։ Հայտնի է, որ նավթով հարուստ որոշ պետություններ և տարածաշրջաններ ունեն նավթի գնի վրա ազդելու իրենց որոշակի ռեսուրսը, որը կարող է փոխվել՝ պայմանավորված հենց նավթի գների անկմամբ։

Միտումներ

Նավթի ցածր գները հանգեցնում են նրան, որ այդ գների փոփոխման վրա ազդելու պետությունների հնարավորությունները կրճատվում են։ Այսինքն՝ միջազգային նավթի շուկայում գնագոյացման մեխանիզմների վրա ազդեցության պաշարի նվազումը նավթով հարուստ պետությունների համար հանգեցնում է նաև արտաքին անվտանգային միջավայրի փոփոխության։ Նավթի շուկայի անկայունությունն ազդում է նավթով հարուստ տարածաշրջանների վրա՝ հանգեցնելով նրանց նկատմամբ մեծ տերությունների աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի փոփոխման։

Ներկայում Եմենում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում շարունակվող պատերազմների պատճառներից մեկն էլ հենց վերը նշված իրավիճակն է՝ պայմանավորված էներգետիկ գործոնով, դրա ազդեցության թուլացմամբ` նավթի ցածր գների պայմաններում և գների վրա ազդելու՝ պետությունների ռեսուրսի նվազմամբ: Էներգետիկ շուկայում տիրող այլ իրավիճակում մեծ տերությունները շահագրգիռ կլինեին շուտափույթ կերպով խաղաղություն հաստատել, կամ ընդհանրապես կնախընտրեին չխառնվել այնտեղ գործող քաղաքական ռեժիմների գործերին՝ թույլ չտալու համար անկայունություն ոչ միայն այդ տարածաշրջաններում, այլև նավթի շուկայում: Սակայն ներկայում նավթի շուկայում տիրող այս իրավիճակում կայունության և խաղաղության հաստատումը քիչ հավանական է, իսկ անվտանգության դինամիկան սահուն կերպով ներքև է սլանում, ինչը կշարունակվի այդ տարածաշրջաններում այնքան ժամանակ, մինչև արմատապես չփոխվի իրավիճակը նավթի համաշխարհային շուկայում:

1 BP Statistical Review of World Energy, June 2016, http://bp.com/statisticalreview


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր