
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Նախաբան
Հայկական հանրությունում շարունակաբար ընթանում են քննարկումներ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից ՀՀ-ի, ԼՂՀ-ի և ընդհանրապես Հայության դեմ սանձազերծված տեղեկատվական սադրանքների և տարաբնույթ այլ գործողությունների շուրջ։ Անհրաժեշտ է փաստել, որ մինչև վերջերս այդ խնդիրը կարծես չէր ընկալվում որպես լուրջ մարտահրավեր մեր ազգային անվտանգությանը։ Հնարավոր է` նման իրավիճակը մասամբ պայմանավորված էր նրանով, որ ադրբեջանական տեղեկատվական գործողություններն իրենց բովանդակությամբ մտացածին էին և հեռու որևէ քաղաքական, փաստագրական կամ գիտական իրողությունից։
Մինչդեռ հայտնի է, որ արդի ժամանակաշրջանում իրադարձությունների համապատասխան մեկնաբանումը և հոգեբանական ընկալումը հաճախ ավելի կարևոր են, քան տեղի ունեցածի էությունը և բովանդակությունը։ Նշենք նաև, որ Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունը ծառայում է այդ երկրում նոր ձևավորվող հանրության յուրովի ինքնահաստատման գործին և սերմանում է ազգային ագրեսիվ, ռևանշիստական բնույթի գաղափարախոսություն։ Խնդիրը վերոնշյալ հանգամանքների համատեքստում ընկալելու պարագայում պետք է փաստել, որ ադրբեջանական տեղեկատվական գործոնի ակտիվ ներկայությունը գլոբալ ինֆորմացիոն դաշտում լուրջ մարտահրավեր է հայկական պետությունների և Հայության համար։
Մեր պետական համակարգում տեղեկատվական գործոնի և սպառնալիքների կարևորման միտումը հստակ արտահայտվեց 2008թ., ՀՀ նախագահի ծրագրային ելույթներից հետո։ Արդյունքում` ՀՀ նախագահին կից հանրապետության Անվտանգության խորհրդի կողմից ստեղծվեց տեղեկատվական անվտանգության (ՏԱ) խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողով, որը ոչ միայն մշակեց ՀՀ ՏԱ հայեցակարգը, այլև ակտուալացրեց խնդիրը պետական-քաղաքական հարթությունում։
Նկատենք, որ այս աշխատության ի հայտ գալը նույնպես զգալի չափով պայմանավորված է այդ գործընթացներով։ Հատկանշական է նաև, որ այս հետազոտությունն արդյունք է միջգերատեսչական-կոլեկտիվ աշխատանքի, որին մասնակցել են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետները։ Աշխատանքի կազմակերպման նման միջդիսցիպլինար ոճը հատկապես արդյունավետ է պատմամշակութային, սոցիոհոգեբանական, ռազմաքաղաքական, տեխնոլոգիական և բազմաթիվ այլ բաղադրամասերի ամբողջություն կազմող ՏԱ ոլորտի հետազոտություններում։
Ակնհայտ է, որ մեր հանրության դեմ ուղղված տեղեկատվական մարտահրավերները և խնդիրները չեն սահմանափակվում միայն ադրբեջանական գործոնով։ Միևնույն ժամանակ, ստեղծված իրադրությունում ընտրված թեման, անկասկած, ամենաարդիականն է։ Հարկ է շեշտել, որ ինչպես ԼՂՀ-ի շուրջ զինված հակամարտությունում, այնպես էլ ներկա տեղեկատվական պատերազմում նախահարձակը հարևան հանրապետությունն է։ Ակնհայտ է նաև, որ քաղաքակրթական անհրաժեշտ ավանդույթներ և բավարար հոգևոր-մտավոր ռեսուրսներ չունեցող նորաստեղծ Ադրբեջանը տեղեկատվական այս հակամարտությունում,
ինչպես և ժամանակին ռազմական հակամարտությունում, նույնպես պարտվելու է։
Միևնույն ժամանակ, ցանկացած հաղթանակի գրավականներից է հակառակորդի ռազմավարության ճանաչումը։ Այդ համատեքստում ադրբեջանական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունն ավելի քան հրատապ խնդիր է։ Նման հետազոտությունների համալիրը թույլ կտա էլ ավելի իմաստավորել և համակարգել սեփական գործողությունները։
Աշխատության նպատակն է Ադրբեջանի կողմից տեղեկատվական ոլորտում կիրառվող մեթոդաբանության առանձնահատկությունների բացահայտումը և այդ երկրում առկա որոշ տեղեկատվական ռեսուրսների ներկա իրավիճակի լուսաբանումը։
Առաջին գլխում ներկայացված են ՏԱ և տեղեկատվական պատերազմ հասկացությունների վերաբերյալ արդիական պատկերացումները, որոնց հետ հարաբերվում են ՀՀ ՏԱ խնդիրները՝ ադրբեջանական ինֆոքաղաքականության համատեքստում։ Երկրորդ գլխում քննարկվել են ադրբեջանական հակահայկական ինֆոքաղաքականության համակարգը և տեղեկատվական գործողություններում կիրառվող մեթոդաբանությունը։ Երրորդ գլխում կոնկրետ օրինակների վրա դիտարկվել են այն տեխնոլոգիաները և մեթոդները, որոնք օգտագործվում են ադրբեջանական ԶԼՄ-ում հայի` որպես «թշնամու կերպարի», ձևավորման նպատակով։ Ադրբեջանի կողմից իրագործվող «էլեկտրոնային-հաքերային» հարձակումների առանձնահատկությունները քննարկվել են չորրորդ գլխում։ Գրքի վերջին մասում բերված են փաստագրական տվյալներ ակտիվ տեղեկատվական դերակատարում ունեցող ադրբեջանական տարաբնույթ կենտրոնների մասին։