
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻ. ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ-ում ՉԺՀ դեսպանություն
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամ
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻ.
ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
միջազգային գիտաժողովի նյութեր
21 նոյեմբերի, 2018թ.
Երևան
ԹԻԱՆ ԷՐԼՈՒՆ
ՀՀ-ում ՉԺՀ
Արտակարգ և լիազոր դեսպան
Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք,
սիրելի բարեկամներ
Բարի առավոտ
Ուրախ եմ այսօրվա միջազգային գիտաժողովին մասնակցելու հնարավորության համար, որը նվիրված է, ըստ մեզ, մեծ իրադարձության՝ Չինաստանի բարեփոխումների և բաց քաղաքականության 40-ամյակին։ Փաստը, որ այսօր այստեղ հավաքվել են բազմաթիվ հայ բարեկամներ, գիտնականներ և մասնագետներ՝ թեմայի շուրջ մտքերի խորացված փոխանակման համար, վկայում է այն մասին, որ Հայաստանում մեծ ուշադրությամբ հետևում են արդի Չինաստանի զարգացմանը, բարեփոխումների և բաց քաղաքականության անցկացման ընթացքին, ինչպես նաև ողջ աշխարհի համար այդ քաղաքականության կարևոր նշանակությանն ու հեռուն գնացող ազդեցությանը։
Ինչպես հայտնի է, 1978թ. դեկտեմբերին, ՉԿԿ Կենտկոմի 11-րդ գումարման 3-րդ պլենումում, Չինաստանի ականավոր պետական գործիչ պարոն Դեն Սյաոպինի նախաձեռնությամբ տրվեց պատմական՝ բարեփոխումների և բաց դռների քաղաքականության մեկնարկը։ Ինչպես նշեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինփինը, «բարեփոխումների և բաց քաղաքականության անցկացումը վճռորոշ է Չինաստանի համար։ 30 տարվա ընթացքում տեղի են ունեցել Չինաստանի կերպարի վիթխարի փոփոխություններ»։ Տեղի է ունեցել պատմական մեծ բեկում երկրի զարգացման մեջ։ Խոսքը Չինաստանի և համաշխարհային զարգացման պատմության ֆենոմենի, նախ՝ երկրի շարունակական և դինամիկ զարգացման մասին է։ Բավական է ասել, որ 40 տարվա ընթացքում Չինաստանի ՀՆԱ-ն ավելացել է ավելի քան 30 անգամ, իսկ տարեկան միջին աճը կազմել է 9.5%։ Այդ ընթացքում զգալիորեն ամրապնդվել է պետության ընդհանուր հզորությունը։ Չինաստանը հետամնաց երկրից (այն ժամանակ՝ բարեփոխումների սկզբում, աշխարհի 11-րդ տնտեսությունն էր) վերածվել է աշխարհի երկրորդ տնտեսության։ Դարձել է արդյունաբերական ապրանքների խոշորագույն արտադրողը, արտաքին առևտրի ամենամեծ ծավալը և ոսկու-արժույթի ամենամեծ պաշարներն ունեցող երկիրն աշխարհում։ Մի քանի տարի շարունակ չինական տնտեսության աճը կազմում է համաշխարհային տնտեսական աճի ավելի քան 30%-ը։ Երկրորդ՝ սա նշանակում է ժողովրդի բարեկեցության շարունակական բարելավում։ Եթե, ասենք, 1978թ. մեկ շնչին միջինը բաժին ընկնող ՀՆԱ-ն Չինաստանում կազմում էր ընդամենը 381 յուան, ապա 2018թ. այդ ցուցանիշն աճել է մինչև գրեթե 60.000 յուան (մոտ $8.800), այսինքն՝ ավելացել է 22.5 անգամ, տարեկան միջինը 8.5% աճով։ Չինաստանը մտել է աշխարհում միջին կամ միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների շարքը։ Երկրի տնտեսական աճն ապահովում է (սա շատ կարևոր է) բնակչության կենսամակարդակի կայուն բարձրացում և սոցիալական ապահովության համակարգի անընդհատ կատարելագործում, ինչը թույլ է տալիս մեր ժողովրդին ավելի վստահ լինել վաղվա օրվա հանդեպ, ավելի անվտանգ ու անխոցելի և, ի վերջո, ավելի երջանիկ։
40 տարիների ընթացքում Չինաստանում ընդհանուր առմամբ 740 մլն մարդ թոթափել է աղքատությունը, ձևավորվել է, թերևս, աշխարհում միջին եկամուտներ ունեցող մարդկանց ամենաստվար շերտը։ Երկրի եռափուլ զարգացման՝ ՉԿԿ 19-րդ համագումարում մշակված ռազմավարական պլանի համաձայն՝ 2020թ., այսինքն՝ երկու տարի հետո Չինաստանում վերջնականապես կառուցված է լինելու այսպես կոչված «միջին ապահովվածության հասարակությունը»՝ ըստ Կոնֆուցիուսի, ի բարօրություն երկրի բնակչության ավելի քան մեկ միլիարդ չորս հարյուր միլիոն մարդու։
Երրորդ՝ Չինաստանը լիովին ինտեգրված է շրջակա աշխարհին։ Չինաստանի և շրջակա աշխարհի փոխհարաբերությունները 40 տարիների ընթացքում պատմական փոփոխությունների են ենթարկվել։ Հավատարիմ մնալով բաց դռների քաղաքականությանը՝ Չինաստանն արմատական անցում է կատարել փակ կամ կիսափակ քաղաքականությունից համակողմանի բաց քաղաքականության։ Այսպիսով, Չինաստանը սեփական զարգացումը սերտորեն կապում է գլոբալ զարգացումների հետ՝ օտարերկրյա կապիտալի և առաջավոր տեխնոլոգիաների ներգրավումը համադրելով դեպի միջազգային շուկա չինական կապիտալի դուրս գալու և միջազգային ներդրումային համագործակցության ակտիվացման հետ, համատեղ զարգացման շանսերը կիսում է աշխարհի բոլոր երկրների հետ։ Չինաստանն ակտիվ մասնակցություն է ունենում գլոբալ այնպիսի բազմակողմանի մեխանիզմների գործունեության մեջ, ինչպիսին են ՄԱԿ-ը և ԱՀԿ-ն, հանդես է գալիս հօգուտ համամարդկային ճակատագրի ընկերակցության կերտման, նախաձեռնել է «Մետաքսի ճանապարհ» և «Ծովային մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու համատեղ կառուցումը։ Դրանով իսկ Չինաստանը ծանրակշիռ ավանդ է ներդնում գլոբալ զարգացման և գլոբալ կառավարման համակարգի բարեփոխման մեջ։
Ո՞րն է բարեփոխումների և բաց քաղաքականության հաջողության գաղտնիքը։ Կարծում եմ, սա էլ հենց կլինի այսօրվա գիտաժողովի հետաքրքիր բանավեճի թեման։ Ցանկանում եմ առանձնացնել, ըստ իս, մի քանի կարևոր գործոններ։ Առաջինը և ամենագլխավորը, թերևս, այդ զարգացման ճանապարհի որոնումները և ընտրությունն են, ինչն առավելագույնն է համապատասխանում մեր երկրի կոնկրետ իրողություններին, այն է՝ չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի ճանապարհը։ Միևնույն ժամանակ, Չինաստանը բաց է այլ երկրների առաջավոր փորձը փոխառելու, բայց ոչ երբեք այլ երկրների զարգացման մոդելները կույր պատճենելու հարցում։ Ելնելով այն բանից, որ գոյություն չունի բոլոր հիվանդությունները բուժելու դեղամիջոց, ուրեմն՝ չկա նաև բոլոր երկրների խնդիրները լուծելու ունիվերսալ մոդել։
Երկրորդ՝ բարեփոխումների և բաց դռների քաղաքականությունը համապատասխանում է չինացի ժողովրդի՝ ավելի լավ, ավելի երջանիկ կյանքի ակնկալիքներին ու ձգտումներին, վայելում է համընդհանուր սատարում և, որպես արդյունք, դրանում լիովին դրսևորվում է մեր ժողովրդի ստեղծարար ուժը։ Ինչպես վերջերս նշեց նախագահ Սի Ձինփինը, ժամանակակից Չինաստանի ձեռքբերումներն արդյունք են չինացի ժողովրդի անձնուրաց աշխատանքի։ Կարելի է ասել, որ աշխատասեր չինացի ժողովուրդը 40 տարիների ընթացքում հրաշք է գործել։ Երրորդ՝ բարեփոխումների և բաց դռների քաղաքականությունը համընթաց է ժամանակին և գլոբալ ինտեգրման ու համատեղ զարգացման ընդհանուր միտմանը։
Պրակտիկան ցույց է տալիս, որ բաց քաղաքականությունը տանում է դեպի առաջընթաց, մինչդեռ փակ լինելը՝ դեպի հետամնացություն։ Այս տարի նախագահ Սի Ձինփինը կրկին ընդգծեց, որ Չինաստանի դարպասները չեն փակվելու, դրանք էլ ավելի լայն են բացվելու։ Այս համատեքստում Չինաստանը հետագայում ևս կշարունակի զարգացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, խորացնել փոխշահավետ միջազգային համագործակցությունը, ջանքեր գործադրել նոր տիպի միջազգային հարաբերություններ և համամարդկային ճակատագրի ընկերակցություն ձևավորելու ուղղությամբ։
Չին-հայկական բարեկամական կապերը վաղեմի ավանդույթ ունեն, որոնց արմատները գնում են դեպի հնագույն «Մետաքսի ճանապարհի» դարաշրջանի խորքերը։ Մեր երկրների միջև 1992թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Չինաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են առողջ և կայուն հիմքի վրա։ Դրանք բնութագրվում են փոխադարձ վստահության բարձր մակարդակով, տնտեսական համագործակցության և հումանիտար փոխանակումների զարգացման լավ դինամիկայով։ Ես համոզված եմ, որ Չինաստանի հետագա քայլերը բարեփոխումների և բաց քաղաքականության ուղղությամբ նոր տարածք, նոր հնարավորություններ կընձեռեն չին-հայկական համագործակցության խորացման համար։
Վերջում ցանկանում եմ մեկ անգամ ևս ողջունել այսօրվա գիտաժողովի բոլոր մասնակիցներին, երախտագիտություն հայտնել «Նորավանք» հիմնադրամին կազմակերպչական մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթել մեր այսօրվա գիտաժողովին։
Շնորհակալություն։
