
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ 2015Թ. ՍԵՂՄ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2015թ. Հիմնադրամի 4 հետազոտական կենտրոնների (Հայագիտական, Քաղաքական և Տեղեկատվական հետազոտությունների, Ուսումնական) 15 փորձագետները և 3 արտահաստիքային խորհրդականները (պրոֆ. Ա.Թավադյան, տ.գ.թ. Ա.Թևիկյան և ս.գ.թ. Ս.Մանուկյան) հեղինակել և հրատարակել են 84 հոդված և 3 գիրք, տարբեր գիտաժողովներում և սեմինարներում հանդես են եկել 43 զեկույցով։ Հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամը կազմակերպել է 12 սեմինար և 6 գիտաժողով, ինչպես նաև Ուսումնական ծրագրով դասընթացներ՝ 19 դասախոսություն։ 2015թ. «Նորավանք» ԳԿՀ-ն հրատարակել է 24 համար ամսագիր։
Հիմնադրամի փորձագետները մոտ 100 հարցազրույցներով և հրապարակումներով հանդես են եկել ՀՀ և արտասահմանյան ԶԼՄ-ում։
2015թ. «Նորավանք» ԳԿՀ-ում աշխատանքները հիմնականում կատարվել են «Ազգային անվտանգություն», «Հայկական հանրության անվտանգություն» և «Տեղեկատվական անվտանգություն» ուղղություններով՝ միջդիսցիպլինար մոտեցումների հիման վրա։
Ազգային անվտանգություն
- Մշակվել են բազմաբևեռ իրողություններում ծայրահեղականության գլոբալ տարածման օրինաչափությունների վերաբերյալ հայեցակարգային դրույթներ, որոնցում, մասնավորապես՝ «փափուկ ուժի» ռազմավարության համատեքստում, կարևորվում է «ուղեղային կենտրոնների» (ՈւԿ) դերակատարումը։ Այդ դրույթները տեղայնացվել են ՀՀ և ԼՂՀ անվտանգության համատեքստում, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ կազմվել է ՀՀ և տարածաշրջանի ՈւԿ-ների վերաբերյալ վերլուծական տեղեկատու, որը հրապարակվել է 2 գրքով։
Ծայրահեղականության տարածման վերաբերյալ ընդհանրական դրույթները հավանության են արժանացել շահագրգիռ կառույցների կողմից։ ՌԴ ՊՆ կողմից ստացվել է հրավեր՝ մասնակցելու Միջազգային անվտանգության Մոսկովյան 5-րդ գիտաժողովի աշխատանքներին, իսկ «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային ֆորումի մրցույթում աշխատանքը ճանաչվել է հաղթող և վերահրատարակվել է ՌԴ գիտական ամսագրում։ - Կատարվել և կատարվում է տարածաշրջանի երկրների ռազմաքաղաքական զարգացումների մոնիթորինգ, որի արդյունքների հիման վրա կազմվելու է վերլուծական տարեգիրք։
Հայկական հանրության անվտանգություն
- Հայագիտական կենտրոնի կողմից Սփյուռքի ներուժի ուսումնասիրությունների հիման վրա (ամփոփված են 12 գրքում) մշակվել է Հայաստան-Սփյուռք առցանց համալսարանի (ADU) հայեցակարգը. ենթադրվում է շուրջ 600 սփյուռքահայ մասնագետների մասնակցությունը։ ADU-ի ձևաչափում ներկայացվող հնարավոր թեմաները փորձարկվել են Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված մոտ 20 դասախոսություններում։
- Մշակվել են Հայկական հանրության ներուժի կազմակերպմանը վերաբերող դրույթներ, որոնք «ծառայողական զեկույցի» ձևաչափով ներկայացվել են ՀՀ Սփյուռքի նախարարություն։
- «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից մշակված «Պատմությունը որպես կրիտիկական ենթակառուցվածք» հայեցակարգի համատեքստում կատարվել է Երկրորդ Հանրապետությունում Ցեղասպանության 50-ամյա տարելիցի հետ կապված գործընթացների ուսումնասիրություն, որը ՀՀ ՍՆ-ի աջակցությամբ հրատարակվել է առանձին գրքով։
- Հայկական հանրության անվտանգության համատեքստում կատարվել և կատարվում են ուսումնասիրություններ Ուկրաինայի հայ համայնքի արդի իրավիճակի վերաբերյալ։
Տեղեկատվական անվտանգություն
- Ելնելով այն իրողությունից, որ ՀՀ-ում առայսօր բացակայում է «Տեղեկատվական անվտանգություն» առարկային նվիրված դասընթաց, ՀՀ ԿԳՆ և ԳՊԿ աջակցությամբ ձեռնարկվել է նման դասընթացի ստեղծում։ Գործընթացում ներգրավված է մոտ 15 փորձագետ, որոնցից մի քանիսը՝ արտերկրից։ 2015թ. կատարվել է աշխատանքների մոտ 40%-ը, 2016-ին ծրագրվում է ավարտել բովանդակային մասը և ձեռնարկը հրատարակել 2017-ին։
- Կատարվել է ՀՀ տեղեկատվական դաշտում օգտագործվող իդեոլոգեմների բովանդակային (կոնտենտ) վերլուծություն։
Հիմնադրամի հրատարակչական-տեղեկատվական գործունեությունը
- 2015-ին հրատարակվել են 3 գիրք (2-ը՝ ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնի հետ համատեղ) և 24 ամսագիր (հրատարակությունների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 350 գիրք, ամսագիր և հատուկ զեկույց)։
- Հիմնադրամի կայքի (պարունակում է մոտ 7000 նյութ և հանդիսանում է ՀՀ առաջատար վերլուծական ռեսուրսը) այցելությունների աշխարհագրությունն ընդգրկում է 145 երկիր, տարեկան այցելությունների թիվը կազմել է շուրջ 220.000, իսկ էջերի ընթերցումը՝ մոտ 600.000։
«Քաղաքագիտություն» բաժնում Հիմնադրամի կայքը Rambler վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, իսկ Openstat-ում՝ 10-րդ հորիզոնականը։
Համագործակցությունն այլ կառույցների հետ
Հիմնադրամի կողմից մշակած «ՍԻՆԵՐԳԻԱ» նախագծի շրջանակներում համագործակցում է 21 հայկական և օտարերկրյա կառույցների հետ, որոնցից ներքոնշյալների հետ 2015-ին իրագործել է հետևյալ աշխատանքները.
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ – «Գլոբուս» վերլուծական հանդեսի համատեղ հրատարակում,
- ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և ՀՀ Գիտության պետական կոմիտե – աջակցում են «Տեղեկատվական անվտանգություն» ձեռնարկի ստեղծմանը,
- ՀՀ Սփյուռքի նախարարություն – «Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը և Երկրորդ Հանրապետությունը» գրքի համատեղ հրատարակում,
- «Հայք» հաստատություն – խորհրդատվական և տեղեկատվական մշտական համագործակցություն,
- ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոն – իրագործվել է տարածաշրջանի վերլուծական կենտրոններին նվիրված համատեղ նախագիծ, հրատարակվել է 2 գիրք՝ «Տարածաշրջանի հետազոտական կենտրոնները (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա)» և «Հայաստանի բուհական վերլուծական կենտրոնները»,
- «LEDRA» քոլեջ (Նիկոսիա) – հրատարակվել է համատեղ ամսագիր, ընթանում են աշխատանքներ ազգերի ինքնորոշման խնդրին նվիրված գրքի (“The Rage of War”) հրատարակման, «Տեղեկատվական անվտանգություն» ձեռնարկի ստեղծման և ADU նախագծի իրականացման ուղղություններով,
- «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ – կազմակերպվել են համատեղ գիտաժողովներ, սեմինարներ և դասախոսություններ,
- «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային ֆորում (Վիեննա) – ընթանում է համատեղ «ուղեղային կենտրոնի» ձևավորման աշխատանք,
- «Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոն» (Մոսկվա) – ընթանում են համատեղ աշխատանքներ «Տեղեկատվական անվտանգություն» ձեռնարկի ստեղծման ուղղությամբ,
- «Ռազմավարական հետազոտությունների կենտրոն» (Աթենք) – ընթանում են աշխատանքներ «Հոգևոր մոտ ազգերի համագործակցություն» շարժում կազմակերպելու ուղղությամբ, ստեղծվել է համապատասխան կայքի մակետ,
- ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ – համատեղ աշխատանք «Տեղեկատվական անվտանգություն» ձեռնարկի ստեղծման ուղղությամբ։