
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 50-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ավագ Հարությունյան
Հայ պատմագրության մեջ առաջին անգամ արխիվային սկզբնաղբյուրների, պարբերական մամուլի և գրականության լայն ու համակողմանի օգտագործմամբ ներկայացվել և վերլուծվել են 1965թ. Հայաստանի Երկրորդ Հանրապետությունում Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի ոգեկոչման պատմա-քաղաքական գործընթացը, կուսակցական-պետական հանդիսություններն ու համաժողովրդական ցույցերը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Գրողների միության դերակատարությունը, Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնումը և Սփյուռքի կոմիտեի ձևավորումը, ինչպես նաև Արցախյան հարցի վերարծարծումը և 1970-1980-ական թվականներին Հայոց ցեղասպանության ոգեկոչման մանրամասները:
Աշխատությունը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:
ՆԱԽԱԲԱՆ
Նշանավոր արձակագիր, հրապարակախոս և հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի դիպուկ բնորոշմամբ. «Քառասունհինգ տարի, 1920-ից մինչև 1965 թվականը, ամեն ապրիլի 24-ը մենք նույնիսկ զրկված էինք… տխրելու իրավունքից: Այդ ամենը, հասկանալի է, վիրավորում էր մեր ազգային ինքնասիրությունը՝ տարեցտարի գերլարման հասցնելով մեր ազգային համբերության և արժանապատվության պրկված զսպանակը: Եվ 1965-ին, Մեծ ցեղասպանության 50-ամյա տարելիցի օրը, այդ զսպանակը պայթեց»1:
Եղեռնի 50-ամյակի նշանավորում-ոգեկոչումը հիմնականում պայմանավորված էր նաև երկու նկատառումով. Եղեռնի թեմայի շուրջ սփյուռքահայ համայնքների միավորմամբ ու միակ Հայրենիքի` Խորհրդային Հայաստանի շուրջ համախմբմամբ, և Ի.Ստալինի մահից հետո ԽՍՀՄ-ում ստեղծված որոշակի «ազատականացման» մթնոլորտով: Հանուն ճշմարտության պարտավոր ենք փաստել, որ եթե տվյալ ժամանակահատվածում Խորհրդային Հայաստանի կառավարման ղեկին չլիներ հայրենասիրական նվիրյալ դիրքորոշմամբ և քաղաքացիական խիզախ կեցվածքով վճռակամ Յակով Զարոբյանը, ապա միջոցառումների շարքը լավագույն դեպքում կվերածվեր խորհրդային արարողակարգային սովորական տոնակատարության:
Բավական է, որ նա մատների արանքով նայեր ու մոտենար այդպիսի ոչ սովետական ու ոչ կոմունիստական հարցին, ինչն այն ժամանակ հասկանալի և ընթացակարգային կհամարվեր, ու ղեկավարի պաշտոնն էլ կպահպաներ, և առնվազն Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի կառուցումը կհետաձգվեր անորոշ ժամանակով: 1965թ. հետո ԽՍՀՄ-ում սկսվեց սուսլովյան պահպանողականության հաղթարշավը` այսպես կոչված «լճացման տարիները»: Հիշենք, որ Հայոց ցեղասպանության 20-րդ, 30-րդ, 40-րդ տարելիցները բացարձակապես լռության, մոռացության էին մատնված, իսկ 60-րդ, 70-րդ տարելիցների «նշմանը» հիմնականում ընթացակարգային բնույթ տրվեց:
1Տե՛ս Պետրոսյան Վ., Մեր ժողովուրդը իմն է` ինչպես… իմ վիշտը, Ե., 2003, էջ 133: