• am
  • ru
  • en
 
19.12.2013

ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

Կազմակերպչական խնդիրներ և համագործակցության հեռանկարներ

Հետազոտությունը նվիրված է Սփյուռքի գիտավերլուծական ներուժի բացահայտմանն ու գնահատմանը։ Փորձ է կատարվել վերհանել արտերկրի ակադեմիական կառույցներում և «ուղեղային կենտրոններում» աշխատող հայկական մտավոր ռեսուրսները։ Ձևավորվել է գիտավերլուծական աշխատանքով զբաղվող սփյուռքահայ մասնագետների տվյալների շտեմարան։

Հետազոտության առանցքային խնդիրներից մեկը սփյուռքահայ մտավոր ներուժի ուղղորդումն է ազգային խնդիրների լուծմանը։ Այդ նպատակով մշակվել են սփյուռքահայ և հայաստանյան գիտնականների, փորձագետների համագործակցության մեխանիզմներ։

Գիրքը (9.3 MB) նախատեսված է մասնագետների և ընթերցողների լայն շրջանակի համար։


ԱՄՓՈՓՈՒՄ

Հետազոտության արդյունքներից հետևում է, որ արտերկրի գիտավերլուծական կառույցներում աշխատում են մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Ներկայացվել են տեղեկություններ ավելի քան 500 մասնագետների մասին, սակայն այս թիվը հեռու է սպառիչ լինելուց։ Նրանց մեծ մասը գործում է երկու առանցքային երկրում՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Ռուսաստանում սույն աշխատության մեջ դիտարկված հայ մասնագետների թիվը գերազանցում է 250-ը, իսկ ԱՄՆ-ում՝ 120-ը։

Միևնույն ժամանակ, մեր ստացած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ արտերկրի հայ գիտավերլուծական հանրությունը, ընդհանուր առմամբ, համախմբված չէ։ Սփյուռքում չափազանց քիչ են հայ գիտնականներին և վերլուծաբաններին միավորող ինստիտուցիոնալ կառույցները։ Մտահոգիչ է նաև այն, որ հայ մասնագետները միշտ չէ, որ կապ են պահպանում և համագործակցում իրենց հայաստանյան գործընկերների հետ։

Վերոհիշյալ մտահոգիչ երևույթների վերհանումը կամ «ախտորոշումը» հուշում է Սփյուռքի գիտավերլուծական հանրության հետ տարվելիք աշխատանքի հիմնական նպատակներն ու օրակարգը։ Որպես այդպիսի խնդիրներ կարելի է մատնանշել հետևյալները.

1. Արտասահմանյան երկրներում աշխատող հայ գիտնականների և վերլուծաբանների միջև փոխադարձ կապերի աշխուժացումը։ Ատոմացվածության հաղթահարմանն ուղղված այս խնդրի լուծումը ենթադրում է արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչ գիտնականների և փորձագետների տարբեր ձևաչափերով համագործակցության և փոխադարձ շփումների ընդհանուր դաշտի ապահովում։

Այս հարցի լուծման տեսակետից կարևոր նշանակություն ունի նաև Սփյուռքի համայնքներում հայ գիտնականներին միավորող ինստիտուցիոնալ կառույցների ստեղծումը։

2. Սփյուռքի հայ գիտնականների և վերլուծաբանների կողմից Հայաստանի համար հրատապ հետազոտությունների խթանումը։ Սույն խնդիրը նպատակ ունի Սփյուռքի հայ մտավոր ներուժը համադասել համազգային խնդիրների իրականացմանը։ Անհրաժեշտ է արտերկրի ակադեմիական կառույցներում և վերլուծական կենտրոններում աշխատող հայ մասնագետների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք կատարեն նաև հետազոտություններ և նախագծեր Հայաստանի համար հրատապ խնդիրների վերաբերյալ։

3. Հայաստանի հետ կապերի ամրապնդումը։ Այս խնդիրը նպատակ է հետապնդում խթանել գիտավերլուծական աշխատանքի բնագավառում Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը։ Արդի փուլում ստեղծված իրողությունները հուշում են, որ մտավոր գործունեության ոլորտում Հայրենիք-Սփյուռք համագործակցության հարցում նպատակահարմար է շեշտը դնել հեռավար աշխատանքի վրա։ Այն ենթադրում է արտերկրի հայ գիտնականներին և փորձագետներին անհատական և կոլեկտիվ հետազոտությունների պատվիրում, ժամանակակից հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառմամբ առցանց գիտաժողովների, աշխատաժողովների, դասախոսությունների կազմակերպում և այլն։ Գիտավերլուծական աշխատանքի բնագավառում Հայրենիք-Սփյուռք համակարգված փոխգործակցության ապահովման տեսակետից կարևորագույն նշանակություն կարող է ունենալ Հայաստանի և Սփյուռքի գիտական և փորձագիտական հանրությունները միավորող համազգային ցանցային կառույցի գործունեությունը։ Որպես նման կառույց կարելի է դիտել 2012թ. Հայաստանում ձևավորված, բայց դեռ իրապես չգործող Հայկական հետազոտությունների ցանցային ինստիտուտը (ՀՀՑԻ)։

Ինչպես ցույց է տալիս միջազգային (մասնավորապես՝ չինական և հրեական) փորձը, գիտավերլուծական աշխատանքի բնագավառում Սփյուռքի հետ համակարգված փոխգործակցությունն էական նշանակություն ունի կոնկրետ պետությունների և ազգերի զարգացման համատեքստում։