ԱՄՆ-ն կփորձի Նեջադին նույնացնել Սադամ Հուսեյնին

Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում պահպանողականների հաղթանակի արդյունքում տարածաշրջանային հնարավոր փոփոխությունների, Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացումների շուրջ իր տեսակետներն է ներկայացնում «Նորավանք» հիմնադրամի փորձագետ Սևակ Սարուխանյանը։
-Ինչպե՞ս կմեկնաբանեիք Իրանում պահպանողականների հաղթանակը։
-Իրանի նախագահական ընտրություններն ավարտվեցին իշխանության կոնսոլիդացիայով։ Մահմուդ Ահմադի Նեջադը, դառնալով Իրանի նախագահ, վերցրեց այն միակ պաշտոնական դիրքը, որը դեռ պահպանում էին բարեփոխումների կողմնակիցները։ Սակայն լուրջ փոփոխություններ Իրանի ներքաղաքական և արտաքին քաղաքական ասպարեզում սպասելի չեն այն կոնտեքստում, որ Իրանը ինքը չի գնա որոշակի փոփոխությունների, քանի որ այն դիրքը և այն քաղաքականությունը, որ այսօր Իրանում տարվում է, համարվում է օպտիմալ։ Կլինեն որոշակի ճշգրտումներ, սակայն, ինչպես հայտարարեց նորընտիր նախագահը իր առաջին ասուլիսում, Իրանը կշարունակի հարաբերությունների լավացման քաղաքականությունը Եվրոպական Միության հետ, կշարունակի հետազոտությունները խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման բնագավառում և կշարժվի մարդու իրավունքների պաշտպանության պահպանման ճանապարհով, ինչը որոշակիորեն համընկնում է Ռաֆսանջանիի ծրագրին։ Սա՝ առաջին հերթին։ Երկրորդը՝ նախագահի պաշտոնը Իրանում առաջնային չէ, քանի երկրի ղեկավար համարվում է հոգևոր առաջնորդ Ա. Խամենեին։
-Ինչպիսի՞ փոփոխություններ կարող ենք սպասել Իրան-Հայաստան հարաբերությունների առումով՝ հաշվի առնելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
-Այս հաղթանակը հայ-իրանական հարաբերություններում բացասական հետևանք չի ունենա։ Պահպանողականները, ունենալով վառ ընդգծված հակաամերիկյան գիծ, որոշակիորեն կպահպանեն ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունները Ադրբեջանի հետ այն պատճառով, որ Ադրբեջանը, այսպես թե այնպես, պատրաստվում է իր տարածքում տեղակայել ամերիկյան ռազմակայաններ, ինչին ընդդիմանում է Իրանը։ Այս տեսակետից որոշակի փոփոխություններ բուն հայ-իրանական հարաբերություններում ես չեմ տեսնում։
-Պահպանողականների հաղթանակը կարո՞ղ է ազդել իրանահայ համայնքի վրա՝ հաշվի առնելով, որ հայերը քրիստոնյա են և ավելի եվրոպական արժեքների են հարում։ Ի՞նչ եք կարծում, իրանահայերի հոսքը դեպի Հայաստան կմեծանա՞, իհարկե, ոչ թե քաղաքական ճնշումների, այլ սահմանափակումների հետևանքով։
-Դուք շատ ճիշտ նշեցիք, որ ոչ թե ճնշումների պատճառով, այլ եթե նորընտիր նախագահը սկսի իրականացնել հասարակական կարգին առնչվող իր որոշակի ծրագրերը։ Ոչ միայն քրիստոնյաների, ինչու չէ, նաև իրանցի մտավորական շերտի համար պայմաններն կվատթարանան, իսկ հայերը ավելի եվրոպական և քրիստոնյա արժեքների կրող են, և հասարակական կարգի նոր փոփոխությունները՝ առանձին վերելակներ կանանց և տղամարդկանց համար, գունավոր գլխաշորերի փոփոխությունը սևի և այլն, կարող են որոշակի ազդակներ լինել։ Սակայն զուտ իրավական տեսակետից հակահայկական ոչ մի բան տեղի չի ունենա, քանի որ ինչպես բարեփոխիչները, այնպես էլ պահպանողականները հակահայկական տրամադրություններ չունեն։ Մյուս կողմից՝ ինձ չի թվում, թե նոր նախագահը իր ծրագրերի իրականացման գործընթացում կհասնի կատարելության։ Դեռևս Թեհրանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելիս նա իր ծրագրում նշում էր, որ պետք է փակել Թեհրանի բոլոր մշակութային կենտրոնները և դրանց տեղում ստեղծել հասարակական աղոթքի վայրեր։ Կարելի է տարանջատել այն, ինչը քարոզարշավի շրջանակներում է, դեկլարատիվ է, և այն, ինչը իրականում կարող է տեղի ունենալ։
-Պահպանողականների հաղթանակը ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի համար, ի՞նչ զարգացումներ կարող են լինել։
-Պահպանողականների հաղթանակը ավելի շատ կազդի Իրան-Արևմուտք հարաբերությունների վրա, ընդ որում՝ ոչ այնքան Իրան-Եվրոպական Միություն, որքան Իրան-ԱՄՆ հարաբերությունների վրա։ Չի կարելի ասել, որ Իրանի նոր նախագահը կգնա ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի քաղաքականության ռադիկալացման ճանապարհով, սակայն ԱՄՆ-ն, ինչպես ցույց տվեց օրերս Ռոնալդ Ռամսֆելդի մամլո ասուլիսը, Իրանում պահպանողականների հաղթանակը կօգտագործի Իրանի համար միջազգային ավելի բացասական իմիջ ստեղծելու նպատակով։ Ամերիկյան թերթերում արդեն սկսվել է տեղեկատվական արշավ ընդդեմ այս ընտրությունների։ Եվ եթե պայմանականորեն ասենք՝ ԱՄՆ-ն մոտակա շրջանում մի գործընթաց է իրականացնելու, որի արդյունքը լինելու է Նեջադի և նրա խմբավորման պատկերումը այնպես, ինչպես պատկերում էին Սադամ Հուսեյնին։ Իսկ Նեջադի հաղթանակը ամերիկացիներին կօգնի բարոյահոգեբանորեն ավելի տրամադրվել Իրանի դեմ որևէ ռազմական ակցիա իրականացնելու ուղղությամբ։ Սակայն մյուս կողմից՝ այն 62 տոկոսը, որ քվեարկել է Նեջադի օգտին, ցույց է տալիս, որ Իրանի հասարակությունը կոնսոդիլացված է իսլամական իշխանությունների շուրջ։ ԱՄՆ-ի այն ծրագիրը, ըստ որի կետային հատվածները հեղաշրջում կբերեն Իրանում, չի իրականանա։ Իրանում ընտրությունները ազդեցություն կունենան տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա ոչ այնքան Իրանի քաղաքականության փոփոխման պատճառով, որքան Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր քաղաքականության հետևանքով։ Իսկ նոր քաղաքականություն անպայման կլինի։
-Այն քաղաքականությունը, որ ԱՄՆ-ն իրագործեց Իրաքի նկատմամբ, մոտ ապագայում կարող է կրկնվել մեր հարևան պետության նկատմամբ։
-Մոտ ապագայում՝ չեմ կարծում։ Այսօր ԱՄՆ-ն ռեսուրսներ չունի, մեծ խնդիրներ ունի Իրաքում և Աֆղանստանում։ Բայց եթե ԱՄՆ-ն շահագրգիռ է Մերձավոր Արևելքում իր ծրագրերի իրականացման հարցում, այսպես թե այնպես, պետք է լուծի Իրանի հարցը։ Երբ ԱՄՆ-ը գիտակցի, որ Իրանի դեմ պատերազմը ռազմական տեսակետից կբերի հեշտ հաղթանակի և չի տանի համաշխարհային տնտեսության կոլապսի, իհարկե, Միացյալ Նահանգները կգնա ռազմական ակցիայի։
«Երկիր» շաբաթաթերթ, 01.07.2005
դեպի ետ