• am
  • ru
  • en
Версия для печати
22.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆ – ԻՍՐԱՅԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԵՐԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

EnglishРуский

   

Հայկ Քոչարյան

Armenia Israel (medium)Հայաստանի հանրային, գիտական և քաղաքական դիսկուրսում հաստատված սկզբունքի համաձայն՝ մեզանից հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածաշրջանն ընդունված է անվանել «Մերձավոր Արևելք» աշխարհաքաղաքական ընդհանուր տերմինով։ Հավատարիմ մնալով այս ավանդույթին՝ փորձենք վերհանել և ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության առկա հարաբերություններն ու հեռանկարային զարգացումները մերձավորարևելյան տարածաշրջանային երկրներից մեկի՝ Իսրայելի հետ։

Յուրաքանչյուր առիթով Հայաստանի և Իսրայելի տարբեր մակարդակի քաղաքական և հասարակական գործիչները խոսում են երկու ժողովուրդների նմանության, ինչպես նաև արտահայտվում են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման և որակական նոր մակարդակի անցնելու անհրաժեշտության մասին։

Ցանկացած միջպետական հարաբերություն ենթադրում է դրանց որոշակի փաթեթ, որը ներառում է տնտեսական, մշակութային, քաղաքական, հասարակական և այլ ոլորտների հարցերի ամբողջություն։ Միջազգային փորձի համաձայն՝ հարաբերությունները սկսում են համապատասխան երկկողմ պայմանագրի կնքմամբ, որից հետո հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ և դրանցից բխող դիվանագիտական ներկայացուցչությունների փոխանակում, ինչը Հայաստանի և Իսրայելի պարագայում տեղի չունեցավ։ Երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր (1992թ.) մինչև 2007թ. Վրաստանում Իսրայելի դեսպանը, որի նստավայրը Թբիլիսին է, համատեղության կարգով Իսրայելի դեսպանն էր նաև Հայաստանում։ 2007թ. մարտից Հայաստանում Իսրայելի նոր դեսպան է նշանակվել Էհուդ Գոլը, որի նստավայրը Երուսաղեմն է։ Նշենք, որ Էհուդ Գոլը համատեղությամբ Իսրայելի դեսպան է նաև Ղրղըզստանում և Թուրքմենստանում։ Մինչև վերջերս նույն պատկերն էր նաև հայկական կողմից. Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը համատեղությամբ հանդիսանում էր նաև Իսրայելում ՀՀ դեսպանը (նստավայրը՝ Փարիզ)։

Ստեղծված իրավիճակում դժվար է ակնկալել հարաբերությունների խորացում, երբ դեսպանները, ովքեր անմիջականորեն պետք է զբաղվեն խնդրով, ֆիզիկապես գտնվում են ուսումնասիրության օբյեկտ հանդիսացող երկրից դուրս։ Հետևաբար, հարաբերությունների զարգացումն էլ հարցականի տակ է։ Ավելին, համեմատելով նախորդ դեսպանների այցերի հաճախականությունը՝ կարելի է արձանագրել, որ հարաբերությունները գնալով հետընթաց են ապրում։ Եթե նախորդ դեսպանները, որոնց նստավայրը Թբիլիսին էր, առնվազն ամիսը մեկ, որոշ դեպքերում՝ երկու և ավելի անգամ այցելում էին Հայաստան և հանդիպումներ ունենում պաշտոնական և հասարակական շրջանակների հետ, ապա Էհուդ Գոլը նշանակումից (2007թ. մարտից) ի վեր ընդամենը երեք անգամ է պաշտոնապես այցելել Հայաստան։ Մեկ այլ հանգամանք ևս. այցի ժամանակ ոչ բարձրաստիճան պաշտոնյա դիվանագետի (Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի վարչության պետի տեղակալի խորհրդական Իսրայել Մեյ Ամին) ուղեկցությունը ևս կարող է որոշակիորեն պատկերացում ստեղծել հարաբերությունների մակարդակի վերաբերյալ։

Ստեղծվում է տպավորություն, որ հարաբերությունների ներկա մակարդակը բխում է երկու պետությունների շահերից։ Հայկական կողմի համար Իսրայելի հետ հարաբերությունների խորացումն առնվազն նշանակում է Իրանի և Մերձավոր Արևելքի արաբական երկրների հանդեպ որդեգրել առավել ճկուն քաղաքականություն, ինչն, անխոս, բարդ խնդիր է։

Իսրայելի համար, ըստ էության, շահեկան է այս իրավիճակը, երբ ստեղծվում է Հայաստանի հետ հարաբերությունների պատրանք, ինչը հնարավորություն է ստեղծում անտեսել Հայաստանի շահերը և որոշ առանցքային հարցերի վերաբերյալ հակառակ դիրքորոշում արտահայտել կամ չարձագանքել։ Փոխարենը՝ խորանում և ռազմավարական նշանակություն են ստանում Իսրայելի հարաբերությունները հարևան Ադրբեջանի և Վրաստանի հետ, ինչը չի կարող մտահոգիչ չլինել։

Երկկողմ հարաբերությունների պատրանքն իրականում չի խոչընդոտում տնտեսական ակտիվության որոշակի մակարդակի ապահովմանը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի պետության միջև մինչ օրս կնքվել է երկու միջպետական համաձայնագիր՝ Առողջապահության և դեղորայքի բնագավառում համագործակցության (29.10.1998) և Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության (19.01.2000) վերաբերյալ։ Վերջին հանգամանքը խթան հանդիսացավ Հայաստանի ներքին շուկա հրեական կապիտալի ներթափանցման և երկկողմ տնտեսական հարաբերությունների հաստատման համար։

Սակայն Իսրայելի պետական վիճակագրական բյուրոյի տվյալների ուսումնասիրությունը նույնպես արձանագրում է երկկողմ տնտեսական հարաբերությունների ցուցանիշների ցածր մակարդակ։ Օրինակ՝ երկու երկրների ապրանքաշրջանառության գագաթնակետը եղել է 2005թ., երբ ներկրումը Հայաստանից Իսրայել կազմել է մոտ $103.2 մլն, որի 103.1 մլն-ը ադամանդի ներկրումից է գոյացել։ Ինչ վերաբերում է անցած երկու տարիներին, ապա արձանագրվում է ապրանքաշրջանառության կտրուկ նվազում՝ $55.6 մլն 2006թ. և $14.8 մլն՝ 2007թ.։ Ցուցանիշների անկում է նկատվում նաև Հայաստան իսրայելական արտահանման ծավալների կտրվածքով. 2005թ. $99.5 մլն-ի փոխարեն 2007թ. գրանցվել է 34.6 մլն։ Պատճառն այն է, որ նվազել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մոտ 90%-ը կազմող չմշակված ադամանդի ներկրումը, որը մշակվում էր հրեական կապիտալին պատկանող Նոր Հաճնի ադամանդների մշակման գործարանում։

Բացի ադամանդի վերամշակման բնագավառում համագործակցությունից, Իսրայելի և Հայաստանի գյուղատնտեսության ու առողջապահության նախարարություններն իրականացնում են համատեղ ծրագրեր, որոնց մի մասը կատարվում է Իսրայելի արտգործնախարարության կրթական «ՄԱՇԱՎ» միջազգային հատուկ ծրագրի շրջանակներում։ 2006թ. (2007թ. տվյալները դեռ ամփոփված չեն) գյուղատնտեսական, գենդերային հարցերին, գիտությանն ու տեխնոլոգիային, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսին վերաբերող դասընթացներին Հայաստանից մասնակցել է ընդհանուր թվով 8 հոգի։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանից մասնակցել է 46, իսկ Ադրբեջանից՝ 19 մարդ։

Հայ-իսրայելական հարաբերություններում գրեթե լիովին բացակայում է մշակութային համագործակցության շերտը։ Երկու հասարակություններն էլ անտեղյակ են իրարից։ Եվ եթե Իսրայելում, Սուրբ հողում գտնվող հայկական մշակութային շերտի և վերջին շրջանում ներգաղթած նախկին հայաստանաբնակների շնորհիվ որոշակիորեն ծանոթ են հայկական մշակույթի տարբեր դրսևորումների, ապա մեզ մոտ գրեթե, եթե ոչ ամբողջովին, անծանոթ են «հրեական-իսրայելական» մշակույթին (տարեկան մոտ 500 զբոսաշրջիկ է Հայաստանից այցելում Իսրայել)։ Ըստ էության, սա այն կետն է, որից կարելի է և պետք է սկսել երկու երկրների հարաբերությունների զարգացումը և հասարակությունների ճանաչումը, քանի որ այս շերտը զերծ է ընդգծված քաղաքական ենթատեքստից։

Իրականում, երկու հասարակությունների պասիվ փոխհարաբերությունների մասին պատկերացում կազմելու համար բավական է այցելել Սփյուռքում, Հայաստանում և Իսրայելում հայ–հրեական համագործակցությանը նվիրված բլոգ, որը կոչվում է «Կենաց–Լեխայիմ» (http://genats-lehayim.blogspot.com/)։ Այն ակտիվանում է (եթե մեկ-երկու արձագանք կարելի է ակտիվություն անվանել) միայն Ցեղասպանության և Հոլոքոստի թեմաներին առնչվող նյութերի քննարկման ժամանակ։

Յուրաքանչյուր հայ, և ոչ միայն, բազմիցս լսել է մշակութային և հոգևոր ահռելի ժառանգության մասին, որը դարերի ընթացքում կարողացել է կուտակել և ամբողջացնել Հայ Առաքելական եկեղեցին Երուսաղեմում։ Ձեռագրերի համաշխարհային նշանակություն ունեցող հավաքածուների կողքին (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, Փարիզի ազգային գրադարան, Վենետիկի Սբ. Ղազար կղզու մատենադարան, Վիեննայի, Մադրասի, Հալեպի, Բեյրութի, Վաշինգտոնի, Լոս Անջելեսի, Լոնդոնի, Դուբլինի և այլ գրադարանների հավաքածուներ) իր արժեքավոր տեղն է զբաղեցնում Երուսաղեմի Սբ. Հակոբ վանքի Սբ. Թորոս եկեղեցու հայկական ձեռագրերի խոշոր հավաքածուն։ Սբ. Հակոբ վանքի ձեռագրատանն են պահվում X-XVIIIդդ. ձեռագրեր, որոնք ստեղծվել են Կիլիկիայի, Ղրիմի, Նոր Ջուղայի, Կոնստանդնուպոլսի և այլ վայրերի հայ վարպետների կողմից։ Ձեռագրերի մեծ մասը նվիրաբերվել է տարբեր ժամանակներում Երուսաղեմ այցելած ուխտագնացների կողմից։ Այս ամենը միայն մի փոքր մասն է այն համամարդկային նշանակության մշակութային ժառանգության, որ մենք՝ հայերս, ունենք Երուսաղեմում։ Մի ժառանգության, որը տարբեր դարաշրջանների և բազմաթիվ սերունդների մտավոր և հոգևոր գործունեության արդյունք է և իր արտացոլումն է գտել Հայկական թաղամասի տեսքով, անմիջապես Երուսաղեմի սրտում՝ Սիոն լեռան շուրջ, ու բազմաթիվ վանքապատկան տարածքներով Ավետյաց Երկրում։

Հաջորդ սերունդների առջև այս ժառանգությունը պահպանելու և իրենց փոխանցելու հարցում մենք մեծ պատասխանատվություն ենք կրում։ Դարեր շարունակ այդ գործառույթն իրականացրել և շարունակում է իրականացնել Հայ Առաքելական եկեղեցին ի դեմս Երուսաղեմի պատրիարքարանի։ Կարելի է փաստել, որ նախորդ ժամանակաշրջաններում սա միակ ճանապարհն էր, սակայն արդեն բավական ժամանակ է, ինչ փոփոխվել են աշխարհաքաղաքական իրողությունները, և այս հարցը նոր որակական լուծումներ է պահանջում, ինչը, ելնելով իր գործառնական առանձնահատկություններից, միայնակ չի կարող իրականացնել Հայ Առաքելական եկեղեցին։ Չպետք է մոռանալ, որ հայկական եկեղեցուն պատկանող հարստությունները գտնվում են երկու իրար դեմ պատերազմող քաղաքական միավորների՝ Իսրայելի պետության և Պաղեստինի ինքնավարության տարածքներում, և այս եռանկյունու՝ Իսրայել-Պաղեստին-Հայ Առաքելական եկեղեցի, մեջ չորրորդ խաղացողի՝ Հայաստանի Հանրապետության մուտքը և ճկուն դիվանագիտությունն անմիջականորեն կնպաստեն Հայ Առաքելական եկեղեցու դիրքերի ամրապնդմանը մի կողմից և մյուս կողմից՝ հնարավորություն կտան անմիջական ազդեցություն ունենալ մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցում։

Այս ճանապարհով ընթանալու համար նախևառաջ պետք է երկխոսությունը բերել հավասար դաշտ՝ բարձրացնելով միջպետական մակարդակի, այսինքն՝ բացել դիվանագիտական ներկայացուցչություններ, համապատասխանաբար, Երևանում և Երուսաղեմում։

Դեսպանատների բացման անհրաժեշտության օգտին են խոսում նաև այն բազմատեսակ վեճերը, որոնք առկա են Երուսաղի հայկական պատրիարքարանի և Իսրայելի կառավարության, ինչպես նաև Ավետյաց երկրում կրոնադավանաբանական այլ ուղղությունների ներկայացուցիչների միջև։ Օրինակներից է ոչ վաղ անցյալում եղած Իսրայելի կառավարության և Հայկական պատրիարքարանի վեճը՝ կապված Իսրայելի և Պաղեստինի միջև բաժանարար պատի կառուցման հետ, որը պետք է անցներ Պատրիարքարանին պատկանող այգիների տարածքով։ Այդ անգամ վերջինիս մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց հարցին ընդունելի լուծում տալ, սակայն ապագան ապահովագրված չէ նմանատիպ և այլ մարտահրավերներից։

Երկրորդ վտանգը, որ կախված է Հայկական պատրիարքարանի և հայերի ունեցվածքի գլխին, Իսրայել պետության կողմից խրախուսվող հողերի վաճառքն է հրեաներին, որոնք շատ հաճախ ձևակերպվում են երկարաժամկետ (մինչև 99 տարի) վարձակալությունների տեսքով, որն էլ իր հերթին բերում է առանց այդ էլ Երուսաղեմի փոքրաթիվ հայ բնակչության քանակի նվազմանը։ Հողային վաճառքի հերթական փաստի բացահայտումն անմիջապես առաջացնում է լարվածության նոր ալիք հայ համայնքի ներկայացուցիչների և պաղեստինյան արաբների հարաբերություններում։ Այս ամենը խնդիրների փոքր շրջանակն է միայն, որոնց իրենց առօրյա գործունեության ընթացքում բախվում են հայ համայնքի և Երուսաղեմի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։

Ամփոփելով պետք է նշել, որ խորհրդային ժառանգության բացասական հետքերից է նաև այն, որ որոշ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններում ՀՀ արտաքին քաղաքականությունը պասիվ է, լավագույն դեպքում ռեակտիվ, մինչդեռ պետք է լինի ակտիվ։ Նման ուղղություններից է էությամբ ռեակտիվ՝ ՀՀ մերձավորարևելյան քաղաքականությունը։ Մինչդեռ Հայաստանը պետք է հանդես գա իր նախաձեռնություններով, ինչի համար անհրաժեշտ գիտական և մարդկային ռեսուրսներն այսօր առկա են Հայաստանի Հանրապետությունում։ Մասնագիտական գրականության էջերում մերձավորարևելյան հիմնախնդիրների շուրջ առկա քննարկումները փաստում են մասնագիտական դաշտի կայացածության մասին։

Հայաստանը պարտավոր է ակտիվ մերձավորարևելյան քաղաքականություն վարել, որի համար անկյունաքարային են Իսրայելի հետ հարաբերությունները։ Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականությունը կարևորվում է առաջին հերթին մերձավորարևելյան շատ երկրներում հայկական համայնքների գոյության հանգամանքով և, ինչն ավելի կարևոր է, այդ համայնքների կողմից պատմության ընթացքում կուտակված զգալի մշակութային ժառանգության համակարգված և պարբերական ուսումնասիրության անհրաժեշտությամբ։


դեպի ետ