«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐՄԻՆՖՈ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ

– Պրն Հարությունյան, կարո՞ղ ենք արդյոք խոսել գոյություն ունեցող աշխարհակարգի փոփոխության մասին այն գործողությունների համատեքստում, որոնք ձեռնարկել է Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ։
– Աշխարհակարգը չափազանց գլոբալ հասկացություն է, և 1990-ական թթ. սկզբներից հաստատված աշխարհակարգը սկսել է փոխվել 2003թ. սկսած, երբ միաբևեռ աշխարհն աստիճանաբար սկսեց վերափոխվել բազմաբևեռի։ Հավանաբար, աշխարհակարգի փոփոխությունների նոր փուլի մասին, այնուամենայնիվ, կարելի է խոսել, որովհետև Ռուսաստանը վերջին 17-20 տարիների ընթացքում առաջին անգամ քաղաքական կամք դրսևորեց, և որ հատկապես կարևոր է՝ այդ կամքը դրսևորեց դրան համապատասխան ռեսուրսներ ունենալով։ Եվ այս առումով կարելի է խոսել այն մասին, որ Ռուսաստանի գործողություններն էապես փոխեցին իրավիճակն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում ընդհանրապես, քանի որ ի հայտ եկան աշխարհակարգի նոր տարրեր հենց այդ գործողությունների հաշվին։ Ի հայտ եկավ Ռուսաստան, որը կարող է ռազմական ուժ գործադրել իր ազգային շահերի պաշտպանության համար, Ռուսաստան, որը վերականգնեց ճնշված ժողովուրդներին աջակցություն ցուցաբերելու իր ավանդույթը։
– Այդ կապակցությամբ կարելի՞ է արդյոք Ռուսաստանի գործողությունները Հարավային Օսիայում համարել ինքնատիպ պատասխան Կոսովոյի հանդեպ ԱՄՆ ձեռնարկած գործողություններին։
– Կարծում եմ, որ Ռուսաստանի գործողություններն ինչ-որ ռեզոնանս են Սերբիայի հանդեպ ԱՄՆ գործողություններին և ինչ-որ առնչություն ունեն նաև կոսովյան գործողություններին։ Դա ամրագրված է ռուսաստանյան պաշտոնական փաստաթղթերում, Ռուսաստանի ԱԳՆ հայտարարություններում և այլն։ Այս ամենը մեզ թույլ է տալիս նշել, որ Հարավային Օսիայում ՌԴ գործողությունների մեջ կոսովյան գործոնն առկա է։ Միևնույն ժամանակ, միանշանակ հայտարարել, թե դա Ռուսաստանի պատասխանն էր Կոսովոյի առնչությամբ, մենք չենք կարող։ Չճանաչված հանրապետությունների հետ կապված իրավիճակն ընդհանրապես բավական նուրբ է Ռուսաստանի համար, քանի որ չճանաչված հանրապետությունների ճանաչումը, գլոբալ առումով, այնքան էլ ձեռնտու չէ հենց իրեն՝ Ռուսաստանին, քանի որ նրա տարածքում այս առումով վիճահարույց տարածաշրջաններ կան. Չեչնիան և Թաթարստանն, օրինակ։ Բայց հիմա, ըստ երևույթին, այն ժամանակները չեն, որ Ռուսաստանը շատ անհանգստանա այդ առիթով, քանի որ ժամանակները, երբ Ռուսաստանը կանգնած էր փլուզման եզրին, անցել են, և նախկին վտանգն այլևս չկա։
– Դուք նշեցիք Կրեմլի մի քանի իրական քայլերը ԱՄՆ-ի վերաբերյալ, կարելի՞ է արդյոք դրանց մաս համարել Վենեսուելայի, Սիրիայի, Հորդանանի ղեկավարների և ԱՄՆ այլ հակառակորդների վերջին այցելությունները Մոսկվա։
– Ձեր թվարկած երկրներն ընտրել են զարգացման երրորդ ուղի՝ իրենց բոլոր պլյուսներով ու մինուսներով։ Այդ պլյուսներն ու մինուսները բավական շատ են աշխարհի բոլոր երկրներում, այդ նույն ԱՄՆ-ում, ի դեպ։ Բանն այն է, որ ուժը միշտ ձգում է դեպի իրեն. զգացվեց, որ Ռուսաստանն այդ ուժն ունի, համապատասխանաբար և առաջացավ ձգողականություն այդ երկրի հանդեպ։ Անձամբ ինձ համար կարևոր է ոչ այնքան այդ երկրների ղեկավարների, որքան Մոլդովայի նախագահ Վորոնինի այցը։ Սոչիում տեղի ունեցավ երկու նախագահների զրույցը, ինչը շատ կարևոր է, քանի որ ժամանակին Մերձդնեստրյան հակամարտությունը, Կոզակի պլանի համաձայն, որը միանգամայն ընդունելի էր Մոլդովայի համար, մոտ էր լուծման, սակայն երրորդ ուժերի, մասնավորապես՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ջանքերով հակամարտությունն այդպես էլ չկարգավորվեց։
– Ուզում եք ասել, թե Մեդվեդև-Վորոնին հանդիպումից հետո այդ պլանը կվերակենդանանա՞։
– Համենայնդեպս, այդ գործընթացը կվերականգնվի. դա կարելի է նշել՝ դատելով Մերձդնեստրյան հակամարտության վերաբերյալ Մեդվեդևի խոսքերից և այդ խոսքերի ժամանակ Վորոնինի՝ գլխով հավանության նշաններից. չեմ կարծում, թե նա մամուլի համար էր գլուխը դրականորեն թափահարում։ Ինչպես երևում է, զգացին, որ Ռուսաստանը նման խնդիրներ, մասնավորապես՝ Մերձդնեստրյան հակամարտությունը, լուծելու ուժ ունի։
– ՌԴ կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանության ճանաչումն ինչ-որ շահաբաժին կբերի՞ Լեռնային Ղարաբաղին։
– Բանն այն է, որ նման հիմնախնդիրները միշտ լուծվում են ուժեղ աշխարհաքաղաքական խաղացողի առկայության պարագայում։ Կոսովոյի հիմնախնդիրը պայմանականորեն լուծվեց, քանի որ այնտեղ դե ֆակտո գտնվում էին ՆԱՏՕ զորքերը, դա տարածք էր, որը նրանք անեքսիայի էին ենթարկել Սերբիայից, և այդ գործոնն էլ ամեն ինչ վճռեց։ Նույնը կարելի է ասել նաև Հարավային Օսիայի դեպքում. չլինեին այնտեղ ռուսաստանյան խաղաղարարները, հակամարտությունն էլի շատ տարիներ կձգձգվեր, կամ էլ Վրաստանն այն իր ձևով կլուծեր։ Ղարաբաղյան հիմնախնդիրը, իրավական ու միջազգային կտրվածքներով, ԱՊՀ տարածքում առկա բոլոր հակամարտություններից շահեկանորեն տարբերվում է, քանի որ մենք գործ ունենք միջազգային իրավունքի բոլոր չափանիշներով կայացած պետական կառույցի հետ։ Միևնույն ժամանակ, տպավորությունս այնպիսին է, որ Ղարաբաղյան հակամարտության պարագայում աշխարհաքաղաքական բոլոր խոշոր խաղացողներն առայժմ դեմ չեն պահպանել ստատուս-քվոն։ Ընդհանուր առմամբ, իրավական դաշտում երկու հանրապետությունների ճանաչումն, անշուշտ, պլյուս է ԼՂՀ-ի համար։ Դա կսառեցնի ադրբեջանական էլիտայի ռազմատենչ ավյունը։ Դատելով ադրբեջանական վերլուծաբանների ու քաղաքական գործիչների արտահայտություններից՝ նրանք արդեն այնքան էլ ռազմաշունչ չեն տրամադրված, ինչպես նախկինում, և դա բնական է։ Միևնույն ժամանակ, մենք պետք է նկատի ունենանք հետևյալը. վերջին հաշվով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր գոյություն չունի, քանի որ այն արդեն լուծված է։ Խոսքը հարցի քաղաքական կարգավորման մասին է. իհարկե, շատ կարևոր է ԼՂՀ-ի ճանաչումը կամ չճանաչումը, բայց վերջին հաշվով դա այնքան էլ մեծ բան չի ավելացնում նրան, ինչ մենք այսօր ունենք ԼՂՀ-ում։ Եվ ոչ մի սարսափելի բան չի պատահի, եթե նման կարգավիճակով ապրենք էլի մի քանի տասնյակ տարի։ Մենք ունենք ազատագրված տարածքներ, անվտանգության գոտի Ղարաբաղի շուրջ, ուր կանգնած է մեր բանակը, և գլխավորը մեզ համար՝ ԼՂՀ և ՀՀ անվտանգություն։ Այնպես որ՝ այդ կարգավիճակից ավելի կարևոր բաներ էլ կան։
– Դուք նշեցիք բոլոր խոշոր տերությունների՝ Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոն պահպանելու շահագրգռվածությունը. եթե Եվրոպայի ու ԱՄՆ-ի պարագայում ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է, ապա ո՞րն է Ռուսաստանի հետաքրքրվածությունն այս դեպքում։
– Ադրբեջանական էներգառեսուրսները նույնպես գործոն են, թեև ոչ հիմնարար։ Իսկ առաջին հերթին՝ դա ՌԴ նոր քաղաքականությունն է Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ։ Մենք բոլորս տեսանք, թե որքան հավասարակշռված պահեց իրեն Թուրքիան Հարավային Օսիայի հակամարտության պարագայում, քանի որ Անկարայում վաղուց արդեն զգացել են, որ ԱՄՆ-ը դադարել է լինել այն ուժը, որն ի վիճակի է վերահսկել ամեն ինչ, և Աբդուլա Գյուլը վերջերս մոտավորապես այսպիսի խոսքերով արտահայտվեց տարածաշրջանում ԱՄՆ հնարավորությունների մասին։ Այս ամենը ստիպում է Թուրքիային ավելի ակտիվ նայել դեպի հյուսիս, քան դա կար «Առաջին սառը պատերազմի» տարիներին։
– Նման կոմպլեմենտարությունը չխանգարեց Թուրքիային Սև ծով մտցնել ՆԱՏՕ ՌԾՈւ կազմի մեջ գտնվող 4 ռազմանավ՝ ուղիղ Ռուսաստանի ռազմածովային ուժերի քթի տակ։
– Չի խանգարել և չի խանգարելու. Թուրքիան միշտ վարելու է կոմպլեմենտար քաղաքականություն, ինչպես և, ի դեպ, Ռուսաստանը։ Այսինքն՝ սա մեծ խաղի մի նոր փուլ է, երբ կողմերն ինչ-որ ընդհանրություն են զգում։ Ռուսաստանը ձգտելու է զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ. դա և՛ այդ հանրապետության հետ տնտեսական առումով բավական հետաքրքիր գազային հնարավոր պայմանագիրն է, և՛ Մեդվեդևի՝ Բաքու կատարած այցելության ընթացքում ձեռք բերված շատ այլ սկզբունքային համաձայնությունները։
– Շատ վերլուծաբաններ Բարաք Օբամայի հետ ԱՄՆ արտաքին քաղաքական գծի հնարավոր փոփոխությունների և դրանում պակաս ագրեսիվ տարրերի հայտնվելու որոշակի հույսեր էին կապում. որպես փոխնախագահի թեկնածու՝ սենատոր Ջոզեֆ Բայդենին ներկայացնելը, թվում է, քիչ է վկայում այդ մասին։
– Գոյություն ունի երրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների հայեցակարգ։ Դրանք գործողություններ են, որոնցում շատ կարևոր է որոշակի գործողությունների թողած էֆեկտը, ռեզոնանսը, այլ տարածաշրջաններում ու գործընթացներում ունեցած էֆեկտը։ Մեր վարկածով՝ ԱՄՆ-ը անմիջականորեն հավանություն է տվել և անմիջականորեն ղեկավարել է ռազմական գործողությունները Հարավօսական հակամարտությունում։ Եվ ժամանակն էլ պատահական չէր ընտրված. Պեկինի օլիմպիական խաղերի բացման օրը. դա կարծես պեկինյան Օլիմպիադան վարկաբեկող հակաչինական տեղեկատվական քարոզչության շարունակությունն էր՝ տիբեթյան հարցի համատեքստում։ Հակամարտությունները մեր տարածաշրջանում էապես բարձրացրին Մաքքեյնի հնարավորությունները, որոնք այսօր Օբամայի հետ միևնույն կերպ են գնահատվում։ Եվ որպես փոխնախագահ «բազե-սենատոր» Ջոզեֆ Բայդենի թեկնածության առաջքաշումը, ինչպես նաև հայտնի զարգացումները Պակիստանում նույնպես կարելի է բացատրել այդ հայեցակարգի շրջանակներում։
– Կարելի՞ է արդյոք պնդել, որ ԱՄՆ-ը, նախապես կանխատեսելով Հարավային Օսիայում կատարվածին Մոսկվայի հակազդեցությունը, նպատակամիտված կերպով Սահակաշվիլուն պատերազմի դրդեց, որպեսզի հետագայում մեղադրի Ռուսաստանին Աբխազիայի ու Հարավային Օսիայի անեքսիայի մեջ։
– Այո, հնարավոր է։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, թե Ռուսաստանին հենց այնպես օկուպանտ կհայտարարեն. ԱՄՆ-ը այդ պարագայում միայնության մեջ հայտնվելու վտանգին է ենթարկում իրեն, քանի որ Եվրոպան այնքան էլ չի ձգտում իրադարձությունների նման զարգացման. ի տարբերություն նախորդ տարիների՝ ԱՄՆ-ը լուրջ տարաձայնություններ ունի «հին» Եվրոպայի հետ։ Չեմ կարծում, թե դա մաքուր ձևով հենց այդպես տեղի կունենա, բայց ԱՄՆ-ը, անկասկած, նախատեսել էր իրադարձությունների նման ելք և այժմ կփորձի դրանից առավելագույն քաղաքական շահաբաժին ստանալ։ Մասնավորապես, եթե Ռուսաստանի ու Վրաստանի միջև մինչ այդ, պայմանականորեն ասած, միջնապատ էր քաշված, ապա այժմ ԱՄՆ-ը հիմնապատ կկառուցի։
– Շնորհակալություն հարցազրույցի համար։
Դավիթ Ստեփանյան
ԱրմԻնֆո, 27.08.08.
դեպի ետ