ՉԻՆԱՍՏԱՆ–ԻՐԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Ենթադրվում է, որ Չինաստանի միջուկային համագործակցությունն Իրանի հետ սկիզբ է առել 1980-ականների կեսերին, ավելի կոնկրետ` 1985թ. հունիսին, Իրանի մեջլիսի խոսնակ Հաշեմի Ռաֆսանջանիի եւ պաշտպանության նախարար Մուստաֆա Մուհամեդ Նաջարի Պեկին կատարած պետական այցելության շրջանակներում գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրմամբ: Պայմանագրի գաղտնի` միջուկային համագործակցության մասով Պեկինը պարտավորվում էր օժանդակել 1984թ. Սպահանում հիմնված Իրանի գլխավոր հետազոտական գործարանի կառուցման աշխատանքներին եւ Իրանին սուբկրիտիկական միջուկային երկու ռեակտոր տրամադրել: Սպահանի միջուկային կենտրոնի տասնյակ ինժեներներ 1988–1992թթ. ընթացքում որակավորում են ստացել ՉԺՀ-ում: Իսկ 1989թ. սեպտեմբերին ՉԺՀ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ ատոմի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել, որն Իրանի խորհրդարանը վավերացրել է միայն 1993թ.:
Իրանի եւ ՉԺՀ միջուկային համագործակցության խորացմանը նպաստեցին1 ԽՍՀՄ փլուզումն ու սառը պատերազմի ավարտը, որի արդյունքում ԱՄՆ-ը աշխարհի միակ գերտերության իր կարգավիճակը հավերժացնելու նպատակով գլոբալ ռազմավարության առանցք դարձրեց ԱՄՆ-ին հակազդելու ունակ ուժի կենտրոնների ձեւավորման կանխարգելումը: Նման ուժի կենտրոններ էին դիտվում իսլամական եւ սինական երկրները, որոնց թվում` Իրանը եւ Չինաստանը: Վերջիններս, գիտակցելով ԱՄՆ-ի կողմից թիրախի վերածվելու եւ «կանխարգելիչ հարվածի» տակ հայտնվելու հավանականությունը, Միացյալ Նահանգների դեմ համագործակցելու եւ սովորական սպառազինության գծով նրա առավե-լությանը հակաշիռ ստեղծելու նպատակով` փորձում էին համատեղել իրենց ջանքերը միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերման եւ զարգացման ոլորտում:
Արդեն իսկ 1991թ. հուլիսին Իրանում ՉԺՀ վարչապետ Լի Փենի եւ ԻԻՀ նախագահ Ռաֆսանջանիի հանդիպման ընթացքում կողմերն արտահայտվեցին ԱՄՆ համաշխարհային տիրապետության ու միջազգային հարաբերություններում ամերիկյան կարգերի հաստատման դեմ: Կողմերի միջեւ պայմանագիր ստորագրվեց Իրանի միջուկային ռեակտորի տեխնիկական վերազինման նպատակով չինացի փորձագետների տրամադրման եւ Սպահանի միջուկային գործարանի համար հետազոտական ռեակտոր (20-30 մվտ հզորությամբ) վաճառելու վերաբերյալ: 1991թ. նոյեմբերին Չինաստանի արտգործնախարարն անգամ պաշտոնապես ընդունեց 1989թ. եւ 1991թ. Իրանի եւ ՉԺՀ-ի միջեւ միջուկային պայմանագրերի կնքման փաստը` հավաստելով, որ Իրանին տրամադրված միավորները պետք է օգտագործվեն միայն խաղաղ նպատակներով` Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության` ԱԷՄԳ (IAEA) հսկողության տակ: Չինական կողմը նաեւ փաստեց, որ առաջարկվող 20 մվտ հզորությամբ հետազոտական ռեակտորը չափազանց փոքր է տարածման վտանգ ներկայացնելու առումով: Իր հերթին Թեհրանը հավաստեց, որ համաձայն է ԱԷՄԳ տեսուչների ստուգայցերին եւ պնդելով միջուկային ոլորտի զարգացմամբ եւ խաղաղ հետազոտություններով զբաղվելու իր օրինական իրավունքը` միաժամանակ հերքեց միջուկային զենքի ստեղծման կամ դրա զարգացման ուղղությամբ իր մտադրությունները:
1992թ. սեպտեմբերին Իրանի նախագահ Ռաֆսանջանիի` Չինաստան կատարած այցի ընթացքում կողմերի միջեւ պայմանագիր ստորագրվեց միջուկային ոլորտում համագործակցության շուրջ, որի շրջանակներում ՉԺՀ-ն պարտավորվում էր Սպահանի միջուկային կենտրոնի համալիր-հետազոտական աշխատանքների իրականացման նպատակով տարբեր սարքավորումներ եւ 300 մվտ հզորությամբ երկու ռեակտորներ տրամադրել: Նշվում էր ԱԷՄԳ երաշխիքների ներքո պայմանագրի հետապնդած խաղաղ նպատակների մասին:
1992թ. փետրվարի եւ 1993թ. նոյեմբերի ոչ պաշտոնական ստուգայցերից հետո ԱԷՄԳ պաշտոնյաները հայտարարեցին, որ Իրանի միջուկային գործունեությունը հետապնդում է խաղաղ նպատակներ: Մինչդեռ ԱՄՆ-ը, «համոզված լինելով» միջուկային զենքի ստեղծման Իրանի գաղտնի մտադրության մեջ, ճնշում գործադրեց ՉԺՀ-ի վրա, որն էլ 1992թ. հոկտեմբերին պաշտոնապես հրաժարվեց Իրանի հետ գործարքից` բացատրելով այն տեխնիկական պատճառներով: Սակայն դրանով փոքրամասշտաբ միջուկային հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախագծերի ուղղությամբ չին-իրանական համագործակցությունը չդադարեց, որի մասին են վկայում կողմերի միջեւ 1993–1995թթ. միջուկային ոլորտում ստորագրված մի շարք պայմանագրերը:
Սակայն 1996թ. մայիսին ԱՄՆ շարունակվող ճնշման տակ ՉԺՀ-ն ստիպված եղավ հրաժարվել Իրանին միջուկային տեխնոլոգիաների տրամադրումից կամ երաշխավորված միջուկային ծրագրերի սատարումից: 1997թ. հոկտեմբերին Պեկինը Վաշինգտոնին հավաստիացրեց համագործակցության երկու ոլորտով սահմանափակվելու եւ Իրանի միջուկային ծրագրերին ցուցաբերվող նոր աջակցությունից հրաժարվելու մասին: ԿՀՎ-ն 1998թ. Կոնգրեսին ներկայացվող իր զեկույցում հաստատեց, որ 1997թ. ՉԺՀ-ը դադարեցրել է ԻԻՀ-ի հետ միջուկային ոլորտում համագործակցությունը: ԱՄՆ ճնշման տակ 1999թ. չինական կողմը համաձայնվեց դադարեցնել նաեւ 1998-ից Իրանին ուրանի հարստացման ոլորտում օգտագործվող ֆտորաջրածնի վաճառքը:
Սակայն չին-իրանական միջուկային համագործակցությունը վերսկսվեց 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո, երբ «գլոբալ ահաբեկչության դեմ պայքարը» դարձավ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության հիմնանպատակ` վերջինիս «իրավունք վերապահելով» զարգացման ինքնուրույն ուղի բռնած երկրների (ոմանց պիտակավորելով իբրեւ «չարիքի առանցքի երկրներ») առաջխաղացումը կանխելու նպատակով` ճնշում կամ պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ: Աֆղանստանի հակաահաբեկչական գործողության եւ իրաքյան ներխուժման արդյունքում Մերձավոր Արեւելքում ու Կենտրոնական Ասիայում ամերիկյան ռազմահանգրվանների տեղակայումը, տարածաշրջանի երկրների «ժողովրդավարացման» ԱՄՆ մտադրությունները, ինչպես նաեւ Հնդկաստանի ու Պակիստանի` միջուկային տերություններ լինելու փաստը մարտահրավերներ էին, որոնք չէին կարող չմտահոգել Պեկինին եւ Թեհրանին: Իրանն իր անվտանգության հիմնական երաշխիք դիտելով սեփական միջուկային զենքի ստեղծումը` հայացքը կրկին ուղղեց դեպի Պեկին: Անշուշտ, Իրանում իրաքյան կամ աֆղանական սցենարների կրկնության ու Մերձավոր Արեւելքի ողջ նավթն ԱՄՆ հսկողության տակ հայտնվելու հեռանկարը չէր բխում նաեւ Պեկինի շահերից: Վերջինս խիստ շահագրգռված էր Պարսից ծոցից ածխաջրածնային հումքի կայուն առաքման եւ իր աշխարհաքաղաքական նկատառումներում Իրանին իբրեւ դիվանագիտական լծակ օգտագործելու հարցում:
Եվ երբ 2004թ. ԱՄՆ-ը, Թեհրանին մեղադրելով Չտարածման պայմանագրի պայմաններին հետամուտ չլինելու մեջ, առաջարկեց իրանական «դոսյեն» հանձնել ՄԱԿ ԱԽ քննարկմանը, ՉԺՀ-ը, պաշտպանելով ճգնաժամը երկխոսության միջոցով խաղաղ կարգավորելու շուրջ ԵՄ գրաված դիրքորոշումը, սեպտեմբերին կասեցրեց այդ գործընթացը: Պեկինը ողջունեց ուրանի հարստացումը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ «եվրաեռյակի» եւ Իրանի միջեւ համաձայնագրի ստորագրման փաստը, որին Թեհրանը գնաց ԵՄ-ի կողմից առաջարկվող անվտանգության, տնտեսական երաշխիքների դիմաց, ինչու չէ, նաեւ դիվանագիտական մեկուսացումից խուսափելու նպատակով:
2005թ. սկզբին ԻԻՀ եւ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ստեղծման հավակնությունների դեմ ուժի կիրառման հնարավորության շուրջ Բուշի վարչակազմի հայտարարություններից հետո Իրանը օգոստոսից վերսկսեց Սպահանի միջուկային գործարանի ուրանի հարստացման գործընթացը: Այս անգամ, 2006թ. հունվարի կեսին, «եվրաեռյակը» միացավ Իրանի գործը ՄԱԿ ԱԽ քննարկմանը հանձնելու նպատակով Ռուսաստանի եւ ՉԺՀ աջակցության ձեռքբերման ուղղությամբ ԱՄՆ դիվանագիտական ջանքերին: Իսկ երբ 2006թ. փետրվարին ԱԷՄԳ կառավարիչների խորհուրդը քվեարկեց Իրանի գործը ՄԱԿ ԱԽ-ին հանձնելու օգտին, Պեկինը միացավ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման խնդիրը ՄԱԿ ԱԽ-ին չհանձնելու կամ խնդրի քննարկումը հետաձգելու ուղղությամբ Մոսկվայի դիվանագիտական ջանքերին:
Այնուհանդերձ, 2006թ. հուլիսին ՄԱԿ ԱԽ-ին ի վերջո հաջողվեց ՉԺՀ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից կորզել 1696-րդ բանաձեւի ընդունման հավանությունը, որով նախատեսվում էր նախքան օգոստոսի 31-ը, Իրանի ուրանի հարստացման գործունեությունը չդադարեցնելու դեպքում, վերջինիս նկատմամբ ՄԱԿ Խարտիայի 41-րդ հոդվածով նախատեսվող պատժամիջոցներ կիրառել: Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանը չէր պատրաստվում ենթարկվել ՄԱԿ ԱԽ պահանջներին, Պեկինն ու Մոսկվան պատժամիջոցների պարտադրման շուրջ օգոստոսի 31-ին հաջորդած ԱԽ քննարկումների ընթացքում փորձեցին դրանք նվազագույնի հասցնել, հատկապես պատժամիջոցների կիրառումը ՉԺՀ-ի եւ Ռուսաստանի տնտեսական շահերին հնարավոր վտանգ ներկայացնելու դեպքում:
Բնականաբար, Պեկինին չէր կարող չմտահոգել Իրանի նավթագազային առաքումների մասնակի կամ լրիվ կորստի հնարավորությունը, որոնց փոխհատուցման եւ մատակարարման մյուս աղբյուրների ընդլայնման նպատակով ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոն դեռեւս 2006թ. ապրիլին այցելել էր Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներ, այդ թվում` Սաուդյան Արաբիա:
Ուշագրավն այն է, որ 2007թ. հունվարի 10-ին Պեկինում Իսրայելի վարչապետ Է.Օլմերթը ՉԺՀ Պետխորհրդի նախագահ Վեն Ձիաբաոյի հետ բանակցությունների ընթացքում, «ըմբռնումով մոտենալով» ՉԺՀ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ էներգետիկ եւ առեւտրի ոլորտում բարձր մակարդակի համագործակցությանը, առավել կարեւորեց «Մերձավոր Արեւելքի կայունությունը վտանգող իրանական սպառնալիքի դեմ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ ՉԺՀ` իբրեւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամի աջակցությունը»: Պեկինը մերժեց Իսրայելի կոչը` հստակեցնելով, որ Չինաստանը դեմ է Իրանի միջուկային զենքի ստեղծմանը, սակայն ո՛չ խաղաղ նպատակներով միջուկային ծրագրերի զարգացմանը:
Պեկինում քաջ գիտակցում են, որ Իրանի նկատմամբ ճնշումը, լայն իմաստով, պայմանավորված է ոչ այնքան Թեհրանի միջուկային ծրագրերի, որքան ԱՄՆ եւ նրա որոշ դաշնակիցների, հատկապես Իսրայելի համար անհանդուրժելի իրանական վարչախմբի բնույթով: Մինչդեռ Իրանի հետ լավ հարաբերությունների մեջ գտնվող Չինաստանը մտահոգված չէ նրա միջուկային ծրագրի հարցում` անշուշտ, այն ԱԷՄԳ հսկողության տակ մնալու նախապայմանով:
1Իրանի եւ ՉԺՀ միջուկային համագործակցության խորացմանը նպաստեց նաեւ 1980–1990-ականներին ԱՄՆ ուժգին ճնշման տակ Իրանում միջուկային գործարանի կառուցման վերաբերյալ մի շարք պայմանագրերից Թեհրանի գլխավոր մատակարարների` Արգենտինայի, Հնդկաստանի եւ այլ երկրների հրաժարումը, ինչպես նաեւ 1991թ. «Փոթորիկ անապատում» գործողությունը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՉԻՆԱՍՏԱՆ–ՊԱԿԻՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ [05.05.2009]