ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՆԻ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Արմինֆո գործակալության հարցազրույցը Ֆոնդային շուկայի զարգացման ռուսաստանյան ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Գրինյաևի հետ

- Պրն Գրինյաև, ինչպե՞ս եք գնահատում համաշխարհային ճգնաժամի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը:
- Ես կուզեի համեմատել Հայաստանի տնտեսությունը Ուկրաինայի օրինակի հետ: Միակ տարբերությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև այն է, որ վերջինի տարածքով անցնում է մի մեծ ու հաստ խողովակ, որով սնվում է ուկրաինական տնտեսության առյուծի բաժինը: Սակայն այս հարցում սկզբունքորեն կարևոր է այն հանգամանքը, որ գլոբալ ճգնաժամը Հայաստանի և Ուկրաինայի նման տնտեսություն ունեցող երկրների վրա ազդում է խիստ բացասական ձևով՝ ի տարբերություն ավելի մեծ տնտեսությունների, որոնք ունեն ամրության որոշակի պաշար, ինչը իրավիճակի տարբեր սցենարների հնարավորություն է տալիս: Օրինակ, Ռուսաստանին հասցված հարվածը շատ ուժեղ էր. նրա տնտեսությունը զգալիորեն խաթարվեց, սակայն ընհանուր առմամբ, դիմացավ` պահպանելով կայունությունը, ինչը չի կարելի ասել Ուկրաինայի տնտեսության մասին: Ապրիլի 2-ին ինձ բախտ վիճակվեց ներկա գնտվել Կիևում կայացած ռուս-ուկրաինական տնտեսական համաժողովին, որտեղ արձանագրվեց, որ երկրի տնտեսությունը և, առաջին հերթին, բանկային ոլորտը, անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գտնվել է աղետալի վիճակում: Եվ եթե չլիներ ռուսական խոշոր բանկերի ներկայությունը, հավանաբար, իրավիճակը պահել չէր հաջողվի: Նման իրավիճակ է ստեղծվել նաև Հայաստանում, և կարծում եմ, որ հանրապետությունը սեփական ուժերով չի կարող դիմակայել այն խնդիրներին, որոնք բերում է ճգնաժամը: Ելնելով այս ամենից` Հայաստանն այսպես թե այնպես ստիպված կլինի կողմնորոշվել իր արտաքին և ներքին քաղաքականության մեջ, քանզի չունի բավարար ներուժ այսօր ի հայտ եկող սպառնալիքներին դիմակայելու համար: Իսկ այդ սպառնալիքներն այժմ ավելի շատ են, քան երբևէ. գաղտնիք չէ, որ Հայաստանի բյուջեի զգալի մասը ձևավորվում է Սփյուռքից եկող դրամական մուտքերի հաշվին, որոնք ճգնաժամային պայմաններում, բնականաբար, կկրճատվեն: Բացի այդ, կկրճատվի նաև արտասահմանում, այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող ձեր հայրենակիցների` Հայաստան փոխանցվող դրամական միջոցների ծավալը: Այլ կերպ ասած, եթե ճգնաժամն անմիջականորեն չանդրադառնա Հայաստանի վրա, այն կազդի Սփյուռքի վրա` բումերանգի նման վերադառնալով Հայաստան:
Ուստի, հենց Հայաստանին է պետք, նախ և առաջ, կողմնորոշվել սեփական արտաքին քաղաքական առաջնահերթություններում: Այսօր այդ առաջնահերթությունները շատ են` Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն, Չինաստան և, ինչու ոչ` նաև Իրան:
- Արդյո՞ք կեսմիլիոնանոց վարկը, որը Ռուսաստանը մտադիր է տրամադրել Հայաստանին, Ձեր նշած սահմանման վկայությունն էհանդիսանում:
- Որքան հասկանում եմ` ոչ, քանի որ Ռուսաստանը տալիս է Հայսատանին $500, իսկ Համաշխարհային բանկը` $525 մլն վարկ: Կարծում եմ, որ այս համատեքստում, այնուամենայնիվ, շատ բան կախված կլինի այն մակարդակից, որով Հայաստանը կառուցում է հարաբերությունները Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Ինձ համար առայժմ դժվար է դատել Հայաստանի տնտեսության կարիքների մասին, որքանո՞վ այդ վարկերը կայունացնող ազդեցություն կունենան նրա վրա: Սակայն կարծում եմ, որ որոշիչը, այնուամենայնիվ, կլինի ԱՊՀ երկրների համախմբումը Ռուսաստանի շուրջ, քանզի այսպես թե այնպես Ռուսաստանը շարունակում է մնալ ձգողության կենտրոն հետխորհրդային տարածքում: Շատ դեպքերում ռուսական վարկերը կարող են փոքր լինել իրենց չափերով, քան արևմտյանները, սակայն դրանք ավելի քիչ պարտադրող են, քանզի Մոսկվան, որպես կանոն, ոչինչ փոխարենը չի պահանջում: Ինչը չի կարելի ասել Արևմուտքի մասին, որը ֆինանսները և տնտեսւթյունը սերտորեն կապում է արտաքին և, ինչը Հայաստանի պարագայում ամենակարևորն է` ներքին քաղաքականության հետ` պահանջելով այս կամ այն փոփոխությունները: Ընդհանուր առմամբ, հուսով եմ, որ ճգնաժամը չի ազդել Հայաստանի վրա այն չափով, որ հանրապետությունը կտրուկ փոխի իր արտաքին քաղաքական կողմնորոշումը: Կարծում եմ, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ` աջակցելու համար Հայաստանին ճգնաժամային պայմաններում` թույլ չտալու համար հանրապետության ազգային արժույթի կտրուկ արժեզրկում։ Հատկանշական է, որ Մոսկվան նման քաղաքականություն է որդեգրել ԽՍՀՄ մի շարք նախկին երկրների նկատմամբ:
- Որո՞նք են Ձեր կանխատեսումները ընդհանուր առմամբ աշխարհում իրավիճակի զարգացման վերաբերյալ` գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում, որո՞նք են, ի դեպ, դրա պատճառները:
- Նախ, ես համոզված եմ, որ Ձեր նշած համատեքստում Ճգնաժամ բառը պիտի օգտագործվի միայն չակերտներում: Իրականում այդ «ճգնաժամն» ուղղված է ԱՄՆ-ին ունեցած պարտքի խնդրի լուծմանը, առաջին հերթին` արտաքին պարտքի, որը կազմում ե $13 տրլն: Ֆոնդային շուկայի զարգացման ինստիտուտի մասնագետների կարծիքով, ժամանակակից ճգնաժամի հետ կապված իրավիճակը մեծ մասամբ հիշեցնում է 1980-ականների վերջը, երբ նավթի գների և սեփական արտարժույթի մանիպուլյացիայով ամերիկացիներին հաջողվեց լուծել մի շարք ռազմավարական խնդիրներ, մասնավորապես` փլուզել ԽՍՀՄ-ը: 2008թ., ինչպես 80-ականների սկզբին, դիտվում էր նավթի գների կտրուկ աճ, ինչը թույլ տվեց Միացյալ Նահանգներին շահութաբեր դարձնել և շահագործման մեջ մտցնել նոր նավթահորեր: 80-ականների վերջին նավթի աճող առաջարկն իջեցրեց նավթի միջազգային գները և նպաստեց ակտիվների վերածմանը ԱՄՆ դոլարի, որի փոխարժեքը 80-ականների վերջին կտրուկ բարձրացավ: Գրեթե նույն բանն է տեղի ունենում այսօր: Բնական է, որ նրանք, ովքեր ղեկավարել են այդ գործընթացը, կարողացել են նախապատրաստվել համապատասխան իրադարձություններին և հաղթող դուրս գալ այսպիսի կազմակերպված «ճգնաժամից»: Այսօր չկա նավթից կախված ԽՍՀՄ, սակայն առաջվա պես կան ԱՄՆ-ի նկատմամբ անբարյացակամ տրամադրված նավթ արտադրող Վենեսուելան, Իրանը և, ինչու ոչ՝ Ռուսաստանը: Առանձին խնդիր է ԱՄՆ չափից ավելի մեծ պարտքը: Եթե կրկնվի 80-ականների իրավիճակը, ապա «ճգնաժամը» կարող է ձգձգվել ևս տասը տարի: Սակայն, մյուս կողմից, նավթի ցածր գները ձեռնտու են Չինաստանին` ԱՄՆ ամենակարևոր հավանական դաշնակից-մրցակցին: Վերը նշվածից հետևում է, որ ԱՄՆ-ը կփորձի երկարատև առավելություններ ձեռք բերել Չինաստանի հանդեպ` հնարավորինս շուտ հաղթահարելու համար այդ «ճգնաժամը», մանավանդ որ այն խիստ բացասաբար է անդրադառնում մնացյալ աշխարհի վրա: Եթե, իհարկե, իրավիճակը դուրս չգա ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) վերահսկողությունից և նրանք ստիպված լինեն անհապաղ դոլարի դեֆոլտ հայտարարել և անցնել հյուսիսամերիկյան աշխարհամասի արժույթը` ամերոն, շրջանառության մեջ մտցնելու պահեստային տարբերակին:
- Ինչպե՞ս եք պատկերացնում նավթի գները մոտ ապագայում, գների շարունակվող անկման ֆոնին ի՞նչ պետք է ձեռնարկել այդ սցենարը կանխելու համար:
- Կարծում եմ՝ ՕՊԵԿ-ը` անկախ նրանից, որ ղեկավարվում է ԱՄՆ-ի կողմից, չի կարող երկար ժամանակ հրաժարվել արդյունահանման ծավալների կրճատումից: Հակառակ պարագայում այդ կազմակերպությունն ուղղակի կդադարի գոյություն ունենալ: Ամենայն հավանականությամբ, նավթի գները մոտ ապագայում կտատանվեն մեկ բարելի դիմաց $30-70 սահմաններում։ Սակայն, արդեն մի քանի տարի հետո` նավթի ապացուցված հեշտհասանելի պաշարների կրճատման արդյունքում, գները կարող են բարձրանալ մինչև մեկ բարելի դիմաց $100 և նույնիսկ կարող են գերազանցել պատմության մեջ առավելագույն՝ 2008թ. ցուցանիշը: Ի՞նչ պետք է անել նման սցենարը կանխելու համար։ Ինձ համար նույնպես` որպես բորսայական առևտրի մասնագետի, ավելի հոգեհարազատ է նավթը շուկա հանելը: Ժամանակն է վերջ դնել, մեղմ ասած, «չմատակարարվող» ֆյուչերսներով տարօրինակ առևտրին, այն դեպքում, երբ իրական մատակարարումները շարունակում են իրականացվել ինչպես նախկինում` յուրաքանչյուր տարածաշրջանում առանձին պայմանագրերով: Պետք է նավթը հանել բորսա, տալ դրան իրական, ողջամիտ գին: Այդ պարագայում մենք $2-4 չենք կորցնի յուրաքանչյուր բարելի մեջ` հայրենական Urals-ի և արտասահմանյան Brent-ի գների միջև առկա տարբերության պատճառով:
- Որքանո՞վ է հավանական Միացյալ Նահանգների կողմից նոր արտարժույթը` ամերոն, շրջանառության մեջ մտցնելը եվրոյի, ինչպես նաև հեռանկարում ոսկե յուանի ի հայտ գալու համատեքստում: Որքանո՞վ են իրատեսական Նազարբաևի առաջարկությունները ԱՊՀ երկրների՝ եվրազի անցնելու վերաբերյալ:
- Ամենայն հավանականությամբ, 2010թ. եվրոն կվերականգնի վերջին ժամանակներս կորցրած դիրքերը, եթե ԱՄՆ-ը թույլ տա դա անել մեկ եվրոյի դիմաց $1.3-1.4 մակարդակով: Բնական է, որ այս կանխատեսումները վերաբերում են միայն այն սցենարին, եթե դոլարի հետ կապված իրավիճակը զարգանա Միացյալ Նահանգների ԴՊՀ լիակատար վերահսկողության ներքո: Եթե դա տեղի չունենա, ապա չեմ բացառում, որ ԱՄՆ-ը կանցնի նոր արժույթի` ամերոյի, ողջ աշխարհի համար դրանից բխող հետագա լուրջ խնդիրներով: Քանի որ անցման հետևանքով ԱՄՆ ֆինանսական համակարգը երկար ժամանակով կկորցնի վստահությունն իր նկատմամբ, այդ նախագիծը կիրականացվի ծայրահեղ դեպքում: Որպես միջանկյալ տարբերակ հնարավոր է այլ երկրների դոլարային ակտիվների վերածում ամերոյի, ամենայն հավանականությամբ, վճարումների հետաձգումով: Ինչևէ, այս տարբերակը կարող է կենսագործվել «ճգնաժամի» հաջորդ փուլերում, երբ կսկսվի սպառվել նավթի իրական պաշարը: Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահի առաջարկությանը, ապա այն շատ արդիական է: Դա` միջազգային ֆինանսական համակարգի արդիականացման իրական և տրամաբանական ճանապարհներից մեկ է: Եթե «Ա» երկիրը ենթադրում է «Բ» երկրից ներմուծել ապրանքներ և ծառայություններ, ապա բնական է, որ այն պետք է նախապես կուտակի այդ երկրի արժույթը, որը դառնում է պահուստային: Եվ հակառակը:
Ամեն ինչ դառնում է շատ պարզ ու հասարակ: Համենայնդեպս, մի շարք պայմանների առկայության պարագայում: Առաջին. արտարժույթի շուկայական փոխարժեքի սահմանման գործընթացից պետք է բացառել Կենտրոնական բանկերը: Դրանց գործը ոչ թե առևտրային գործառույթներն են, այլ փողային «խողովակներն» անպայմանորեն լցնելը` ինֆլյացիան նվազագույնի հասցնելով: Այսօր որոշ երկրների Կենտրոնական բանկերը հանդես են գալիս որպես ԱՄՀ, այսինքն, ըստ էության` ԱՄՆ ԴՊՀ գիծը տանողներ: Նման մոտեցման պարագայում ոչինչ չի խանգարում ձևավորել ընդհանուր արժույթ տարածաշրջանի մի շարք երկրների համար, օրինակ` եվրազ: Նման միավորումից ընդհանուր արժույթի կայունությունը միայն կբարձրանա: Ամենայն հավանականությամբ, համաշխարհային ֆինանսական համակարգի զարգացումը կընթանա հենց այս տարբերակով, քանի որ G20-ի ապրիլի 2-ի գագաթաժողովում սկզբունքորեն որևէ նոր բան չի առաջարկվել: Վարկանիշային գործակալությունների, հեջ-ֆոնդերի վերահսկումը, ֆինանսական կազմակերպությունների գործունեության չափանիշների բարելավումը ընդամենը գործունեության իմիտացիա են, կիսամիջոցառում, քանի որ տպող հաստոցը, որը թողարկում է ողջ աշխարհում ոչնչով չապահովված դոլարներ, Միացյալ Նահանգների ԴՊՀ-ն մոտ ժամանակներսում անջատել չի պատրաստվում:
- Շնորհակալություն հարցազրույցի համար։
դեպի ետ