• am
  • ru
  • en
Версия для печати
10.06.2009

ԿԿԱՏԱՐԻ՞ ԱՐԴՅՈՔ ԿՈԿՈՅՏԻՆ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

   

Эдуард Кокойты.jpg (medium)Մասնագետների կարծիքով` հարավօսական առաջնորդը պետք է ընտրություններից հետո բարելավի բնակչության կենսապայմանները, այլապես վտնագ կա, որ մարդիկ կարող են շրջադարձ կատարել դեպի ընդդիմությունը:

Միջազգային հանրության կողմից հիմնականում չճանաչված Հարավային Օսիայի հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին մայիսի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից իր համար ցանկալի արդյունքները ստացավ, սակայն տեղացի փորձագետների կարծիքով`վերջինիս քաղաքականության ձախողման դեպքում բնակչությունը կարող է շրջվել ընտրապայքարից դուրս մնացած քաղաքական գործիչների կողմը:

Կարծիքներ կան, որ Հարավային Օսիայում այսուհետ ավելի մեծ հույսերով են ակնկալելու կենսապայմանների որոշակի բարելավումներ անցյալ տարվա պատերազմի հետեւանքները վերացնելու համար նախատեսված Ռուսաստանի տրամադրած միջոցների հաշվին:

Այս շաբաթ Կոկոյտին խոստացավ իր լայն իրավասությունների մի մասը զիջել իր իսկ կողմնակիցներով լի խորհրդարանին: Իսկ խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 7%-անոց արգելքն այդպես էլ չհաթահարած ընդդիմադիր կուսակցությունները իշխանություններին մեղադրում են ընտրակեզծիքների մեջ:

2001-ից ի վեր Կոկոյտին եղել է 1991-92թթ. պատերազմի ընթացքում կենտրոնական իշխանություններից անջատված Հարավային Օսիայի անվիճելի առաջնորդը: Քննադատները նրան մեղադրում են մոտավերապես 70 հազարանոց բնկաչությամբ այս փոքրիկ տարածքը սեփական վոտչինան դարձնելու մեջ:

Չնայած նրան, որ թե´ Վրաստանը, թե´ Եվրոպական Միությունը հրաժարվեցին ճանաչել կայացած խորհդրանական ընտրությունները, Կոկոյտին ողջունել է դրանց արդյունքները` որպես իր շրջանի համար կարեւոր առաջընթաց. Հարավային Օսիայի անկախությունը ճանաչվեց Ռուսաստանի կողմից անցյալ տարվա կարճատեւ պատերազմից հետո, որը սկսվեց Վրաստանի` անջատողական շրջանի նկատմամբ իր իշխանությունը վերականգնելու փորձերից:

«Մտադրվում եմ կառուցողական աշխատանք կատարել հարավօսական խորհրդարանի հետ եւ պատրաստ եմ այդ մարմնին լայն իրավասություններ տրամադրել, ներառյալ` կառավարության վերակազմավորումը եւ ձեւավորումը», - այս շաբաթ հայտարարել է Կոկոյտին:

Ընտրությունների արդյունքում` Կոկոյտիի «Միասնություն» կուսակցությունը խորհրդարանում 17 տեղ ստացավ, մինչդեռ կոմունիստները` 8: Մնացած 7 տեղերը զբաղեցրին իշխանամետ «Ժողովրդական» կուսակցության անդամները:

Ժամանակին ընդդիմադիր «Ժողովրդական» կուսակցությունը ոստիկանության կողմից շուրջկալի էր ենթարկվել ապրիլի 10-ին: Կուսակցության բոլոր ակտիվիստներին մի քանի ժամ շարունակ կալանքի տակ են պահել, այդ ընթացքում դրա անդամներին լրիվ փոխել են, ինչի հետեւանքով էլ որպես կուսակցության նախագահ Կոկոյտիին հավատարիմ մեկն է ընտրվել:

«Օտչիզնա» («Հայրենիք») անվանումով մյուս ընդդիմադիր կուսակցությունը մասնակցում էր ընտրություններին առանց իր առաջնորդ Վյաչեսլավ Գոբոզովի, ով, ենթադրաբար, երկար ժամանակ է, ինչ բացակայում է երկրից: Իր առաջնորդի բացակայությամբ կուսակցություն այդպես էլ չկարողացավ հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 7%-անոց արգելքը:

«Ընտրություններն անցել են ամենակոպիտ խախտումներով: Ներկայիս իշխանությունները չեն ցանկանում շրջապատված լինել սեփական կարծիքն ունեցող մարդկանցով: Այս ընտրությունների միակ նպատակը սահմանադրության փոփոխությունն էր, ինչը թույլ կտա Կոկոյտիին երրորդ անգամ նախագահական ընտրություններին մասնակցել», - համոզված է ընդդիմադիր ակտիվիստ Ալան Գասսիեւը:

Կառավարությունն իր հերթին կտրականապես հերքել է ընտրությունների կեղծման վերաբերյալ ցանկացած ակնարկները:

«Ընտրություններն ամբողջությամբ համապատասխանել են Հարավային Օսիայի օրենսդրությանը. պարզ չէ, թե այդ ում օրենքներին դրանք չեն համապատասխանում: Դիտորդները միասնական են եղել ընտրությունների օրինականության վերաբերյալ իրենց կարծիքներում», - հայտարարել է արտգործնախարար Մուրաթ Դժիոեւը:

Տեղացի մասնագետների խոսքերով` Կոկոյտին կարողացավ ստանալ իր ակնկալած խորհրդարանը, սակայն այժմ նա պետք է զգույշ լինի, քանի որ իր վարած քաղաքականության ձախողման դեպքում ժողովուրդը կարող է անցնել ընտրությունները չհաթահարած քաղաքական գործիչների կողմը:

«Ընտրողն իր ապագայի մասին էր մտածում եւ իրական քաղաքական պայքարի վկա է եղել: Հարավային Օսիայում կառավարությանը բացեիբաց քննադատելու պատրաստ անհատներ են հայտնվել, ովքեր ճգնաժամից դուրս գալու սեփական ուղիներն են առաջարկում: Եթե կառավարությունը չկատարի ընտրողների ձայների փոխարեն տրված խոստումները, ապա շատ հնարավոր է, որ մարդիկ շրջվեն քաղաքական պայքարից դուրս մնացած ուժերի կողմը», - նշում է անկախ քաղաքական մեկնաբան Ալան Պարաստաեւը:

Կոկոյտիի դեմ մեղադրանքները սաստկացան հատկապես անցյալ տարվա պատերազմի հասցրած վնասը վերացնելու նպատակով Ռուսաստանի հատկացրած միջոցների բաշխման կապակցությամբ: Նույնիսկ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Անատոլի Բարանկեվիչն է Կոկոյտիին փողերը յուրացնելու մեջ մեղադրել. մեղադրանք, որը կտրականապես հերքվում է նախագահի կողմից:

Քվեարկողների խոսքերով` վերականգնման համար հատկացված այս փողերն ընտրությունների հիմնական հարցն են եղել:

«Եւ սրանք ընտրություննե՞ր են կոչվում: Նրանք պարզապես հավաքվում էին մեր տների մոտ ու կոչ անում. «Ընտրե´ք, այլապես Ռուսաստանը կվիրավորվի եւ մեզ այլեւս չի օգնի»: Բայց նրանք ոչինչ էլ չեն արել քաղաքում: Այժմ էլ այնպես է, ինչպես եղել էր պատերազմից առաջ», - ասում է Ժաննան` մայրաքաղաք Ցխինվալի բնակչուհին:

Ժաննայի կարծիքը կիսում է նաեւ նրա հարեւանը, ով չցանկացավ հայտնել իր անունը.

«Չնայած օգոստոսյան պատերազմից արդեն ինն ամիս է անցել` համարյա ոչինչ չի փոխվել, նույնիսկ ռազմական գործողությունների հետեւանքով վնասված ճանապարհները չեն վերանորոգվել: Հասկանում եմ, որ ֆինանսական խնդիրներ կան, բայց զարմանում եմ, միթե անհնար էր վերանորոգել Ցխինվալի ճանապարները», - ասում է վերջինս:

Ընտրությունները միանգամից անվավեր ճանաչվեցին թե´ Վրաստնում, թե´ Արեւմտյան Եվրոպայում: ԵՄ ներկայիս նախագահող երկիրը` Չեխական Հանրապետությունը, այս կապակցությամբ քննադատական գնահատականով հանդես եկավ, որն արժանացել էր ինչպես Բրյուսելի, այնպես էլ մի շարք նախկին Խորհրդային պետությունների` Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի աջակցությանը:

«ԵՄ-ը անվավեր է ճանաչում ինչպես «ընտրությունները», այնպես էլ դրանց արդյունքները: Նման կարգի ընտրությունների անցկացումը խոչընդոտում է Վրաստանի շուրջ ստեղծված իրադրության խաղաղ եւ երկարատեւ լուծմանն ուղղված գործընթացին», - նշվում է Չեխիայի հեղինակած հայտարարության մեջ:

«ԵՄ-ը վերահաստատում է Վրաստանի անկախության եւ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում տարածքային ամբողջականության վերաբերյալ իր կայուն աջակցությունը», - շեշտվում է հայտարարության մեջ:

Վրաստանը, որը կորցրեց Հարավային Օսիայի նկատմամբ իր իշխանության վերջին լծակները անցյալ տարվա օգոստոսին, երբ ռուսական զորքերը շրջանը մաքրեցին թե´ վրացական զինվորներից, թե´բնակրությունից, ընտրությունները «ֆարս» անվանեց:

Այսպես, խորհրդարանի խոսնակ Դավիդ Բաքրաձեն ընտրությունները «ժողովրդավարության ծաղրանք» կոչեց:

«Ցինիկ եւ անընդունելի է խոսել ժողովրդի կամքի արտահայտության մասին, երբ շրջանի բնակչության մեծ մասը ստիպված է եղել հեռանալ այնտեղից` անցյալ տարվա օգոստոսին տեղ գտած էթնիկ մաքրումների ալիքի ներքո», - հայտարարել է Բաքրաձեն:

Վրացական փորձագեները կասկած են հայտնում այն բանի վերաբերյալ, թե արդյոք ընտրությունները ինչ-որ ձեւով կազդեն Թբիլիսիի` շրջանի վերաբերյալ ստեղծված փակուղին հաղթահարելու փորձերի վրա, քանի որ այս կապակցությամբ բանակցություններն ընդհանրապես բացակայում են:

«Անիմաստ է խոսել այն մասին, թե սա կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ բանակցությունների վրա, քանի որ նման գործընթաց անգամ գոյություն չունի, եւ չենք էլ կարող ակնկալել, թե որեւէ նման բան կսկսվի մոտ ապագայում», - ասում է մեկնաբան Գիյա Նոդիան:

Ալան Ցխուրբաեւ, Ցխինվալ (Կովկասյան Լրատու # 496, 5-ը հունիսի, 2009թ.)

Ալան Ցխուրբաեւը «Կովկասյան հանգույց»-ի թղթակից է (www.eng.kavkaz-uzel.ru/):
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի
«Կովկասյան լրատու» պարբերականից:
(www.iwpr.net)


դեպի ետ