• am
  • ru
  • en
Версия для печати
27.03.2013

ԼՈՒՐԵՐ

   

Եվրասիական միությունը կվերաձևի աշխարհի տնտեսական քարտեզը

Մինչև մայիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կպատրաստի Եվրասիական միության մասին պայմանագիրը։ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ստեղծվող կազմակերպության պոտենցիալը հսկայական է։ Արդեն ցանկանում են միանալ Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ, ինչպես նաև Մոնղոլիան, Տաջիկստանը և անգամ Մոլդովան։ Բայց անդամակցության հերթում առաջինը Ղրղզստանն է։ Միջազգային համագործակցության ընդլայնման հետ մեկտեղ, առաջիկա երկու տարիներին Մաքսային միության երկրներն աշխատելու են նաև շատ ավելի խոր փոխադարձ ինտեգրման ուղղությամբ. սրանում վստահ է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան։ «Մինչև 2015 թվականը եվրասիական մեր տարածքի համար, որը կառուցում են Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը, դառնալու է ինտեգրման խորացման ժամանակաշրջան։ Դա, իհարկե, չի հանում մեր միության աշխարհագրական ընդլայնման հարցը։ Մենք արդեն բանակցություններ ենք վարում Ղրղզստանի հետ։ Այժմ դա արդեն պարզապես քաղաքական հարց չէ։ Մենք հստակ հասկանում ենք, որ Ղրղզստանի՝ միությանը չանդամակցելու տնտեսական ռիսկերը կարող են գերազանցել Մաքսային միության պայմաններին նրա հարմարվելու ծախսերը։ Եվրասիական միության՝ որպես նոր միջազգային կազմակերպության, գործարկումն արմատապես կփոխի աշխարհի աշխարհատնտեսական քարտեզը։ Ես հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միությունը կդառնա գլոբալ դերակատար, որը հարաբերություններ կհաստատի մեր առանցքային գործընկերների հետ, ինչպիսին են ԵՄ-ը և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը»,- ասել է նա։

Միասնական տնտեսական տարածք կառուցելու համար հարկավոր է երկրների համար ապահովել կապիտալների, աշխատուժի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ, նշել է Տատյանա Վալովայան Մոսկվայում անցկացված գիտագործնական կոնֆերանսում՝ նվիրված եվրասիական տարածքում ինտեգրման հարցերին։ Բացի այդ, նա վստահ է, որ չմասնակցող երկրները պետք է զարգացնեն ներքին շուկան, որը կարող է դառնալ ազգային տնտեսությունների աճի կենտրոն։

Մաքսային միությունն ունի ամեն ինչ՝ համաշխարհային ասպարեզում ինքնուրույն դերակատար դառնալու համար

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միջև փոխադարձ առևտրի ծավալները կրկնակի արագ են աճում, քան արտաքին շուկայում։ Դրական միտումն ամրապնդելու համար մասնակից երկրները պետք է համատեղ զարգացնեն արտադրությունը, տեխնոլոգիաները և գյուղատնտեսությունը։ Բացի այդ, հարկավոր է մշակել նաև միասնական դիվանագիտական ռազմավարություն։ Առայժմ երրորդ երկրների հետ բոլոր բանակցությունները վարվում են «3+1» ձևաչափով։ Բայց Մաքսային միությունն ունի ամեն ինչ՝ համաշխարհային ասպարեզում ինքնուրույն դերակատար դառնալու համար, ասում է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ «Դրա համար հարկավոր են զարգացման ընդհանուր ռազմավարություն, արդյունաբերության ընդհանուր ռազմավարություն, արտադրությունների զարգացման օպտիմալ ուղղությունների ընդհանուր ըմբռնում և այդտեղից բխող համատեղ առևտրային քաղաքականություն։ Սրա հետ ենք կապում ինտեգրացիայից սպասվող էֆեկտի հետագա բարձրացումը։

Մեր հաշվարկներով, մինչև 2030թ. մենք ակնկալում ենք լրացուցիչ տնտեսական ակտիվության աճ մեր միությունում՝ տրիլիոն դոլարի չափով։ Դա բոլոր երեք պետությունների ՀՆԱ ծավալն է։ Այսօր մենք լիարժեք Մաքսային միություն ունենք, որտեղ վերազգային մարմինը զբաղվում է ողջ առևտրային քաղաքականությամբ։ Բայց այն առայժմ միջազգային սուբյեկտի կարգավիճակ չունի։ Այս առնչությամբ բոլոր բանակցությունները վարում են երեք պետությունները, իսկ եվրասիական հանձնաժողովն սպասում է, մինչև նրանք կպայմանավորվեն։ Այդպես եղավ Սերբիայի և Չեռնոգորիայի հետ առևտրային ռեժիմի միասնականացման բանակցություններում, այդպես են այժմ վարվում բանակցությունները Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ։ Վերջին բարեփոխման շրջանակներում մեզ հաջողվել է հասնել որոշումների կոնսենսուսային ընդունման»,- ասել է նա։ Ինքնուրույն կարգավիճակ ստանալուն կօգնի նաև բոլոր մասնակից երկրների անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։ Բելառուսը և Ղազախստանն առայժմ բանակցություններ են վարում։ Մաքսային միությունում երեք տարվա ընթացքում հաջողվել է ստեղծել ապրանքների և ծառայությունների միասնական շուկա, հանել բոլոր տրանսպորտային, ֆիտո- և անասնաբուժական պատնեշները, անգամ ստեղծվել է տեխնիկական կարգավորման ընդհանուր համակարգ։ Ինտեգրացիայի խորացման հաջորդ քայլը կդառնա ընդհանուր վճարային համակարգը։ Խոսքը ոչ թե դրամական միության, այլ ազգային արժույթով հաշվարկներ անելու անցման մասին է՝ առանց դոլարի կամ եվրոյի, ուղղակի փոխարժեքի ձևավորմամբ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար. Մաքսային միությունը, ելնելով ԵՄ փորձից, չի ընդլայնվի միայն հանուն ընդլայնման

Մաքսային միությունը, հաշվի առնելով Եվրամիության փորձը, չի ընդլայնվի միայն հանուն ինտեգրացիոն միավորման մեծացման, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսական հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան Մոսկվայում կայացած «Ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական տարածքում. պոտենցիալ և հեռանկարներ» գիտագործնական կոնֆերանսում, տեղեկացնում է Eurasianews-ը՝ հղում կատարելով զանգվածային լրատվամիջոցներին։ «90-ական թթ. Եվրոպական միությունը տառացիորեն զբաղվեց հեղեղանման ընդլայնմամբ,- հիշեցրել է Տատյանա Վալովայան։- Մենք ուշադիր ուսումնասիրում ենք նրա փորձն ու չենք ձգտում ընդլայնվել հանուն ընդլայնման։ Նոր անդամների ցանկացած ներգրավում պետք է շահավետ լինի և՛ միավորման, և՛ իրենց համար։ Այսօրվա դրությամբ Ղրղզստանը Մաքսային միությանը միանալու պաշտոնական հայց է ներկայացրել։ Ներկայում ակտիվորեն իրագործվում է սույն հարցի վերաբերյալ միջոցառումների պլանը»,- ասել է նա և ավելացրել, որ մարտի վերջին նախատեսվում է անցկացնել ՄՄ-ին Ղրղզստանի միավորման աշխատանքային խմբի հերթական նիստը։

http://eurasianews.md

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 3, 2013

դեպի ետ