• am
  • ru
  • en
Версия для печати
27.03.2013

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

   

Ամերիկյան անվտանգության գործակալությունը մեղադրում է Չինաստանին կիբերհարձակումների մեջ

Ամերիկյան անվտանգության գործակալությունը պնդում է, որ ԱՄՆ և այլ երկրների շուրջ 141 թիրախներից գողացվել են տեղեկություններ, որոնք կատարվել են Չինաստանի Շանհայի արվարձանում գտնվող ռազմակայանից իրականացվող կիբերհարձակումների միջոցով: ԱՄՆ Վիրջինիա նահանգում տեղակայված Mandiant կորպորացիայի զեկույցի համաձայն՝ ԱՄՆ և այլ երկրների մասնավոր ընկերությունների և պետական գործակալությունների դեմ ուղղված կիբերլրտեսությունը կարող է ուղղակիորեն առնչություն ունենալ Չինաստանի ռազմական ուժերի հետ: Mandiant-ը տեղեկացնում է, որ կիբերհարձակումներն իրականացվել են Ժողովրդական ազատագրական բանակի «61398 միավորման» կողմից, հարձակումների հիմնական թիրախներն էին ռազմական պայմանագրային աշխատակիցները և էլեկտրացանցերի վերահսկման ընկերությունները: Գործակալությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով գողացված տեղեկատվության ծավալը՝ հարձակումները կարելի է համարել ամենաբեղուն կիբերլրտեսություններից մեկը:

Շքանշան «հաքերական վաստակի համար»

ԱՄՆ իշխանությունները շքանշան կշնորհեն կիբերպատերազմների մասնակից զինվորներին։ Նոր պարգևատրման մասին հայտնի է դարձել ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։ «Նոր պարգևի ստեղծումը խոսում է ռազմական գործողությունների սկզբունքների փոփոխության մասին»,- նշել է ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մարտին Դեմփսին։ Distinguished Warfare Medal յուրաքանչյուր շքանշանն արժանանալու է անձամբ պաշտպանության նախարարի հավանությանը։ Ընդ որում, Լեոն Պանետան շուտով թոշակի է անցնելու, և այդ պարտականությունը կկատարի նրա իրավահաջորդը։ Ռազմական գործողություններին մասնակցած ամերիկացի զինծառայողների համար նախատեսված վերջին պարգևատրումը հաստատվել է 1944թ.։ Դա Բրոնզե աստղն էր, որը շնորհվում էր մարտի դաշտում ցուցաբերած խիզախության և հերոսության համար։ Նոր շքանշանը, Associated Press-ի հաղորդմամբ, մի կարգ բարձր կլինի, քան Բրոնզե շքանշանը, սակայն ավելի ցածր է, քան Արծաթե շքանշանը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը առաջինն էր, որ ստեղծեց կիբերզորքեր։ Այդպիսի բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին 2009թ. հայտնեց գեներալ-լեյտենանտ Քիթ Ալեքսանդերը։ Վերջերս նախագահ Օբաման հրաման ստորագրեց, որի համաձայն՝ ենթակառուցվածքային ընկերությունները և հատուկ ծառայությունները տեղեկություն կփոխանակեն կիբերվտանգների մասին, կմշակվեն կիբերանվտանգության ազգային չափանիշները։

Թուրքիայի օդուժը ծրագրել է կիբերէսկադրիլիա ստեղծել

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մեհմեթ Էրթենը հայտարարել է, որ էլեկտրոնային և միջտիեզերական տարածություններում պատերազմելու նպատակով ստեղծելու են կիբերէսկադրիլիա: Էրթենը լրագրողներին ներկայացրել է թուրքական օդուժի ապագա նախագծերի մասին տեղեկություններ: Խոսելով արբանյակային տեխնոլոգիաների և կիբերպատերազմների մասին` թուրք գեներալը նշել է, որ ձևավորվելու է «կիբերհրամանատարություն» միավորը, որին կցվելու է համապատասխան կիբերէսկադրիլիան: Նախատեսվում է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ 2023թ. թողարկել ազգային արտադրության արդիականացված նոր ռազմական ինքնաթիռներ: «Օդային և ուղեծրային տարածություններում տարածաշրջանի առաջին, իսկ աշխարհի մասշտաբով՝ առաջատար օդուժ լինելու տեսլականը մենք արդեն յուրացրել ենք: Այդ տեսլականը կյանքի կոչելու համար խթանում ենք մեր ռազմարդյունաբերությունը: Էական զարգացումներ ունենք հատկապես «Գյոքթուրք» սերիական արբանյակների և անօդաչու թռչող սարքերի նախագծման գործերում»,- նշել է Մեհմեթ Էրթենը` հիշեցնելով, որ 2011-ից վավերացվել և ուժի մեջ է մտել Թուրքիայի ռազմաօդային ուժերի կիբերհայեցակարգը:

Google-ը ֆրանսիական մրցակից կունենա՝ Qwant-ը

Ֆրանսիայում գործարկվել է տեղական մշակման ինտերնետի որոնողական համակարգ, որն, ըստ հեղինակների, կարող է ճնշել Google դիրքերը: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, նոր համակարգի առավելությունն է որոնման հնարավորությունը սոցցանցերում և արդյունքների ներկայացման հարմար եղանակը: Qwant անվանումը ստացած համակարգը փորձնական ռեժիմով աշխատում է աշխարհի 15 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, և հասանելի է աշխարհի 35 երկրների օգտատերերին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Համացանցից օգտվում է Երկիր մոլորակի բնակչության 1/3-ը

Ըստ Էլեկտրահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի՝ երկրագնդի ամբողջ բնակչության 2/3-ին համացանցը հասանելի չէ: Աղետալի վիճակ է երրորդ աշխարհի երկրներում, նշվել է UNESCO կազմակերված գագաթաժողովի ժամանակ, գրում է РБК-ն: Ըստ Տուրեի՝ համաշխարհային ցանցից օգտվողների թիվը չի գերազանցում 2.5 մլրդ-ը: Կա ինտերնետային ծածկույթի ընդլայնման որոշակի միտում, սակայն այս գործընթացը ծայրահեղ դանդաղ է ընթանում: Պաշտոնյան նշել է, որ մոլորակի վրա «թվային ճեղքվածք է առաջացել» այն մարդկանց (որոնց հասանելի են տեղեկատվական տեխնոլոգիաները) և նրանց միջև, ովքեր դրանից զրկված են: «Հետամնացությունը» բոլորից արագ հաղթահարում են Ասիայի բնակիչները. ներկայում յուրաքանչյուր երկրորդ օգտատեր բնակվում է աշխարհի հենց այդ հատվածում: Տուրեն նշել է, որ համացանցի զարգացման փուլում առանձնանում է բջջային սարքերի տարածվածությունը: Պաշտոնյան ընդգծել է, որ օգտատերերը ցանցի միջոցով ոչ միայն տեղեկություններ են ստանում, այլ նաև վճարումներ են կատարում:



«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 3, 2013

դեպի ետ