• am
  • ru
  • en
Версия для печати
25.03.2013

ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ. ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԵՏԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

   

Աշխարհի լավագույն 20 տնտեսագետների ցանկում գտնվող ստամբուլահայ Տարոն Աջեմօղլուն թուրքական Milliyet-ին տված հարցազրույցում ասել է, թե Թուրքիայի 2023 թվականի տեսլականը իրական չէ, քանի որ թուրք գործարարների համար դժվար է մի երկրում գործունեություն ծավալել, որն իրավունքի երկիր չէ:

Թուրքիայում ստացած հերթական մրցանակը վերցնելու համար Ստամբուլ ժամանած Տարոն Աջեմօղլուն, ով ապրում է ԱՄՆ-ում եւ դասավանդում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, պատասխանել է Milliyet-ի հարցերին:

Լրագրողի այն հարցին, թե որքանո՞վ են իրական թուրքական իշխանությունների հայտարարած 2023-ի ծրագրերը, Տարոն Աջեմօղլուն պատասխանել է, թե անհնար է, որ դրանք իրականանան: «Տնտեսությունը մեծանում է, սակայն մարդիկ աղքատ են: Աշխարհի ամեն վայրում է աղքատություն եւ անհավասարություն կա, սակայն Թուրքիայում վիճակն այլ է: Դա կապված է նախկին համակարգերի հետ»,-նշել է Աջեմօղլուն:

Անդրադառնալով ֆինանսա-բանկային համակարգին, հայ տնտեսագետը նշել է, թե այդտեղ Թուրքիայի գործն ավելի դժվար է, քանի որ այն դեռ իրավունքի պետություն չէ: «Դատական մարմինները շատ վատ վիճակում են: Եթե գործարար եք, ոչ մի պարագայում չեք կարող դիմել դատարան: Երբ Թուրքիայում չի ստեղծվել մարդկանց հավասարությունն ապահովող կառույցներ եւ քաղաքական համակարգը չի նորացվել, դրանք չեն կարգավորվի»,-նշել է Տարոն Աջեմօղլուն:

Այն հարցին, որ եթե Թուրքիան անցնի նախագահական համակարգի, իրավիճակը ո՞ր ուղղությամբ կփոխվի, Աջեմօղլուն պատասխանել է. «Իհարկե, բացասական ուղղությամբ: Եթե իրավունքի պետություն եք, նախագահական համակարգը վատը չէ: Իրավունքը պետք է միշտ քաղաքականության առջեւում լինի: Թուրքիայում առկա խնդիրների պարագայում նախագահական համակարգի անցում կատարվի, ավելի կհետաձգվի անցումը դեպի իրավական պետություն»:

Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք» համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։ 1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։

Տարոն Աջեմօղլուն, IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։


դեպի ետ