
ԵՎՐԱՍԻԱՅԻ ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐՆ ՈՒ ՏԵՂԸ ՆԵՐԿԱՅԻՍ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Տ.գ.դ., Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի (Մոսկվա) գլխավոր տնօրեն
Ո՞րն է նպատակահարմար Հայաստանի համար՝ Եվրոպական միությո՞ւն, թե՞ նոր ստեղծվող Եվրասիական միություն մտնելը, գուցե ուրի՞շ այլընտրանք էլ կա։ Այս իմաստով արժե անդրադառնալ այն համատեքստին, որն այսօր ստեղծվում է ընդհանրապես եվրասիական աշխարհամասում։ Գուցե ստեղծվող իրադրության ավելի խոր ու հանգամանալի գնահատականը մեզ հուշի այն տարբերակները, որոնք այսօր իրատեսական են հենց Հայաստանի համար։
Եվրասիայի ներկա իրավիճակին անդրադառնալով՝ կանգ առնենք հետևյալ հիմնական գործոնների վրա, որոնք, ըստ իս, առավել չափով են ազդում Եվրասիական աշխարհամասում իրադրության կազմավորման, ընթացիկ պատմական փուլի վրա։ Չեմ խոսի այն մասին, որ Եվրասիան աշխարհի սիրտն է, և նա, ով տիրում է Եվրասիային, տիրում է աշխարհին։ Սա արևմտյան առաջատար շատ աշխարհաքաղաքագետների հայտնի գնահատականն է։ Իմ վերլուծությունը ես կկառուցեմ այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են աշխարհագրականը, կլիմայականը, երկրաֆիզիկականը, ֆինանսատնտեսականը, սոցիալ-քաղաքականը և ռազմաքաղաքականը։
Եթե ավելի մանրամասն դիտարկելու լինենք, ապա աշխարհագրական և կլիմայական գործոնները վկայում են այն մասին, որ վերջին տասնամյակներին կլիման երկրագնդում այնպես է փոխվել, որ մինչ այդ անհասանելի գործոններն ու պահերն այսօր դառնում են որոշիչ ոչ միայն քաղաքական, այլև ֆինանսատնտեսական մի շարք իրադարձություններում։ Ի՞նչ նկատի ունեմ։ Ընդհանուր գլոբալ տաքացման արդյունքում հասանելի է դառնում Հյուսիսծովային ճանապարհը։ Մի շարք վերլուծաբաններ կանխատեսում են, որ 2040թ. Հյուսիսծովային ճանապարհը շուրջ տարին կիրառելի կդառնա։ Մի քանի ամսով կկրճատվի մթերքների տեղափոխման ճանապարհը եվրոպական շուկայից դեպի ասիական շուկաներ։ Բացի այդ, տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, ինչպիսին է գոլֆսթրիմի դանդաղումը, որոնք կհանգեցնեն կլիմայական փոփոխությունների Եվրոպայում։ Կլիման Եվրոպայում ավելի կոշտ է դառնում, տնտեսությունը և կյանքն այստեղ պահանջում են ավելի մեծ էներգետիկ ծախսեր։ Ուստի, անհրաժեշտ են ածխաջրածնային հումքի ավելի մեծ հոսքեր, որպեսզի Եվրոպայում ապահովվի այն կենսամակարդակը, որն ստեղծվել է վերջին տարիներին։ Այս ֆոնին ի հայտ են գալիս մի շարք տարածաշրջաններ, որոնք համարվում են ջրի դեֆիցիտ ունեցող գոտիներ։ Ջրի խնդիրն արդի աշխարհի համար գլոբալ և ամենակարևորներից մեկն է։ Այդ տարածաշրջանների թվում են թե՛ Կենտրոնաասիական տարածաշրջանը, թե՛ աշխարհամասային Չինաստանը, որն այսօր խմելու ջրի սուր հիմնախնդրի առջև է կանգնած։ Այս ֆոնին ի հայտ են գալիս ջրի ավելցուկ ունեցող այնպիսի շրջաններ, ինչպիսիք են ռուսական մեծ գետերի շրջան համարվող արևելյան Սիբիրը, Բայկալ լճի գոտին, այլ շրջաններ, որոնք բավական հեռու են թվարկածս տարածքներից, մասնավորապես՝ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի շրջանները, որոնք անցած տարի տուժեցին հեղեղումներից։
Հաջորդը երկրաֆիզիկական գործոնն է։ Պակաս կարևոր գործոն չէ նավթը. այսօր այն, փորձագիտական շատ գնահատականների համաձայն, սպառվում է։ Սպառվում են այն շրջանների ածխաջրածնային հումքի տնտեսապես էֆեկտիվ պաշարները, որոնք սովորաբար կերակրել են արդի քաղաքակրթությունը, և որոնց վրա, ըստ էության, ձևավորվել է արդի քաղաքակրթությունը։ Դրանք առաջին հերթին Սիբիրի արևելյան մասը, Պարսից ծոցը, Հյուսիսային Աֆրիկան են, բայց, դրա հետ մեկտեղ, ի հայտ են գալիս նոր շրջաններ։ XXI դարում նման շրջաններից են դառնալու Կասպից ծովի ավազանը և, իհարկե, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի շելֆը։ Հատուկ նշանակություն է ձեռք բերում Միջերկրական ծովի շրջանը, որտեղ վերջին տարիներին բացվել են մի շարք խոշոր գազահանքեր։ Եվրասիական աշխարհամասի ընդհանուր իրավիճակի փոփոխության վրա, իրենց հերթին, ազդում են ոչ միայն ածխաջրածնային հումքի ռազմավարական հանքավայրերի որոնումներն ու տնտեսվարական ակտիվությունը, այլ նաև տրանսպորտային փոփոխվող հոսքերը։ Եթե վերջին տասնամյակներին ածխաջրածնային հումքի մատակարարման հիմնական ուղղությունը համարվում էր այն եվրոպական և այնուհետև ամերիկյան շուկա հասցնելը, ապա այսօր ածխաջրածնային հումքի մատակարարման կարևոր ուղղություն են դառնում ասիական շուկաները։ Մենք վերակողմնորոշում ենք ածխաջրածնային հումքի մատակարարումներն Արևմուտքից Արևելք։ Պետք է հաշվի առնել, որ ողջ ենթակառուցվածքն այսօր կենտրոնացված է հենց Արևմուտքի վրա, բայց դրա տնտեսական արդյունավետությունն աշխարհաքաղաքական նոր իրողություններում ներկայում նվազում է։ Այսօր անհրաժեշտ է զարգացնել արևելյան ուղղությունը։
Ֆինանսատնտեսական գործոնն ավելի զգալի էր մեզնից յուրաքանչյուրի համար, քանի որ շատերն այս կամ այն չափով տուժել են գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից, որն ազդեցություն գործեց այդ թվում և մի շարք երկրների վրա։ Ֆինանսատնտեսական ճգնաժամը և տնտեսության վիճակի վատթարացումը վտանգավոր են նրանով, որ տնտեսական ճգնաժամը կարող է վերաճել քաղաքական ճգնաժամի։ Սոցիալական արտոնություններից, ֆինանսատնտեսական հնարավորություններից զրկվելը ստիպում է բնակչությանը քաղաքական ակտիվություն ցուցաբերել և ձգտել փոփոխությունների, այդ թվում՝ այս կամ այն երկրի քաղաքական կարգի փոփոխության։ Մենք տեսնում ենք, որ 2010թ. պետական պարտքի մեծությամբ ՀՆԱ տոկոսով աշխարհի կարևոր աշխարհաքաղաքական կենտրոններ ձևավորող առանցքային երկրներն այսօր խոշոր պարտապաններ են։ Դա, իհարկե, առաջին հերթին, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Ճապոնիան, մի շարք տեխնածին աղետների և ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքով, կորցնում է իր նշանակությունն իբրև տարածաշրջանային և համաշխարհային ֆինանսական կենտրոն։ Նույնն այսօր զգում է նաև Եվրասիական միությունը, որը տասնամյակներ շարունակ կարևորագույն համաշխարհային աշխարհաքաղաքական ուժի կենտրոն էր համարվում։ Այսօր այն ավելի շատ ներքաղաքական խնդիրներով է զբաղված, քան գլոբալ աշխարհաքաղաքական ուժի կենտրոնի դերակատարմամբ։
Սոցիալ-քաղաքական գործոնը վերոնշյալ կլիմայական և սոցիալ-տնտեսական գործոնների հետևանքն է։ Սոցիալ-քաղաքական գործոնը Եվրասիայի տարածքում հանգեցնում է այն բանին, որ այսօր շարժման մեջ են մտել մարդկանց հսկայական զանգվածներ։ Դրանք, նախևառաջ, միգրացիոն հոսքերն են Հարավարևելյան Ասիայից, Չինաստանից դեպի ռուսական Սիբիր, Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Ռուսաստան, Ուկրաինայից՝ Ռուսաստան և մասամբ որոշակի հոսք Ռուսաստանից դեպի Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Ինչո՞վ է վտանգավոր այս միտումը, որ զարգանում է ներկա պահին։ Նախ նրանով, որ միգրացիոն հոսքերը ոչ միայն աշխատանքային և մարդկային ռեսուրսներ են տանում, այլև մշակույթ, կրոն, դրանք այլ պատկերացումներ, այլ աշխարհզգացողություն են կրում, հեռու մշակութային այն ավանդույթներից, որոնք տասնամյակներ, հարյուրամյակներ գոյություն են ունեցել և զարգացել Եվրասիայի տարածքում՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և այլ երկրների շրջանակներում։ Սա պետք է հաշվի առնել։ Անշուշտ, սա հանգեցնում է լարվածության աճի նաև այն երկրների անվտանգության ներքին սպառնալիքների իմաստով, որոնց մասին մենք այսօր խոսում ենք։
Թվարկված բոլոր խնդիրներն, իհարկե, իրենց արտացոլումն են գտնում նաև ռազմաքաղաքական գործոնում։ Եթե այսօր նայելու լինենք Եվրասիայի քարտեզին, ապա կտեսնենք, որ այդ տարածքի գրեթե մեկ երրորդը պատված է այս կամ այն հակամարտությամբ՝ տարածաշրջանային, տեղային, ներքին, քաղաքական և այլն։ Այսօր, ըստ իս, առավել նշանակալի է հակամարտությունների այն հերթագայությունը, որ տեղի է ունենում արաբական աշխարհում՝ ընդգրկելով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը, Աֆրիկայի հյուսիսային երկրները։ Լարվածությունը շարունակում է պահպանվել Աֆղանստանում։ Արդեն տասնամյակներ շարունակվում է հնդկա-պակիստանյան հակամարտությունը, իրավիճակը լարված է Իրանի շուրջ։ Հարկ է առանձին խոսել Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններում լարվածության հնարավոր աճի մասին։ Այստեղ կներառեի նաև Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր սրացումը հյուսիսային ծովերի ռեսուրսներից, այդ թվում և շելֆից օգտվելու իրավունքի համար։ Այսպիսով, իրավիճակն այսօր Եվրասիական աշխարհամասում միանգամայն այլ է, քան տասը, քսան, երեսուն տարի առաջ։ Եթե անդրադառնալու լինենք քաղաքական, ֆինանսատնտեսական այն կառույցներին, որոնք այսօր գոյություն ունեն Եվրասիայի տարածքում, ապա դրանք արտացոլում են վաղեմի, «հին» քաղաքական իրականությունը։ Առանցքային կառույցները, մասնավորապես՝ Եվրոպական միությունը, ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով և, առաջին հերթին, Գերմանիայի ռազմատենչ նկրտումները զսպելու համար, և դրա հետ Գերմանիան այսօր հաշտվել չի ուզում։ Այն իր արտաքին և ներքին քաղաքականությունն այնպես է վարում, որպեսզի որքան հնարավոր է շատ ինքնուրույնություն ստանա։ Հարց է, թե արդյոք Եվրամիությունն առանց Գերմանիայի գործունակ կլինի։ Հարց է նաև, թե արդյոք Գերմանիան կմնա Եվրոպական միության դրայվերը։ Վերջին մի քանի օրերին վկան դարձանք այնպիսի իրադարձությունների, ինչպես, օրինակ, այն, որ Գերմանիայի ոսկու պաշարները վերադարձվեցին Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի կենտրոնական բանկերից։ Սա բնութագրական, գուցե ոչ մեծ, բայց կարևոր խթան է, որը վկայում է այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է որոշակի ներքին, այդ թվում՝ ֆինանսատնտեսական քաղաքականություն վարել։ Ինչպե՞ս գնահատել Հունաստանի ղեկավարության ելույթը Գերմանիայի ղեկավարության հանդեպ այն դեպքում, երբ Հունաստանը, որին Գերմանիան վերջին տասը տարիներին տնտեսապես աջակցում էր, հայտարարել է, թե Գերմանիան իրեն պետք է ռեպարացիա վճարի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասի դիմաց։ Ինչպիսի՞ն է ներքին քաղաքականությունը միասնական Եվրոպական միությունում, և որքանո՞վ է այն միասնական այսօր։ Ինչո՞ւ այս պայմաններում Հայաստանը պետք է փորձեր անի մտնել մի միություն, որն ինքը ներքին խնդիրներ ունի, որն սպառել է իր պատմական ժամանակը։ Խորհրդային Միության ավարտով իրավիճակն արմատապես փոխվեց, և ներկայում մենք ականատեսն ենք աշխարհաքաղաքական այն գործընթացների, որոնք դուրս են եկել թաքուն վիճակից՝ գլոբալ աշխարհում սահմանների և ազդեցության ոլորտների վերաձևման հետ կապված, որպես Խորհրդային Միության փլուզման հետևանք։ Աշխարհաքաղաքական գործընթացներն, անշուշտ, զարգանալու են, և Եվրոպական միության ճակատագիրն ինձ համար մեծ հարցական է մնում։
Ինչպիսի՞ն եմ տեսնում Հայաստանի ճանապարհը։ Կանգ չեմ առնի քաղաքական, մշակութային-կրոնական և սոցիալ-քաղաքական հարցերի վրա։ Կանդրադառնամ բավական պարզ օրինակի՝ տնտեսական հարցին։ Թեև այն տեսակետի կողմնակիցն եմ, որ միայն ռուբլով չէ, որ որոշվում են երկրների հարաբերությունները։ Խոսելով արդի աշխարհում Հայաստանի ապագայի, դերի ու տեղի մասին՝ չի կարելի է մոռանալ հայ ժողովրդի այն նշանավոր առանձնահատկության մասին, ինչպիսին է հայկական սփյուռքը։ Արտասահմանում տասնյակ, հարյուրավոր հայ համայնքների գոյությունը Հայաստանին եզակի հնարավորություն է տալիս, որը ոչ մի երկիր չունի. ոչ Ռուսաստանը, ոչ Ղազախստանը, ոչ Բելառուսը չունեն նման եզակի գործիք։ Ինչպե՞ս կարելի է օգտագործել այդ եզակի հատկանիշն ի նպաստ այն երկրների, որոնք որոշում են կայացրել ստեղծել Մաքսային միություն և Եվրասիական միություն։ Իմ կարծիքով, որքան էլ խոսենք այն մասին, որ իրավիճակը Եվրասիայի տարածքում փոխվում է, գլոբալացումից մենք արդեն չենք խուսափի։ Գլոբալացումն այնքան խորն է թափանցել մեր հասարակության բոլոր ոլորտները, որ անհրաժեշտ է հաշտվել դրա հետ ու օգտագործել ընձեռված հնարավորությունները սեփական ռացիոնալ շահերի համար։ Ես այսպես եմ կարծում. Ռուսաստանն այսօր կարող է գլոբալ շուկային բազմաթիվ մթերքներ ու տեխնոլոգիաներ տրամադրել, առաջին հերթին աերոտիեզերական համակարգում, մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, որոնք կարող են որպես հավասարը հավասարի մրցակցել արևմտյան արտադրողների նույն արտադրանքի հետ։ Ո՞րն է այսօր Ռուսաստանի խնդիրը. այն, որ մենք առայժմ չենք սովորել առևտուր անել և արդյունավետորեն վաճառել մեր ապրանքը միջազգային շուկաներում։ Մանավանդ որ այս խնդիրը Ռուսաստանի համար լուրջ և հրատապ է դառնում Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու պայմաններում։ Արդի գլոբալ տնտեսության բանալին այն ըմբռնման մեջ է, թե ինչպես պետք է կառուցել վերջնական ապրանքի արժեքի ստեղծման գլոբալ տնտեսական շղթայի օղակները՝ գաղափարի սաղմնավորման պահից մինչև այն լայն սպառողի կողմից դրա իրացվելը։ Արժեքի ստեղծման այդ գլոբալ օղակների մեջ են մտնում ոչ միայն եվրասիական, այլև եվրոպական, ամերիկյան և շատ այլ երկրներ։ Հարկ է հասկանալ, թե ինչպես են կառուցվում այդ օղակները, որն է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի տեղն այդ շղթայում։ Ինձ թվում է՝ սփյուռքի պոտենցիալի շնորհիվ Հայաստանը կարող է Եվրասիական միության երկրներին առաջարկել այդ ուրույն դերը։
Կուզենայի կանգ առնել հետևյալ հիմնական բնութագրիչների վրա, որոնք, իմ կարծիքով, որոշելու են Հայաստանի դերն ու տեղն արդի գլոբալ գործընթացներում։
Առաջին. Հայաստանը կարող է կատարել հայ համայնքների գործունեության համակարգման կենտրոնի դեր։ Եվ այդ ճանապարհին այսօր վիթխարի աշխատանք է արված, հսկայական աշխատանք է կատարել նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, անձամբ Գագիկ Աշոտի Հարությունյանը։ Ծանոթանալով այդ աշխատանքներին՝ տեսնում ես, թե ինչ պոտենցիալ է թաքնված հայության մեջ, և դա կարելի է օգտագործել ի նպաստ ստեղծվող Եվրասիական միության։
Երկրորդ. Հայաստանը կարող է դառնալ այդ նույն գլոբալ, առևտրային, տեղեկատվական և ֆինանսական օղակների ուսումնասիրման կենտրոն։ Հայության հազարամյա փորձը համաշխարհային առևտրի ստեղծման գործում, իմ կարծիքով, այստեղ կկարողանա դրական դեր խաղալ։
Հայաստանը պետք է դառնա հայ հանրության վերլուծական կազմակերպությունների գործունեությունը համակարգող կենտրոն։ Հայ համայնքների տրամադրության տակ գտնվող հսկայական պոտենցիալը պետք է օգտագործվի և գործադրվի ի շահ ինչպես Հայաստանի, այնպես էլ նոր ստեղծվող Եվրասիական միության։
Եվ վերջինը. Հայաստանը պետք է հանդես գա իբրև Եվրասիական միության երկրների միջազգային առևտրի համակարգող կենտրոն։ «Հայաստանը՝ դեպի գլոբալ աշխարհ տանող դարպասներ» միտքը, կարծում եմ, հետաքրքիր է և գրավիչ, ու ամենից շատ է համապատասխանում հայ ժողովրդի ազգային շահերին և առանձնահատկություններին։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԽՏՀ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԵԿԵԼ Է ԱՍԻԱՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ[18.12.2014]
- ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ[20.06.2012]
- ՉԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԻԾ. ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՊՀ ՔՍԱՆԱՄՅԱԿԻՆ[16.02.2012]
- ԷԼԻՏԱՅԻ ԴԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՊԱՀԵՐԻՆ[14.03.2011]
- ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՆԱԽԱԳԻԾ[07.04.2008]