
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Մարտի 16-ին Երևանում տեղի ունեցավ «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսը, որը կազմակերպել էր «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպությունը։
Ողջույնի խոսքով կոնֆերանսի մասնակիցներին դիմեցին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վ.Ե. Կովալենկոն և Բելառուսի Հանրապետության դեսպան Ս.Ն. Սուխարենկոն։
Կոնֆերանսի աշխատանքին մասնակցեցին քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, փորձագետներ և վերլուծաբաններ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից, նրանց թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ.Մ. Դավթյանը, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Լ. Դավթյանը, ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և ինտեգրման դեպարտամենտի փոխտնօրեն Ա.Ա. Ցեմախովիչը, Զարգացման եվրասիական բանկի (ՌԴ) Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի գիտխորհրդի պատասխանատու քարտուղար, ուղղության ղեկավար Տ.Վ. Բորդաչևը, Էկոնոմիկայի ինստիտուտի (ՂՀ) գլոբալացման և ինտեգրացիայի հետազոտությունների բաժնի վարիչ Բ.Դ. Հուսաինովը, «Բելառուսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վ.Ֆ. Գիգինը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ՀՀ) գործադիր տնօրեն Գ.Ա. Հարությունյանը, հիմնադրամի ավագ փորձագետ Ա.Ա. Մարջանյանը, Պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՀ) ամբիոնի վարիչ Ա.Ա. Թավադյանը, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի (ՀՀ) ղեկավար Թ.Ն. Մանասերյանը և այլք։
Ելույթ ունեցողների զեկույցները, ինչպես նաև դրանց հաջորդած բանավեճը նվիրված էին որոշակի ձեռքբերումներին և Մաքսային միության անդամ պետությունների տնտեսական ինտեգրման խորացման ճանապարհին առկա խնդիրներին, նախագծին ԱՊՀ այլ երկրների միացման հեռանկարներին։ Կոնֆերանսի մասնակիցները լայնորեն քննարկեցին, մասնավորապես, եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի ընդգրկվելու «կողմ» և «դեմ» փաստարկները։
Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության «Սոյուզինֆո» կայքի (www.soyuzinfo.am) շնորհանդեսը, որը կենտրոնանում է Եվրասիական ինտեգրման հարցերի վրա։ «Ինտեգրացիա և զարգացում» կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանի խոսքով՝ կոնֆերանսի նյութերն առաջիկայում կզետեղվեն կայքում։
Տե՛ս նաև http://panorama.am/am/popular/2013/03/16/vyacheslav-kovalenko/http://panorama.am/am/economy/2013/03/16/tigran-davtyan/
http://www.panorama.am/am/economy/2013/03/16/tatul-manaseryan/
դեպի ետ