• am
  • ru
  • en
Версия для печати
15.03.2013

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԿԱԼՄԱՄԲ

Руский

   

Գրիգոր Գրիգորյան

Ակտիվ վեճեր են ընթանում պաշոնական Երևանի արտաքին քաղաքական գերակայությունների և նախապատվությունների վերագնահատման և/կամ վերաճշտման անհրաժեշտության շուրջ՝ Եվրասիական միության վերաբերյալ բանավեճերի համատեքստում։ Այդ վեճերը հատկապես ակտիվացան Հայաստանում նախագահի ընտրությունների հետ կապված, որոնց հետ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ միշտ որոշ փոփոխությունների հույսեր կամ ակնկալիքներ են կապվում։ Այս առնչությամբ ծագում են մի շարք հարցեր, որոնց մեջ գլխավորը «Պե՞տք են արդյոք Հայաստանին ինչ-որ փոփոխություններ արտաքին քաղաքականությունում, և հարկավո՞ր է արդյոք վերագնահատել արտաքին քաղաքական գերակայությունները» հարցն է։ Հարցի պատասխանի զգալի մասը կախված է, նախ, ազգային անվտանգության առաջնահերթություններից, երկրորդ՝ Հայաստանի հանրության արտաքին քաղաքական նախապատվություններից և հակումներից, քանի որ պաշտոնական Երևանը չի իրականացնի հանրային կարծիքին առհասարակ չհամապատասխանող արտաքին քաղաքական գիծ։ Երևանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային նախասիրությունների հարցի քննարկման համար մենք կներկայացնենք Հայաստանում հանրային կարծիքի երկու հարցման տվյալները, որոնք անցկացրել է Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը - IPSC 2011թ.։

Առաջին հարցման շրջանակներում, որն ուղղված էր կյանքի որակի ինդեքսը պարզելուն և անցկացվել էր Հայաստանի ամբողջ տարածքում, և որին մասնակցել էին 18-ից բարձր տարիքի 2000 քաղաքացիներ, հարցվողների 82.1%-ը եղել է այն կարծիքին, թե «ավելի նախընտրելի է, եթե Հայաստանը միանա ավելի շուտ Ռուսաստանին, քան Եվրոպային»1։ Այսպիսով, Հայաստանի քաղաքացիների զգալի մեծամասնությունը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» համեմատության մեջ նախապատվությունը տալիս է Ռուսաստանին. «եթե միանալ, ապա գոնե Ռուսաստանին»։ Ինչի՞ հետ է կապված սա։ Հարցը կարող է շատ պատասխաններ ունենալ, բայց այդ նախապատվությունն, առաջին հերթին, պայմանավորված է տնտեսական գործոնով, քանի որ Հայաստանի հանրությունը ներկա պահին անհամեմատ ավելի զգայուն է արձագանքում այդ ազդակներին։ Ի դեպ, Հայաստանի հանրությանն այնքան էլ չեն բավարարում բարեկեցության բնութագրիչները2։ Այդ ամենին ավելանում է նաև այն փաստը, որ երկար ժամանակ Ռուսաստանն անվիճելի առաջատարն է այն երկրների ցանկում, որտեղից ֆիզիկական անձինք բազմամիլիոնանոց տրանսֆերտներ են ուղարկում Հայաստան երկրի բանկային համակարգի միջոցով (Նկար 1)3։

Նկար 1. Ֆիզիկական անձանց տրանսֆերտները Հայաստանի բանկային համակարգի միջոցով՝ ըստ տարիների

Աղյուսակից երևում է, որ դիտարկվող 8 տարիների ընթացքում Ռուսաստանն անվիճելի «դոնոր» է հանդիսացել, ինչն օբյեկտիվ գործոն է ինչպես պաշտոնական Մոսկվայի, այնպես էլ Հայաստանի հանրության համար։ Դա զգալի օբյեկտիվ և սուբյեկտիվ անմիջական կապող օղակ է Ռուսաստանի և Հայաստանի հանրության բարեկեցության միջև։ Ուստի, մի կողմից՝ զարմանալի չէ, մյուս կողմից էլ՝ օբյեկտիվ է այն, որ Հայաստանի բնակչության 90,9%-ը կարծում է, որ «Հայաստանի բնակչության մեծամասնությունը Խորհրդային Միությունում ավելի լավ էր ապրում, քան հիմա»4։ Մոսկվայի հետ կապված երբեմնի բարեկեցությունը և ընտանիքն ապահովելու այսօրվա հնարավորությունը, որը նույնպես կապված է Մոսկվայի հետ, վերածվում են ժամանակի ու փոփոխությունների վրայով դեպի Ռուսաստան նետված ուղղակի կամրջի։ Հայաստանի բնակչության 90,9%-ից ավելիի բարեկեցությունն ապահովող նախկին Ռուսաստանի և բազմամիլիոնանոց տրանսֆերտների հնարավորություն ապահովող այսօրվա Ռուսաստանի տարբերությունը շոշափելի չէ շարքային քաղաքացու համար։ Ահա թե ինչու Հայաստանի բնակչության 84,8%-ը կարծում է, որ «Խորհրդային Միության փլուզմամբ մենք ավելի շատ կորցրինք, քան ձեռք բերեցինք»5։

Այսպիսով, Ռուսաստանը հսկայական հանրային կապիտալ ունի Հայաստանում, վերջինի հանրությունն էլ, իր հերթին, ինքնաբավության ոչ պակաս բազա ունի հանձին Ռուսաստանի։ Այս փոխկապվածությունը և փոխկախյալությունը չի կարող կապված չլինել պատճառահետևանքային կապերի իրական քաղաքականության հետ։ Լա՞վ է սա, թե՞ ոչ՝ բանակռիվների ու արտաքին քաղաքական նախապատվությունների հարց է։ Բայց փաստ է, որ ռազմավարական երկու գործընկերների միջև գոյություն ունի, առնվազն, հանրային և տնտեսական դրական ընկալում։ Իհարկե, այս բոլոր տվյալները չի կարելի մեկնաբանել որպես կարոտ Խորհրդային Միության և ատելություն դրա փլուզումից հետո ձեռք բերված ամեն ինչի հանդեպ։ Հօգուտ վերջին փաստարկի կարելի է նշել այն, որ, մի կողմից, վերոնշյալ դիրքորոշումները Ռուսաստանի և Խորհրդային Միության հանդեպ հավասարապես կիսում է Հայաստանի երիտասարդ սերունդը, բայց, մյուս կողմից, երիտասարդության կարծիքը զգալիորեն տարբերվում է «Ժողովրդի բարեկեցությունն ու խաղաղ կյանքն ավելի կարևոր են, քան անկախությունը» երկընտրանքի հարցում։ Այս երկընտրանքը հօգուտ բարեկեցության են փորձում լուծել առավելագույնը 35-44 տարեկան մարդիկ, որոնց վրա է հիմնականում դրված այս հարցի լուծումն իրենց ընտանիքներում6 (Նկար 2

Նկար 2. Հայաստանի հանրության դիրքորոշումները ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հանդեպ։ Հայաստանի գեոհամակարգային և աշխարհաքաղաքական դիրքորոշումների և հետխորհրդային 20 տարիների համընդհանուր ազդեցությունը տարիքային խմբերում

Քննարկման համար հետաքրքիր է նաև երիտասարդության (18-30 տարեկան) կողմից ռուսի և Ռուսաստանի ընկալումը։ Սոցիալական շփումների չորս բնութագրերից երկուսում «ռուսը» զբաղեցնում է առաջին, մյուս երկուսում՝ երկրորդ տեղը, զիջելով «սփյուռքյան հայրենակիցներին»։ Եվ այսպես, ընտանիքի անդամին ռուսի հետ ամուսնանալ թույլ կտա հարցվածների 61,8%-ը (75,3%-ը նախընտրում է սփյուռքահայի)։ «Հայաստանի քաղաքացիություն կտայի՞ք արդյոք...» հարցին «ռուսի» պարագայում համաձայն էր 79,2%-ը, իսկ 88,3%-ը համաձայն էր «սփյուռքի հայրենակցին»։ Իսկ ահա «սերտ բարեկամություն անել» և «համատեղ աշխատել նույն խմբում» հարցերի պարագայում ռուսի թեկնածությանը համաձայնել է հարցվողների, համապատասխանաբար, 90,4 և 92,7%-ը («սփյուռքի հայրենակցի» հետ «սերտ բարեկամություն» անել համաձայնել է 88,1%-ը, «համատեղ աշխատել նույն խմբում»՝ 89%-ը)7։ Այսպիսով, Հայաստանի երիտասարդների ընկալմամբ՝ իրենց և ռուսների միջև սոցիալական տարածությունը երկրորդ ամենամոտն է8։ Իսկ եթե հաշվի անենք, որ ամենամոտը համարվում է տարածությունը նրանց և «սփյուռքահայ հայրենակցի» միջև, ապա կարելի է պնդել, որ ռուս մարդն ամենամոտն է մնացած բոլոր ժողովուրդներից։

Վերն ասվածը պատճառահետևանքային կապի մեջ է լեզվական գործոնի հետ։ Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, երիտասարդության մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին և կարևոր է համարում ռուսաց լեզվի իմացությունը։ Եվ այսպես, հարցվածների 91,3%-ը տիրապետում է (բավարար, լավ, գերազանց՝ ըստ ինքնագնահատման) ռուսերենին (տե՛ս Աղյուսակ 1), միևնույն ժամանակ՝ հարցվածների 57,4%-ը օտար լեզուների իմացության մեջ ամենակարևորը համարում է ռուսերենին տիրապետելը9։ Գաղտնիք չէ, որ լեզվի իմացությունը նույնպես մոտեցնում է և կարևոր գործոն է հանրության արտաքին քաղաքական հակվածության համար։ Այս տվյալներն ավելի հետաքրքիր են, քանի որ արտահայտվել են երիտասարդության կողմից։

Աղյուսակ 1. Օտար լեզվին տիրապետելը10

Ի դեպ, Հայաստանի երիտասարդությունը ռուսին ընկալում է ոչ միայն որպես այլ ազգի ամենամոտ ներկայացուցչի ու կարևոր է համարում ռուսերենի իմացությունը, այլ նաև ֆիզիկական կապ գոյություն ունի Ռուսաստանի հետ։ Բանն այն է, որ, նախ, Հայաստանի երիտասարդությունն արտասահմանյան երկրներից ամենից հաճախ լինում է Ռուսաստանում։ Երիտասարդության 49,4%-ն առհասարակ եղել է արտասահմանում11, որից 33,2%-ը՝ Ռուսաստանում։ Ավելին, առհասարակ արտասահմանում եղած երիտասարդության 48,2%-ը մեկնել է Ռուսաստան վերջին 3 տարիների ընթացքում12։ Երկրորդ տեղում Վրաստանն է, ուր մեկնում է երիտասարդության 21,3%-ը (առհասարակ արտասահմանում եղածների թվի 29,6%-ը)։ Իսկ ահա թեև ԵՄ-ը 3-րդ տեղում է, բայց Հայաստանի երիտասարդության կողմից այցելությունների թվով գրեթե 5 անգամ զիջում է Ռուսաստանին. 6,3 և 8,8%13։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը թե՛ ավելի մոտ է, թե՛ հասանելի երիտասարդության համար, ինչը ևս մեկ գործոն է հօգուտ Ռուսաստանի։ Եթե համադրենք վերոնշյալ տվյալները Հայաստանից երիտասարդության ժամանակավոր միգրացիայի զգալի պոտենցիալի հետ (71,6-83,5%՝ կախված նպատակից14), ապա հասկանալի կդառնա, որ Հայաստանից Ռուսաստան պոտենցիալ ժամանակավոր միգրանտների թիվը կարող է անհամեմատ ավելի մեծ լինել վերոնշյալ գործոնների համատեքստում։ Իսկ նման միտումներն ու փաստերը հաշվի չառնելն անհնար է։

Եվ այսպես, ժամանակի տվյալ հատվածում ռուսական գործոնը Հայաստանի և նրա հասարակության համար բավական ծանրակշիռ է, քանի որ Հայաստանի հանրությունը կապված է Ռուսաստանի հետ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ զգալի կապերով։ Դրանք այնքան նշանակալի են, որ դժվար է հաշվի չնստել դրանց գոյության հետ։ Մյուս կողմից՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանի երիտասարդությունը նույնպես պակաս կապված չէ Ռուսաստանի հետ, քան ավագ սերունդը, և ռուսական ուղղությունը հասանելի է ինչպես ֆինանսական, այնպես էլ մշակութային իմաստով, կարելի է փաստել, որ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ կմնա Հայաստանի հանրության աշխարհայացքում։ Իրերի ներկայիս դրության պարագայում կարելի է ասել, որ Ռուսաստանին է վիճակված կարևոր գործոն լինել Հայաստանի համար, իսկ վերջինին վիճակված է ունենալ զգալի «ռուսական» պոտենցիալ սեփական հանրությունում։ Այս վիճակը կպահպանվի, եթե չսկսվեն հանրության վերակողմնորոշման ակտիվ և լայնամասշտաբ աշխատանքներ։ Նման բան առայժմ չկա։ Մյուս կողմից՝ անհրաժեշտ է ծանրութեթև անել բոլոր դեմ և կողմ փաստարկները՝ այս կամ այն ուղղության մասին մտածելուց առաջ։

1 Կյանքի որակի ինդեքսը Հայաստանում 2011թ., 02.08.2012, http://www.gov.am, էջ 79։

2 Նույն տեղում, էջ 13։

3 Աղբյուրները՝ ՀՀ ԿԲ 2006, 2007, 2008, 2009, 2011, 2012թթ. տեղեկագրերը, http://www.cba.am

4 Կյանքի որակի ինդեքսը Հայաստանում 2011թ., էջ 79։

5 Նույն տեղում։

6 Նույն տեղում, էջ 80։

7 Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց, էջ 16։

8 Նույն տեղում, էջ 17։

9 Նույն տեղում, էջ 84։ Հատկանշական է, որ առաջին հերթին անգլերենին տիրապետելու օգտին արտահայտվել է հարցվածների 41,5%-ը, թեև ուսանողներն ավելի կարևոր են համարում անգլերենին, քան ռուսերենին տիրապետելը։

10 Աղբյուրը՝ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց, էջ 87։

11 Նույն տեղում, էջ 74։

12 Նույն տեղում, էջ 75։

13Նույն տեղում։

14 Նույն տեղում, էջ 76։


դեպի ետ