• am
  • ru
  • en
Версия для печати
22.02.2013

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

   

ԵՄ և ԱՄՆ նախաձեռնությամբ բացվում է կիբերհանցագործությունների կանխման կենտրոն

2013թ. հունվարի 11-ին Հաագայում բացվել է կիբերհանցագործությունների բացահայտման և կանխարգելման առաջին եվրոպական կենտրոնը, տեղեկացնում է BBC-ն: ԵՄ-ը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել կիբերհանցագործների վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն տրամադրել միմյանց: Նորաբաց բարձր տեխնոլոգիաների կենտրոնը ստեղծելու է տեղեկատվական բազա, որը կօգնի հետաքննել համացանցում կատարվող հանցագործությունները, կանխել և բռնել կիբերհանցագործներին: Միաժամանակ, կենտրոնը կապահովի սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալների անվտանգությունը: Կենտրոնի 2013թ. բյուջեն կազմում է 4,6 մլն եվրո: Այն կզբաղվի օնլայն խարդախություն կատարող մարդկանց հետապնդելով։ Կենտրոնի խնդիրն է օգնել եվրոպական ոստիկանությանը՝ իրականացնել հետազոտություններ և համակարգել տվյալները, սակայն կենտրոնը չի կարող ինքնուրույն հետաքննություն սկսել:

ԱՄՆ-ը մտադիր է 5 անգամ ընդլայնել կիբերհրամանատարության կազմը

Մի քանի տարվա ընթացքում Պենտագոնն ավելի քան 5 անգամ կմեծացնի ամերիկյան քաղաքացիական և կառավարական համակարգչային ցանցերի անվտանգությունն ապահովող աշխատակիցների թիվը, որոնք կարող են նաև կիբերհարձակումներ իրականացնել: Այս մասին հայտնում է Washington Post-ը: 2010թ. մայիսից գործող միացյալ կիբերհրամանատարության աշխատակիցների թիվը ներկայիս 900-ից կավելանա՝ հասնելով 4900-ի: Այդ մասին որոշումն ընդունվել է անցած տարեվերջին՝ Պենտագոնի ղեկավարության կողմից: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ԱՄՆ կիբերհրամանատարության զարգացման առաջարկվող ծրագիրը, որի դեռ ոչ բոլոր մանրամասներն են հաստատված, նախատեսում է երեք ստորաբաժանումների՝ «ազգային կիբերուժերի» (քաղաքացիական համակարգչային ցանցերի պաշտպանության համար), «մարտական կիբերուժերի» (արտերկրում ռազմական օպերացիաների աջակցություն ապահովելու համար) և «կիբերպաշտպանության ուժերի» (ԱՄՆ ՊՆ համակարգերի պաշտպանության համար) ստեղծում: ԱՄՆ 2013թ. բյուջեով նախատեսվում է կիբերանվտանգության համար հատկացնել $769 մլն:

ՌԴ ԱԳՆ-ն կստեղծի տեղեկատվական անվտանգության վարչություն

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում շուտով կստեղծվի միջազգային տեղեկատվական անվտանգության դեպարտամենտ, որը կներկայացնի համացանցի կառավարման ռուսական կողմի նախաձեռնությունները։ Այս ուղղությամբ աշխատանքները ԱԳՆ-ն ակտիվացրել էր 2011թ.։ Արդեն 2012թ. սկզբին նախարարությունում ստեղծվեց տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների քաղաքական օգտագործման հարցերով համակարգողի նոր պաշտոն։ Այդ պաշտոնը զբաղեցրեց նոր մարտահրավերների վարչության նախկին ղեկավարի տեղակալ Անդրեյ Կրուտսկիխը։ Ինչպես սպասվում է, նա կգլխավորի նաև նոր վարչությունը։ Դեպարտամենտը, մասնավորապես, իրականացնելու է ռուսական իշխանությունների մշակած ՄԱԿ «Միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման մասին» կոնվենցիայի նախագիծը և «Ինտերնետում վարքի կանոնները», որոնք կազմել են Շանհայի համագործակցության կազմակերպության անդամները, ինչպես նաև միջազգային ասպարեզում պաշտպանելու է ինտերնետի կարգավորման ռուսական մոտեցումները։ Այն մասին, թե ինտերնետի կարգավորման ինչ մեթոդներ են կիրառվում արտասահմանում, նոր դեպարտամենտը կտեղեկացնի ԱԳՆ ղեկավարությանը։ Այս թեմայի վերաբերյալ առաջին զեկույցն արդեն պատրաստվել է նախարարության փորձագետների կողմից։ Ինչպես պարզել է «Կոմերսանտը», փաստաթղթի հեղինակները եզրակացրել են, որ աշխարհի գրեթե բոլոր առաջատար երկրները փորձում են կարգավորել ցանցը, ընդ որում՝ ամենից ակտիվ դա անում են ԱՄՆ իշխանությունները։ Արտասահմանոմ, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, ինտերնետից «անցանկալի» կոնտենտը հանելն իրականացվում է անպարկեշտ տեղեկատվությունից երեխաների և երիտասարդության պաշտպանության նորմատիվ ակտերի հիման վրա կամ մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի շրջանակներում։ Արտասահմանյան ինտերնետ-պրովայդերները, իշխանությունների ճնշմամբ կամ նրանց հանդեպ օրինապահությունից ելնելով՝ ինքնուրույն են զբաղվում ցանցային գրաքննությամբ։ Ռուսաստանի կառավարությունը ներքին քաղաքականության մեջ ևս մեծ ուշադրություն է հատկացնում տեղեկատվական անվտանգության հարցերին։ 2012թ. նոյեմբերից «Ռոսկոմնադզորը» ոչ դատական կարգով սկսել է կազմել արգելված կայքերի ցուցակը, որոնք պարունակում են մանկական պոռնոգրաֆիա, գովազդում են թմրանյութերը և ինքնասպանությունները։ Հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԴԾ-ին հանձնարարել է ստեղծել կիբերհարձակումներին դիմակայելու պետական համակարգ։

ՌԴ ԱԴԾ-ն կստեղծի կիբերհարձակումների դեմ պայքարի համակարգ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Անվտանգության դաշնային ծառայությանը ստեղծել Ռուսաստանի տեղեկատվական ռեսուրսների վրա իրականացվող համակարգչային հարձակումների հայտնաբերման, կանխարգելման և դրանց հետևանքների չեզոքացման պետական համակարգ։ Հրամանը, որը ստորագրվել և ուժի մեջ է մտել հունվարի 15-ին, հունվարի 21-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Փաստաթղթում ասվում է, որ կիբերհարձակումների դեմ պայքարի համակարգը պետք է տեղեկատվական անվտանգության հետ կապված կանխատեսումներ կատարի և վերահսկի ՌԴ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանվածության աստիճանը։ Բացի այդ, համակարգը պետք է հայտնաբերի համակարգչային միջադեպերի պատճառները, որոնք կապված են Ռուսաստանի տեղեկատվական ռեսուրսների գործունեության հետ։ Կիբերհարձակումների դեմ պայքարի համակարգի ստեղծման ճշգրիտ ժամկետներ չեն նշվում։ 2012թ. հաքերները մի քանի անգամ կիբերհարձակման են ենթարկել ռուսական իշխանությունների պաշտոնական ինտերնետ ռեսուրսները, ինչպես նաև «Միասնական Ռուսաստան» կուսակացության կայքերը։ Մասնավորապես, մայիսի 6-ին և 7-ին հաքերները հարձակում էին գործել նախագահի և վարչապետի կայքերի վրա։ 2013թ. հունվարին դատախազությունը և Կրասնոյարսկի երկրամասի ԱԴԾ-ն հետաքննել և դատարան են փոխանցել տեղացի երկու բնակիչների քրեական գործերը, որոնք մեղադրվում էին հարձակում իրականացնելու մեջ։ Բացի իշխանությունների կայքերից, 2011թ. վերջին և 2012թ. կեսին DDoS հարձակումների պատճառով անհասանելի դարձան ռուսական անկախ ԶԼՄ ռեսուրսները, մասնավորապես «Էխո Մոսկվի»-ն և «Դոժդ» հեռուստաալիքը։



«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 2, 2013

դեպի ետ