
ՀԱՅԱՑՔ ՄԵՐՕՐՅԱ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այս վերլուծականը գրելու հնարավորությունը մեզ ընձեռեց մոսկվացի ճանաչված քաղաքագետ, Ռազմավարական գնահատումների եւ կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Գրինյաեւը, որը հայ վերլուծաբան-հետազոտողներին հայտնի է որպես «21-րդ ԴԱՐ» մեծ հեղինակություն վայելող ամսագրի հոգաբարձուների խորհրդի անդամ, եւ ում հոդվածները տարբեր ժամանակներում մեր իրականության մեջ հայերեն թարգմանությամբ ներկայացվել են: Վերջերս Երեւանում նա հնարավորություն ունեցավ հայաստանյան վերլուծական հանրությանը ներկայացնելու իր «Եվրասիայի ներկան եւ ապագան. Հայաստանի տեղն ու դերը ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում» հետազոտության նյութերը: Ես խնդրեցի նրան թույլ տալ ինձ վերաշարադրելու դրանք «Ազգի» էջերում, եւ նա ուրախությամբ տվեց իր համաձայնությունը, խնդրելով «լինել ազատ, բայց կոկիկ»: Ստորեւ ներկայացնում եմ Սերգեյ Գրինյաեւի հայացքները, որոնք կառուցված են արեւմտյան նշանավոր քաղաքագետների այն հայտնի ասույթի վրա, որ «ով տիրում է Եվրասիային` տիրում է աշխարհին»:
Ժամանակակից աշխարհաքաղաքական փոփոխությունների բնական եւ կլիմայական պատճառները
Երկբեւեռ աշխարհի փլուզումից ավելի քան քսան տարի հետո մենք ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ հանգամանքներ են ազդում եվրասիական մայրցամաքում իրավիճակի ձեւավորման վրա պատմական այս ընթացիկ փուլում: Եթե քննարկենք աշխարհագրական եւ կլիմայական գործոնները, ապա կտեսնենք, որ վերջին քսան տարում կլիման երկրագնդի վրա փոխվում է այնպես, որ նախկինում անմատչելի բազմաթիվ գործոններ այսօր դառնում են քաղաքական եւ ֆինանսատնտեսական իրադարձությունների վճռական պատճառ: Օրինակ` կլիմայի գլոբալ ջերմացման հետեւանքով իրավիճակը հյուսիսային բեւեռի շրջակայքում փոխվում է այնպես, որ հյուսիսային ծովային ուղին շատ շուտով դառնալու է նավարկելի կլոր տարին: Դա տեղի կունենա մոտ 2040 թ., ինչը կնշանակի, որ մի քանի ամսով կկրճատվի եվրոպական շուկաներից դեպի ասիական շուկաներ ապրանքների փոխադրությունը: Այնպիսի զարմանալի երեւույթ, ինչպիսին Գոլֆստրիմի դանդաղեցումն է, կհանգեցնի Եվրոպայում կլիմայական էական փոփոխությունների: Կլիման Եվրոպայում դառնում է ավելի խիստ, եւ տնտեսության ու կենսապայմանների ապահովման համար զգալիորեն ավելի շատ էներգետիկ ծախսեր են պետք: Այլ կերպ ասած, ածխաջրածնային վառելիքի այնպիսի նոր եւ շատ ռեսուրսներ, որոնք թույլ կտան գալիք տասնամյակներում եվրոպական կենսամակարդակը պահպանել այն մակարդակի վրա, ինչին որ նա հասել է նախկին երեսուն տարիներին: Երկրագնդում հստակ ձեւավորվում են տարածքներ, որոնք կարելի է անվանել ջրի դեֆիցիտի գոտիներ: Այդպիսին է կենտրոնասիական տարածաշրջանը: Այդպիսին է նաեւ Չինաստանի մայրցամաքային տարածքի խորքային մասը, որն ունի խմելու ջրի շատ լուրջ պակաս: Միեւնույն ժամանակ աշխարհում ձեւավորվել են հսկա տարածքներ, որոնք համեմատաբար թույլ են բնակեցված եղել նախկինում խիստ կլիմայի պատճառով, սակայն ունեն ջրի ավելցուկային պաշարներ: Դրանցից ամենաակնառուն Սիբիրն է, ռուսական հզոր գետերի շրջանը եւ Բայկալ լճի շրջակայքը: Կան նաեւ այլ տարածքներ, որտեղ դրսեւորվել են ջրային ռեսուրսի ավելցուկներ, ինչը բացասաբար է ազդում մարդկանց կյանքի վրա: Դրա վառ օրինակը` ջրհեղեղներ Կրասնոդարի երկրամասում: Երկրաֆիզիկական նոր գործոնների մասին խոսելիս գլխավորապես հարկ է քննարկել նավթի աստիճանական սպառումը հանույթի ավանդական գոտիներում: Բոլորին մանկուց հայտնի աշխարհագրական քարտեզների վրա տեսանելի նավթի պաշարները ձեւավորել են վերջին հարյուրամյակի ժամանակակից քաղաքակրթությունը: Նավթը Սիբիրում, Հյուսիսային Աֆրիկայում, Պարսից ծոցի ավազանում շուտով կսպառվի, եւ այդ պատճառով էլ բոլորի հայացքներն ուղղվում են դեպի Կասպից ծովի ավազան եւ Հյուսիսային ծովի ստորջրյա հանքավայրեր, որոնք գալու են փոխարինելու նավթի նախկին գլխավոր դոնորներին: Նույնը վերաբերում է Միջերկրական ծովի հատակի գազի հանքավայրերին, որոնց համար պայքարը սրվելու միտում ունի: Եվրասիական մայրցամաքի իրավիճակի վրա ազդող գործոններ են ոչ միայն գազի եւ նավթի նոր հանքավայրերը, այլեւ դրանց պարունակությունը սպառողներին հասցնող հաղորդակցության նոր ուղիները, որոնք բնորոշելու են տրանսպորտային հոսքերը գալիք տասնամյակներում: Այսօր բոլորն են մտածում, որ նավթի եւ գազի գլխավոր սպառողներ են ոչ միայն ԱՄՆ-ը եւ Եվրոպան, այլ նաեւ ասիական շուկաները, որոնք շատ շուտով դառնալու են այդ վառելիքի խոշորագույն սպառողներն աշխարհում: Տրանսպորտային եւ հաղորդակցության միջոցների ենթակառուցվածքները այսօր կենրոնացված են գլխավորապես Արեւմուտքում: Սակայն դրանց տնտեսական արդյունավետությունը նոր իրողություններում եւ նոր աշխարհաքաղաքական պայմաններում սկսում է դառնալ ցածր: Ահա թե ինչու բոլորի հայացքներն ուղղվում են դեպի Արեւելք եւ հրամայական է դառնում արեւելյան ուղղության զարգացումը:
Ֆինանսատնտեսական եւ սոցիալ-քաղաքական գործոնները
Հասկանալի է, որ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամն անվիճելի ազդեցություն ունեցավ աշխարհում բազմաթիվ երկրների վրա: Շատերն են տեսնում այն կապը, որ տնտեսական ճգնաժամը հաճախ միտում ունի վերաճելու քաղաքական ճգնաժամի: Բազմաթիվ հասարակություններում սոցիալական արտոնությունների կամ դրանց մի մասի նվազեցումը, ֆինանսատնտեսական հնարավորությունների պակասեցումը ստիպում են բնակչությանը ավելի բարձր քաղաքական ակտիվություն դրսեւորել եւ ձգտել փոփոխությունների: Մենք ականատեսն ենք 2010 թ. դրությամբ անվիճելի դարձած այն փաստարկին, որ աշխարհի խոշորագույն ազդեցության կենտրոնները դարձել են խոշորագույն պարտապաններ: Դա նախ եւ առաջ ԱՄՆ-նն է: Այնուհետեւ Ճապոնիան, որը տեխնոգեն աղետների եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում, փաստորեն, կորցնում է իր նշանակությունը որպես համաշխարհային եւ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն: Առանձնակի հետաքրքրության է արժանի իրավիճակը Եվրոպական միությունում, որը շատ տասնամյակներ խոշորագույն աշխարհաքաղաքական կենտրոններից մեկն էր: Այսօր ԵՄ-ն, մի դիպուկ բնորոշմամբ, ավելի շատ զբաղված է ներքին հարցերի կարգավորմամբ, քան գլոբալ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի դերակատարությամբ: Ժամանակակից եվրասիականության բնորոշ հատկանիշներից մեկը մարդկանց ահռելի բազմություններ շարժման մեջ դնելն է: Հարավարեւելյան Ասիայի եւ Չինաստանի մեծ թվով քաղաքացիներ փորձում են հաստատվել Ռուսաստանի արեւելքում: Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի քաղաքացիները նույնպես ուղղվում են դեպի Ռուսաստան: Հարյուրհազարավոր ռուսներ փորձում են վերահաստատվել Եվրոպայում եւ Ամերիկայում: Ուկրաինացիները տեղաշարժվում են կամ դեպի ռուսական խոշոր քաղաքներ, կամ դեպի Եվրոպա, եւ այսպես շարունակ: Այս հսկա միգրացիոն հոսքերը իրենցով բերում են ոչ միայն աշխատուժ, այլեւ մշակույթ, սովորույթներ, կրոններ: Այսօր փոփոխվում են մշակույթի, ավանդույթների կենցաղավարության մասին այն ավանդական պատկերացումները, որոնք հարյուրամյակներով գոյություն ունեին եւ զարգանում էին Եվրասիայում` Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ մյուս երկրների շրջանակներում: Սա, անշուշտ, իր հետ բերում է նաեւ լարվածություն, ստեղծում է նաեւ մարտահրավերներ պետությունների ազգային անվտանգության համար:
Ռազմաքաղաքական ոլորտ
Եթե նայենք Եվրասիայի քարտեզին, ապա կհամոզվենք, որ նրա տարածքի մեկ երրորդն ընկղմված է զանազան հակամարտությունների մեջ: Դրանք տարածաշրջանային, տեղային, ներքին քաղաքական եւ այլ կարգի հակամարտություններ են: Ամենաակնառուն «Արաբական գարուն» անունը ստացած ցնցումներն են արաբական աշխարհում: Լարվածության անվիճելի օղակ է Աֆղանստանը: Չի թուլանում Հնդկաստան-Պակիստան վեճը Քաշմիրի համար: Թուլանալու միտումներ չի երեւում նաեւ Իրանի շուրջը ստեղծված իրավիճակում: Այսպիսով, եվրասիական մայրցամաքում իրավիճակը բոլորովին այն չէ, ինչպիսին էր քսան կամ երեսուն տարի առաջ: Այնինչ, եթե դիտարկենք քաղաքական, ֆինանսատնտեսական կառույցները, որոնք այսօր կան այս մայրցամաքում, ապա անմիջապես կհասկանանք, որ դրանք արտահայտում են տասնամյակների հնության իրողություններ: Եվրոպական միությունը ձեւավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում: Նրա առանցքը կազմող Գերմանիան, ցանկանալով ավելի մեծ ինքնուրույնություն եւ ազատություն ունենալ, դրա համար գործադրում է ուղղակի զարմանալի ջանքեր: Այսօր շատերն են հարց տալիս, կմնա՞ արդյոք Գերմանիան Եվրոմիության վարողի իր դերում, եւ եթե ոչ` կենսունակ կլինի՞ արդյոք Եվրոմիությունն առանց Գերմանիայի: Ինչի՞ ազդակ կարող է նշանակել այն, որ Հունաստանի քաղաքական ղեկավարները վերջին օրերին քննարկման նյութ են ուզում դարձնել Գերմանիայից իրենց պահանջը` վճարել ռազմատուգանք Երկրորդ համաշխարհային պատերազմի համար: Եվ սա այն դեպքում, երբ վերջին տասը տարիներին Գերմանիան հետեւողականորեն տնտեսապես սատարել է Հունաստանին: Եվրոպական միության հետագա ընդլայնման մասին խոսելու ժամանակ չպետք է մոռանալ պատասխանել այն հարցին, թե որքանո՞վ է միասնական եւ որքանով միասնական կլինի Եվրոմիության քաղաքականությունը ընթացող աշխարհաքաղաքական փոփոխությունների ծիրում:
Եվրասիան Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ
Սերգեյ Գրինյաեւի աշխարհաքաղաքական վերոհիշյալ դիտարկումները լսողները, անշուշտ, փորձում են նորովի հասկանալ բոլորիս համար ակնառու քաղաքական իրողությունները, որոնք ընթանում են մեր օրերում: Բոլորն են հասկանում, որ չինական տնտեսությունը շուտով կդառնա խոշորագույնն աշխարհում: Դա նշանակում է, որ Չինաստանը դառնալու է նաեւ աշխարհի հումք եւ վառելիք կլանող խոշորագույն կենտրոնը: Ինչպես եւ յուրաքանչյուր հզորացող ուժ, չինացիները եւս ձգտելու են տարածվել, իրենց հետ բերելով իրենց տնտեսության, մշակույթի եւ հոգեկերտվածքի դրսեւորումները: Եվրոպական միությունը եւ ԱՄՆ-ն անընդհատ ձգտելու են միավորել ջանքերը հզորացող արեւելյան շուկաներում ներկայացված լինելու եւ հատկապես աշխարհում առաջատար դիրքերը չկորցնելու համար: Ինչպե՞ս կարող է այս պայմաններում Եվրոպական միությունը բացահայտորեն խրտնեցնել Ռուսաստանին եւ նրա դաշնակիցներինՙ մերժելով ավանդական ծավալման սահմաններում քաղաքական եւ տնտեսական միություն ձեւավորելու նրանց ակնկալիքը: Չէ՞ որ այդ դեպքում Ռուսաստանին ներքաշելու են դեպի Արեւելք, որովհետեւ Արեւելքում անընդհատ մեծանում է Ռուսաստանի բնական հարստությունների նկատմամբ հետաքրքրությունը: Հենց այս պատճառով ուղղամտորեն լսել եւ հավատալ եվրոպացի քաղաքական պաշտոնյաների այն հայտարարությունները, թե Եվրասիական միության ձեւավորումն անընդունելի է, որովհետեւ վերադարձ է դեպի Խորհրդային Միություն, ուղղակի անիմաստ է: Առջեւում հզոր բանակցություններ են Ռուսաստանի եւ եվրոպացիների, Ռուսաստանի եւ ամերիկացիների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ չինացիների միջեւ, որտեղ էլ կորոշվի Եվրասիական միության ձեւավորման քաղաքական ճակատագիրը: Ինչքան Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը հետեւողական լինեն միություն ձեւավորելու իրենց վճռում եւ կարողանան հաղթահարել լուրջ, բայց տակտիկական տարաձայնությունները, այդքանով ավելի գրավիչ եւ ցանկալի կդառնան մյուսների համար: Այդ մյուսների մեջ առաջին հերթին Ղրղզստանն ու Տաջիկստանն են, որոնք արդեն հայտարարել են Եվրասիական միություն մտնելու իրենց ցանկության մասին: Մյուսների մեջ են նաեւ բոլոր նրանք, ում համար հարցեր կան, թե որքանո՞վ են կանխատեսելի եւ անշրջելի մերօրյա աշխարհաքաղաքական փոփոխությունները, եւ որքանո՞վ է Եվրասիական միությունը համարժեքորեն արձագանքում եվրասիական մայրցամաքում ընթացող մերօրյա փոփոխություններին:
http://www.azg.am/AM/2013020808
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[15.01.2021]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԽԵԼԱՄԻՏ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆՔ. Սաֆարյան[13.01.2021]
- ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ. ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ[28.11.2020]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ[28.10.2020]
- «ԴՐԱՆՔ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐ ԵՆ, ՄՏԱՑԱԾԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ՝ «ԴՈՍՅԵ» («ДОСЬЕ») ԿԵՆՏՐՈՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ[26.09.2020]
- ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[11.07.2020]
- ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՆՈՐ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԱԼԻՔԻ ՀԱՄԱՐ. ՍԱՖԱՐՅԱՆ[22.06.2020]
- ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ[19.06.2020]
- ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՈՒՏԸ և ՇԱՀԸ ԵԱՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ. ՍԱՖԱՐՅԱՆ[25.05.2020]
- ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ[24.12.2018]
- ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈՐՁՆ ՈՒ ԴԱՍԵՐԸ[07.12.2018]