
ՊԱՀՊԱՆԵԼ ԿՈՎԿԱՍԻ ՈՒՐՈՒՅՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՌԱՆՑՔԸ. ԴԻՄՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻՆ

Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը դիմել է REGNUM լրատվական գործակալությանը՝ Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի հոգևոր հովիվներին՝ Ռուսաց և Վրաց Ուղղափառ եկեղեցիների պատրիարքներ Կիրիլին և Իլյա Երկրորդին, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղղված բաց դիմում հրապարակելու խնդրանքով։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին Սրբություն Կիրիլին,
Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք, սրբազան և երանելի Իլյա Երկրորդին,
Հայ Առաքելական եկեղեցու հայրապետ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին
ԲԱՑ ԴԻՄՈՒՄ
Ձերդ պայծառափայլություն Սրբազնագույն հայրեր, խնդրում եմ Ձեր օրհնությունը։
Թույլ տվեք ինձ հանդգնել դիմելու Ձեզ՝ երեք մեծ եկեղեցիների Սրբազան հայրապետներիդ, խնդրանքով, որի էությունն ու գաղափարն արտահայտում են ոչ անտարբեր աշխարհականներիս տագնապները, որ գիտակցում ենք արդի միջազգային դրության վտանգն ու սպառնալիքները։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում՝ Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի անմիջական սահմաններին մոտ, ստիպում է մտածել ուրույն հոգևոր և քաղաքակրթական սիմֆոնիան՝ Կովկասի քրիստոնեական հարստությունը պահպանելու, խնայելու անհրաժեշտության մասին։
Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի ժողովուրդներին կապում է ոչ միայն բազմադարյա ընդհանուր պատմությունը, այլև, առաջին հերթին, Քրիստոսի Անունը։
Կովկասի բարեբեր ու սրբազան հողը, ընդհանուր պատմական մարտահրավերները, միասնական արժեքներն ու բարոյական հիմքերը միավորել են մեր ժողովուրդներին, ապահովել նրանց գոյատևումը, մշակութային զարգացումն ու հարստությունը։
Սակայն մեր մեղքերի համար Տերը ուղարկում է վիշտ, փորձություններ և անօգուտ պատերազմներ։ Այսօր կովկասյան տարածաշրջանի առջև և նրա շուրջ նոր սպառնալիքներ են առաջանում, հնարավոր ցնցումներ և անորոշություն։ Սպառնալիք են ոչ միայն հնարավոր հակամարտությունները և աղետները մեր երկրների սահմաններին, այլև հոգևոր ամայացումը, արդի աշխարհի բարոյական ճգնաժամը, Եկեղեցուն հավատարմության պահպանման խնդիրը մեր ժողովուրդների գալիք սերունդների կողմից, Կովկասի՝ որպես քրիստոնեական Առաքելադավան հողի, պահպանման դժվարությունները։
Այս առնչությամբ խնդրում եմ Ձեզ՝ Սրբազնագույն հայրեր, քննարկել Կովկասի քրիստոնյա ժողովուրդների հատուկ Կոնֆերանսի՝ մշտապես գործող միջեկեղեցական խորհրդի ստեղծման հնարավորությունը, որը կոչված կլինի իրականացնելու մեր ժողովուրդների հոգևոր, մշակութային, կրթական, հումանիտար փոխանակման ապահովմանն ուղղված անընդմեջ աշխատանք։ Անխոչընդոտ փոխգործակցություն հոգևոր կառույցների, հասարակական կազմակերպությունների և հասարակ աշխարհականների միջև։ Նման խորհրդի ստեղծման նպատակը պետք է դառնա Կովկասի այն ուրույն քրիստոնեական առանցքի պահպանումը, որի գոյությունից և ամբողջականությունից են կախված ոչ միայն կովկասյան պետությունների, այլև ողջ քրիստոնյա աշխարհի բնակիչների ու համայնքների կյանքն ու բարոյական դրությունը։ Մեր ընդհանուր պատմական ժառանգության ամրությունն ու պահպանվածությունը խաղաղության գրավականն են տարբեր դավանանքների և այլ հավատքի տեր ժողովուրդների միջև։
Ակնհայտ է, որ այսօր նման միջեկեղեցական մարմնի համար շատ աշխատանք կգտնվի, որն ընդգծված կերպով պետք է իրականացվի քաղաքական դիսկուրսից դուրս, բայց հանուն ժողովուրդների հոգևոր միասնության, բարիդրացիության հազարամյա արժեքային կողմնորոշիչների և ավանդույթների պահպանման։
Վստահ եմ, որ շատ մարդիկ մեր երկրներում այսօր պատրաստ են ներառվել Կովկասի քրիստոնյա ժողովուրդների կոնֆերանսի հայեցակարգի մշակմանը և հույսի նոր ֆորումի ստեղծմանը, եթե կա դրա ստեղծման համար Աստծո Կամքը։
Օգտվելով սույն դիմումի ընձեռած հնարավորությունից՝ շտապում եմ շնորհավորել Ձեզ Քրիստոսի ծննդյան առիթով։
Խնդրում եմ Սրբազնագույն հայրերիդ աղոթքները մեր ժողովուրդների բարօրության և հավերժ բարեկամության համար։
դեպի ետ