• am
  • ru
  • en
Версия для печати
22.11.2012

ԱՄՓՈՓՎԵՑ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԻՐԱԾ «21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

EnglishРуский

   

Նոյեմբերի 20-ին աշխատանքներն ավարտեց ՀՀ սփյուռքի նախարարության հրավիրած «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովը:

Համաժողովի երկրորդ օրվա զեկույցները «Հիշողության քաղաքականությունը և Հայոց Ցեղասպանությունը. արդի մարտահրավերներ և ռիսկեր» խորագրով էին: Գերմանիայի Ղուհրի համալսարանի Սփյուռքի և Ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը խոսեց Հայոց Ցեղասպանության հիշողության, գլոբալ մարտահրավերների մասին:

Ֆրանսիայի Ռոն Ալպի տարածաշրջանային խորհրդական Հիլդա Չոբոյանը ներկայացրեց Եվրոպայում հայկական հիշողության քաղաքական մարտահրավերները:

«Տարածքային պահանջատիրությունը որպես Հայ Դատի բաղադրիչ» թեմայով զեկույցով հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց ներկա փուլում Հայկական Հարցը և Թուրքիայի քաղաքականությունը: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը հանդես եկավ «Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներն ու Հայոց Ցեղասպանության հատուցման իրավական թղթածրարը» թեմայով զեկույցով: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության խնդիրը Հայաստանի Հանրապետության անվտանգության համատեքստում: ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը խոսեց 2015-ին ընդառաջ մարտահրավերների և ռիսկերի վերաբերյալ: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը ներկայացրեց «Հայոց Ցեղասպանության հետևանքների վերացումը որպես Հայաստանի Հանրապետությանն ուղղված մարտահրավերների չեզոքացման միակ ուղի» զեկույցը:

Մասնակիցների զեկույցներից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, քննարկվեցին առաջադրված տեսակետներն ու առաջարկությունները:

Քաղաքագետների ու միջազգայնագետների համահայկական համաժողովի ավարտին Հրանուշ Հակոբյանն իր ամփոփիչ խոսքում մասնավորապես նշեց. «Այս համաժողովը հարթակ էր հայ քաղաքագետների ու միջազգայնագետների համար՝ ներկայացնելու Հայաստանի անվտանգության հարցերի շուրջ իրենց տեսակետներն ու մոտեցումները: Սփյուռքի նախարարության առաքելություններից մեկը մասնագիտական ցանցերի ստեղծումն է. այսպիսով մենք հնարավորություն ունեցանք ևս մի ցանց ստեղծել և համահայկական հարցերի շուրջ սկսել մասնագիտական կարևոր երկխոսություն»:

Համաժողովի ավարտին մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:






դեպի ետ