ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ԱԼԻԵՎԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՊԵՏՔ Է ԴԻՄԱՎՈՐԵՆ ՈՐՊԵՍ «ԿԱՑՆԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՐԱԳԼՈՒԽ»
Հարութ Սասունյան«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Երբ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 18-ին ժամանի Փարիզ, հազարավոր ֆրանսահայեր Ադրբեջանի ղեկավարին պետք է դիմավորեն պաստառներով՝ պատկերելով նրան որպես «կացնավորների պարագլուխ» («Bash Baltaji»)` արյունոտ կացինը ձեռքին: Հետաքրքիր է, որ բոլոր երեք լեզուներով էլ՝ ադրբեջաներեն, հունգարերեն և թուրքերեն «balta» նշանակում է կացին:
Բողոքի ժամանակ ֆրանսահայերը չպետք է իրենց ուժերը վատնեն անիմաստ կարգախոսներ` «Ամո’թ Բաքվին» կամ «Ամո’թ Հունգարիային» գոռալով: Դրա փոխարեն, նրանք պետք է հանդես գան վճռական ուղերձով, որ Արցախը պետք է ճանաչվի որպես անկախ պետություն, որովհետև արցախահայությունը չի կարող գոյատևել կացնահարող մարդասպաններին փառաբանող բռնատիրական վարչակարգի լծի տակ:
Հունգարիան և Ադրբեջանը, ակամա մեծ օգուտ են տվել հայերին՝ արտահանձնելով և ներում շնորհելով լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր իր քնած հայ դասընկերոջը: Բազմաթիվ պետություններ և միջազգային կազմակերպություններ դատապարտել են Հունգարիային ու Ադրբեջանին՝ իրենց նողկալի գործողությունների համար: Հայերը պետք է օգտվեն այս ստոր գործից՝ հանրահավաքներ անցկացնելով աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում, այդ հարցը բարձրացնելով բոլոր միջազգային հանդիպումներում, ինչպես նաև դատական հայցեր ներկայացնելով եվրոպական դատարաններում ընդդեմ Հունգարիայի, Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի: Այժմ, երբ կացնահարող ոճրագործի ազատ արձակումն առաջ է բերել համաշխարհային կարեկցանք հայերի և ակնհայտ հակակրանք ադրբեջանցիների նկատմամբ, Հայաստանը պետք է օգտվի այս նեղ և կարճատև բացված պատուհանի ընձեռած հնարավորությունից՝ ճանաչելու Արցախի անկախությունը և կոչ անել այլ երկրներին հետևել իր օրինակին: «Google»-ի որոնումը բացահայտում է, որ վերջին տասն օրվա ընթացքում այս թեմայի շուրջ միլիոնից ավելի հոդվածներ են գրվել, որոնց ճնշող մեծամասնությունը` ի օգուտ Հայաստանի և ընդդեմ Ադրբեջանի:
Հայերը պետք է աշխարհին բացատրեն, որ ապարդյուն է խաղաղ բանակցություններ վարել Ադրբեջանի ղեկավարների հետ, որոնք միջազգային պայմանագրերին վերաբերվում են որպես զուգարանի թղթի: Վերջին ամենաթարմ օրինակը Ադրբեջանի արդարադատության փոխնախարարի օգոստոսի 15-ի նամակն է իր հունգարացի գործընկերոջը, որտեղ վերջինիս հավաստիացրել է, որ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու դեպքում նա ազատ չի արձակվի: Երկու շաբաթ անց, կացնահարողը ոչ միայն ազատ արձակվեց, այլև ստացավ պաշտոնի բարձրացում և պարգևատրվեց «Բալթաջիների պարագլխի» կողմից, որը սովորել է թուրք ղեկավարների՝ ոճրագործներին փառաբանելու և արձանագրություններին որպես անպետք թղթի կտորի վերաբերվելու փորձից:
Սակայն թուրքական իշխանություններն այնքան էլ բուռն ցանկություն չունեն իրենց անունները կապել Ալիև կրտսերի գարշելի պահվածքի հետ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ Թուրքիան ոչ մի կապ չունի Հուգարիայից Սաֆարովի արտահանձնման հետ՝ չնայած Բաքու ժամանելուց հետո մարդասպանն իր երախտագիտությունն էր հայտնել Թուրքիայի աջակցության համար: Անկախ դրա ճշգրտությունից՝ թուրքական հայտարարությունը ևս հաստատում է, որ Ադրբեջանը մեկուսացված է մնացյալ աշխարհից և լքված խոշոր պետությունների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, որոնք բոլորն էլ դատապարտել են Սաֆարովի ազատ արձակումը:
Հուսահատաբար Ադրբեջանի անվտանգության ծառայությունները հորինել էին «ASALA»-ի (Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակի) մի կեղծ նամակ` ադրբեջանցի պաշտոնյաներին սպառնացող, որպեսզի Ալիևը կարողանա ձեռք բերել համաշխարհային հանրության կարեկցանքը: Կեղծված նամակն այնպիսի հայտարարություններ էր պարունակում, որոնցով որևէ հայ երբևէ հանդես չէր գա, ինչպես օրինակ, պնդումները, թե իբր Ցեղասպանության ժամանակ կոտորվել է ընդամենը 600 հազար հայ. կեղծ թվեր, որոնք շրջանառվում են ժխտողական թուրքերի և ադրբեջանցիների կողմից: Ոչ մի հայ երբեք զոհերի ահռելի թիվը 1.5 միլիոնից չի նվազեցնի 600 հազարի: Ի պատասխան այս կեղծիքի «ASALA»-ն հայտարարություն տարածեց՝ հերքելով նամակի իսկությունը: Ադրբեջանցիների նման խարդախ գործողությունները հավաստի են դարձնում այն զրույցները, որ Ադրբեջանը կարող է որոշել «վերացնել Սաֆարովին»` իր «ազգային հերոսին»` հայերին նրա սպանության մեջ մեղադրելու համար:
Ճակատագրի հեգնանքով, Հայաստանն անցյալ կիրակի պարտության մատնեց Հունգարիային՝ դառնալով Ստամբուլում անցկացված Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Ադրբեջանը գրավեց 10-րդ, իսկ Թուրքիան՝ 48-րդ տեղը: Հայերն իսկապես պետք է հպարտանան այս աներևակայելի հաղթանակով (երրորդ անգամ), սակայն նրանք պետք է ձեռնպահ մնան այլ երկրների ժողովուրդների մասին վիրավորական արտահայտություններ անելուց: Բոլոր ազգությունների մեջ էլ կան լավ և վատ մարդիկ: Հունգարիայի, Ադրբեջանի կամ Թուրքիայի ժողովուրդների հանդեպ վատ զգացումներ տածելու փոխարեն, հայերը պետք է ընդդիմանան նրանց, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, արտահանձնում քրեական հանցագործին կամ փառաբանում կացնահարող մարդասպանին:
Ամերիկայի ադրբեջանական ընկերության նախագահ և «Pax Turcica» ինստիտուտի համահիմնադիր Թոմրիզ Ազերին, News.az կայքում տեղադրված հարցազրույցում խորհուրդ է տալիս ինձ՝ Թուրքիային քննադատելու փոխարեն օգնել լուծել Արցախի հակամարտությունը: Ազերին հայտարարել է. «Ես անկեղծորեն մաղթում եմ, որ մինչև մեկ այլ թուրքատյաց ներբող հեղինակելը, պարոն Սասունյանը վերլուծի, թե ինչ կարելի է անել հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար»: Իմ խորհուրդն է Թոմրիզ Ազերիին՝ չժխտել անցյալի ոճիրները, չգործել նորերը՝ կացնով կամ առանց կացնի, իսկ հետո հետամուտ լինել խաղաղ լուծումների, այլ ոչ թե ռասիստական հակահայկական զանգվածային հիստերիա հրահրել «Bash Baltaji»-ի և նրա համախոհների կողմից:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ[19.12.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՎԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[12.12.2018]
- ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵՍԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՍԵՆԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ[05.12.2018]
- ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ[28.11.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽԻՍՏ ԵԼՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԻՐ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՄԲ[18.11.2018]
- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԱՈՒԴՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ[31.10.2018]
- ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵԿ ԱՅԼ ԽՈՇՈՐ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ[24.10.2018]
- ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲԱՆԿԻՐԻ ԿՆՈՋ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԸ[17.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ԱՅԼԵՎ՝ ԹԵ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԹԵ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ...[03.10.2018]
- ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՀԱՅՏՆԻ ՊՈԼՍԱՀԱՅԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԹՈՒՐՔԱՄԵՏ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՄԲ[26.09.2018]
- ՄՈՒՀԱՄՄԵԴ ՄԱՐԳԱՐԵԻ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ՝ ՏՐՎԱԾ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ[14.09.2018]