ՀՈՒՆԳԱՐԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ
Հարութ Սասունյան«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Աշխարհասփյուռ հայերը խիստ վրդովված են Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին (ադրբեջանցի մի լեյտենանտի, որը 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին) ներում շնորհելու և հունգարական կառավարության կողմից նրան ազատ արձակելու կապակցությամբ:
Դժվար է որոշել, թե ո՞ր երկրին պետք է ավելի շատ մեղադրել այս աղմկահարույց և խայտառակ գործում՝ Հունգարիայի՞ն, թե՞ Ադրբեջանին: Մեղադրանքների մի մասն էլ պետք է ուղղել միջազգային հանրությանը, որն անտեսել է Արցախի հայերի բազմաթիվ բողոքները, որ նրանք այլևս երբեք չեն կարող ապրել Ադրբեջանի բռնատիրական լծի տակ:
Երբ 2004 թվականին Սաֆարովը գործեց իր բարբարոսական արարքը, ադրբեջանցիները փառաբանում էին նրա ստոր ոճրագործությունը: Այդ ժամանակից ի վեր, Ադրբեջանը հնարավոր ամեն ինչ անում էր Հունգարիայի կառավարությանը խթանելու համար կացնահարող մարդասպանի ազատ արձակումը, իսկ Հայաստանի իշխանությունները ձգտում էին հավաստիանալ, որ Սաֆարովը կրում է իր ցմահ բանտարկությունը:
Հունգարիայի ղեկավարները բազմիցս վստահեցրել են Հայաստանին, որ չնայած Ադրբեջանի համառ ճնշումներին, ադրբեջանցի բանտարկյալը ազատ չի արձակվի: Սակայն, 2012 թվականի օգոստոսի 31-ին, առանց նախազգուշացման, հունգարական իշխանությունները խախտեցին իրենց պաշտոնական երաշխիքը՝ Սաֆարովին հանձնելով Բաքվին:
Ինչո՞ւ իրադարձությունների նման շրջադարձ տեղի ունեցավ: Հնարավոր բացատրություն կարելի է գտնել մեկ շաբաթ առաջ «Բլումբերգ» գործակալության կողմից հրապարակված կարճ տեղեկատվությունում. «Ադրբեջանը բանակցությունների մեջ է մտել Հունգարիայի հետ՝ նրա երեք միլիարդ եվրո արժողությամբ պետական պարտատոմսերը գնելու համար.... Ադրբեջանի խնդրանքով, պարտատոմսերը կարող են վաճառվել Թուրքիայում՝ արտահայտված թուրքական լիրայով, և կարող են վաճառվել մինչ Հունգարիան համաձայնության կգա Արտարժույթի միջազգային հիմնադրամի հետ …. Ադրբեջանը համաձայն է ընդունել շուկայականից ցածր տոկոսադրույքներ Հունգարիայի պարտքի առնչությամբ»:
Ակնհայտ է, որ Հունգարիան դավաճանեց Հայաստանին «30 կտոր արծաթի», տվյալ դեպքում՝ 3 միլիարդ եվրոյի (3.77 մլրդ ԱՄՆ դոլարի) դիմաց: Նման մի խոշոր գումար կարող է Հունգարիային փրկել ֆինանսական կործանումից, սակայն այն չի փրկի հունգարական պաշտոնյաներին բարոյական սնանկացումից: Հունգարիայի համար Ադրբեջանի նավթային գումարն ավելի թանկ է, քան հայկական արյունը:
Իր չարամիտ գործարքն արդարացնելու համար Հունգարիան բացահայտեց Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի 2012 թվականի օգոստոսի 15-ի թվագրությամբ նամակը, որը հաստատում է, որ Սաֆարովին Բաքվին հանձնելուց հետո Ադրբեջանը չի փոխի նրա նկատմամբ կիրառված պատիժը: Զահիրովը վկայակոչել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 57.3 հոդվածը՝ հավաստիացնելով, որ ցմահ ազատազրկման դատապարտվածը կարող է ազատ արձակվել միայն այն դեպքում, եթե նա կրել է իր պատժի առնվազն 25 տարին:
Զարմանալի չէ, որ Ադրբեջանը խախտել է ոչ միայն իր ստանձնած պարտավորությունը Հունգարիայի հանդեպ, այլ նաև իր սեփական օրենքները, երբ նախագահ Ալիևը անմիջապես ներում է շնորհել Սաֆարովին՝ Ադրբեջանական ավիաուղիների հատուկ չարտերային չվերթով Բաքու ժամանելուց անմիջապես հետո: Ադրբեջանցի լեյտենանտին շնորհվել է մայորի կոչում, հատկացվել է անվճար բնակարան, վճարվել է ութ տարվա չվճարված աշխատավարձ, և քնած հային սառնասրտորեն սպանած մարդասպանին դիմավորել են հերոսին վայել:
Հաշվի առնելով այս խայտառակ զարգացումների հանդեպ աշխարհասփյուռ հայության խիստ վրդովմունքը, նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 31-ին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրեց՝ հայտարարելով, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ իր դիվանագիտական հարաբերությունները և պաշտոնական բոլոր կապերը: Հետո նա կանչեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարին և «հատուկ հանձնարարություն» տվեց նրան: Այնուհետև նախագահ Սարգսյանը խիստ ուղերձով դիմեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, նախազգուշացնելով նրանց, որ Հայաստանի հետագա հարաբերությունները նրանց կառավարությունների հետ կախված կլինի այս միջադեպի հանդեպ նրանց արձագանքից: Ռուսաստանը և Միացյալ Նահանգները արձագանքեցին՝ իրենց մտահոգությունը հայտնելով Սաֆարովի ազատ արձակման և ներում շնորհելու առնչությամբ՝ բացատրություն պահանջելով Հունգարիայից և Ադրբեջանից:
Քանի որ Ադրբեջանը, անկասկած, մերժելու է իր «ազգային հերոսին» Բաքվում բանտարկելու կամ ցմահ բանտարկությունը շարունակելու համար Հունգարիային վերադարձնելու ցանկացած առաջարկ, ապա հայերը պետք է ձեռնամուխ լինեն մի շարք նախաձեռնությունների՝ միջազգային հանրությանն ապացուցելու, որ Արցախը երբեք չի կարող ընդունել կացնով զինված մարդասպանների և նրանց պետական հովանավորների իշխանությունը: Հայերը պետք է օգտագործեն արդարադատության վիժեցման հետևանքով առաջացած միջազգային կարեկցանքը, ամրապնդելու համար Արցախի անկախ պետականության հիմնավորումը:
Առաջիկա օրերի և շաբաթների ընթացում, հայերը պետք է ճնշում գործադրեն Հունգարիայի և Ադրբեջանի վրա՝ բողոքի ցույցեր կազմակերպելով նրանց դեսպանատների և հյուպատոսարանների առջև, պահանջելով բոլոր պետություններից, ինչպես նաև ՆԱՏՕ-ից, Եվրամիությունից և ԵԱՀԿ-ից դատապարտել Բուդապեշտի և Բաքվի կողմից արդարադատության միջազգային նորմերի խայտառակ խախտումը:
Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի բանակցություններն Ադրբեջանի հետ և ճանաչի Արցախի անկախությունը` կոչ անելով մյուս բոլոր պետություններին հետևել իր օրինակին: Երբ Ալիևը ստորագրեց Սաֆարովի ներումը, նա ակամա հիմնավորեց Արցախի անկախության պայքարը:
Աշխարհասփյուռ հայերը պետք է միավորեն իրենց ուժերը Հայաստանի քաղաքական, տնտեսական և ռազմական հզորացման համար՝ կանխելու Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների կողմից հետագա ցանկացած թշնամական ոտնձգություն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ[19.12.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՎԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[12.12.2018]
- ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵՍԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՍԵՆԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ[05.12.2018]
- ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ[28.11.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽԻՍՏ ԵԼՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԻՐ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՄԲ[18.11.2018]
- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԱՈՒԴՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ[31.10.2018]
- ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵԿ ԱՅԼ ԽՈՇՈՐ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ[24.10.2018]
- ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲԱՆԿԻՐԻ ԿՆՈՋ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԸ[17.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ, ԱՅԼԵՎ՝ ԹԵ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԹԵ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ...[03.10.2018]
- ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՀԱՅՏՆԻ ՊՈԼՍԱՀԱՅԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԹՈՒՐՔԱՄԵՏ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՄԲ[26.09.2018]
- ՄՈՒՀԱՄՄԵԴ ՄԱՐԳԱՐԵԻ ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ՝ ՏՐՎԱԾ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ[14.09.2018]