• am
  • ru
  • en
Версия для печати
03.09.2012

ՄԻՋԴԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

EnglishРуский

   

Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան

Ա.Սիմավորյան` «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
Վ.Հովյան` «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Հայության դավանական շերտերի ուսումնասիրության հիմնական նպատակներից մեկը ազգային ներուժի համախմբման արդյունավետ մեխանիզմների վերհանումն է։ Խնդիրը հրատապ է հատկապես Սփյուռքի համար, որին նետված մարտահրավերներին դիմակայումը ենթադրում է համազգային ջանքերի համատեղում։ Արտերկրի հայ համայնքներում Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև արդյունավետ փոխգործակցության միջավայրի ստեղծումը վճռական նշանակություն ունի այդ համայնքների պահպանման և զարգացման համար։

Ենթադրվում է, որ միջդավանական համագործակցության արդյունավետ ուղիների մշակումն ու գործարկումը մեթոդաբանորեն պետք է հիմնվեն այն տեսական-աշխարհայացքային և գործնական հիմքերի զարգացման վրա, որոնք ապահովում են արտերկրի հայության տարբեր դավանական շերտերի ինտեգրացիան։ Հետևաբար, նպատակահարմար է խնդիրը դիտարկել տեսական-աշխարհայացքային և գործնական հարթություններում։

Համագործակցության տեսական-աշխարհայացքային հիմքերը

Տեսական-աշխարհայացքային հարթությունում խնդիրը ենթադրում է այն գաղափարա-աշխարհայացքային հիմքերի առաջքաշումն ու զարգացումը, որոնք փոխադարձ համերաշխություն են ապահովում Հայության տարբեր դավանական հատվածների միջև։ Դիտարկումները ցույց են տալիս, որ այդպիսի միավորիչ նշանակություն ունեցեղ տեսական-աշխարհայացքային հիմքերն են.

  • Ազգային բարձր ինքնագիտակցությունը
  • Ընդհանուր քրիստոնեական կրոնը
  • Աշխարհիկությունը։

Ազգային ինքնագիտակցության բարձրացում։ Արդի աշխարհում կրոնական հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման կարևոր պոզիտիվ մեխանիզմներից է միևնույն ազգային ընդհանրությանը պատկանող տարբեր կրոնադավանական շերտերի ազգային ինքնագիտակցության բարձրացումը1։ Վերջինս ենթադրում է կրոնադավանական պատկանելության փոխարեն ընդհանուր էթնիկ (ազգային) պատկանելության գիտակցության բարձրացում, այլ խոսքերով՝ հայ առաքելականի, կաթողիկեի և ավետարանականի գիտակցությունում առաջին հերթին հայ, այլ ոչ թե առաքելական, կաթողիկե կամ ավետարանական լինելու զգացողության առաջմղում։ Դա ապահովելու համար անհրաժեշտ է երկու քայլ.

1. Դավանանքի և ազգության, այն է՝ դավանաք և ազգ հասկացությունների տարանջատում միմյանցից։ Դեռևս 19-րդ դարի կեսերին հայ մեծ մտավորական, հրապարակախոս Ստ.Նազարյանցն առաջ է քաշում ազգ և կրոն հասկացությունների տարանջատման գաղափարներ։ «Կրօնք ու ազգութիւն ջոկ ջոկ բաներ են։ ...Ազգութիւնը աշխարհային (աշխարհիկ- Ա.Ս., Վ.Հ.) խորհուրդ ունի. մինչդեռ կրօնը գործ ունի ուղղակի մարդու խղճի և Աստուծոյ հետ։ Ուրեմն Լուսաւորչական, Կաթոլիկ եւ Բողոքական Հայերը միշտ մնում են արիւնակից եղբայրներ, մի ազգի որդիներ, մի լեզուի կցորդներ, մի ազգային պատմութեան ժառանգ որդիներ... Կրօնով Հայերը կարող են միշտ տարբերուել միմեանցից եւ դրանից վնաս չկայ ազգութեան համար։ ...Ազգը միապէս պատկանում է ե՛ւ Լուսաւորչականին, ե՛ւ Կաթոլիկին, ե՛ւ Բողոքականին»2։

2. Դավանականի և ազգայինի հարաբերակցության մեջ ազգայինի գերակայություն։ Կրոնականի նկատմամբ ազգայինի գերակայության գաղափարը նույնպես հայության մեջ առաջացել է դեռևս 19-րդ դարում՝ կաթոլիկ և ավետարանական հարանվանությունների առաջացման հետ մեկտեղ։ Դրա գլխավոր խնդիրն էր մեղմել հայերի մեջ առաքելական, կաթողիկե և ավետարանական տարաբաժանումն ու այդ հողի վրա ծագող առճակատումները փոխադարձ ընկալումներում։ 19-րդ դարի հայ մեծանուն մտավորական Րաֆֆին, անդրադառնալով ազգայինի և կրոնականի հարաբերակցության խնդրին, նշում է. «...Դավանությունների բազմատեսակությունը չի ոչնչացնում ազգային միությունը։ Միությունը պետք է որոնել այդ մասերի ներդաշնակության մեջ, որի հիմնական մոթիվը պետք է լինի ազգայնությունն իր բարձր նշանակությամբ»3։

Մեր օրերում տեսական-աշխարհայացքային հարթությունում լրատվամիջոցների և այլ քարոզչական միջոցների գործունեությունն այս տեսանկյունից պետք է հիմնվի ազգայինի, այլ ոչ թե կրոնականի շեշտադրման վրա։ Ազգային ընդհանուր պատկանելության գիտակցության առաջմղումը, անձի ինքնանույնացման մեջ երկրորդական պլան մղելով դավանական պատկանելության զգացողությունը, լուրջ հիմք կդառնա հայ առաքելականների, կաթողիկեների և ավետարանականների փոխհարաբերություններում դավանանքային հակասությունների և լարվածության մեղմացման համար։ Սա լրջորեն կնպաստի դավանական հիմքով մասնատված հայության տարբեր հատվածների՝ ազգային հիմքով մեկ ամբողջության մեջ միավորմանը։

Ընդհանուր կրոնական՝ քրիստոնեական ինքնագիտակցության բարձրացում։ Արդի հասարակություններում կրոնական հանդուրժողականության ապահովման մեկ այլ կարևոր մեխանիզմ է միևնույն կրոնին պատկանող տարբեր դավանական շերտերի գիտակցության մեջ դավանանքային տարբերությունների փոխարեն ընդհանուր կրոնական պատկանելության գիտակցության խթանումը4։ Սա ենթադրում է մարդկային գիտակցության մեջ կրոնական (տվյալ դեպքում՝ քրիստոնեական) ինքնության առաջնայնացում դավանականի համեմատ, որին պետք է տրվի երկրորդական նշանակություն։ Դեռևս 19-րդ դարի 20-ական թթ. Բազելյան միաբանության քարոզիչները, որոնք միսիոներական գործունեություն էին ծավալում ռուսական կայսրությունում, ըստ ավետարանականների, քրիստոնյաների շրջանում քարոզչություն իրականացնելիս հետապնդում էին ոչ թե նրանց դավանափոխության, այլ զուտ Աստծո խոսքը տարածելու նպատակ, քանի որ. «...մարդ ինչ եկեղեցու էլ պատկանելիս լինի՝ կը փրկուի, եթէ սիրտն Աստուծոյ նուիրէ»5։

Ներկայումս դավանական տարբերությունների համեմատ կրոնական ընդհանրության գերակայության առումով Սփյուռքի համայնքներից օրինակելի են Մերձավոր Արևելքի հայ համայնքները։ Սիրիայի հայ համայնքում, օրինակ, ընդհանուր քրիստոնեական հավատի միջոցով առաքելական, կաթողիկե և ավետարանական հայերի միավորումը Դամասկոսի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ, պատվելի Տաթև Պասմաճյանի կողմից հիմնավորվում է հետևյալ կերպ. «Կարևորը հայ քրիստոնյա լինելն է։ ...Վերջում, երբ Աստծու մոտ գնանք, չի հարցնելու՝ ավետարանակա՞ն ես, թե՞ առաքելական»6։

Դավանական տարբերությունները երկրորդական պլան մղելն ավելի հաջող է ստացվում ազգային և կրոնական ընդհանրությունների համակցված կարևորմամբ, երբ անձի ինքնագիտակցության կամ դիմացինի ընկալման մեջ միաժամանակ առաջնային նշանակություն են ձեռք բերում ինքնության ազգային և կրոնական բաղադրիչները։ «Լուսաւորչական Հայը դառնալով Բողոքական,- գրում է Ստ.Նազարյանցը դեռևս 19-րդ դարում,- մնում է մեր եղբայրը թէ՛ ազգաբար եւ թէ՛ քրիստոնէաբար։ Ազգաբար՝ այն պատճառով, որ Բողոքական դարձած Հայի մէջ փոխուած չէ հայկական արիւնը, իսկ քրիստոնէաբար՝ այն պատճառաւ, որ Քրիստոս Բողոքականի ալ պատկանում է, Լուսաւորչականի ալ»7։

Աշխարհիկություն։ Օգտվելով այն իրողությունից, որ մեր օրերում մեծ տարածում ստացած աշխարհիկությունը, երկրորդական պլան մղելով կրոնադավանաբանական խնդիրներն աշխարհիկ գործերի համեմատությամբ՝ զգալիորեն մեղմացնում է այդ հիմքով լարվածությունն ու առճակատման հնարավորությունները, անհրաժեշտ է Սփյուռքի հայ համայնքներում որպես ազգային համախմբման գործիք խթանել աշխարհիկ ինստիտուտների ստեղծումն ու կայացումը։ Վերջիններս՝ որպես ազգային (համազգային) կառույցներ, իրենց գործունեության ծիրում կներառեն հայության բոլոր (այդ թվում՝ դավանական) հատվածներին՝ դառնալով ազգային համախմբման արդյունավետ միջոցներ։

Այդպիսի աշխարհիկ կառույցներ կարող են լինել Սփյուռքում գործող հայ ավանդական կուսակցությունները (ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ), բարեգործական կառույցները (ՀԲԸՄ, ՀՕՄ և այլն), Մարզական և մշակութային միությունները (ՀՄԸՄ, Համազգային հայ կրթական և մշակութային միություն և այլն), համայնքային կառույցները (կոմիտեներ և այլն), կրթական հաստատությունները, լրատվամիջոցները և այլն։ Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի աշխարհիկ կառույցների գործունեության մեջ ընդգրկվում են հայերը՝ անկախ իրենց դավանական պատականելությունից։ Միաժամանակ, դրանց գործունեության դաշտը տարածվում է բոլոր հայերի վրա՝ կրկին անկախ իրենց դավանական պատկանելությունից։ Այս հանգամանքները լուրջ հիմք են հանդիսանում առաքելական, կաթողիկե և ավետարանական հայերին միասնական գործունեության դաշտ բերելու և այդ կերպ ազգային հիմքով (ոչ կրոնական, աշխարհիկ երանգավորմամբ) նրանց մեկ ամբողջության մեջ ինտեգրելու համար։ Ժամանակին, ինչպես նշում է Հակոբ Չոլաքյանը, Սիրիայի հայ համայնքում հայկական կուսակցությունների գործունեությունը, իր ծիրի մեջ ներառելով հայության բոլոր, այդ թվում նաև՝ դավանական հատվածներին, մեծապես նպաստեց նրանց մեջ ընդհանուր ազգային ինքնագիտակցության վերելքին։ «Ս.Դ.Հ.Կ.ն էր,- գրում է հեղինակը,- որ ամէնէն առաջ ազգային գիտակցութիւն եւ ապրում արթնցուց դաւանական խնդիրներով այնքան բաժան-բաժան եղած ու իրարու դէմ թշնամական զգացումներ տածող համագիւղացիներու մէջ։ Այդ գիւղերուն մէջ կուսակցութեան անդամ էին հայ քահանան, կաթոլիկ վարդապետը, բողոքական քարոզիչն ու պատուելին, եւ նոյնիսկ լատին օտարազգի հայրը ...»8։

Կրթական հաստատությունների մասով ժամանակին Րաֆֆին նշում էր. «... Ժամանակ է ձեռք առնել դպրոցը, որպես մի նոր կապ մեր և մեզանից օտարացած ազգայինների մեջ, որպես մի նոր ավազան, ուր հայ-կաթոլիկը, հայ-մահմեդականը և հայ-բողոքականը կմկրտվեն նոր հոգով և նոր կյանքով և կդրոշմվեն ազգայնության անունով. դրանով միայն կարող ենք միացնել մեզ հետ մեր եղբայրներին, որ բաժանեց եկեղեցու ավազանը…»9։ Կարծես մեծանուն հայ մտավորականի խոսքերին ականջալուր, օրինակ, Քեսապում 1910թ. տարբեր դավանանքների ներկայացուցիչ երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծվում է Քեսապի Ուսումնասիրաց միությունը, որը որոշում է «կրթութեան ու դաստիարակութեան հիմնական գիծն ու նպատակը դարձնել ազգայինը եւ ո՛չ յարանուանականը, միացնել գիւղերու մէջ գոյութիւն ունեցող մէկէ աւելի դպրոցները ու յարանուանական իշխանութիւնները հեռացնել կրթական գործերը վարելու իրաւասութենէն»10։

Աշխարհիկ կառույցների շարքում, որոնց գործառնությունը միավորիչ ազդեցություն է ունենում հայության տարբեր դավանական շերտերի համար, առանցքային դեր պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ-ն՝ որպես համայն հայության պետություն, պետք է իր գործառնությունը տարածի ոչ միայն հայության հիմնական դավանական հատվածի՝ հայ առաքելականների, այլև մյուս դավանական հատվածների (կաթողիկե, ավետարանական) վրա նույնպես։ Այլ պետություններում ՀՀ դեսպանությունները տեղի հայ համայնքների հետ հարաբերություններում իրենց գործունեության ծիրում պետք է ներառեն ոչ միայն հայ առաքելականներին, այլև կաթողիկեներին ու ավետարանականներին նույնպես։ Այս առումով օրինակելի է Սիրիայում ՀՀ դեսպանությունը, որի կազմակերպած միջոցառումներին հրավիրվում են ինչպես Հայ Առաքելական, այնպես էլ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները։ Այդ կերպ «դեսպանությունը փորձում է միավորիչ դեր կատարել, համախմբել համայնքը Հայաստանի դրոշի, Հայրենիքի, Հայության գաղափարի շուրջ»11։

Համագործակցության գործնական հիմքերը

Ինչ վերաբերում է Սփյուռքի հայ համայնքների տարբեր դավանական շերտերի օրգանական միասնությունն ապահովող գործնական ուղիներին, ապա այս հարցում գլխավոր խնդիրն է առաջ մղել և մեծ նշանակություն տալ կյանքի այն բնագավառներին, որոնք ապահովում են լայն համագործակցություն հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական հարանվանությունների ներկայացուցիչների միջև։ «Մեր աղոթքը նույնն է, նույնն են մեր պայքարը, վտանգները...»12։ Հայ Կաթողիկե եկեղեցու մերօրյա նշանավոր դեմքերից Անդրանիկ վարդապետ Կռանյանի՝ կարգախոսի արժեք ձեռք բերած սույն արտահայտությունը լավագույն ուղենիշ-բանաձևն է հայ առաքելականներին, կաթողիկեներին և ավետարանականներին համագործակցության դաշտ բերելու համար։ Սփյուռքի հայ համայնքների տարբեր դավանական շերտերի համագործակցությունը, որով երևում և ամրապնդվում է նրանց օրգանական միասնությունը, պետք է հիմնված լինի ընդհանուր նպատակների ու խնդիրների լուծման վրա։

Արտերկրի հայության դավանական շերտերի համար համագործակցության դաշտ ապահովող գործնական կյանքի հիմնական բնագավառներն են.

  • Հայապահպանությունը
  • Տվյալ երկրի հասարակական-քաղաքական միջավայրով պայմանավորված մարտահրավերների դիմագրավումը
  • Պայքարը համազգային խնդիրների (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Արցախյան հիմնահարց և այլն) լուծման համար։

Հայապահպանություն։ Հայկական սփյուռքի բոլոր համայնքների գլխին դամոկլյան սրի նման կախված է ձուլման սպառնալիքը։ Արտերկրում հաստատված հայությունը, արագ թե դանդաղ, ինտեգրվում է տեղի սոցիոմշակութային միջավայրին, ինչը ցավալիորեն զուգորդվում է ազգային ինքնության բաղադրիչների՝ լեզվի, ազգային մշակույթին հաղորդակցության, ազգային ինքնագիտակցության կորստի հետ։ Հետևաբար, Սփյուռքի հայ համայնքների ազգային նկարագրի պահպանումը պահանջում է համազգային ջանքերի համատեղում ընդհանուր նպատակի՝ հայապահպանության շուրջ, ինչը, ի թիվս այլ բաների, ենթադրում է նաև հայ առաքելականների, կաթողիկեների և ավետարանականների համագործակցություն՝ կրթության (ազգային լեզվի պահպանում), մշակույթի (ազգային մշակույթին հայ համայնքին հաղորդակից դարձնելը) և այլ բնագավառներում։ Հ.Չոլաքյանը, խոսելով դեռևս 19-րդ դարի վերջի իրադրության մասին, նկատում է, որ ազգային կրթության և դաստիարակության հարցն անհրաժեշտություն էր «...բոլոր հայոց համար, ի՛նչ համայնքի ալ պատկանած ըլլային անոնք»13։

Տվյալ երկրի հասարակական-քաղաքական միջավայրով պայմանավորված մարտահրավերներին դիմակայում։ Յուրաքանչյուր երկիր կամ տարածաշրջան, որտեղ կան հայ համայնքներ, ունի յուրահատուկ սոցիալ-քաղաքական միջավայր։ Որոշ երկրներում այդ միջավայրը մարտահրավերներ է ծնում հայ համայնքների անվտանգության համար։ Մերձավոր Արևելքի երկրներում, օրինակ, այդպիսի լուրջ մարտահրավերներ են հայատյացությունը (Թուրքիա), իսլամական արմատականությունը (Իրաք, Իրան և այլն), ահաբեկչությունը (Իրաք, Պաղեստին և այլն), քաղաքացիական կռիվները (Լիբանան), պատերազմները՝ արաբա-իսրայելական (Սիրիա, Լիբանան, Իսրայել և այլն), իրաք-իրանյան (Իրաք, Իրան), ամերիկա-իրաքյան (Իրաք), ներքաղաքական ցնցումները (Եգիպտոս, Սիրիա և այլն)։ Կամ, օրինակ, Ռուսաստանի հայ համայնքը հետխորհրդային շրջանում կանգնեց այդ երկրի հասարակական-քաղաքական միջավայրով պայմանավորված այնպիսի լուրջ մարտահրավերների առջև, ինչպիսիք են ներքաղաքական ցնցումներն ու անկայունությունը, ահաբեկչությունը, այլատյացությունը և այլն։

Հայ համայնքների անվտանգությանը սպառնացող նման մարտահրավերների առկայության պայմաններում հատվածականությունը (այդ թվում նաև՝ դավանական հողի վրա) մեծ շռայլություն կլինի։ Մասնատելով հայության ներուժը՝ այն վերջինիս ավելի խոցելի կդարձնի տարատեսակ սպառնալիքների առջև։ Ընդհակառակը, այդպիսի մարտահրավերների դիմակայումը կրկին պահանջում է համազգային ջանքերի համատեղում, ինչը նշանակում է նաև հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական համայնքների համագործակցություն։

Պայքար համազգային խնդիրների (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, Արցախյան հիմնահարցի և այլն) լուծման համար։ Համազգային խնդիրների լուծման համար համատեղ պայքարը լավագույն համագործակցության դաշտն է հայության տարբեր դավանական հատվածների համար։ Որպես այդպիսիք հիմնականում հանդես են գալիս երկուսը՝ Արցախյան հիմնահարցը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար պայքարը։ Այս երկու խնդիրները, համախմբիչ դեր խաղալով հատկապես սփյուռքահայության կյանքում, անգամ ազգային ինքնության բաղադրիչներ են։

Ուրեմն, Սփյուռքի հայ համայնքների տարբեր դավանական շերտերին միավորող և նրանց միջև սերտ համագործակցություն ապահովող գործոններից մեկն էլ համատեղ պայքարն է համազգային խնդիրների՝ Արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման և այլ հիմնախնդիրների լուծման համար, քանի որ դրանք այն հարցերն են, որ ընդհանուր են հայության բոլոր (սոցիալական, կրոնադավանական և այլն) շերտերի համար։

Այսպիսով, ազգային բարձր ինքնագիտակցության, ընդհանուր քրիստոնեական հավատի, աշխարհիկության առաջմղումը, ինչպես նաև հայապահպանության, տվյալ երկրի սոցիալ-քաղաքական միջավայրով պայմանավորված մարտահրավերների դիմագրավման և համազգային խնդիրների լուծման համար պայքարը այն տեսական-աշխարհայացքային ու գործնական նախադրյալներն են, որոնք համագործակցության և միջդավանական համերաշխության միջավայր են ապահովում Սփյուռքի համայնքներում։

1Առավել մանրամասն տե՛ս Ա.Սիմավորյան, Վ.Հովյան, Կրոնական հանդուրժողականությունը արդի հասարակությունում, Գլոբուս Ազգային անվտանգություն, թիվ 1, 2011թ., էջ 29։

2Կ.Ատանալեան, Յուշարձան հայ աւետարանականաց եւ աւետարանական եկեղեցւոյ, Ֆրեզնո, 1952թ., էջ 172։

3Րաֆֆի, Ի՞նչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի մեջ, Երկերի ժողովածու, հ. 11, Երևան, 1991թ., էջ 292։

4Ա.Սիմավորյան, Վ.Հովյան, նշվ. աշխ., էջ 27-28։

5Կ.Ատանալեան, նշվ. աշխ., էջ 180։

6Ա.Փաշայան, Դամասկոսի հայ համայնքը. ներկան և հեռանկարը, «Նորավանք» ԳԿՀ տեղեկագիր, թիվ 23, 2008թ., էջ 33, 34։

7Կ.Ատանալեան, նշվ. աշխ., էջ 172։

8Յակոբ Չոլաքեան, Անտիոքի մերձակայ Ռուճի հովիտի հայերը, Անթիլիաս, 2006թ., էջ 151։

9Րաֆֆի, Ի՞նչ վերանորոգություններ պետք են Տաճկական Հայաստանին, Երկերի ժողովածու, հ.11, Երևան, 1991թ., էջ 57։

10Յակոբ Չոլաքեան, Քեսապ, Ա. հատոր (տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն), Հալէպ, 1995, էջ 79-80։

11Ա.Փաշայան, նշվ. աշխ., էջ 22։

12Ա.Սիմավորյան, Ջավախահայության դավանանքային վիճակի ուսումնասիրություն, Ա.Սիմավորյան, Վ.Հովյան, Ջավախահայության որոշ հիմնախնդիրներ. ջավախահայության դավանանքային և տեղեկատվական վիճակի ուսումնասիրություն, Ե., 2009թ., էջ 5։

13Յ.Չոլաքեան, Անտիոքի մերձակայ Ռուճի հովիտի հայերը, Անթիլիաս, 2006թ., էջ 151։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 8, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր