ԱՍԻՄԵՏՐԻԿ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՑԱՆՑԱԿԵՆՏՐՈՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Զինված պայքարի նոր բովանդակությունն արդի պայմաններում այլ մարտավարություն և այլ սպառազինություն, ռազմական, հատուկ և ուրիշ տեխնիկա (ՍՌՀՏ) է նախատեսում, քան նախկինում էր։ Զարգացումն իրականացվում է երկու փոխկապակցված հարթություններում՝ մարտավարական և տեխնիկական։ Նոր մարտավարությունը պահանջում է այլ սպառազինություն, իսկ նոր որակի ՍՌՀՏ ի հայտ գալու հետ փոխվում է նաև մարտավարությունը՝ ավելի էֆեկտիվ բովանդակություն ձեռք բերելով։
Որ ՍՌՀՏ նոր որակի անցում կատարվի՝ մեզնից «պահանջում» է նաև պոտենցիալ հակառակորդը։ Արևմուտքն արդեն սկսել է գլոբալ տեղեկատվական ցանցի ստեղծումն ու ցանցակենտրոն (ցանցային) պատերազմի տեխնոլոգիաների գործնական մշակումը։ Ստեղծվող ցանցը հաղորդակցային-տեղեկատվական տարածք է, որին որակապես նոր բնութագրեր են հաղորդվում։
Ցանցային պատերազմների գլխավոր խնդիրն է բազային էֆեկտների գործողությունների (effects-based operations) անցկացումը։ Բազային էֆեկտների գործողությունների (ԲԷԳ) անցկացումը նշանակում է լիակատար և բացահայտ վերահսկողություն սահմանել ակտուալ և հնարավոր մարտական գործողությունների բոլոր մասնակիցների նկատմամբ և համատարած կերպով մանիպուլացնել նրանց բոլոր իրավիճակներում, ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմի ընթացքում։
Ցանցակենտրոն պատերազմը այն պատերազմն է, որում զորքերի (ուժերի) խմբավորման մարտական հզորության մեծացման հասնում են ի հաշիվ տեղեկատվա-հաղորդակցային ցանցի ստեղծման, որը շաղկապում է տեղեկատվության աղբյուրները (հետախուզությունը), կառավարման մարմինները և խոցման (ճնշման) միջոցները։ Սա ապահովվում է նրանով, որ գործողությունների մասնակիցներին է հասցվում արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն իրադրության մասին ժամանակի գրեթե իրական մասշտաբով։
Պատկերավոր ձևով ցանցակենտրոն պատերազմի պարադիգմը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. «գերհեռուն տեսնող» զգայական օրգաններ, զարգացած ինտելեկտ և ֆիզիկական մեծ ուժ ունեցող մի քանի «թռչնի» կամ «շնաձկան» փոխարեն (կախված մարտական գործողությունների միջավայրից) առաջարկվում է ունենալ «միջատների բույլ» կամ «պիրանիաների վտառ»։ Այդ միջատներից յուրաքանչյուրն էապես զիջում է «թռչնին» զգայական և ուժային ցանկացած հատկանիշի առումով և նրա հետ ուղղակի համեմատության պարագայում անհուսալիորեն «պարտվում» է; Բայց լավ կազմակերպված «բույլին» դիմակայելն անհամեմատ ավելի բարդ է, քան «թռչնին», թեկուզև այն պատճառով, որ հատ-հատ «միջատներին» հայտնաբերելը, հետևաբար՝ նաև ոչնչացնելը, շատ ավելի դժվար է։
Ցանցային պատերազմի հիմնական առանձնահատկությունները, ավանդականի (դրա ներկայիս ընկալմամբ) համեմատ, հետևյալն են.
Առաջին. տարածականորեն բաշխված ուժի օգտագործման լայն հնարավորություն։ Ընդ որում՝ տեղեկատվական համակարգը հավաքում և բաշխում է հետախուզական տեղեկատվության բոլոր աղբյուրներից եկող տվյալները. արբանյակներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, տանկեր, БМП-ներ և անգամ առանձին հետևակ։
Երկրորդ. ցանցային պատերազմին մասնակցող ուժերն առհասարակ բարձր ինտելեկտուալ են՝ որպես միասնական համակարգ։
Երրորդը էֆեկտիվ և պաշտպանված հաղորդակցությունների առկայությունն է մարտական տարածքի օբյեկտների միջև։
Չորրորդ. ցանցակենտրոն պատերազմի վարման վիրտուալ հիմք է հանդիսանում տեղեկատվա-հաղորդակցային տարածքը, որի ձևավորումը նախատեսվում է ի հաշիվ մարտավարական օղակի համազորային կազմավորումները համապատասխան միջոցներով զինելու, օրինակ՝ հետախուզական-ազդանշանային տվիչներով, անօդաչու թռչող սարքերով (դասակից մինչև բրիգադի մակարդակի), տարբեր տեսակի հեռակառավարվող մեքենաներով և ՍՌՀՏ նմուշներով, որոնց անձնակազմը տեղեկատվություն է հաղորդում տեղեկատվության հավաքման, մշակման և բաշխման միասնական համակարգին։ Ընդ որում՝ տեղեկատվա-հաղորդակցային տարածքի ստեղծման ֆիզիկական հիմք է հանդիսանում տարբեր հաճախական դիապազոնների էլեկտրամագնիսական դաշտը։
Հակազդեցության դիրքերից նման համակարգի փլուզումը հնարավոր է միայն նրա բաղկացուցիչ մասերի լիակատար տեղեկատվական մեկուսացման դեպքում։ Բայց, հաշվի առնելով համակարգչային ցանցերի կենսունակությունը, որն ապահովվում է բազային համակարգատեխնիկական մի շարք լուծումներով, խնդիր դնել մի որևէ զորակազմավորման ցանցն ամբողջությամբ շարքից հանելը՝ հազիվ թե խելամիտ լինի։
Զգալի տարածքում տեղակայված ցանցաստեղծ միջոցների զանգվածային և երկարաժամկետ խափանումը հնարավոր է միայն հետախուզության և ներգործման մինի- և միկրոռոբոտատեխնիկական միջոցների ցանցակենտրոն «բույլի» միջոցով։
Անհնար է գործնականում սիմետրիկ հակազդել ցանցակենտրոն պատերազմին, եթե արդյունավետորեն չպահպանվեն երեք կարևոր պայմաններ։
Առաջին պայմանը գերհուսալի հաղորդակցային միջավայրի ստեղծումն է, որը կապահովի զինվորական կազմավորումների համակարգչային ցանցերի արդյունավետ գործառնությունը և դրանց միավորումը ՌԴ ԶՈւ գլոբալ տեղեկատվական ցանցում։
Երկրորդ պայմանը տարածականորեն բաշխված հետախուզության միջոցների (որոնք կառավարելի են, բավական ինֆորմատիվ, հուսալի, երկարաժամկետ և քիչ նկատելի հակառակորդի համար, միավորված ընդհանուր համակարգչային ցանցում) խմբավորման իրագործումն է։
Երրորդ պայմանը բաշխված ծրագրային միջավայրի առկայությունն է, որն իրական ժամանակում կապահովի օբյեկտների դրսևորման մասին սակավինֆորմատիվ և երբեմն հակասական նախնական տվյալների հոսքի համալիր, բազմամակարդակ, ինտելեկտուալ մշակումը։ Նպատակահարմար է անցում կատարել առանձին վերցրած պակաս ինտելեկտուալ, ուստի և էականորեն ավելի էժան միջոցների զանգվածային ստեղծմանը, միջոցներ, որոնք ի սկզբանե կողմնորոշված են դրանց համակարգային (ցանցային) կիրառմանը։
Հայտնի հանգամանքների բերումով մեր պաշտպանական-արդյունաբերական համալիրը չի կարող առաջիկայում (համենայնդեպս՝ մինչև 2020թ.) տեխնոլոգիապես ապահովել միասնական տեղեկատվա-հաղորդակցային տարածքի գոնե անալոգի ստեղծումը, իսկ Զինված ուժերը հազիվ թե կկարողանան համարժեք դիմակայել հակառակորդին ցանցակենտրոն պատերազմում։ Բայց կարելի է առաջարկել ասիմետրիկ հանձնարարականներ զինված պայքարի ցանցային տեխնոլոգիաներ կիրառող հակառակորդի գործողությունների արդյունավետության նվազեցման վերաբերյալ։
Այս առնչությամբ ցանցակենտրոն պատերազմի վարման պայմաններում ՍՌՀՏ զարգացման ավելի իրական ուղղություն է մնում այն նմուշների ստեղծումը, որոնք ապահովում են կարճաժամկետ ներգործություն՝ որոշակի ժամկետով շարքից դուրս բերելով հակառակորդի միջոցները, և, վերջապես, կտրականապես հրաժարվելը հակառակորդի ցանցակենտրոն համակարգերի պատճենումից՝ անցնելով ընդհուպ մինչև գումարտակ մարտավարական օղակի «ձեռքով» կառավարման։
Նման սիմետրիկ լուծման օրինակ կարող են լինել էլեկտրամագնիսական ռումբերը, որոնք հարվածում են գերհզոր էլեկտրամագնիսական իմպուլսով. դրանք կիրառվել են 1999թ. Հարավսլավիայում։ Իրաքի դեմ 2003թ. գարնանը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի սանձազերծած պատերազմի ընթացքում, Բաղդադի, այլ քաղաքների ու շրջանների օբյեկտներին հարվածելիս, նույնպես կիրառվել է էլեկտրամագնիսական ռումբ, որը շարքից հանել է հեռահաղորդակցային և մյուս բոլոր համակարգերը։
Նման զենքի որոշ նմուշների գործնական փորձարկումը բավական արդյունավետ էր և ուսուցողական զինված պայքարի բնույթի հնարավոր փոփոխությունների և ռազմարվեստի հետագա զարգացման (ներառյալ գործողության նախապատրաստման և անցկացման տեսությունն ու պրակտիկան) կանխատեսման դիրքերից։
Առաջիկայում հավանական հակառակորդի հետ հակամարտությունում մարտավարական օղակի համազորային կազմավորումների արդյունավետության պահանջվող մակարդակը կարող են ապահովել միայն ՍՌՀՏ նմուշները, որոնք հատուկ ստեղծվում են ցանցակենտրոն պատերազմի պայմաններում գործելու համար։
Նոր սերնդի ՍՌՀՏ նմուշների ստեղծումը՝ հագեցած հակազդման արդյունավետ միջոցներով, պասիվ և ակտիվ պաշտպանությամբ, հարվածելու և ճնշման նոր միջոցներով, ցավոք, դեռ մոտ ապագայի բան չէ։ Պահանջվում է անցում կատարել սպառազինության որակապես նոր, հեռանկարային համակարգի։ Դրա հիմքը պետք է կազմեն բազային շասսիների գծով միասնականացված բազմանպատակ, մասամբ ինքնավար համալիրները՝ զինված հզոր մարտական զորամասերով, մարտական գործողությունների վարմանն աջակցող ինտելեկտուալ համակարգերով, որոնք պետք է ունենան կիրառման պայմանների լայն դիապազոն և բարձր պաշտպանվածություն խանգարումներից։
Դիտարկենք ցանցակենտրոն պատերազմում հավանական հակառակորդին հակազդելու արդյունավետ միջոցների զարգացման առանձին ուղղություններ։
Ամբողջական կազմի (компоновочный) լուծումների ոլորտում անհրաժեշտ է ստեղծել նմուշներ, որոնք՝
- կունենան հատկանիշների (գործառույթների) բաժանման հնարավորություն դրանց կազմի մեջ մտնող տարրերի (ենթահամակարգեր, մեքենաներ) գծով։ Նման մոտեցումը կարող է կիրառվել БМП-ների, БТР-ների, հրանոթային համակարգերի, հետախուզական մեքենաների, ՀՕՊ մեքենաների և այլնի հանդեպ,
- թույլ կտան կազմավորել ոչ թե գծային, այլ հարթակային մարտակարգ բավական մեծ մակերեսի վրա («մարտական բույլ»),
- կունենան փոքրացված չափերի բնութագրեր՝ հակառակորդի համար թիրախների քանակը մեծացնելու նպատակով։
Ոչնչացման և ճնշման հզորության կատարելագործման ոլորտում անհրաժեշտ է մշակել միջոցներ, որոնք կապահովեն.
- օդային հակառակորդի ոչնչացումն իր տարածքում. ՀՕՊ սպասող (քոչող) միջոցներ, թևավոր հրթիռների դեմ գործող անօդաչու թռչող սարքեր («Рух թռչուն»), բրիգադային (գումարտակային, վաշտային) օղակի մարտավարական զանգվածային ոչնչացման զենք (օդային պայթյունի գերփոքր բարձր լիցք),
- ներգործությունը հակառակորդի տարածքի (ենթակառուցվածքի) վրա. հրետանու սպասող (քոչող) միջոցներ, ծանր հարվածային անօդաչու թռչող սարքեր, բրիգադային (գումարտակային, վաշտի) օղակի մարտավարական զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ),
- հակառակորդի ցանցակենտրոն պայքարը, այսինքն՝ ստեղծվում են պատնեշային էլեկտրամագնիսական սահմաններ՝ այնպիսի լիցքերով, որոնք արտադրում են էլեկտրամագնիսական ալիքներ լայն դիապազոնով, օրինակ՝ էլեկտրամագնիսական դաշտի ականներ, կամ՝ ռեակտիվ արկերով հրաձգության նմուշներ՝ նախատեսված մարտական տարրերի, ագրեսիվ նյութերի կամ պրոդուկտների ցրման համար։
Պաշտպանվածության ոլորտում անհրաժեշտ է հետևյալ միջոցների մշակումը.
- ստորաբաժանումների պաշտպանություն նոր ֆիզիկական սկզբունքներով (փնջային, արագացնող՝ «հովանոցներ» իրենց ուժերի ու միջոցների վրա),
- ՍՌՀՏ էլեկտրոնային նմուշների ստեղծում,
- աերոզոլային հակազդեցության միջոցներ, որոնք թույլ կտան «պարուրել» ստորաբաժանումներն ընդհանրապես՝ մինչև վաշտը ներառյալ,
- «ակտիվ» պաշտպանության միջոցներ. գերփոքր հրթիռներ և արկեր հակառակորդի մինի- և միկրոսարքերի դեմ, «ակտիվ» պաշտպանությամբ մակերեսներ, որոնք կարող են հակազդել հակառակորդի թափանցող միջոցներին կամ ոչնչացնել նման միջոցները. «պահակային» մինի-, միկրո- և նանոռոբոտներ գործողության ամենատարբեր միջավայրերի համար, ներառյալ տիեզերքը, շրջակա միջավայրը կամ նույնիսկ օրգանիզմի բջիջները,
- թռչող ականադաշտերն անօդաչու թռչող սարքերի հիման վրա։
Շարժունության ոլորտում անհրաժեշտ է մշակել հետևյալ միջոցները.
- եռաչափ տարածքում գործող (ЗD-պաշտպանություն),
- նմուշների դինամիկ վերախմբավորման համար՝ այն մակերեսի կրակային հարվածի ենթարկվելու պարագայում, որտեղ տեղակայված են դրանք,
- պաշտպանական մանևրումն ապահովելու համար։
Ցանցային սկզբունքով կառավարումը կազմակերպելու շրջանակներում ապագայում կպահանջվի ստեղծել և ներդնել որոշումների, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման ալգորիթմների (լուծվող խնդիրների տեսողական կողմնորոշում ունեցող դինամիկ մոդելների ձևով) կոլեկտիվ մշակման և կայացման ընթացակարգերի աջակցման միջոցներ, որոնք թույլ կտան խնդիրների լուծմանը ներգրավել մարդկանց ինտուիտիվ հնարավորություններն ու ասոցիատիվ մտածողությունը։ Հետախուզա-տեղեկատվական ապահովման նման կարգը ցանկացած մարտական միջոց վերածում է տեղեկատվական-հարվածային (կրակային) համալիրի։ Ընդ որում՝ կառավարման կետի խափանումը կարող է անհամեմատ ավելի երկար ժամանակ չազդել զորակազմավորման մարտական կայունության վրա, քանի որ կատարող տարրերի տեղեկատվական փոխգործողության ցանցային սկզբունքը նրանց թույլ է տալիս բավական երկար ժամանակ պահպանել զորախմբավորման համակարգային հատկությունները։ Սա հատկապես կարևոր է արդի պայմաններում, երբ զգալիորեն մեծացել են զորքերի կառավարման համակարգի կազմալուծման հնարավորությունները։ Այս հայեցակարգի իրագործման համար յուրաքանչյուր մարտական միջոց պետք է հագեցած լինի թվային միջոցների հատուկ լրակազմերով, որոնք ներառում են տվյալների մշակումը, նավիգացիոն համակարգի ընդունիչը, գերկարճալիք դիապազոնի ռադիոկայան, տեղանքի որոշման ավտոմատացված համակարգի, տվյալների ճանաչման և հաղորդման ռադիոմիջոցներ։
Կարևոր խնդիր է մարտական գործողությունների նավիգացիոն ապահովումը։ Համաձայնելով, որ անհրաժեշտ է շուտափույթ կերպով ՍՌՏ նմուշները զինել գլոբալ նավիգացիոն համակարգի նորություններով, հարկ է նշել, որ դրանք կարող են արդյունավետորեն կիրառվել զինված հակամարտությունների և լոկալ պատերազմների ընթացքում, որոնք բնութագրվում են խոցման գլոբալ միջոցների սահմանափակ կիրառմամբ։ Խոշորածավալ պատերազմի դեպքում գլոբալ նավիգացիոն համակարգի տիեզերական միջոցները կդառնան հարվածի գերակա թիրախներից մեկը և ավելի շուտ դուրս կբերվեն շարքից։ Դա կհանգեցնի նավիգացիոն ապահովման ինքնավար միջոցների զարգացումը շարունակելու, դրանց կողմից չափվող ընթացիկ կոորդինատների ճշգրտությունը բարձրացնելու անհրաժեշտությանը։ Նպատակահարմար է նաև մշակել լոկալ նավիգացիոն համակարգի լրակազմ, որը կարող է գործադրվել կառավարման մարտավարական և օպերատիվ օղակում։ Լոկալ նավիգացիոն համակարգի տարրերը կարող են տեղակայվել նաև ՍՎՏ առանձին նմուշների վրա։
Զենքի հեռանկարային տեսակ է, որը կարող է ազդել զինված պայքարի բնույթի վրա, տեխնոլոգիական նոր սկզբունքների հիման վրա մշակվող զենքը, որը ներկայացնում է ինֆորմատիզացված ՍՌՀՏ-ի վրա ծրագրային ներազդման միջոց։ Ծրագրային ներազդման միջոցների խոցման հիմքում ընկած է տեխնիկական սարքերի կողմից ընկալվող, հատուկ տրամադրվող տեղեկատվության կիրառումը։ Ծրագրային հարվածը կարող է հասցվել տեխնիկական միջոցների օգնությամբ (տեղեկատվության հատուկ մագնիսական կրիչներ), որոնք էլ, հատուկ տեղեկատվության հետ միասին, ներկայացնում են զենքի այս տեսակը։
Ծրագրային զենքն ի վիճակի է ինֆորմատիզացված համակարգում և միջոցներում վնասակար ծրագրերի (համակարգչային վիրուսներ) ներդրման ճանապարհով անմիջական ազդեցություն գործել տեղեկատվության էլեկտրոնային կրիչների վրա՝ փոխելով դրանց դրությունն ու ֆունկցիոնալ առումով կարևոր տեղեկատվական գործընթացների իրականացման հնարավորությունները ինֆորմատիզացված ՍՌՏ-ում։ Նման ազդեցության արդյունքը կարող է լինել կառավարման համակարգերի, գերճշգրիտ զենքի և ամբողջ զորամիավորումների ու զորամասերի, զորքերի օպերատիվ կառույցի տարրերի խափանումը։
Այսպիսով, պետք է ընդունել, որ առաջատար արևմտյան պետությունների բանակներին հասնելը և նրանց հավասարվելը զանցակենտրոն պատերազմներ վարելու միջոցների առկայության և որակի գծով՝ տեսանելի ապագայում բավական բարդ է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համար։ Այս առնչությամբ անհրաժեշտ է զուգահեռաբար զարգացնել երկու ծրագիր. հակառակորդի ցանցակենտրոն կառավարման համակարգի լիակատար և երկարատև խափանմանն ուղղված երկարաժամկետ ծրագիր և ժամանակավորապես (մինչև մեկ ժամ) հակառակորդի կառավարման համակարգի խախտումն ու նրա հետախուզության միջոցներից սեփական ստորաբաժանումների պաշտպանությունն ապահովող կարճաժամկետ ծրագիր։ Մինչև ցանցակենտրոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում հակառակորդի հետ հավասարակշռության հասնելը նպատակահարմար է հենվել «ձեռքով» կառավարման վրա՝ մարտավարական օղակում։
1 Ռազմական գիտությունների դոկտոր, պահեստի գնդապետ։
2 Տեխնիկական գիտությունների թեկնածու, պահեստի գնդապետ։
3 Ռազմական գիտությունների դոկտոր, պաշտոնաթող գեներալ-մայոր։
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 8, 2012
դեպի ետ