• am
  • ru
  • en
Версия для печати
12.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՆՈՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

   

Karen Karapetyan (original)Կարեն Կարապետյան, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, տ.գ.թ.

Ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել Հայաստանը տարածաշրջանի էներգետիկ քարտեզի վրա: Ի՞նչը կարող է կողմնորոշիչ հանդիսանալ պաշարների հարցում՝ գլոբալ մրցակցության պայմաններում, որին էլ ավելի ակտիվորեն են ներգրավվում ածխաջրածինների բավարար պաշարներ չունեցող երկրները: Ի՞նչը պետք է ընկած լինի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության հիմքում: Այս հարցերի պատասխանները չափազանց կարևոր են էներգետիկայի բնագավառում Հայաստանի արտահանման որակապես նոր քաղաքականության ձևավորման համար:

Էներգետիկ հատվածի արդյունավետ կառավարման ասպեկտները մշտապես գտնվել են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, և արդյունքում՝ այսօր այն առավել մրցունակ է և զարգացած: Այնինչ, 1992-1995թթ. հանրապետությունը վերապրեց ծանրագույն էներգետիկ ճգնաժամ, որն էլ ավելի էր խորանում` պայմանավորված մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ Հայկական ատոմակայանի փակումով, սեփական ռեսուրսների չափազանց սահմանափակ քանակությամբ (վառելիքի մոտավորապես 90%-ը ներկրվում է), անբարենպաստ աշխարհաքաղաքական դրությունով, հեռահաղորդակցության միջոցների շրջափակումով և այլն: Այս ամենը հանգեցրեց մակրոտնտեսական շատ ցուցանիշների կտրուկ նվազման և, ընդհանրապես, տնտեսության կառուցվածքի խախտման: Հենց այդ ժամանակ Հայաստանն ունեցավ երեք անընդմեջ սաստիկ ձմեռ, երբ բնակչության և արդյունաբերական հատվածի էներգամատակարարումը` ներմուծման ծավալների զգալի նվազման պատճառով, կտրուկ նվազեց:

Երկնագույն վառելիքի մատակարարման միակ ճանապարհն անցնում էր հարևան Վրաստանի տարածքով, և երկրի գազային համակարգն, ըստ էության, հազիվ էր գոյատևում։ Ճիշտ այնպես, ինչպես ջերմա- և էլեկտրաէներգետիկան: Բավարար միջոցներ չկային բնագավառի տեխնիկական վերազինման և ներդրումային ծրագրերի համար, ինչը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության վրա: Այսպես, 1991-1994թթ. արդյունաբերության և առևտրային կառույցների կողմից օգտագործվող էներգառեսուրսների չափաբաժինը 80-ից հասավ 40%-ի:

Այս իրավիճակը մեկ անգամ ևս հաստատեց, որ էներգետիկ անվտանգության հիմնարար հայեցակարգն այլընտրանք չունի: Շատ կարևոր էր հասնել Հայաստանի էներգետիկայի բոլոր բաղադրիչների օրգանական համադրությանը` ներառյալ գազային սեկտորը, որի արդյունավետ և հուսալի գործունեությունից է կախված երկրի էլեկտրականության գրեթե 40%-ի արտադրությունը: Ժամանակն ապացուցեց էներգետիկ ճգնաժամի հաղթահարման համար ընտրված միջոցների նպատակահարմարությունը` Հայկական ատոմակայանի վերագործարկումը և հանրապետությանը գազի մատակարարման անխափան ու հուսալի ապահովումը:

Երկիրը ճգնաժամից դուրս բերել հաջողվեց դեռևս 1996թ., սակայն բնագավառում լուրջ և երկարաժամկետ հաջողությունների հասնելու համար պահանջվեցին արմատական բարեփոխումներ, որոնց նպատակն էր Հայաստանում ստեղծել էներգետիկ համակարգի անվտանգ գործունեության պահանջներին համապատասխանող մրցունակ, ազատականացված էներգետիկ համակարգ: 2005թ. սկսած՝ պետական և մասնավոր էներգետիկ կազմակերպությունները սկսեցին գործել մրցունակ, ազատական շուկայի պայմաններում, որի հիմնական սկզբունքը բիզնեսի շահութաբերությունն է:

Բնագավառը ռազմավարական բարեփոխումների ենթարկելը` միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման, ենթակառուցվածքի վերականգնման և վերազինման, գնային քաղաքականության կատարելագործման և էներգետիկ ակտիվների լայնածավալ սեփականաշնորհման հետ մեկտեղ, վերջին տասը տարիների ընթացքում ֆինանսատնտեսական և արտադրական ցուցանիշների աճ ապահովեցին: Սկսած 2003թ.՝ երկրում գրանցվում է էլեկտրաէներգիայի ինչպես արտադրության, այնպես էլ սպառման աճ, ինչը լավագույնս է անդրադարձել ՀՆԱ աճի վրա:

Այսօր, չնայած խոշոր էներգետիկական օբյեկտների սեփականաշնորհմանը, ապահովված է երկրի էներգետիկ համակարգի տեխնոլոգիական միասնությունը: Լրջագույն որոշումներն էներգետիկայի յուրաքանչյուր տեխնոլոգիական օղակում` գազային, ջերմային, ատոմային սեկտորներում, ջերմարտադրության մեջ, մայրուղային և բաշխիչ ցանցերում, ինչպես նաև դիսպետչերական ծառայության ապահովման գործում սինքրոնացված են, ինչը թույլ է տալիս պահպանել և հզորացնել երկրի էներգետիկ համակարգի ամբողջականությունը:

Բեկում գազային բնագավառում

Առանձին ուշադրության են արժանի էներգետիկայի և տնտեսության բնագավառներում 1997թ. ՀՀ Էներգետիկայի նախարարության, Գազարդի և «Իտերա» հայ-ռուսական համատեղ ընկերության հիմնած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դիրքորոշումները: Ընկերությանը հաջողվել է հասնել զգալի հաջողությունների իր գործունեության բոլոր առանցքային ուղղություններում` մատակարարման և բնական գազի սպառման շուկայում, գազային ենթակառուցվածքի շահագործման, վերակառուցման և ընդլայնման մեջ, գազային և էներգետիկ համալիր ներդրումային նախագծերի իրականացման գործում: Մասնավորապես, վերջին ժամանակաշրջանում գրանցվել է ներկրման ծավալների և բնական գազի սպառման ավելի քան կրկնակի աճ:

Դրական են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 1997-2007թթ. գործունեության հետևյալ արդյունքները.

- գազի սպառողների թվի աճ` 5,1 անգամ,

- գազաբաշխիչ ցանցի ընդլայնում` 2,1 անգամ,

- գազի ծավալների աճ պահեստարանում` 2 անգամ,

- պետբյուջե կատարվող վճարների ծավալների աճ` 11 անգամ,

- կենսաթոշակային հիմնադրամ կատարվող վճարների ծավալների աճ` 7,5 անգամ:

Վնասով աշխատող ընկերությունից «ՀայՌուսգազարդը» վերածվեց շահութաբեր հիմնարկի` շահույթի չափը հասցնելով մինչև $35 մլն-ի (2007թ. արդյունքներով).

Ընկերության տասնամյա գործունեության արդյունքները կարելի է բնութագրել որպես բավական դրական, և ներկայումս «ՀայՌուսգազարդը» Հայաստանի Հանրապետության ամենախոշոր ընկերություններից մեկն է, մասնավորապես` առաջատարն է կանոնադրական կապիտալի, ակտիվների և հիմնական միջոցների չափերով: Արդեն 2009թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալը կկազմի $1 մլրդ, իսկ շուկայական կապիտալացումը` $1,5-2 մլրդ:

Այսօր ընկերությունն ունի ներդրումային նախագծերի ամենախոշոր փաթեթը հանրապետությունում: Ներդրումների ծավալը 10 տարիների ընթացքում կազմել է ավելի քան $110 մլն, իսկ 2008-2010թթ. նախատեսվում է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդնել մոտավորապես $600 մլն:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ռազմավարական նպատակը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերության ստեղծումն է և մասնակցությունը էներգետիկ (ներքին և արտաքին շուկաներում) նախագծերում: Արդյունավետ մասնակցության չափաբաժին ունենալով գեներացվող ակտիվներում՝ ընկերությունը ձգտում է դառնալ էլեկտրաէներգետիկայի շուկայի գործուն մասնակիցներից մեկը:

Մակրոտնտեսական իրավիճակ

Էներգետիկական ընկերությունների գործունեության դրական արդյունքները մեծ մասամբ պայմանավորված են բիզնեսի զարգացման նպատակաուղղված և լավ մտածված ռազմավարությամբ, որը և հնարավորություն է տվել հաջողությամբ օգտագործել Հայաստանում վերջին տարիներին գրանցված տնտեսության դինամիկ աճը:

Այսօր երկրի մակրոտնտեսական իրավիճակն, ընհանուր առմամբ, գնահատվում է որպես կայուն և կանխատեսելի: 2007թ. ապահովվել է ՀՆԱ գրեթե 14% աճ. արդյունաբերությունում այն կազմել է 2,7%, արտահանման ծավալներն աճել են 17,5%-ով, արտասահմանյան ներդրումները՝ 73,7%-ով: Ընդ որում, տնտեսության աճն ապահովվել է ցածր ինֆլյացիայի պայմաններում:

Նկ.1-ն ակներևաբար արտահայտում է ՀՀ տնտեսության զարգացման դինամիկան վերջին ժամանակահատվածում

pic.1 (original)

Ելնելով նավթի և գազի միջազգային շուկաներում տիրող լարված իրավիճակից՝ մոտակա ժամանակներում կարելի է սպասել նավթի, նավթամթերքի և բնական գազի գների հետագա աճ: Այս դեպքում կարելի է ենթադրել միջազգային առևտրի տեմպերի աճի որոշակի նվազում, ինչը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ երկրի տնտեսական աճի հեռանկարների վրա: Հիմնվելով համաշխարհային տնտեսությունում առկա գլոբալ միտումների և Հայաստանի առանձնահատկությունների վերլուծության վրա՝ միջազգային վերլուծաբաններն, այնուամենայնիվ, կանխատեսում են ՀՀ տնտեսության հետագա աճ: Ճիշտ է, ՀՆԱ տարեկան աճի տեմպերի աստիճանական (միջին տարեկան 12%) նվազման պայմաններում 2004-2007թթ. մինչև 6-7%` 2015-2020թթ.:

Ազատականացված հարթակ էներգառեսուրսների առևտրի համար

Բարեփոխման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կարևոր միջոցներ է ձեռնարկել երկրում գրավիչ, ոչ խտրողական ներդրումային մթնոլորտի ձևավորման համար: Այսօր արտասահմանյան ընկերությունները հնարավորություն ունեն ներդրում կատարել հանրապետության տնտեսության ցանկացած հատվածում: Կառավարությունը խթանում է օտարերկրյա ներդրումները, իսկ արտասահմանյան հայկական ընկերություններն ունեն հավասար իրավունքներ:

Ընդհանուր առմամբ, որպես ՀՀ էներգետիկ շուկայի ուժեղ ինստիտուցիոնալ կողմեր կարելի է նշել.

- ազատական օրենսդրությունը,

- բարենպաստ ներդրումային օրենսդրությունը, այդ թվում` օտարերկրյա ներդրողների համար,

- ազատական առևտրային քաղաքականությունը,

- էլեկտրաէներգիայի մրցունակ գները,

- նոր արդյունավետ էներգետիկ հզորությունների գործարկման հստակ պետական ծրագրի առկայությունը,

- այլընտրանքային և վերարտադրողական էներգետիկայի (քամու, ջերմա-, գեոթերմալ, արևային) զարգացման խթանումը:

Թվարկվածին հարկ է ավելացնել նաև Հայաստանի զարգացած էներգետիկ ենթակառուցվածքի մի շարք առավելություններ ևս, այն է՝

- էներգառեսուրսների և էլեկտրակայանների տիպերի տարբերակումը,

- բնական գազի մատակարարման ճանապարհների տարբերակումը,

- գազի ստորգետնյա պահեստարանի առկայությունը,

- ավելցուկային արտադրողական հզորությունների առկայությունը,

- ներքին համակարգակերտ զարգացած ցանցի առկայությունը,

- միջհամակարգային էլեկտրագծերի զարգացած ցանցի առկայությունը,

- անձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածությունը:

Հայաստանի Հանրապետությունը յուրատեսակ աշխարհագրական «կապ» է հանդիսանում ածխաջրածիններով հարուստ Ռուսաստանի, Իրանի և Կասպիցի ավազանի երկրների միջև: Իսկ արդեն կայացած և ոչ պակաս դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերությունը համաշխարհային էներգետիկ «ծանրքաշայինների» (Գազպրոմի, РАО "ЕЭС России"-ի, Ռոսէներգատոմի) հետ ձևավորում է Հայաստանի համար որակապես նոր պայմաններ և բացում աննախադեպ հնարավորություններ երկրի՝ տարածաշրջանի էներգետիկ շուկայի առանցքային դերակատարներից մեկի վերածվելու համար:

Այսօր կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը, չունենալով սեփական ածխաջրածնային ռեսուրսների պաշարներ և ելք դեպի ծով, տարածաշրջանում բարդ և ոչ միանշանակ քաղաքական-տնտեսական գործընթացների համատեքստում ցուցադրում է բնագավառի դինամիկ զարգացման և երկրի էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովման վառ և հզոր օրինակ: Հայաստանի՝ էներգիայի սուղ միջոցներ ունեցող երկրից էներգիայի ավելցուկ ունեցող երկրի վերածումը հնարավոր դարձավ, առաջին հերթին, բնագավարի համարձակ և ժամանակին բարեփոխման, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների (Համաշխարհային բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, KFW և այլն) կողմից Հայաստանի էներգետիկայի հատվածին ցուցաբերվող մշտական աջակցության և, իհարկե, էներգետիկայի բնագավառում ռազմավարական գործընկերների ճիշտ ընտրության շնորհիվ:

Էլեկտրաէներգիայի պահանջարկի կանխատեսում

Վերջին հետազոտությունները թույլ են տալիս պարզել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի պահանջարկի կանխատեսման առանցքային պարամետրերը:

- ՀԱՅԱՍՏԱՆԻ (ՄԵԾԱՄՈՐԻ) ԱԷԿ-ը պետք է գործի մինչև երկրորդ բլոկի շահագործման նախագծային ժամկետի ավարտը` 2016թ.: Նոր ատոմային բլոկների կառուցումն ու գործարկումը մինչև նշված ժամկետը բավական հրատապ է մնում, ուստի Հայաստանի էներգետիկայի զարգացման «ատոմային» սցենարը կառավարությունը գերակայություններից մեկն է հայտարարել: Էներգաարտադրման աղբյուրների տարբերակման սկզբունքը, ինչպես նաև ՀԱԷԿ-ի միջոցով պահանջարկի մոտ 40%-ի ծածկումը ՀՀ էներգահամակարգում թույլ է տալիս ենթադրել, որ նոր ատոմակայանի սահմանված հզորությունը պիտի կազմի 1000-1200 մվտ` 2025թ. համակարգում սպասվող 2200 (մեղմ սցենար) և 2600 մվտ (լավատեսական սցենար) ծանրաբեռնվածության պայմաններում:

- ՀԻՆ և ՍԱԿԱՎԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ արտադրողական հզորությունների փոխարինման, ինչպես նաև նորերի գործարկման համար նախատեսվում է Երևանի ՋԷԿ-ի (208 մվտ) և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի (440 մվտ) վրա նոր ՋԷԿ-երի կառուցում` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

- ՋՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` տեխնիկական պատճառներով, չեն կարող շարունակել գործունեությունը: Այդ կապակցությամբ արդեն գործող հզորությունների վերակառուցումը և նորերի (Մեղրիի ՀԷԿ` 140 մվտ, Լոռիբերդի ՀԷԿ` 68 մվտ, Շնողի ՀԷԿ` 70 մվտ և այլն) կառուցումը պետք է դիտարկվի բացառապես սեփական, էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների առավելագույն զարգացման համատեքստում:

- էլեկտրաէներգիայի ՍՊԱՌՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՄԻՋԻՆ ԱՃԸ երկրում մինչև 2025թ. կկազմի տարեկան առնվազն 3,4% (The 2006 Least Cost Generation Plan)` սկսած 5572 մլն կվտ/ժ արտադրությունից` առանց սեփական կարիքների (2007թ. ցուցանիշ) և 1230 մվտ առավելագույն չափից, տարեկան մինչև 7% (Energy and Nuclear Power Planning, ԱԷՄԳ): Այս դեպքում, բացի Երևանի ՋԷԿ-ից, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկից և նոր ատոմակայանից (1000 մվտ), արդեն 2022թ. անհրաժեշտ կլինի շահագործման մեջ մտցնել լրացուցիչ 400 մվտ նոր արդյունավետ ջերմային հզորություններ: Սակայն, հաշվի առնելով, որ 2004-2007թթ. էլեկտրաէներգիայի միջինացված տարեկան սպառման աճը Հայաստանում կազմել է մոտավորապես 1%, առավել իրատեսական են դիտվում աճի ավելի մեղմ սցենարի (3,4%) հետ կապված կանխատեսումները:

- ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ քիչ ծախսատար արտադրողական հզորությունների զարգացման մեջ` ներառյալ նոր ատոմակայանը, մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածում (առանց շահագործման ծախսերի), կազմում են $2,8 մլրդ:

- ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ` զարգացման լավատեսական տարբերակի (4,4%) պայմաններում էլեկտրաէներգիայի համախառն արտադրությունը Հայաստանում 2010թ. կարող է հասնել մինչև 7465 մլն կվտ/ժ-ի (ավելի քան 1,25 անգամ ավելի 2007թ. համեմատությամբ), իսկ 2020թ.` մինչև 10906 մլն կվտ/ժ-ի (գրեթե 2 անգամ ավելի): Հանրապետության տնտեսության զարգացման համեմատաբար մեղմ տարբերակի (3,4%) պայմաններում էլեկտրաէներգիայի արտադրության մակարդակը կկազմի համապատասխանաբար 7227 և 9289 մլն կվտ/ժ: Էլեկտրաէներգիայի ներքին սպառման կանխատեսելի աճը ՀՀ-ում ներկայացված է Նկ.2-ում:

pict.2 (original)

Արտադրահզորությունների գործարկման ծրագրեր

Հայաստանի էներգետիկ անվտանգությանը ներկայացվող պահանջներն իրենց անդրադարձն են գտել ՀՀ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության Գործողությունների ծրագրում, որը հիմնված է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթների վրա: Ծրագրի համաձայն, մինչև 2020թ. նախատեսվում է իրականացնել հետևյալ նախագծերը`

Նոր արտադրահզորությունների ներդրման բնագավառում.

- Հայկական ատոմակայանի նոր բլոկի կառուցում (ավելի քան 1000 մվտ հզորությամբ),

- Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման ավարտ (ավելի քան 440 մվտ հզորությամբ),

- կոմբինացված գազատուրբինային էներգետիկ սարքի կառուցում Երևանի ՋԷԿ-ում (208 մվտ հզորությամբ),

- հողմային էլեկտրակայանների կառուցում (մինչև 200 մվտ ընդհանուր հզորությամբ),

- ՋԷԿ-երի կառուցում (մինչև 1100 մվտ ընդհանուր հզորությամբ), այդ թվում նաև ավելի քան 260 մվտ հզորությամբ փոքր ՋԷԿ-եր:

Էլեկրտաէներգետիկայի բնագավառում.

- էլեկտրահաղորդակցման լարերի (ԷՀԼ) անցկացում` Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան երկշղթա ԷՀԼ-ներ` համապատասխանաբար 440 և 400 կվտ հզորությամբ,

- Գյումրի-2 ենթակայանի (220 կվտ) վերակառուցում,

- սպասարկման որակի բարձրացում` կոմերցիոն և տեխնիկական կորուստների նվազեցման նպատակով:

Ծրագրի բարեհաջող իրականացման պարագայում միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետությունը, չնայած երկրում էներգառեսուրսների (մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի) պահանջարկի կանխատեսելի աճին, կմնա տարածաշրջանի էներգաարտադրող ջերմային հզորությունների զգալի ավելցուկ ունեցող մրցունակ երկրների շարքում: Դա կապահովվի այդ թվում նաև գազով աշխատող շոգետուրբինային ջերմային կայաններից բարձրացված ՕԳԳ միջոցով շոգեգազային կայաններին (մինչև 50, իսկ հեռանկարում` մինչև 60%) անցնելու շնորհիվ:

Տարբեր գնահատականներով, հաշվի առնելով Իրանին բնական գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման գծով Հայաստանի երկարաժամկետ պարտավորությունները, մրցունակ հզորությունների ավելցուկը ՀՀ-ում 2016թ. կկազմի ավելի քան 1500 մվտ (!), ինչը համապատասխանում է տարեկան մոտավորապես 10 մլրդ կվտ/ժամին:

Էլեկտրաէներգիայի հեռանկարային պահանջարկը տարածաշրջանի երկրներում

Ինքնաբավ էներգետիկական երկիր լինելու համար, բացի սեփական էներգառեսուրսներով բավարարված լինելը, կարևոր է նաև սեփական արտադրության առկայությունը։ Հայաստանի հարևան երկրներում արդեն ակնհայտ է արտադրահզորությունների անբավարարությունը, ինչը հետագայում ավելի լուրջ կդառնա։ Այսպես, օրինակ, Վրաստանում վերջին տարիներին էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը ներմուծվել է (հիմնականում Ռուսաստանից և Հայաստանից) հիդրոէներգետիկական և ջերմային հզորությունների անբավարար դրության պատճառով։ Տարեկան գործող 8,5 մլրդ կվտ/ժ մակարդակի պայմաններում Վրաստանում կանխատեսվում է էներգառեսուրսների, այդ թվում և էլեկտրաէներգիայի սպառման աճ։ Անգամ հաշվի առնելով ենթադրվող նոր հզորությունների գործարկումը՝ դրանց ամենամյա դեֆիցիտն առաջիկա 3-5 տարիներին կպահպանվի և կկազմի մոտ 500 մվտ։

Թուրքիայի էլեկտրաէներգիայի շուկան ամենաարագ զարգացողներից է։ 1995-2007թթ. էլեկտրաէներգիայի պահանջարկի տարեկան աճը կազմել է 6,6%, իսկ 2005-2015թթ. կանխատեսվում է 8,5%-ի աճ։ Էլեկտրաէներգիայի սպառումը, որը 2006թ. հասել է բարձրակետին՝ 170 մլրդ կվտ/ժ, 2020-ին կավելանա մինչև 499 մլրդ կվտ/ժ-ի՝ գրեթե 4 անգամ։ Նման ծավալի հասնելու համար կպահանջվի էլեկտրակայանների սահմանված հզորությունների եռակի (!) ավելացում՝ 2005թ. 38,5 հազ. մվտ-ից մինչև 96 հազ. մվտ 2020թ.։ Այս թվերը զգալիորեն գերազանցում են Եվրամիության միջին ցուցանիշները։

Եվրահանձնաժողովի փորձագետների գնահատմամբ՝ Թուրքիայի էլեկտրաէներգետիկայի ոլորտում արվող ներդրումները կբավականացնեն միայն մինչև 2009թ.։ Դրանից հետո երկիրը ստիպված կլինի ներմուծել էլեկտրաէներգիա, եթե չսկսվեն նոր ներդրումներ անկախ էներգետիկ նախագծերում։ 2009թ. հետո ազգային էլեկտրացանցին անհրաժեշտ կլինի տարեկան առնվազն 4 հազ. մվտ հզորություն գործարկել՝ նվազագույնը $4 մլրդ ներդրումների ներգրավմամբ։ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարում է առաջիկա 5 տարիներին երկրի էներգետիկ սեկտորում $20 մլրդ-ի ներդրումների անհրաժեշտության մասին։ 2020թ. կպահանջվի շահագործման մեջ մտցնել 51 հազ. մվտ հզորությամբ նոր արտադրահզորություններ, իսկ մինչ այդ թվականն ակնկալվող էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ կլինեն մոտավորապես $130 մլրդ ծավալի ներդրումներ։

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, ապա այսօր արդեն էներգետիկ հզորությունների դեֆիցիտը կազմում է 2,5 հազ. մվտ, և այն տարեցտարի ավելանում է՝ չնայած լայնածավալ էներգետիկ շինարարությանը։

Էլեկտրահզորությունների դեֆիցիտի հետ կապված նման իրավիճակ է տիրում նաև Իրաքում։ Պահանջարկը հասել է 6,2 հազ. մվտ-ի, իսկ տեղական էլեկտրակայանների հզորությունը կազմում է ընդամենը 4 հազ. մվտ։ Ուստի Իրաքը հարկադրված է էլեկտրաէներգիա ներմուծել Իրանից և Թուրքիայից։

Ասվածը վկայում է այն հետևությունների օգտին, որ չնայած տարածաշրջանի մի շարք երկրներում առկա են ածխաջրածինների բավականաչափ սեփական պաշարներ, Վրաստանում, Թուրքիայում և Իրանում էլեկտրաէներգետիկայի ոլորտում նոր հզորությունների գործարկումը միջնաժամկետ ծրագրով ի վիճակի չէ ծածկել էլեկտրաէներգիայի կանխատեսվող պահանջարկը։ Հետևաբար, տարածաշրջանի երկրները Հայաստանի համար հեռանկարային շուկա են հանդիսանում, որտեղ կան ձևավորված պահանջարկ, կանխատեսելի սպառում։

Հայաստանի էլեկտրաէներգետիկ արտահանման պոտենցիալը

Առկա և հեռանկարային արտադրահզորությունները, Հայաստանի մերձությունը տարածաշրջանային սպառողներին՝ օբյեկտիվ փաստ են։ Իսկ բնական գազի մրցակցային գնի, էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետ ու հաշվեկշռված կառույցի և մի շարք այլ գործոնների առկայությունը համոզիչ կերպով ապացուցում է, որ ավելի էժան ու տեխնիկապես հասանելի էլեկտրաէներգիա տարածաշրջանում այսօր պարզապես չկա։

Բացի այդ, չի կարելի հաշվի չառնել նաև այլ կարևոր ցուցանիշներ։ Օրինակ, ՀՀ-ում արտադրության հնարավոր ծավալները, էլեկտրաէներգիայի ներքին սպառման մեծությունը, էլեկտրահաղորդագծերի միջհամակարգային թողունակությունը հարևան երկրների հետ, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման հնարավորությունը։ Իրանից Հայաստան ներկրվող բնական գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման գծով Հայաստանի երկարաժամկետ պարտավորությունների հաշվառմամբ՝ Հայաստանի էներգահամակարգից Վրաստանի, Թուրքիայի և Իրանի էներգահամակարգերին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները կարող են կազմել ընդհանուր առմամբ ավելի քան 6 մլրդ կվտ/ժ տարեկան (Նկ. 3)։

pict.3 (original)

Առանձին հիշատակման են արժանի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ արտահանական հնարավորությունները, քանի որ այսօր ընկերությունը լրջորեն զբաղվում է էլեկտրաէներգետիկայով։ Դա թելադրված է ռազմավարական նկատառումներով և այն բանի ըմբռնմամբ, որ էլեկտրաէներգետիկան ընկերության համար պրոֆիլային բիզնես է և թույլ է տալիս զգալի սիներգետիկ էֆեկտ ապահովել։ Սրան պետք է ավելացնել նաև նրա տնօրինման տակ գտնվող խոշոր գազաէներգետիկ օբյեկտները, ֆինանսական ու նյութատեխնիկական ռեսուրսներով մանևրելու հնարավորությունը։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում «ՀայՌուսգազարդը» ի վիճակի կլինի դառնալ տարածաշրջանային կարևոր խաղացողներից մեկը էլեկտրաէներգիայի մատակարարումների շուկայում։

Արտահանման քաղաքականության նոր որակ

Հայաստանի արտահանման քաղաքականությունը պետք է նպատակ ունենա ստեղծել եզակի և արդյունավետ հնարավորություններ հարևան պետությունների հետ հանրապետության արտաքին տնտեսական շրջանառության ակտիվացման համար, որի միջոցով կարելի է էապես բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգության աստիճանը։

Ունենալով երկու գազատար և գազի ստորգետնյա պահուստավորման՝ մատակարարման հուսալիությունն ապահովող հզորություններ, ինչպես նաև ավելցուկային մրցակցային արտադրահզորություններ, Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու տարածաշրջանային մասշտաբի ինքնատիպ ազատական էներգետիկ հարթակ։ Այս ոչ հեշտ խնդրի լուծումը ենթադրում է, տնտեսության մեջ ընդհանրապես և էներգետիկայի ոլորտում՝ հատկապես, մոտ ապագայում իրականացնել հավակնոտ ծրագրեր, որոնց նպատակներն ու խնդիրները կարելի է ներկայացնել հետևյալ առանցքային թեզիսներով.

- Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացում մրցունակ արտահանման շուկայի ձևավորման միջոցով,

- ՀՀ պետական քաղաքականության մշակում և իրականացում արտահանմանը կողմնորոշված էներգետիկ նախագծերի իրական աջակցության գծով, որոնց հիմքում պետք է ընկած լինի ճկուն գնային քաղաքականությունը,

- ռազմավարական գործընկերների (Գազպրոմ, РАО «ЕЭС России» և այլն) համաձայնեցված դիրքորոշումների մշակում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության գծով, որում պետք է ներգրավված լինեն ոչ միայն Հայաստանի մերձավոր հարևանները, այլև Իրաքը, Թուրքմենստանը և այլն։

Ահա այն գլխավոր պայմանները, որոնց դեպքում Հայաստանը կկարողանա վերածվել տարածաշրջանի էներգետիկ «բազայի». արտաքին տնտեսական առևտրի հետագա ազատականացում, նորարարական նվաճումներից, առաջավոր տեխնիկական ստանդարտներից ու տնտեսության կառավարման պետական և կորպորատիվ մեթոդներից օգտվելու հնարավորության ընդլայնում, իրական անցում արտահանման քաղաքականության նոր որակի։

Ողջ թվարկվածը չի կարող լիարժեք իրականացվել, եթե տարածաշրջանի բոլոր երկրները չգիտակցեն էներգետիկ համագործակցության միասնականացնող հեռանկարը, ոչ թե ինքնակամ, միակողմանի փոփոխությունների ենթակա, այլ միջազգային նորմերին համապատասխան սահմանված իրավական ռեժիմն ընդունելու և պահպանելու պատրաստակամություն չցուցաբերեն։ Տարածաշրջանում ստեղծված նոր էներգետիկ իրավիճակը Հայաստանն այսօր գնահատում է որպես շատ դրական փաստ իր համար և գիտակցում է տարածաշրջանային էներգետիկ խոշոր նախագծերում ներգրավված լինելու իրական հնարավորությունը. երկիրն ունի բոլոր շանսերը՝ դառնալու տարածաշրջանի էներգետիկ քարտեզի կարևոր խաղացողներից մեկը։

http://www.golos.am
դեպի ետ