ԻՆՉ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
Թաթուլ Մանասերյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է տնտեսական անվտանգությունը, որն առավել քան երբեք հստակեցման և խոր վերլուծության կարիք ունի: Ինչ է, ի վերջո, տնտեսական անվտանգությունը, որոնք են այն սպառնալիքները, որ առկա են երկրում և որոնք են տնտեսական անվտանգության ապահովման քաղաքական և տնտեսական նախադրյալները:
Հաշվի առնելով զարգացած և զարգացող երկրներում գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական առաջնահերթությունների համակարգերը` կարելի է պնդել, որ տնտեսական անվտանգության բուն հասկացությունը բավական հարաբերական է: ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կողմից ներկայացված տնտեսական անվտանգության հայեցակետն, օրինակ, որով առայսօր առաջնորդվում է ամերիկյան կառավարությունը, քիչ առնչություն ունի Ռուսաստանի օրինակով ակադեմիկոս Սերգեյ Գլազևի մշակած տնտեսական անվտանգության ցուցանիշների սահմանային մեծությունների հանրահայտ աղյուսակի հետ: Ուկրաինացի վերլուծաբան Տատյանա Սիլինան «անվտանգություն» հասկացությունը համեմատում է «երջանկություն» հասկացության հետ. «Մարդիկ երջանիկ են այն պատճառով, որ չգիտեն, թե որքան են դժբախտ»: Ամեն ինչ կախված է այն կոորդինատների համակարգից, որտեղ տեղավորել են հասարակությունը: Կարելի է տանը պարփակվելով՝ չմիացնել հեռուստացույցը, թերթ չկարդալ և լիովին անվտանգության մեջ զգալ: Կարելի է կարդալ միայն այն թերթերը, որոնք լավատեսորեն գրում են, որ ՀՆԱ-ն բարձրացել է և դրա հետ մեկտեղ գտնվել բերկրալի սպասման մեջ, որ ուր որ է կստացվի հերթական վարկը: Բայց կարելի է կարդալ այլ թերթեր, որոնք փաստում են այն մասին, որ ՀՆԱ-ն մի քանի անգամ պակաս է զարգացած երկրների ՀՆԱ-ից, որ երկրի արտաքին պարտքը մոտեցել է վտանգավոր սահմանագծին և, մտահոգվել՝ ապագայի նկատմամբ վախից: Ամեն ինչ կախված է կոորդինատների համակարգից, ինչպես նաև՝ տնտեսական անվտանգության անաչառ գնահատականից: Բայց ինչպես հայտնի է, հանրապետությունում անկախության տարիների ընթացքում պետական մակարդակով այդպես էլ չկառուցվեց կոորդինատների համակարգ, որով հնարավոր կլիներ որոշել պետության տնտեսական անվտանգությունը: Ինչպես կարելի է իմանալ՝ անվտանգ է երկիրն արդյոք և ինչպես չեզոքացնել սպառնալիքները, եթե մինչև հիմա ոչ մի տեղ պաշտոնապես գրված չէ՝ ինչպես չափել անվտանգությունը:
Մեր համոզմամբ, անվտանգության սպառնալիքը ոչ միայն նրանում է, որ քաղաքական առևտրի հետևանքով կառավարություն են գալիս մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը պաշտպանում է իր խմբի շահերը, և կառավարությունում քաշքշուկ է գնում: Երկրում պարզապես չկա մեկ միասնական մոտեցում և քաղաքական կամք` ձևակերպելու սպառնալիքների բոլոր չափորոշիչները և վերլուծելու իշխանության գործողությունների արդյունավետությունը՝ հետևելու, թե ով է նախաձեռնում այս կամ այն օրենքի նախագիծը, ով է լոբբինգում այն և ով պետք է, վերջին հաշվով, պատասխանատվություն կրի տապալումների և երկրի տնտեսական անվտանգության սպառնալիքի աճի համար: Ավելին, համապատասխան քաղաքական կամքի բացակայության պայմաններում նման մոտեցումն անգամ պահանջարկված չէ: Տնտեսական անվտանգության ամբողջական համակարգի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են արդեն վաղուց, սակայն համապատասխան նորմատիվային հիմք մինչև հիմա չկա: Դեռ շարունակվում են բանավեճերը նաև այն մասին, թե ինչ չափանիշներ պետք է դառնան չափորոշիչները և ինչ սահմանային արժեքներ ունեն դրանք երկրի ու անհատի համար: Պարզ է, որ առայժմ ոչ մի սահմանային արժեքների մասին կառավարության և ազգային ժողովի կիրառվող փաստաթղթերում չի հիշատակվում: Օրինակ, հաջորդ տարվա բյուջեի բանաձևի ընդունման ժամանակ ոչինչ չի ասվել պետական պարտքի չափի սահմանային արժեքի մասին տնտեսական անվտանգության տեսանկյունից: Ի դեպ, եթե վերցնենք ռուսական չափորոշիչները, ապա մենք «անցել ենք» ռուսներից, և արդեն գերազանցել ենք նրանց տնտեսական անվտանգության ցուցանիշների սահմանային արժեքները:
Ցուցանիշների ցուցակի որոշման հիմնական դժվարություններից մեկը ոչ ճիշտ ցուցիչների հարկադրված օգտագործումն է: Օրինակ, շատ ցուցանիշներ ՀՆԱ-ին են կապվում դոլարային համարժեքով: Սակայն եթե պարզապես վերցնենք և փոխադրենք բնակչության մեկ անձին ընկնող ՀՆԱ գոյություն ունեցող համարժեքին, ապա կստացվի մի թիվ, որը խիստ կտարբերվի հրապարակվող տվյալներից: Մյուս կողմից, ուշադրության են արժանի որոշ միջազգային կառույցների ուսումնասիրությունները, որոնք ՀՆԱ հաշվում են՝ հաշվի առնելով գնողունակությունը, ցույց տալով բոլորովին այլ թվեր: Շատ մասնագետներ հավատացած են՝ պետք է հաստատվի երկրի տնտեսական անվտանգության ապահովման Ազգային ծրագիր, որտեղ և կհամադրվեն տնտեսական անվտանգության բոլոր ցուցանիշները՝ համապատասխան ցուցիչներով: Այդ ծրագրի մշակման համար աշխատանքային խումբն արդեն ստեղծվել է և, ըստ որոշ կանխատեսումների, փաստաթուղթը լույս կտեսնի հաջորդ տարում: Այդ ծրագիրը պետք է խիստ կառուցվածքային դառնա, իսկ տնտեսական անվտանգության ապահովման միջոցառումները խմբավորվեն ըստ ռեսուրսահումքային, էներգետիկ, ֆինանսային, ներդրումային, տեխնոլոգիական, արդյունաբերական, սոցիալական, արտաքին տնտեսական անվտանգության: Ծրագրում պետք է նաև լինեն տնտեսության ստվերայնացումը հաղթահարելու և տնտեսական գործընթացների տեղեկատվայնացման բաժիններ: Տեղեկատվական քաղաքականությանն այսօր երկրում հարկ եղած ուշադրություն չի հատկացվում՝ հիմնականում և տնտեսական անվտանգության տեսանկյունից՝ մասնավորաբար:
Թվարկելով երկրի տնտեսական անվտանգության սպառնալիքները՝ կարելի է հիշատակել հայրենական արտադրանքի անմրցունակության, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի անթույլատրելիորեն ցածր մակարդակի, սոցիալական դժգոհության նոր ալիքի բարձրացման, երկրի գիտական ներուժի նվազման մասին և, իհարկե, որոշակիորեն կայացած էներգետիկ համակարգի արտաքին կախվածության մասին, որը համարվում է ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը:
Սակայն գոյություն ունի ևս մեկ լուրջ վտանգ, որի մասին, չգիտես ինչու, քիչ է խոսվում մամուլում, բայց որը շատ է մտահոգում փորձագետներին. դա երկրի բնակչության կրճատումն է և ծերացումը: Եթե էներգակիրների վիճակը կարելի է շտկել (առնվազն տեսականորեն գոյություն ունեն մի քանի հնարավորություններ), ապա ժողովրդագրական իրավիճակի լավացման տարբերակ մոտակա տարիներին չկա: Հետպատերազմյան 1945-1955 թվականներին ԽՍՀՄ-ում նկատվում էր ծնելիության բում: Այս տարի այդ սերնդի կանայք թոշակի են անցնում, հինգ տարի հետո նրանց կմիանան տղամարդիկ: Երկրում իրապես կկանգնի բարձր արդյունավետության աշխատանքի հնարավորության կտրուկ նվազման խնդիրը: Համապատասխանաբար կնվազեն մուտքերը բյուջե, կկրճատվի բնակչության գնողունակությունը: Ծերացման խնդրին անհրաժեշտ է ավելացնել նաև արտագաղթի ակտիվ գործընթացը և ՁԻԱՀ հիվանդության աճը: Փորձագետների կանխատեսումներով, հաշվի առնելով տեղաբնակ կանանց զանգվածային «արտագնա» աշխատանքն արաբական երկրներում, ինչպես նաև զբոսաշրջիկների ավելացող հոսքերն ու պատահական զուգընկերների հետ երիտասարդների ակտիվ շփումները՝ մինչև 2015թ. այդ հիվանդությունը կճարակի տասնապատիկ ավելի մարդ: Եթե այդպիսի կանխատեսումները ճիշտ են, դա աղետ է` հաշվի առնելով, որ բնակչության զգալի ծերացումն ընկնում է հատկապես այդ ժամանակաշրջանին: Մյուս կողմից, զգալիորեն աճել է անպտղության տեսակարար կշիռը` հասնելով 31-33% այն դեպքում, երբ տնտեսական անվտանգության տեսանկյունից այն պետք է չգերազանցի 15%-ը: 2005-15թթ. երկրի բնակչությունը զգալիորեն կծերանա, իսկ երկրի աշխատանքային ներուժի կորուստն արտակարգ բարձր կլինի: Եթե նկատի առնենք, որ թոշակառուները մեր բնակչության ամենաքիչ ապահովված խմբերից են, կարելի է ենթադրել, որ այդ խմբի թվի մեծացման հետ երկրում նկատելիորեն կաճի և սոցիալական դժգոհությունը, որը նաև կբորբոքվի բարեփոխումների չարդարացված տեմպերով և եղանակներով:
Առայսօր երկրում տնտեսական բարեփոխումներն անցկացվել են իմպուլսիվ եղանակով, անհետևողականորեն, տարերայնորեն: Այսպիսի բարեփոխումները և սոցիալական լարվածության աճը զգալիորեն կապված է կառավարության հաճախակի փոփոխությունների հետ, ում համար տնտեսական բարեփոխումների մարտավարությունը հետին պլան է մղվում: Բացի դրանից, բարեփոխումներն իրականացվում են ոչ թե «ներքին կարիքից, այլ միջազգային վարկատուների կողմից ճնշման և պահանջների հետևանքով: Շատ հարցերում այդ պատճառով հաճախ ընտրվում են նաև բարեփոխումների ոչ ճիշտ եղանակներ և տեմպեր: Օրինակ, սեփականաշնորհման ժամանակ սկզբում կանգնեցին ամենաանարդյունավետ եղանակի վրա՝ վաուչերային սեփականաշնորհման, որն ավարտվեց «սոցիալական դեմագոգիայով» և սեփականաշնորհման հանդեպ բնակչության խոր հիասթափությամբ ու անվստահությամբ, սեփականությանը դեֆորմացված վերաբերմունքով: Տարիներ պահանջվեցին՝ տենդերներին և աճուրդներին անցնելու համար, սակայն դրանց արդյունքում անթափանցիկությունը բերեց օբյեկտների թերագնահատմանը, բյուջեների պակաս մուտքերով և ձեռնարկությունների անցումով փող չունեցող տերերի ձեռքը: Սեփականաշնորհումն, ամենայն հավանականությամբ, պետք էր անցկացնել արագ և միանգամից: Բոլշևիկներն ազգայնացրին մասնավոր սեփականությունը մեկ գիշերում, իսկ հակառակ գործընթացը ձգվեց տարիներ: Դրանով իսկ երկար տարիներ գիտակցորեն ձգձգվեցին բարեփոխումները, իսկական տիրոջ գալուստը և սեփականությանը վերաբերմունքի փոփոխությունը: Ընդ որում՝ ոչ ոք դեռ չի էլ հաշվել, թե որն է բարեփոխումների սոցիալական գինը, ոչ ոք չի դիտարկում նաև տնտեսական բարեփոխումների հետևանքները, ավելի լա՞վ են աշխատում արդյոք սեփականաշնորհած ձեռնարկությունները, թե՞ պետության եկամուտներն ավելացնելու առումով` ստվերում կամ վնասով: Սեփականաշնորհումից, ընդհանուր առմամբ, շոշափելի շահ առայժմ չկա, վնաս` որքան ասես: Ավելին, այսօր դեգրադացվում են հզոր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնց հիման վրա ստեղծվել են բաժնետիրական ընկերություններ, բայց որտեղ բաժնետերերը ոչ մի մասնակցություն և ազդեցություն չունեն այդ ձեռնարկությունների տնտեսական գործունեության վրա: Մեր սեփականաշնորհմանը մասնակցող մարտավարական ներդրողները, դժբախտաբար, շահագրգռված չեն ստեղծելու արդյունավետ գործող ազգային սեփականատերերի, այլ շահագրգռված են միայն այն բանում, որ այդ սեփականատերերի կապիտալը հոսի իրենց գրպանները` հանգեցնելով կլանների տարբեր տեսակների` մենաշնորհների, դուոպոլիաների, օլիգոպոլիաների, մոնոպսոնիաների ձևավորման:
Հատկանշական է, որ հողային բարեփոխումների տեմպերը, ընդհակառակը, ավելի բարձր էին: Սակայն հենց այստեղ չէր կարելի շտապել, չէ՞ որ գյուղացու հոգեբանությունը դանդաղ է փոխվում, եթե չասենք` դժվարությամբ: Այս առումով պատմությունից ուսանելի է թեկուզ ստալինյան արյունոտ եռամյա կոլեկտիվացումը: Իսկ մեզ մոտ փորձ արվեց փոխել գյուղացու վերաբերմունքը սեփականության նկատմամբ արագ` մի քանի ամսում: Արդյունքում՝ հողի նոր սեփականատերերի մեծ մասը չստացավ սեփականության վկայական: Լատիֆունդիստների հայտնվելն իր հերթին զգալիորեն արգելակեց բարեփոխումները: Անհեռատես էր նաև վարչական բարեփոխումը, որի արդյունքում անհնար դարձավ տնտեսության վերահսկողությունը: Բարեփոխումներիի ոչ ճիշտ ընտրված տեմպերի և եղանակների հետևանքները մտահոգիչ են. բնակչության անվստահությունը իշխանությունների հանդեպ, եկամտի չարդարացված շերտավորումը, հասարակության մեջ սոցիալական լարվածության աճը: Ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ կորել են ներկա սերունդների՝ իրենց կենդանության օրոք ավելի լավ կյանքի հասնելու գաղափարը և հավատը ու որպես հետևանք ավելացել է բնակչության սոցիալական և տնտեսական պասիվությունն ու անհաղորդ, անտարբեր կեցվածքը: Ինչ վերաբերում է բնակչության այն հատվածին, որը չնայած բոլոր «բարեփոխումներին» դեռևս կարողացել է պահպանել տնտեսական ակտիվությունը, ապա մեր համոզմամբ, դա վկայում է կառավարության վարած քաղաքականության հանդեպ տնտեսապես ակտիվ մասի՝ գործարարների և ֆիզիկական անձանց դիմադրության աճի մասին: Առաջին հերթին դա պայմանավորված է այն հանգամանքով, որ որպես առաջնահերթություն կառավարությունն իր քաղաքականության մեջ նախընտրում է ֆիսկալ միջոցները: Աշխատելով ապահովել պետության տնտեսական անվտանգությունը, նվազեցնել դրամական արժեզրկման մակարդակը և մեծացնել պետբյուջեի մուտքերը՝ կառավարությունը լուրջ սպառնալիք է ստեղծում տնտեսվարող սուբյեկտների և բնակչության տնտեսական անվտանգության համար: Չէ՞ որ առաջին դեպքը չէ, երբ «տնտեսական նպատակահարմարությունը», «երկրի տնտեսական անվտանգությունը» օրենքի մարմինների որոշումներից բարձր են դրվել, մասնավորապես, վերաքննիչ դատարանի որոշումներում: Իսկ դա, իր հերթին, բերում է շատ բացասական միտման. ուժեղանում է պետության տնտեսական անվտանգության և գործարանների ու բնակչության զգալի մասի միջև տնտեսական անվտանգության հակադրությանը: Եվ այդ պայմաններում ծագում է գլխավոր սպառնալիքը. պետությունը, գործարանները և բնակչությունը կորցնում են ընդհանուր հետաքրքրությունները, կորում է նրանց շահագրգռվածությունը` ստեղծելու կայուն իրավական և տնտեսական միջավայր: Արդյունքում` դանդաղում են ազգային տնտեսության ձևավորման, մրցակցային առավելությունների բացահայտման ու արդյունավետ իրացման, հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացման գործընթացները, իսկ երկիրն, այսպիսով, հայտնվում է համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային զարգացումներից ավելի մեծ մեկուսացման մեջ:
դեպի ետ